HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անչափահասի սպանություն Սարի-Թաղում, ևս 5 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածք

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ անչափահասի սպանության դեպքի առթիվ։

Ինչպես տեղեկացնում է Քննչական կոմիտեն, մարտի 13-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Սարի-Թաղի ոլորանների վրա կռիվ է, մեկն էլ արյան մեջ ընկած է: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Էդուարդ Սիրականյանի գլխավորությամբ։

Նախնական տվյալներով՝ մարտի 13-ին՝ ժամը 21-ի սահմաններում, Սարի-Թաղում գործող  թիվ 47 դպրոցի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն, որին մասնակցել են նաև անչափահասներ։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ Սարի-Թաղի 16-ամյա բնակիչը (17-ամյակը պետք է լրանար նոյեմբեր ամսին) կրծքավանդակի առաջնային մակերեսին ստացել է կյանքի հետ անհամատեղելի՝ կտրած-ծակած թափանցող վնասվածք։ Վերջինս ստացած մարմնական վնասվածքի հետևանքլով «կենսաբանական մահ» ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ հաստատվել է անչափահասի մահը։

Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել ևս 5 անձ։ Բոլոր տուժածներն էլ Սարի-Թաղի բնակիչներ են։

Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սպանության փորձ՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ), 113-րդ  հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2 կամ ավելի անձանց միջին ծանրության մարմնական վնաս պատճառելը)։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է 1 գլխարկ, կոշիկ, արնանման հետքեր։ Առգրավվել են նաև տուժածների հագին դեպքի պահին եղած հագուստները։ Նշանակվել են դատաբժշկական, դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ։

Մշակվել է քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու՝ վիճաբանության շարժառիթը, մասնակիցների շրջանակը և նրանցից յուրաքանչյուրի գործողությունների աստիճանը պարզելու ուղղությամբ կատարվում են քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումներ։

Մեկնաբանություններ (1)

Harut
Վախ Աստված ջան, մենք ե՞րբ ենք այս ասիական բարքերից ազատվելու: Հերիք չեն սահմանագծում թշնամու գնադակից զոհվող մատղաշ տղերքը, մի հատ էլ սենց փողոցային ծեծկռտուքի ժամանակ դպրոցականներն են իրար մորթում... Մի օր կարենալու՞ ենք կարք ու կանոնով միասին ապրել ու նորմալ երկիր կառուցել երեխեքի համար, թե ընդմիշտ դատապարտված ենք բարաբարոսներ մնալու ու իրար կոկորդ կրծելու...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter