Հանրակացարանում ապրող 12-ամյա Ռուդիկը դպրոց չի գնում՝ հագուստ չունենալու պատճառով
Արփինե Մինասյան
12-ամյա Ռուդիկը դպրոց չի հաճախում. կոշիկ եւ հագուստ չունի: Մեր այցելության պահին նա տանը չէր: Մայրը՝ Համեստն ասում է` գնացել էր վառելու համար արկղեր բերելու: Տանը 5-ամյա Դավիթն էր միայն։
Սեւանի հանրակացարանի 3-րդ հարկում է ապրում Համեստ Հախումյանը 4 երեխաների եւ սկեսրոջ հետ: Նրանց մասին պատմել է տանտերը՝ Կարինեն: Նա իր բնարականը 35-ամյա Համեստին վարձով է տրամադրել, բայց տեսնելով, որ նրանք անգամ հացի գումար չունեն, այլեւս ամսավարձ չի պահանջել: «Ներքեւի հարեւանուհիս խնդրեց, որ տունը վարձով տամ Համեստենց, քանի որ դրսում էին հայտնվել, մնալու տեղ չունեին: Ցամաքաբերդում գոմի մեջ են ապրել»,- ընտանիքի վիճակն է նկարագրում Կարինեն:
Համեստը երեխաների եւ սկեսրոջ հետ այստեղ ապրում է արդեն երեք ամիս: Երկու սենյականոց բնարականում 2 մահճակալ է, սենյակի մի մասը զբաղեցնում են փողոցից հավաքված արկղերն ու պարկերը. տունը տաքացնելու վառելիքն է դրանց մեջ:

«Ցամաքաբերդում էդ գոմը մամայենցս տունն էր: Իրանք գնացին ուրիշ տեղ, ինձ ասեցին` արի մնա: Մնացի, բայց էրեխեքս խոնավությունից հիվանդացան: Տեղափոխվեցինք վարձով ապրելու, բայց վարձն էլ չկարողացա տամ: Հնարավորություն չունեմ, ամեն օր զանգում են, տան վարձն են ուզում: Նպաստս էլ 45 հազար ա»,- պատմում է Համեստ Հախումյանը:
Չորս երեխաների մայրը պատմում է, որ ամաչում են` ցերեկը գնան աղբարկղերից վառելիք, սնունդ հայթայթեն. դա անում են, երբ մութն ընկնում է, որ ոչ ոք չտեսնի: Հարեւաններն էլ օգնում են` ով ինչով կարող է: Նրանց օգնում է նաեւ Կարինեն` բնակարանի սեփականատերը:
«Սեզոնային աշխատանք եմ կատարել, արեւի տակ որ աշխատում եմ, ճնշումս բարձրանում ա, սիրտս` վատանում, շտապօգնություն է գալիս, բերում են տուն: Ամուսնուս տեղը չգիտեմ, գնացել ա Ռուսաստան ու չի վերադարձել արդեն 4 տարի: Էրեխեքին ա մեկ-մեկ զանգում, ասում ա` կուղարկեմ, կօգնեմ, բայց ոչ մի բան էլ չի ուղարկում»,- ասում է Համեստը:

Համեստը Սեւանում գործող բարեգործական ճաշարանից է օգտվում: Ասում է, որ երկու հոգու բաժին էլ տուն են բերում: Երկու բաժին ճաշը 6 հոգով են ուտում:
16-ամյա Շուշանիկը ու 18-ամյա Ռաֆիկը դպրոցում ուսումը կիսատ են թողել, ավարտել են 8-րդ դասարանը: Մայրը հույս է ունեցել, որ աղջիկը դպրոցից դուրս կգա, մի տեղ կաշխատի, հացի գումար կվաստակի: «Ես հիվանդ եմ, մտածեցի էրեխեքիցս ամեն մեկը մի տեղ կաշխատի, գոնե ցամաք հացի փող կառնեն: Քանի գնում, վիճակներս վատանում է, շնորհակալ եմ, որ գոնե ճաշարանից էլ օրը մի անգամ սնունդ տալիս են»,-պատմում է Համեստը:
![]() |
![]() |
Մեր խոսակցության ընթացքում կիսաքանդ բետոնե հատակին իր հին փոքրիկ հեծանիվով աջ ու ձախ էր պտտվում 5-ամյա Դավիթը: 12-ամյա Ռուդիկը, ով արդեն տուն էր եկել, անկյունում կանգնած հետեւում էր խոսակցությանը: Տղայի խոսքով` ինքը գնում է անտառ, փայտեր է հավաքում, բերում: Գիշերն էլ մայրիկի հետ աղբամաններն են փորփրում:
«Կուզեի տուն ունենալ, համակարգիչ, ճաշի աման, որ հաց ուտենք»,- ասում է նա:
Հեծանիվին նստած Դավիթը, դեմքը թեւերով ծածկելով, խոսում էր իր երազանքների մասին. «Ուզում եմ հեծանիվ ունենամ, տուն, կանֆետ, վաֆլի, այնքան հաց ունենանք, որ իրար հետ չկռվենք...»:
Տեսանյութեր
Լուսանկարներ

Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել