HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Սամվել Ալեքսանյանի կեղծած օղիների եթերային յուղերը մի քանի անգամ գերազանցում են օրիգինալին

Վերջին 5 տարիներին Հայաստան-Ուկրաինա հարաբերությունները լարված են ալկոհոլային խմիչքի ոլորտում: Պատճառը Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հովանու ներքո գործող «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ի անբարեխիղճ մրցակցությունն է. ընկերությունը կեղծում է Հայաստան ներկրվող ուկրաինական հայտնի օղիների բրենդերը, շփոթության մեջ գցում հայ սպառողին և վաճառում անհայտ ծագման ալկոհոլային խմիչքներ:

Հայկական «Հետք» և ուկրաինական «The Insider» էլեկտրոնային թերթերի լրագրողները փորձաքննության են ենթարկել ուկրաինական օրիգինալ և Հայաստանում կեղծված 2 տեսակի օղիներ՝ «Խլեբնիյ դար» և «Մեդոֆ»: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Ալեքս Գրիգի» արտադրանքը որակապես մի քանի անգամ զիջում է ուկրաինականին: Օղիները փորձաքննվել են թե' Հայաստանում և թե' Ուկրաինայում, որից հետո մասնագետը մեկնաբանել է փորձաքննության արդյունքները:

Կեղծ օղիները որակապես մի քանի անգամ զիջում են օրիգինալին

«Ուկրմետրեստստանդարտ» գիտահետազոտական կենտրոնի պետի տեղակալ Տատյանա Շատայեվան նշում է, որ եթերային յուղերը հայկական արտադրության օղու պարունակությունում մի քանի անգամ ավել են, քան ուկրաինականում:

«Եթերային յուղերի բարձր պարունակությունը առաջին հերթին ցույց է տալիս ալկոհոլի մաքրման աստիճանը: Դա սիվուխայի (հացօղու) յուղն է, որը մնում է սպիրտի ռեֆրակտիվ մաքրումից հետո: Որքան որակյալ է մաքրված սպիրտը, այնքան եթերային յուղերի պարունակությունը փոքր է լինում: Եթե օղու պատրաստման համար օգտագործվում են «էքստրա» և «լյուքս» սպիրտի տեսակները, եթերային յուղերը նվազագույնի են հասցված դրանց պարունակությունում: Փորձաքննության համաձայն՝ հայկական արտադրության օղին պարտվում է ուկրաինականին, բայց առողջությանը լրացուցիչ սպառնալիք չի հանդիսանում»,- ասում է ուկրաինացի փորձագետ Տատյանա Շատայեվան:

Ձախից կեղծված, աջից՝ օրիգինալ ապրանքատեսակը

«Խլեբնիյ դար»

«Խլեբնիյ դար» օղու պաշտոնական արտադրողը ուկրաինական «Բայադերա հոլդինգ» ընկերությունն է, որը ամենախոշոր ալկոհոլ արտադրողներից է Ուկրաինայում: 2013թ.-ից այն պատկանում է գործարար Նատալյա Բոնդարևային:

Մենք փորձեցինք կապ հաստատել ընկերության հետ՝ պարզելու, թե արդյոք պայքարել են Հայաստանում իրենց արտադրանքի կեղծման դեմ: Մի քանի օր մտածելուց հետո «Բայադերայի» մամուլի ծառայությունից հայտնեցին, որ իրենք չեն ցանկանում որևէ մեկնաբանություն տալ այս հարցի շուրջ:

Ընկերության ներկայացուցիչներից մեկը, ով չցանկացավ հրապարակել անունը, պատմեց, որ «Բայադերա հոլդինգի» ղեկավարությունը քաջատեղյակ է Հայաստանում իրենց արտադրանքի կեղծման վերաբերյալ, գիտեն նաև, թե ով է դրանով զբաղվում, բայց արձագանքել ոչ մի կերպ չեն կարող:

«Բանն այն է, որ Ալեքսանյանն իր առևտրի կենտրոնների ցանցն ունի, որտեղ վաճառում է «Բայադերա հոլդինգի» արտադրանքը: Այդ ցանցը բավականին խոշոր է, և եթե հոլդինգը դատական պրոցես սկսի նրա դեմ, մեր ընկերության օղիներն իր սուպերմարկետների դարակներից կանհետանան: Մեզ համար այդ վեճը կորուստների կհանգեցնի, այդ պատճառով այն ոչ ոքի պետք չէ»,- պատմեց զրուցակիցը «Բայադերա հոլդինգից»: Նա ավելացրեց, որ իրենք միակ ուկրաինական ընկերությունը չեն, որ այդ նույն պատճառաբանությամբ լռում են:

Ձախից օրիգինալ, աջից՝ կեղծված ապրանքանիշը

«Մեդոֆ»

«Medoff» ապրանքանիշի օղին արտադրվում է «Իսթերն բեվերիջ թրեդինգ» ՍՊԸ-ի կողմից: Նախկինում այն անվանվել է «Ղրիմի օղու ընկերություն» և հիմնված էր Ղրիմում, սակայն ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո ընկերությունը տեղափոխվել է Ուկրաինայի այլ տարածք: Ընկերությունն արդեն մի քանի տարի է, ինչ ներքաշված է դատավարական պրոցեսների մեջ. այս պահին իրավապահ մարմինները ստուգումներ են անցկացնում «Իսթերն բեվերիջ թրեդինգում»: Ինֆորմացիոն բաց աղբյուրներում տեղադրված հեռախոսահամարներից և ոչ մեկով մեզ չհաջողվեց կապ հաստատել ընկերության ներկայացուցիչների հետ: «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն մեկ անգամ արդեն տուգանվել է այս ապրանքանիշը կեղծելու համար:

Օղու պիտակավորման և շշալցման գործարանները

Սամվել Ալեքսանյանը օղու արտադրության, շշալցման և պիտակավորման երկու գործարան ունի Երևանում: Առաջինը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքում՝ հենց իր տան դիմաց: Երկրորդը՝ Նորագավիթ վարչական շրջանում: 

Ստորև ծանոթացեք Սամվել Ալեքսանյանի տան դիմաց գտնվող շշերի պիտակավորման գործարանի տեսագրությանը: Ինչպես երևում է տեսագրությունում՝ այստեղ ավտոտնակային պայմաններում պիտակավորվում են դատարկ շշերը, որից հետո ուղարկվում են շշալցման: 

Սամվել Ալեքսանյանը տուգանվել է 5.5 մլն դրամի չափով՝ անբարեխիղճ մրցակցության համար

Ուկրաինական օղի արտադրողների բողոքների հիման վրա «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն արդեն 11 անգամ տուգանվել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից՝ 500 հազարական դրամի չափով: Հանձնաժողովի՝ «Հետքին» տրամադրած տվյալների համաձայն՝ «Ալեքս Գրիգ» ընկերությունը տուգանվել է 11 անուն օղիների կեղծման համար՝ «Украинка», «Хлопцы», «Хлебний дар», «Зеленная метка», «Рудник», «Президентський стандарт», «Парламент», «Русский Бриллиант», «Буфетная традиция», «Premium», «Medofe»:  

Ընդհանուր առմամբ՝ Սամվել Ալեքսանյանը 5.5 միլիոն դրամ է մուծել մրցակցության նորմերը չպահպանելու համար, սակայն շարունակում է նույն գործունեությունը մեկ այլ ընկերության՝ «Ա և Գ» ՍՊԸ-ի միջոցով, որն ընդամենը նախորդ ընկերության հապավումն է: Վերջինս, ըստ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, որևէ անգամ չի տուգանվել:

Այս պահին Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում և այլ վաճառակետերում շարունակում են վաճառվել կեղծված ու անհայտ ծագման օղիները՝ ոչ միայն ուկրաինական, այլ նաև ռուսական բրենդերի նմանությամբ:

Դեռևս 2012-ին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը «Ալեքս գրիգ» ընկերության կողմից արտադրվող եւ իրացվող կեղծ օղիների բոլոր խմբաքանակներն ամբողջությամբ առգրավել էր, իսկ արտադրությունը` դադարեցրել: Սամվել Ալեքսանյանը շրջանցել էր նաև այս խոչընդոտը՝ կեղծ օղիների շշերի հետևում փակցնելով պիտակ, որ այն  արտադրված է Հայաստանում՝ «Ա և Գ» ՍՊԸ-ի կողմից:

Նորագավիթի օղու գործարանը

Նորագավիթ վարչական շրջանում է տեղակայված օղու, ձեթի, սուրճի, տրիկոտաժի և այլ ապրանքատեսակների արտադրությունը: Ստորև ծանոթացեք Ալեքսանյանի արտադրական գործարանի քարտեզին: Սեղմելով նշված վայրերի վրա՝ կարող եք կարդալ մանրամասները և դիտել լուսանկարը:

Սամվել Ալեքսանյանը 500 եվրոյով հարցազրույց չի տալիս

Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը լրագրողների հետ հանդիպումների ժամանակ բազմիցս նշել է, որ հարցազրույց կտա միայն այն դեպքում, եթե լրագրողը 500 եվրո վճարի իրեն: «Հետքը» կապ հաստատեց Սամվել Ալեքսանյանի օգնականի հետ, առաջարկեց 500 եվրո՝ օղիների կեղծման թեմայով հարցազրույցի համար: Ալեքսանյանի օգնականը մի քանի օր ժամանակ խնդրեց՝ նշելով, թե կզանգի մեզ: Մի քանի օր հետո կրկին զանգեցինք, վերջինս պատասխանեց, թե Ալեքսանյանը երկրում չէ, 4-5 օրից կվերադառնա, կպատասխանի: Նշված ժամկետից հետո պատգամավորի օգնականը կրկին ժամանակ է խնդրում՝ նշելով, թե ինքն այս պահին Ալեքսանյանի հետ չէ, կզանգի, երբ նա պատրաստ լինի պատասխանել: Փաստորեն, նա չի կատարում բազմիցս հնչեցրած իր իսկ խոստումը:

Այսպիսով՝ Սամվել Ալեքսանյանը կեղծում է ալկոհոլային խմիչքները, տեղական սպառողին մատուցում անորակ արտադրանք և իր մենաշնորհային դիրքով կարողանում է ազդեցություն ունենալ նույնիսկ ուկրաինական արտադրողի վրա:

Մեկնաբանություններ (1)

արաղասեր
Մարդը յուղալի օղի ա սարքում ու ծախում, նալոգներ ա մուծվում, երկիր ա պահում: Դու չես ուզում մի խմի այ ախպեր ջան: Աշխատող մարդուց ի՜նչ են ուզում էս խառնակչի լրագրողները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter