
Հրդեհի հետևանքով անօթևան մնացած 6 ընտանիքների ապագան անորոշ է
Գայանե Սարգսյան
Նախորդ տարեվերջին Լոռու մարզի Գուգարք համայնքի քոթեջներում բռնկված հրդեհի հետևանքով անօթևան մնացած 6 ընտանիքները մինչ օրս չգիտեն ո'չ հրդեհի բռնկման պատճառները, ո'չ այն, թե ինչ է սպասվում իրենց ապագայում:
Հրդեհից անմիջապես հետո Գուգարքի համայնքապետարանն այս ընտանիքներին հատկացրեց առաջին օգնությունը. բնակարանների վարձակալության համար նրանցից յուրաքանչյուրին տրամադրվեց 160.000-ական դրամ: Գուգարաց թեմի առաջնորդ, տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանն էլ ընտանիքներից յուրաքանչյուրին տրամադրեց 100.000-ական դրամ: Բնակիչների կողմից ՀՀ կառավարությանն ուղղված դիմումների արձագանքն էլ եղավ այն, որ վերջերս անօթևան մնացած ընտանիքներից երեքին հատկացվեց 100.000-ական, երեքին՝ 50.000-ական դրամ:
Ընտանիքներին հատկացված աջակցության տարբերակված մոտեցումը բնակիչների շրջանում բողոքի պատճառ է դարձել:
Մարտի 10-ին այրված քոթեջի բնակիչները եկել էին Լոռու մարզպետարան՝ մարզպետ Արթուր Նալբանդյանից տեղեկանալու, թե ինչո՞ւ է կառավարության աջակցության չափը տարբեր:
«Բնակիչների մեջ ինչի՞ եք տարբերություն դնում: Այստեղից ի՞նչ տվյալ եք տվել կառավարությանը: Ես գյուղապետին դիմեցի, ասաց, որ մարզպետարանից են տվյալը տվել, ըստ որի էլ կառավարությունը օգնություն ա տվել: Մի մասին 100.000 են տվել, մի մասին՝ 50.000: Ի՞նչ տվյալների հիման վրա»,- մարզպետին հարցրեց բնակչուհիներից մեկը, ում բաժին հասած աջակցությունը 50.000 դրամի չափով էր:
Այդ աջակցությունից մարզպետը տեղյակ չէր:
«Ես առաջին անգամ եմ լսում այդ աջակցության մասին,- զարմացավ մարզպետը,- ուղիղ ձեզ օգնել են, մենք չենք իմացել»:
Բնակիչները պատմեցին, որ գյուղապետի մոտ դիմումներ են գրել ՀՀ կառավարություն՝ խնդրելով աջակցել, որից որոշ ժամանակ անց ստացել են դրամական օգնությունը:
«Հարցադրումներ կան, որ պետք է ոչ թե մարզպետին դիմեք, այլ համայնքապետին»,- նշեց մարզպետը՝ առաջարկելով աջակցության տարբերակված չափի պատճառները պարզել Գուգարքի համայնքապետից:
Ի պատասխան՝ բնակչուհիներից մեկը կրկին հիշեցրեց գյուղապետի խոսքը՝ ինքը տեղյակ չէ, տվյալները մարզպետարանն է ներկայացրել:
Սա առաջացրեց մարզպետի զայրույթը: «Ախր, գյուղապետը ինչ ուզում ա ասի, ժողովուրդ, բա դուք դիմումը գյուղապետի մոտ գրում եք, հետո գյուղապետը եթե հեքիաթ պատմի, ասի մարզպետարանից… դուք պիտի էդ հեքաթներին հավատա՞ք: Մարզպետարանում ես ի՞նչ գիտեմ՝ էդ տանը ովքեր են ապրում, էդ ինֆորմացիան մենք ստացել ենք գյուղապետից: Ես գիտեի՞, որ փաստացի երեք ընտանիք ապրում է, երեքը՝ փաստացի այդ պահին ներկա չի եղել: Որտեղի՞ց եմ իմացել:
Մենք մարզում 113 համայնք ունենք, մենք այդ 113 համայնքի ընդհանուր բնակչությունից ինչի՞ պիտի ինֆորմացիա ունենանք: Բա էլ գյուղապետերն ինչի՞ համար են, եթե այդ ինֆորմացիան մեզ չպետք է տրամադրեն»,- վրդովվեց Ա. Նալբանդյանը:
Բնակիչների մյուս հարցին, թե ի՞նչ աջակցություն ակնկալեն ապագայում, մարզպետն առայժմ պատասխան չուներ: Նա նշեց, որ մինչև պարզ չլինեն հրդեհի պատճառների փորձաքննության արդյունքները, որևէ բան ասել չի կարող:
Մարզպետը նաև չթաքցրեց իր մտավախությունը. «Մտածում ենք, որ նախորդ դեպքը նախադեպ է դարձել»,- նշեց նա՝ նկատի ունենալով, որ տարիներ առաջ կից քոջեթում բռնկված հրդեհի հետևանքով անօթևան մնացածներին բնակարանների գնման համար ՀՀ կառավարության կողմից գումար էր հատկացվել:
«Թող պարզեն, հիմա մենք ինչո՞վ ենք մեղավոր, որ դրսում մնացինք»,- բողոքեց բնակչուհի Օֆելյա Եգանյանը:
«Մեղավոր եք այնքանով, որ այդ բնակարանները վառվել են: Այնպիսի տպավորություն է, որ կողքից մեկը եկել վառել է, դուք էլ մեղքի բաժին չունեք: Կողքից որևէ մեկը չի եկել, չէ՞, վառել այդ փայտե տնակները: Փառք տվեք աստծուն, որ ամեն ինչ նորմալ ավարտվել է»,- նկատեց մարզպետը:
Վերջինս տեղեկացրեց, որ անկախ ամեն ինչից՝ մարզպետարանը տուժած ընտանիքների մասին ամփոփ տվյալներն արդեն իսկ ուղարկել է կառավարություն:
«Համբերեք մի հատ պարզենք, տեսնենք ինչ է եղել: Երբ որ կպարզենք կամ չենք կարող պարզել, նոր կմտածենք: Երբ դրական կամ բացասական պատասխան կունենանք, մենք լրացուցիչ կտեղեկացնենք»,- հորդորեց Ա. Նալբանդյանը՝ խոստանալով վարչապետի մոտ կրկին բարձրաձայնել նրանց խնդրի մասին մարտի 11-ին կայանալիք հանդիպման ընթացքում:
Մարզպետի մոտ ընդունելության եկած քաղաքացիները սենյակից դուրս եկան մոլորված, ինչպես որ եկել էին:
«Մնացել ենք անորոշ վիճակում, ինչքա՞ն կարանք մենք բարեկամի տանը մնանք: Ոչ մի հագուստ չեմ կարողացել էդ հրդեհից հանեմ, որ գոնե հագնեմ: Ինչ հագուստով եղել եմ, դրանով էլ դրսում եմ մնացել: Առավոտ շուտ գնացել եմ աշխատանքի, զանգահարեցին, ասացին, որ շենքը վառվում է: Մինչև եկա, հասա, չկարողացա մի բան փրկեմ, գոնե մի հագուստ հանեմ, որ հագուստս փոխեմ»,- արդեն միջանցքում արցունքներին ազատություն տվեց տիկին Օֆելյան:
Ապա կինը հիշեց իր դեռ չմարված վարկով ձեռք բերված գույքի մասին ու ավելի հուզվեց. «Ես կուզեի՞, որ իմ եղածը հողին հավասարվի, վարկով խոլ էի վերցրել, վարկով գազի պլիտա էի վերցրել, էսօր մղկտալով, լաց էղնելով տանում եմ, ամսական մոխրի գումար եմ վճարում»:
Մեկ ուրիշ բնակչուհի՝ Գոհար Այվազյանը նշեց, որ կքել են ծախսերի ու պատքերի տակ:
«Մենակ 60.000 տալիս ենք տան վարձ ու կումունալները: Տված գումարներն էլ տվել եմ դրանց: Թոռնիկս էսա երկու ամսից գնում ա բանակ, ոչ տուն ունենք, ոչ գրանցում ունի, որտեղի՞ց եմ ուղարկելու բանակ»,- նշեց նա:
Անհուսալի վիճակում հայտնված բնակիչները մտածում են «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարին դիմելու մասին:
«Որ ասում եմ «Կիսաբաց լուսամուտ», ամաչում էլ եմ, բայց ջուրն ընկնողը ձեռքը փրփուրին էլ ա գցում»,- ասաց տիկին Օֆելյան ու հեռացավ:
Մեկնաբանել