HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Համասյան. «Որպեսզի արվեստը կարողանա ապրել ու մարդկանց ապրեցնել»

Նաիրա Հայրապետյան

«Նա ամենաթեժ ջազային դաշնակահարն է և սիրում է իրար խառնել տարբեր բաներ՝ լինի դա բիբափ, թրեշ-մեթալ, թե դաբսթեփ: Բայց նրա սիրտը իր հայրենի երկրի ժողովրդական երաժշտությամբ է բաբախում»,- գրում է «The Guardian»-ը:

Ընդամենը 28 տարեկան այս հայորդին այսօր արդեն աշխարհահռչակ ջազային դաշնակահար է, ով հասցրել է հանդես գալ համաշխարհային հայտնի բեմերում, ջազային փառահեղ փառատոներում, դառնալ աշխարհահռչակ այնպիսի ամսագրերի և թերթերի հյուրը, որոնց մասին երազում են նաև անվանի երաժիշտներ: «Կան բազմաթիվ փայլուն և կատարելագործված երիտասարդ ջազ դաշնակահարներ, բայց Համասյանը առանձնանում է, քանի որ կարևոր և հրատապ բան ունի ասելու»,- գրել է «Daily Telegraph»-ը:  

Երաժիշտ, կոմպոզիտոր, դաշնակահար Տիգրան Համասյանը դաշնամուր նվագել սկսել էր դեռ երեք տարեկանից: Տասնմեկ տարեկանում նա արդեն մասնակցում էր երաժշտական տարբեր մրցույթների և հանդես գալիս հայտնի փառատոներում: 2003թ. նա հաղթող ճանաչվեց «Montreux Jazz Festival»-ում՝ արդեն հաստատուն քայլերով ազդարարելով նոր, համարձակ ու իմպրովիզացիոն աներևակայելի հնարքներով օժտված տաղանդավոր երաժշտի մուտքը մեծ ասպարեզ: 2006թ. Տիգրանն արդեն լավագույնն էր աշխարհահռչակ Թ. Մոնքի անվան միջազգային ջազ մրցույթում (Thelonious Monk International Jazz Competition): Նույն տարում էր թողարկվեց երաժշտի դեբյուտային՝ «World Passion» ալբոմը: «Հասուն և հոյակապ և հարուստ և խորը երաժիշտ»,- այսպես է բնորոշել նրան լեգենդար Չիկ Կորեան: Իսկ Օռլեանի ջազ փառատոնում նրան ունկնդրելուց հետո ջազի ժամանակակից խորհրդանիշերից մեկը՝ Հերբի Հենքոքը բեմից այսպես է արտահայտել իր հիացմունքը՝ « Հիանալի՜ է… հիմա, Տիգրան, դու ես իմ ուսուցիչը»:

Տիգրան Համասյանը և Հերբի Հենքոքը / CultureJazz

Հավանաբար քչերը գիտեն, որ աշխարհահռչակ դաշնակահարը, սակայն, միշտ մեկ այլ երազանք է ունեցել, երաժշտության մեջ մեկ այլ սեր, որն ուղեկցում է իրեն վաղ մանկության տարիներից: «Հիմա էլ դեռ մտածում եմ, որ կուզենայի հզոր կիթառահար լինել,- ասում է նա «The Guardian»-ի հետ հարցազրույցում,- եթե մի քանի տարվա մեջ կարողանայի տիրապետել համապատասխան հմտություններին ու տեխնիկային, միանգամից կթողնեի դաշնամուրն ու կսկսեի սովորել: Մեծ սիրով թրեշ-մեթալ խումբ կղեկավարեի»:

Կիթառի հնչյուններն իրեն ուղեկցում են մանկությունից, նրա հայրը ռոք երաժշտության մեծ սիրահար էր, և Տիգրանը տանը մշտապես լսում էր հոր՝ «Led Zeppelin»-ի, «Black Sabbat»-ի, «Deep Purple»-ի, «Nazareth»-ի, «Queen»-ի երաժշտական հավաքածուները:

«Հայրս ինձ անընդհատ ռոք երաժշտություն էր լսեցնում, այստեղից է սկսվել կիթառի հանդեպ իմ սերը:- ասում է Տիգրան Համասյանը,- Այդ ձայնն ինձ համար շատ-շատ … ընդհանրապես ոչ միայն էլեկտրոնային, այլև տարբեր կիթառների ձայները ինձ շատ են դուր գալիս, և ես սիրում եմ կիթառի հնարավորությունը: Այն կարող է լինել համարյա փողային գործիք, եթե ուզենաս: Դաշնամուրը մի քիչ սահմանափակ է այդ առումով, այսինքն՝ դու կարող ես փորձել ստանալ այն, ինչ ուզում ես, բայց էն չի լինում: Դրա համար ես շատ հաճախ գրում եմ կիթառի համար գործեր և իմ խմբում ներառում եմ  այն, հիմնականում՝ էլեկտրոնային կիթառը:

Ն. Հ. – Երաժշտության մեջ ի՞նչն է քեզ համար ամենակարևոր բանը։

Տ. Հ - Երաժշտության մեջ ինձ համար առաջին հերթին կարևոր է մեղեդին: Ինձ համար կապ չունի բարդ, թե պարզ է երաժշտությունը, միշտ շատ ավելի կարևոր է եղել բարդը հնարավորինս պարզ ձևով ներկայացնելը. դա ինձ համար եղել է մի բան, որին ես միշտ ձգտել եմ հասնել:

-  Ենթադրում եմ, որ դրան ավելի դժվար է հասնել, քան հակառակը՝ պարզը բարդ դարձնելը։

- Դե… երևի այո, բարդ երաժշտություն շատ կա, բայց նրա մեջ շատ ժամանակ չկա էդ հոգին, մեղեդայնությունը, շարժը: Կանգնած երաժշտություն չի կարող լինել, նրանում միշտ շարժ պետք է լինի:  Գիտե՞ք, լավ երաժշտություն ասվածն էլ շատ հարաբերական է և ընդհանրապես լավ և անճաշակ երաժշտության միջև սահմանը շատ փոքր է: Նրբություններ կան, որոնց հաշվի չառնելու դեպքում շատ արագ կարող է նույն բանը դառնալ բոլորովին ուրիշ բան: Դրա համար էդ նրբությունները տեսնելը շատ կարևոր է, իսկ այդ հնարավորությունը ունենում ես տարիների ընթացքում ձեռք բերած փորձառության, ճաշակի ձևավորման և շատ աշխատանքի արդյունքում:

- Դու մշակում ես նաև ժողովրդական մեղեդիներ։

-  Ընդհանրապես շատ բարդ բան է մեղեդին մշակելը, հատկապես ժողովրդականի դեպքում. դու գործ ես ունենում մի երաժշտության հետ, որը բնականից չունի հարմոնիաներ, ու դու մեղեդիները փորձում ես ներդաշնակել:  Շատ անգամ դրանք դառնում են ավելորդ միջամտություններ, դրա համար էլ  ժողովրդական երաժշտությունը մշակելը իրականում շատ նուրբ ու դժվար աշխատանք է:

- Նաև շատ պատասխանատու:

- Այո- այո, իհարկե, որովհետև էդ երաժշտությունը  արդեն ոչ մի բան չի ուզում, իսկ երբ ինչ-որ բան ես ավելացնում, ապա դա պետք է շատ տեղին լինի, շատ զգույշ մոտենաս:

Ընդհանրապես Հայաստանը, մեր մշակույթը ինձ շատ է ոգեշնչել: Ես ծնվել եմ Գյումրիում, մեծացել Երևանում, աշխարհի տարբեր երկրներում եմ եղել, ապրել, բայց իմ մեջ կրում եմ հայկականը, ազդվել եմ Հայաստանի տարբեր տարածքների մշակույթից: Ոչ միայն Կարսի, Շիրակի, այլև Վանա երգերը, Մուշի, Սասունի երգն ու պարը ինձ վրա նույնքան ազդեցություն են թողել և ներշնչել, որքան իմ ծննդավայրինը:

Բազմաթիվ մրցանակների, կոչումների, ամերիկյան և եվրոպական երկրների պատվավոր հյուր, քաղաքացի Տիգրան Համասյանն այսօր ողջ աշխարհում իր երաժշտությամբ շրջելով, այնուամենայնիվ, ապրում է հայրենիքի հոգսով, խնդիրներով, ժամանակ գտնում նույնիսկ ներգրավվել իր երկրին ու ժողովրդին հուզող հարցերի լուծման գործում, միաժամանակ վայելել, ներշնչվել իրեն այնքան հարազատ մշակույթով, որը, Տիգրանի կարծիքով, մեծ, շատ մեծ խնդիրներ ունի:

Ն. Հ - Ջազը, որի տարածքում հիմնականում  գտնվում ես նաև դուտարբեր մշակույթներ է իր մեջ հավաքում և ապրեցնում: Դու շփվում ես բազմազգ աշխարհի մեծ ու փոքր երկրների երաժշտության հետ, տեսնում ու զգում նրանց տարբերությունների ներդաշնակությունը, միավորումը: Այս տարբեր «հանդիպումների» մեջ, այնուամենայնիվ, դու համեմատում ես հայկական երաժշտությունն ու առանձնացնում ես այս տարածքը քեզ համար: Ո՞րն է այդ առանձնահատկությունը, ի՞նչ ես դու այս ընթացքում բացահայտել քեզ համար:

-  Շատ լայն, բարդ հարց էր: Հայկական երաժշտությունն իսկապես ինձ համար առանձնահատուկ մի բան է: Ընդհանրապես տարբեր երաժշտություններ ճանաչելով ու դրանց մեջ գոնե մի քիչ խորանալով՝ սկսում ես քոնի նրբություններն էլ զգալ, իսկ տարբերություններն ավելի լավ տեսնել: Ու էդ նրբություններն ավելի են ինչ-որ տեղ սիրել տալիս, իսկ երբ նրա մեջ շատ ես խորանում, արդեն քոնն է դառնում: Շատ տարբեր է ու բազմաշերտ հայկականը, շատ-շատ: Էս պահին էլ Հայաստանն՝ իր փոքր չափերի մեջ, էնքան տարբեր մշակութային շերտեր է կրում, որը, սովորաբար, հսկա տարածքներին է բնորոշ: Հենց Երևանի մեջ մենակ եթե նկատի ունենանք, էնքան խառը մշակույթ կա՝ Ղարսից մարդիկ կան, Մուշից, Արցախից, Սփյուռքից: Այսինքն՝ հայկական երաժշտությունը, արվեստը շատ լայն հասկացողություն է, էլ չեմ ասում մեր առանձին գաղթօջախներինը: Մի խոսքով՝ տարբեր ազդեցություններ կան, որը փոքր տարածքների մեջ շատ քիչ է պատահում ու դրանով էլ է յուրահատուկ: Բայց մի խնդիր էլ էսօր ունենք՝ բոլոր հին երկրները, այդ թվում և մենք, մի տեսակ լճացած վիճակի մեջ ենք արվեստի առումով: Պարսկաստանը, Իտալիան, Հունաստանը, մենք… էսօր ավելի շատ հպարտանում ենք մեր ունեցածով, քան ստեղծում: Մի տեսակ հանգստի մեջ ենք: Արվում է ինչ-որ բան, իհարկե, բայց քիչ է, շատ քիչ, երբ համեմատում ես եվրոպական երկրների հետ, օրինակ՝ Նորվեգիայի, Ֆրանսիայի, կամ Ամերիկայի: Որ լսեք, թե ինչ երաժշտություն է էնտեղ ծնվում, ուղղակի անհամեմատելի է:

 - Բայց երաժշտության առումով, հատկապես ջազի, կարծում եմ՝ մենք համեմատաբար այնքան էլ վատ վիճակում չենք:

 - Դե չեմ ասում, որ շատ վատ ենք, բայց շատ քիչ բան ենք անում, շատ քիչ: Օրինակ՝ ջազի առումով, համարյա բան չի կատարվում, եղածը 0,00001 % էլ չի կազմում նույնիսկ: Եվ դա նրանից չէ, որ չենք կարող, պարզապես շփումն է շատ քիչ: Ճիշտ է, ինտերնետը կա, բայց դա հերիք չէ: Հետո երկիրը փոքր է, շատ հեշտ է հասնել մի կետի, հայտնի դառնալ ու մնալ էդ կետում՝ լճանալով: Շատ հեշտ է դա, ընդամենը երեք ամսում կամ նույնիսկ մեկ օրում կարող ես դառնալ աստղ, ու մարդիկ իրենց, էսպես ասած «պլանկեն»՝ էն ինչին, որ պետք է հասնեն, դնում են Հայաստանում հայտնի դառնալու վրա, ու դա, բնականաբար, մեծ սխալմունք է: Արդեն մարդիկ էլ սկսում են նրանց վերաբերվել «Օ՜ էս մարդը…» ասելով, բայց մտածում ես՝ ախր իրականում նա ոչ մի բան էլ չի արել, ընդամենը էսքան երկրում էսքան բան է արել: Միջազգայինի մեջ տեղավորվելու մտածելակերպը չկա, այսինքն՝ էն, ինչ որ դու անում ես, չես անում միայն այս փոքրիկ երկրում ապրող մարդկանց, այլև ամբողջն աշխարհի համար ու պետք է համեմատվես էդ բնագավառի մակարդակի հետ:

- Ստացվում է, որ մենք, ամեն դեպքում, ունենք ներուժ, բայց մեր սահմաններն են սահմանափակ:

- Կան, իհարկե, շատ տաղանդավոր մարդիկ կան, բայց նրանցից շատերին, օրինակ, հանդիպել եմ տասը տարի առաջ և էսօր տեսնում եմ՝ համարյա ոչինչ չի արել, նույն տեղում է, եթե ոչ ավելի ներքև իջած:

Մյուս կողմից՝ պետք է նշեմ, որ կարևոր է, երբ մանկուց ճիշտ ուղղություն է տրվում տաղանդավոր մարդուն: Պետք չի միանգամից մտածել երեխային ասպարեզ հանելու, գովազդելու ու փող աշխատելու մասին: Միայն աշխատելով ու շատ լուրջ աշխատելով կարող ես արդյունքի հասնել: Աշխատասիրությունը, բացի տաղանդ ունենալուց, կարևոր բան է. թե չէ մարդ կա, չի աշխատում, բայց տաղանդավոր է ու էդ տաղանդի հաշվին էլ ապրում է, էլի՛: Ես հուսով եմ, որ կամաց-կամաց պիտի փոխվի, այսինքն՝ անպայման պիտի փոխվի, ուղղակի մի քիչ ժամանակ է պետք:

- Երբ խոսում ենք կատարողական տեխնիկայի, սրա մեջ՝  ճշգրտության, վարպետության մասին և զուգահեռ իմպրովիզացիայի հնարավորություններն ենք նաև տեսնում, ես միշտ պատկերացնում եմ երաժշտության երկու տարբեր տեսակ. մեկի դեպքում երկուսին գումարած երկուսը ճշգրտորեն չորս պիտի ստացվի, մյուս դեպքում՝ կարող է դառնալ նաև  հինգ: Այդպես կարող են պատկերվել երբեմն դասական երաժշտությունը և ջազը:

- Կան երաժիշտներ, ովքեր իսկապես շրջանակի մեջ տեղավորված մտածողություն ունեն, նման դասական երաժիշտներ էլ կան, բայց կան երաժիշտ-կատարողներ, ում համար կարևորը ոչ միայն կատարելն է, այլև նրանք իսկապես հասկանում եմ, թե ինչ են կատարում: Շատ քիչ են հանդիպում էդ տեսակ երաժիշտներ, բայց երկուսն էլ ընդունելի են: Մարդիկ մանկուց մոտ 12 ժամ պարապում են, աշխատում, որ գործը ճիշտ կատարեն, կատարողական արվեստ է դա: Բայց ինձ համար էնպիսի մի բան է, որ ես կյանքում չեմ կարողանա անել: Որովհետև նախ ես այդ տեխնիկան, վարժանքը չունեմ: Երկրորդ՝ իմ նպատակը, որպես երաժշտի, դա չէ՝ դառնալ փայլուն կատարող. ես ստեղծագործում եմ, նաև կատարում:

-Քո նոր ձայնասկավառակները շուտով կթողարկվեն, ի՞նչ տրամադրության սպասենք այս անգամ:

- Երկու ձայնասկավառակ եմ պատրաստվում ներկայացնել: Առաջինը նորվեգացի երեք երաժշտի հետ համատեղ է լինելու՝ շեփորահար, երգիչ Արվե Հենդրիքսենի, կիթառահար Էյվին Դարսեթի և էլեկտրոնային երաժշտության վարպետ Յան Բանգի մասնակցությամբ: Ալբոմը կթողարկվի այս տարվա մայիսին «ECM Records» ընկերության կողմից: Մյուսը իմ անհատական ալբոմն է, որտեղ կներկայացնեմ իմ ստեղծագործությունները և մի քանի ժողովրդական մեղեդիների մշակումներ՝ հիմնականում դաշնամուրի, մի քիչ վոկալի և էլեկտրոնային երաժշտության մատուցմամբ: Ալբոմը հավանաբար պատրաստ կլինի հաջորդ տարի:

Բազմաթիվ ծրագրերի, համերգների, շրջագայությունների մեջ գտնվող Տիգրան Համասյանն, այնուամենայնիվ, այն քչերից է, ովքեր ցանկություն և ժամանակ են գտնում պատուհանից դուրս և իրենց շատ մոտ գտնվող կյանքը տեսնելու:  «Նա հաջորդ Կիթ Ջարեթն է »,- այսպես են նաև բնորոշել Տիգրանին: Տաղանդավոր մարդ, ում երաժշտությունից  բացի անհանգստացնում են նաև երկրի սոցիալական ու գաղափարական խնդիրները, որոնց լուծման համար պայքարում նա վաղուց հաստատել է իր մասնակցությունը:  Ամենաթարմ օրինակը վերջերս Գյումրիում կայացած յուրօրինակ համերգն էր, որի նպատակն էր հասարակության ուշադրությունը սևեռել անօթևանների խնդրին և անմիջականորեն աջակցել նրանց: Սա երաժշտի առաջին բարեգործական համերգը չէր, մինչ այդ Ստեփանակերտում և Երևանում համերգաշար է ունեցել՝  նվիրված «Փյունիկ» հաշմանդամների միությանը, շուտով ևս մեկ նման համերգ կլինի:

Ընդհանրապես, բարեգործական համերգներ իրականացնելը կամ գոնե դրանց մասնակցելն ընդունված է ողջ աշխարհում: Լեգենդար արտիստներից շատերը հաճախ են այս կամ այն խորագրի ներքո մասնակցում մեծ նախագծերի՝ այդպիսով հանրության ուշադրությունը սևեռելով մեծ խնդիրների վրա, միևնույն ժամանակ իրենց լուման ներդնելով դրանց լուծմանը նպաստելու գործում: Երբեմն դա նաև արվում է, իհարկե, փոխադարձ հանրահռչակման նպատակով: Մեզ մոտ, իմ խորին համոզմամբ, գնալով այն բոլորովին այլ բնույթ է ստանում, եթե այն զուտ որպես խնդրի լուծման տարբերակ դիտարկենք: Անդրադառնալով վերջին համերգին՝ Տ. Համասյանն ասում է.

- Շատ ուրախ էի, որ շատ մարդիկ էին եկել ոչ միայն Գյումրիից, այլև Հայաստանի տարբեր վայրերից: Մարդիկ եկել էին և սիրով էին լցված, ուզում էին մի բանով օգնած լինել: Տնակներից մեկի մոտ համերգ ունենալն էլ այն էր, որ նույնիսկ ճանապարհը, որով հանդիսատեսը ոտքով պիտի անցներ, նպատակ ուներ՝ պիտի գային, ցեխերի ու քարքարոտ ճանապարհի միջով հասնեին այդտեղ՝  իրենց վրա զգալով դժվարությունը,  տեսնելով, թե այդ մարդիկ որտեղ և ինչպիսի պայմաններում են ապրել գրեթե 30 տարի, ինչ են զգում ամեն օր ու ամեն վայրկյան: Համերգը  բոլորի համար էր՝ Հայաստանի քաղաքացիներիս, իշխանություններին, որոնք պետք է վերջապես գիտակցեն, որ այս խնդիրը հասել է իր գագաթնակետին: Էնպես չի, որ երկրաշարժը մեկ տարի առաջ է եղել, քիչ ժամանակ է անցել և մենք դեռ մի կերպ ոտքի ենք կանգնում: Երբ տեսնում ես, թե Երևանում ինչեր են կատարվում, ինչ շենքեր են կառուցվում (որոնց պատճառով արդեն քաղաքի տեսքն էլ է բոլորովին այլ բան դարձել և այնպիսին, որ չես էլ ուզում արդեն այստեղ մնալ) ու դրա կողքին տեսնում ես, թե էնտեղ՝ Գյումրիում ինչ վիճակում է ապրում ժողովուրդը, ասենք՝ մոտ երեք հազար անօթևան, էս ամենը անտեսել չի կարելի: Մարդիկ պետք է ոչ թե լուրերով լսեն այս խնդրի մասին ու այսքանով ամեն ինչ ավարտվի, անցնեն տարիներ, այլ հենց  անձամբ տեսնեն, զգան նրանց վիճակն ու հասկանան, որ այդպես չի կարելի:

Տիգրան Համասյանը՝ Գյումրիի տնակներից մեկում / Հայկ Բարսեղյան

- Չե՞ս կարծում, որ նույնիսկ այս դաշտում մեծ խնդիր ունենք: Նման ծրագրերը գնալով ոչ թե խթանում են համապատասխան մարմինների հետաքրքրվածությունը սեփական պարտականությունների հանդեպ, այլ դառնում են ավանդական վիճակ, որտեղ հարցը լուծելու բեռն այլևս արվեստագետի և հասարակության ուսերին է բեռնվում: Մինչդեռ նա, ով ի պաշտոնե  ստանձնել է հարցը կարգավորողի դերը, հանգիստ ու ապահով նիրհում է: Լավ, ինչքա՞ն, մինչև ե՞րբ…

- Իհարկե, կա նման բան: Խնդիրը նրանում է, որ իշխանությունը շատ հարցերում աչք է փակում, ձգձգում է շատ խնդիրներ, որոնք այդպես էլ չեն լուծվում: Ինձ թվում է, եթե ժողովուրդը համախմբվի, շատ հարցերի լուծումներ կստանանք: Իսկ եթե այդ խնդիրների մասին մի քանի հոգի է ընդամենը խոսում, մի փոքր աղմուկ են հանում, ապա ամեն ինչ այդքանով էլ վերջանում է: Արվեստագետը իրականում պետք է զբաղվի իր գործով, կոշկակարն՝ իր,  խոհարան՝ իր գործով, բայց եթե հարցը հասնում է էնպիսի մի կետի, որ անպայման պետք է մի բան արվի, ապա բոլորը պետք է խառնվեն այդ գործին, համախմբվեն և փորձեն ինչ-որ բան անել՝ անկախ իրենց կոչումներից կամ մասնագիտություններից: Բայց, բնականաբար, չպետք է այսպես լիներ:

Երաժշտությունը իր տեղն ունի ու անկախ ամեն ինչից արվեստագետը պետք է շարունակի լուրջ վերաբերվել արվեստին: Պարզապես երբեմն ստիպված ենք լինում այն ծառայեցնել որոշ կարևոր նպատակների: Բայց արվեստագետը այս ամենից հետո էլ պետք է բնականաբար խորանա իր ասպարեզի մեջ ու լուրջ արվեստ ստեղծի, որպեսզի հետո այդ արվեստը ապրի ու կարողանա մարդկանց ապրեցնել:

Գլխավոր լուսանկարը՝ Pan Photo / Վահան Ստեփանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter