
Գյուլուբաղ. անուշադրության մատնված վանքապատկան հայաբնակ գյուղը Մառնեուլում
Վրաստանի Մառնեուլի շրջանի հայաբնակ Գյուլուբաղը (նաև՝ Գյուլբաշ) վանքապատկան գյուղ է: Այն 1995թ.-ից դարձել է վրաց ուղղափառ եկեղեցու սեփականությունը: «Գյուղի տերը Վրաստանի կաթողիկոսարանն է: Ամենամեծ իրավունքները Իլյա 2-րդ կաթողիկոս-պատրիարքի ձեռքում է: Հարկերը տալիս ենք եկեղեցուն»,- գյուղամիջում բացատրեց տարեց մի գյուլուբաղցի:
Ուսուցիչ Գառնիկ Թունյանի ասելով՝ Գյուլուբաղն ունի 350 հա վարելահող, որը խորհրդային տարիներին եղել է Գյուլուբաղի կոլտնտեսության սեփականությունը: Իլյա 2-րդն այդ վարելահողերից գյուլուբաղցիներին թողել է ընդամենը 100 հա վարելահող:
Նկատեցի, որ գյուղին հարող վարելահողերը բարեխղճորեն մշակված են: «Այդ հողերն ամբողջությամբ վրացիներն են մշակում»,-բացատրեց Գ. Թունյանը:
Վրաց կաթողիկոսը Գյուլուբաղի ամեն ընտանիքի 1 հա վարելահող է տվել գոյատևելու համար: Վարելահողերի 250 հա-ն Իլյա 2-րդը վարձակալությամբ բաժանել է վրացիներին: Վերջիններս Գյուլուբաղի 250 հա հողերից ստացվող բերքը կիսում են կաթողիկոսարանի հետ: «Սովետական միության ժամանակներից գյուղում շինություններ կան, եթե ուզում ենք վերցնել՝ ինչ-որ նպատակով օգտագործելու համար, պետք է գնանք կաթողիկոսարան, իրենցից գրավոր իրավունք վերցնենք»,-բացատրեց Գ. Թունյանը: Այսուհանդերձ, վրաց ուղղափառ եկեղեցին որևէ ուշադրություն չի ցուցաբերում Գյուլուբաղի հոգսերի նկատմամբ. «Նոր, որ գյուղը տվել էին վանքին, այդ ժամանակ Իլյա 2-րդը գալիս էր գյուղ, շփվում էր ժողովրդի հետ, սակայն դրանից հետո այլևս չի եկել»,- ասացին գյուղում:
Մառնեուլի մունիցիպալ իշխանությունը որևէ պարտավորություն չունի Գյուլուբաղի խնդիրների նկատմամբ: Խոժոռնեցիները կարող են գնալ Մառնեուլի սակրեբուլու (շրջանային խորհուրդ), իրենց «պրեֆեկտին» բողոքներ ներկայացնել որևէ խնդրի համար: Երբ գյուլուբաղցիներն են որևէ հարցով գնում այնտեղ, նրանց ուղարկում են կաթողիկոսարան. «Երևակայեք, Խոժոռնիի համեմատ, մենք ավելի վատ վիճակում ենք: Մեր գյուղի կառավարումը բարձիթողի վիճակում է»,-հայտնեց Գառնիկը:
Գ. Թունյանը 37 տարի տնօրեն է աշխատել Վրաստանի սահմանամերձ Բրդաձոր, Ծոփ և Գյուլուբաղ գյուղերի հայկական դպրոցներում, իսկ 1995 թվականից մինչև կենսաթոշակի անցնելը՝2010 թ.-ը, 16 տարի աշխատել է Գյուլուբաղի դպրոցի տնօրեն: Ներկայումս ֆիզիկա է դասավանդում գյուղի դպրոցում: Գառնիկի խոսքերով, գյուղի դպրոցի աշակերտների քանակը սկսել է պակասել վերջին 3-4 տարիներին. «Վրաստանի լուսավորության մինիստրության հրամանով, այն աշակերտները, ովքեր ունեին Հայաստանի գրանցում, սակայն Վրաստանի քաղաքացիություն չունեին, նրանց լրիվ դպրոցներից հանեցին: Մեր դպրոցից միայն 20-25 աշակերտներ կարողացան ժամանակավոր գրանցում կամ քաղաքացիություն ստանալ և մնալ դպրոցում»,-բացատրեց Գառնիկը: Հիմա Գյուլուբաղից երիտասարդության հոսք չկա, նորից դպրոցի աշակերտների քանակը սկսում է ավելանալ: Այս պահին գյուղի դպրոցում սովորում են 16 աշակերտներ: «Ես , որ Գյուլուբաղում առաջին տարին աշխատում էի՝ դպրոցում մոտ 100-120 աշակերտներ կար»,- հիշեց Գ. Թունյանը: Վերջինիս ասելով՝ հեշտ չէ Վրաստանում հայկական դպրոցի տնօրեն աշխատելը:
Դժվարությունները գալիս են նրանից, որ Վրաստանի իշխանությունը հայերի համար դժվարություններ է ստեղծում հայոց լեզվի ուսուցման գործում, ընդհանրապես արգելում է հայ ժողովրդի պատմության ուսուցումը: Դրա փոխարեն պարտադրում է վրացերեն լեզուն: «Իմ դպրոցական տարիներին վրացերեն լեզուն այլազգիներին դասավանդվում էր կամավոր սկզբունքերով: Այլազգի աշակերտը կարող էր նստել վրացերեն դասին, կարող էր՝ չնստել: Հիմա հայկական դպրոցներում բոլոր փաստաթղթերը, նույնիսկ դասամատյանները լրացվում են վրացերեն: Դպրոցի տնօրենն էլ պետք է անպայման վրացերեն լեզվին տիրապետի, եթե՝ ոչ , նրան չեն նշանակի տնօրեն»,-պատմեց նա:
Վերադառնալով հայկական դպրոցների և հայկական կրթության նկատմամբ Վրաստանի կառավարության մոտեցումներին՝ Գ. Թունյանը պատմեց. «Մեզ մոտ միայն հայոց լեզվի և գրականության դասագրքերն են Հայաստանի տպագրության: Մնացած բոլոր դասագրքերը վրացիներն են թարգմանում հայերեն: Դրանք շատ անորակ գրքեր են և շատ քիչ են տվյալ առարկայի թեմաները: Պատկերացրեք, ֆիզիկայի և քիմիայի դասագրքերի մեջ կա 29 թեմա, բայց ամբողջ տարվա ընթացքում 60-70 ժամ է: Մեկ շաբաթում, օրինակ, ֆիզիկային 3 ժամ է տրվում: Ստիպված մեկ թեման անցնում ենք մեկ կամ 2 շաբաթում: Հիմա դասը տվեցինք աշակերտին, դասարանում երկու աշակերտ են, հաջորդ դասին այդ 2 աշակերտները գերազանց պատասխանեցին դասը, էլ անելիք չունենք: Վրացիների թարգմանած դասագրքերում ֆիզիկայի խնդիրներ չկան: Ուսուցիչն էլ չի կարողանում կողմնորոշվել, թե ինչ անի»,- բացատրեց Գառնիկը:
Հայկական դպրոցների ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության վրացերենից թարգմանված դասագրքերը հայ աշակերտների համար ստեղծում են նույն դժվարությունները: Վրացիներ Գեորգի Գեդենիձեի և Էթեր Լազարաշվիլու կողմից թարգմանված 8-րդ դասարանի ֆիզիկայի դասարգքում տեղ գտած շատ վերնագրեր, բառակապակցություններ ու նախադասարություններ որևէ առնչություն չունեն հայերենի հետ: Դասագրքից օգտվելիս դրանք այդպես էլ անհասկանալի են մնում առարկայի ուսուցիչներին և աշակերտներին: Դասագրքերի վրա ուղղագրական սխալով է գրել նաև թարգմանության հեղինակներից մեկի՝ Գեորգի անունը: «Որ ասեմ մեզ՝հայերիս նեղացնում են՝ չէ: Պահանջները հաշվի են առնում: Բայց ինձ թվում է, որ կամաց- կամաց հայերիս համար ամեն ինչ գնում է դեպի վրացականություն: Այսինքն՝ հայաբնակ գյուղերի ազգաբնակչությանը և նրանց սերնդին տանում եմ վրացիացման»,- ասում է Գառնիկը։
Գառնիկ Թունյանի կինը՝ Կարինե Սիրադեղյանը Ծոփ գյուղից է: Գյուլուբաղում նա հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի է աշխատում 1976թ.-ից: Կարինե Սիրադեղյանի ասելով, տարիներ շարունակ Վրաստանում հայոց լեզվի ուսուցիչների մեթոդական պարապմունքներ չեն կազմակերպվել: «Հայկական դպրոցներում արգելված է հայոց պատմության դասավանդումը: Ամոթ էլ է՝ հայը հայոց պատմություն չիմանա: Մոտ 10 տարի է՝ մենք Հայաստանի կրթության նախարարությունից հայոց լեզվի և գրականության դասագրքեր չենք ստացել: Այս պահին էլ հայկական դպրոցներում հայոց լեզվի և գրականության դասագրքեր չկան: Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում վրացահայ դպրոցներին: Շատ վիրավորական է, 12-րդ դասարանում սովորող հայ աշակերտը այստեղ հայոց լեզվի և գրականության ավարտական քննություն չի հանձնվում»,- դժգոհեց ուսուցչուհին:
Մի քանի տարի առաջ Վիրահայ համայնքը փորձել է օգնել սահմանամերձ հայկական գյուղերի հայ ուսուցիչներին: «Հայ ժողովրդի պատմության ուսուցիչներին հավաքեցին մեթոդական օգնություն ցույց տալու համար՝ Հայաստան տանելու: Արդեն երթուղային տաքսի էինք նստում՝ չթողեցին տաքսին շարժվի»,-պատմեց ուսուցչուհի Կ. Սիրադեղյանը:
Մեկնաբանել