
Գերեզմանատան հարեւանությամբ ապրողները
Մարիանուշ Մելքոնյանի սեփական տան ու Սիլիկյան գերեզմանատան բաժանող գիծը երթևեկելի մի փողոց է: Տիկին Մարիանուշը հիշում է, որ իր ամուսնանալուց հետո՝ 1982 թվականից է տարածքը գերեզմանատան վերածվել. «Առաջ որ եկա, էսքան գերեզման չկար: Էդ տարածքում հողամաս էր, կոլխոզի բաղերն էին, հետո ով մահացավ, բերին էդ տեղում թաղեցին: Կամաց-կամաց էդ բաղերը գերեզման դարձան: Օրինակ՝ տղայիս գերեզմանում նախկինում կուկուռուզ էինք ցանում, մշակում: Ճիշտ ա, դժվար ա ամեն օր քթիդ տակ թաղում տեսնելը, բայց հաշտվել ենք իրավիճակին»,- ասում է Մարիանուշը:
Սիլիկյան գերեզմանատունը բնակելի սեփական տներից մի քանի մետր է բաժանում: Սիլիկյան թաղամասի բնակիչները գերեզմաններին կից՝ իրենց սեփական տների այգիներում բերքատու ծառեր և բանջարեղեններ են աճեցնում: Մի քանի կիլոմետր ձգվող գերեզմանատանը գրեթե բացակայում են կանաչապատ տարածքներն ու ծառերը, գերեզմանատան դիմաց էլ գործում է քարի արտադրամաս:
Մեզ հետ զրուցած այլ բնակիչներ իրավիճակի լուծում են համարում գերեզմանատան և տների միջև պատնեշի կառուցումը, սակայն խախտված նորմերը վերականգնելու համար քաղաքապետարան չեն դիմել: Նրանցից ոմանք կարծում են, որ անարդյունքն է, ոմանք էլ արդեն հարմարվել են այդ պայմաններին:
Ընդլայնված գերեզմանատներ և չբավարարող հողատարածքներ
Երևանում տեղակայված են 21 գերեզմանատներ:
Մեր հարցմանը ի պատասխան Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ այդ 21 գերեզմանատներից բնակելի կառուցապատման և գերեզմանատների միջև նորմատիվ հեռավորությունները ապահովված չեն Նուբարաշենի, Սպանդարյանի, Դավթաշենի, Մուշավան-Ջրաշենի, Քանաքեռի և Զեյթունի գերեզմանատներում: Սակայն քաղաքապետարանը չի հաղորդում Սիլիկյան գերեզմանատան խախտման մասին:
2005թ-ին հաստատված և ներկայումս գործող Երևան քաղաքի 2006-2020թթ. գլխավոր հատակագծի հենակետային տվյալների համաձայն՝ քաղաքի սահմաններում գտնվող գերեզմանատների տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է 556,9 հա, որը Երևանի ընդհանուր մակերեսի 2,46%-ն է:
2011 թվականի ճշգրտված տվյալներով՝ քաղաքի սահմաններում գտնվող գերեզմանատների գումարային մակերեսը կազմում է 539,5 հա (այն քաղաքի ընդհանուր մակերեսի 2,42% հա-ն է): Այսինքն՝ դեռևս հինգ տարի առաջ գերեզմանատների ընդհանուր՝ 556,9 հա մակերեսից 539,5 հա արդեն իսկ զբաղեցված էր:
Ըստ «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքի Հոդված 10-ի 3-րդ կետի՝ մահացածի մարմինը (աճյունը) հողին հանձնելու համար տրամադրվում է գերեզմանատեղ` մեկ տեղի հաշվով 2,5 քառ. մետր մակերեսով (2,5x1.0 մմ): 4-րդ կետի համաձայն՝ ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար տրամադրվող հողատարածքի առավելագույն չափը սահմանվում է 12 քառ. մետր, որը տրամադրվում է անվճար հիմունքներով, որից ավելի լինելու դեպքում տարածքը տրամադրվում է վճարովի հիմունքներով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ չափով:
Օրենքով սահմանված հողատարածքի չափից ավելի տարածքներ զբաղեցնելու պատճառով, այսօր երևանյան գերեզմանատները հողատարածքների, նոր գերեզմանոցներ կառուցելու պահանջ ունեն: Այդ իսկ պատճառով, Երևան քաղաքի 2006-2020թթ. գլխավոր հատակագծով նախատեսվում է Աջափնյակ վարչական շրջանի հյուսիս-արևմտյան հատվածում կառուցել նոր գերեզմանատուն (53 հա մակերեսով)՝ իրեն կից դիակիզարանով։
Գերեզմանատների շահագործման խախտված նորմերը
Համաձայն ՀՀ կառավարության 23 նոյեմբերի 2006 թվականի N 1910-Ն որոշման՝ գերեզմանատներն ու դիակիզարանները տեղադրվում են բնակելի տներից, դպրոցներից, նախադպրոցական, առողջապահական և հասարակական այլ շենքերից ու հանգստի գոտիներից առնվազն 300 մետր հեռավորության վրա:
Գերեզմանատանը հարակից տարածքներում գյուղատնտեսական նպատակներով օգտագործվող հողատարածքները պետք է լինեն գերեզմաններից առնվազն 40 մետր հեռավորության վրա: Սակայն Սիլիկյան թաղմասի բնակչուհի Ռուզաննա Ստեփանյանի բերքատու այգին գերեզմանատնից գրեթե 15 մետր հեռավորության վրա է:
Սեփական տների և բնակելի թաղամասերի կառուցապատման հետևանքով այս նորմերը խախատվել են: Սահմանված հեռավարությունը չպահպանելը և՛ էկոլոգիական, և՛ առողջապահական վտանգներ է առաջացնում, որին նպաստում է գերեզմանատներում և հարակից տարածքներում կանաչապատ և անտառապատ տարածքների բացակայությունը:
Դիանա Ղազարյան, Հերմինե Վիրաբյան
ԵՊՀ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ ուսանողներ
Մեկնաբանել