Ոչ թե կրթություն կամ կարիերա, այլև առանց կրթության ոչ մի կարիերա
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր մասնակցել է «Կրթություն և կարիերա expo 2011» տասներկուերորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը: Ողջունելով մասնակիցներին` նախարարը նշել է, որ կրթական էքսպո-ցուցահանդեսի հիմնական նպատակն է նպաստել կրթություն-բիզնես կապի ամրապնդմանը ու հանրության առավել լայն շերտերին ներկայացնել կրթական ոլորտում առաջարկվող ծառայությունները:
«Ժամանակակից հայ երիտասարդի մոտ մենք պետք է ձևավորենք այնպիսի արժեհամակարգ, որի գլխավոր սկզբունքը հիմնված կլինի ոչ թե կրթության կամ կարիերա երկընտրանքի, այլև առանց կրթության ոչ մի կարիերա գաղափարախոսության վրա: Առանց կրթության լավ կարիերա ապահովելու հնարավորությունը ցանկացած ասպարաեզում պետք է բացառվի: Սա երիտասարդներին ուղղված շատ կարևոր ազդակ է, որպեսզի նրանք համոզված լինեն, որ անձնական բարեկեցության և հասարակական կայուն վերելքի միակ և բացառիկ գրավականը կրթությունն է»,- նշել է նախարարը:
«Կրթություն և կարիերա expo 2011» ցուցահանդեսում ներկայացվել են կրթական ոլորտի 60 առաջատար կազմակերպություններ, այդ թվում ավագ դպրոցներ, բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, միջազգային կրթական հաստատություններ, հրատարակչություններ, ինչպես նաև բիզնես-կառույցներ: ՀՀ կրթության և գիտության նախարարը շրջել է ցուցահանդեսի բոլոր տաղավարներում, զրուցել մասնակիցների ու այցելուների հետ: ՀՀ խոշոր ընկերություններից էքսպո-ցուցահանդեսին մասնակցել է նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ը` ներկայացնելով ընկերության կարիերայի զարգացման ծրագիրը: ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը բարձր է գնահատել ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությունը կրթական ոլորտի հետ, նշելով, որ պետական կրթական քաղաքականության կարևոր խնդիրներից մեկը գործարար համայնքի ներգրավումն է կրթության կազմակերպման ու կառավարման գործընթացում և այս առումով նախարարությունը բաց է ու պատրաստ համագործակցելու բոլոր խոշոր հարկատուների հետ:
Էքսպո ցուցահանդեսի նպատակն է՝ դպրոցականներին և ուսանողներին տրամադրել տեղեկություն ժամանակակից կրթության համակարգի վերաբերյալ, նպաստել կրթօջախների և ձեռնարկությունների միջև գործնական հարաբերությունների կայացմանը, տեղեկացնել զբաղվածության շուկայում առավել պահանջարկ ունեցող մասնագիտությունների մասին, հանդիպումներ կազմակերպել գործազուրկների և իրական գործատուների միջև, ծրագրում ներգրավելով պետական, մասնավոր և հասարակական կազմակերպություններ:
«Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում բացված «Կրթություն և կարիերա expo 2011» տասներկուերորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 17-ը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել