HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կնոջ մազը երկար է, խելքը` կարճ» արտահայտությունն իրեն լիովին սպառել է

Արմինե Ղուկասյան

Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի ավագանու անդամ Արմինե Սարիբեկյանն անթաքույց հպարտությամբ նշում է, որ ավագանու անդամ է դարձել 21 տարեկանում, երբ դեռ ուսանում էր Երեւանի պետական մանկավարժական համալսարանի քիմիական բաժնում: ՏԻՄ համակարգում իր հայտնվելն էլ պատահականություն չի համարում:

«Լճաշեն համայնքում «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» հայաստանյան ներկայացուցչության իրականացրած ծրագրի շրջանակներում ձեւավորվեց համայնքային երիտասարդական նախաձեռնությունների ակումբ, ու ես ընտրվեցի ՀԵՆԱ-ի համակարգող: Քայլ առ քայլ ընկերներիս հետ մեր համայնքի խնդիրները վեր հանեցինք, փորձեցինք նաեւ լուծումներ գտնել` ակտիվորեն համագործակցելով համայնքապետարանի հետ: Աշխատանքի ընթացքում փորձեցի կարեւորել նաեւ իմ դերը մեր համայնքի կյանքում,- ասում է Արմինեն:

2013թ. նոյեմբերի 17-ին Լճաշենում կայացած ՏԻՄ ընտրություններում ձայների թվով 4-րդ տեղը զբաղեցրած Արմինեն, համայնքի ավագանու 3 կին անդամներից մեկն է: Սա եւ ոգեւորող է, եւ պարտավորեցնող, մանավանադ որ ավագանու կազմում մինչ այդ որեւէ կին չի եղել:

Հայաստանում կանայք կազմում են ընտրելու իրավունք ունեցող բնակչության շուրջ 70%-ը: Ընտրելը միաժամանակ ենթադրում է ընտրվելու հնարավորություն: Սակայն տեղական մակարդակի ընտրովի պաշտոններում կանանց անունները սակավաթիվ են:

2012 թ. ՏԻՄ ընտրություններում Գեղարքունիքի մարզում ավագանու անդամի իր թեկնածությունն էր առաջադրել 20 կին: Նրանցից միայն 11-ին հաջողվեց ստանալ անցողիկ թվով ձայներ: Սրան գումարենք նաեւ 2013 թ.-ի Լճաշեն համայնքում գրանցված լուրջ հաջողությունը` միանգամից 3 կնոջ ներկայությամբ, եւ 2015 թ. դեկտեմբերի 6-ին Դդմաշեն համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններում առավելագույն ձայն հավաքած եւս մեկ կնոջ ավագանու անդամ դառնալը:

Ի դեպ, ՏԻՄ ընտրություններում 2012 թ. առաջադրված կանանց թիվը մեկ ու կես անգամ ավելի է եղել, քան նախորդ ընտրություններում, ավագանու կազմում եղած կանանց թվի աճ է գրանցվել: Առաջադրման առումով աճ կա, բայց ընտրված կանանց թիվը նվազել է: 

Սեւան համայնքի ավագանու անդամ Կամո Ավագյանը, ով արդեն 15 տարի ՏԻՄ համակարգում է, նկատում է. «Իհարկե, կնոջ ներկայությունը ավագանու կազմում կփոխի շատ բան, սակայն ներկայացվածության դեպքում էլ կարեւորում եմ գրագետ, բանիմաց, ճանապարհ անցած, հարգված ու ճանաչված կանանց ներկայությունը: Չմոռանանք, որ կանայք ավելի պարտաճանաչ են եւ պատասխանատու: Միաժամանակ, երբ կանայք մտնում են պայքարի մեջ, այն որոշ չափով մեղմանում է»:

Կամո Ավագյան Անահիտ Ավետիսյան Կորյուն Մարգարյան

10 մարզերում եւ Երեւանում կին քաղաքապետ չկա: Կանանց ընտրվելու սահմանները սահմանափակվում են գյուղական համայնքներում: Գյուղերում կանայք ունենում են հաջողություն, եթե դրանք սահմանամերձ են, հոգսերով «խեղդված» կամ տղամարդկանց մեծ արտահոսք ունեն: Նույնիսկ այս դեպքում էլ 866 գյուղական համայնքներից միայն 18-ն են ղեկավարում կանայք:

2013թ. տվյալներով Գեղարքունիքի մարզում կա 3 համայնքի ղեկավար, 92 համայնքից 28-ում են կին ավագանու անդամներ, 569 ավագանու անդամներից 44-ն են կին (7.7 %): 2016թ. տվյալներով հանրապետության 5857 ավագանու անդամից միայն 555-ն է կին:     Հայաստանի բնակչության 55%-ը եւ բարձրագույն կրթություն ունեցողների 64%-ը կանայք են, որոնք ի զորու են սառույցը կոտրել: Գործընթացը պետք է սկսել ներքեւից. նախ` ավագանու ինստիտուտ, ապա` համայնքի ղեկավարներ: Ներքեւից սկսելու ճանապարհին էլ բացահայտվում է կանանց ցածր մրցունակությունը, որը պայմանավորված է ֆինանսական ռեսուրսների բացակայությամբ, պայքարի կոշտությամբ, սեւ տեխնոլոգիաների օգտագործմամբ, ներքին հոգեբանական բարդույթներով եւ ցածր ինքնագնահատականով: Կանայք շատ դեպքերում չեն էլ փորձում մասնակից դառնալ կատարվող գործարքներին, եւ ստացվում է, որ նրանք հասարակությանը զրկում են քաղաքական, մշակութային թարմացումներից:

Լճաշեն համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանի համար համայնքում տեղի ունեցած 2013 թ. ընտրությունների արդյունքները ոգեւորող են եւ աննախադեպ: Մինչ այդ, համայնքը չի ունեցել կին ավագանու անդամ, ու միանգամից 9-ից 3-ը` կին: «Իհարկե, սրան հաջորդել է լուրջ գործընթաց. անընդհատ աշխատել ենք հատկապես երիտասարդների հետ, որի արդյունքում էլ եղել են առաջադրումները: Միանգամից ասեմ, որ նրանց ներկայությունը ե'ւ արդյունավետ է, ե'ւ ցանկալի, տղամարդիկ առավել զգաստ են եւ զուսպ», - ասում է Լճաշեն համայնքի ղեկավար Մարգարյանը:

Մասնագիտությամբ մանկավարժ, երկար տարիներ ղեկավար պաշտոններ զբաղեցրած Անահիտ Ավետիսյանի համոզմամբ`կանայք պետք է հաղթահարեն բոլոր կարծրատիպերը եւ համարձակվեն մասնակցել ընտրություններին: «Ես երբեք չէի ասի, թե որեւէ պաշտոնում կանխակալ մոտեցում պետք է ցուցաբերել` առավելությունը տալով կնոջը: Մարդուն անհրաժեշտ է գնահատել իր անձնային որակներով, իմացությամբ, ունակություններով: Իհարկե, ՏԻՄ ընտրություններում դեռեւս երազել կարելի է քաղաքային համայնքների ղեկավարների պաշտոններում կանանց հաղթարշավ, գյուղական համայնքներում էլ նրանց թիվն առանձնապես շոշափելի չէ, բայց ավագանիների շարքում կանանց ներկայությունը ոչ միայն հնարավոր է, այլեւ անհրաժեշտ: Պարզապես պետք է բարեհաճ վերաբերմունք եւ աջակցություն: Ի վերջո, ժամանակն է խախտելու հայրիշխանության ավանդույթը քաղաքականության մեջ եւ ընտրովի մարմիններում»,- նշում է Անահիտը:

Փոքր համայնքներում կանայք առավել ակտիվ են ու նախաձեռնող իրենց աշխատավայրերում: Շատերը նոր, ընտրովի պաշտոնները համարում են ավելորդ ծանրաբեռնվածություն, որի ենթատեքստում չընտրվելու, պարտվելու վախն է:

«Սեւան երիտասարդական ակումբ» հ/կ-ի անդամ, ակտիվ եւ ստեղծագործող երիտասարդ Գոհար Մնացականյանը կանանց` ընտրություններին չմասնակցելու իր բացատարությունն ունի, որտեղ դոմինանտը ընտրությունների անցկացման որակն է:

«Մեր մեջ թյուր կարծիք է ձեւավորվել, թե հասարակությունը պահպանողական մոտեցում է ցուցաբերում կանանց նկատմամբ, եւ գենդերային անհավասար գործոնն է պատճառը, որ հաճախ չենք հանդիպում ՏԻՄ-երում ղեկավար կամ ավագանի կանանց: Սակայն այդ ժամանակները վաղուց անցել են: Երիտասարդ սերնդի կանայք եւ աղջիկները մեծ մասամբ չունեն այս խնդիրը: Բայց սրան հակառակ կա մեկ այլ խնդիր` ընտրությունների որակը: Կանայք, հատկապես խելացիները, հակված չեն անվան կամ կոչումի համար կուլ տալ անարդարության այդքան մեծ չափաբաժին (քանի որ նրանք բնությունից տիեզերքի վրա ունեն առավել մեծ առաքելություն եւ կոչում), ամեն անգամ կոտրվել հոգեբանորեն եւ գաղափարապես, մտնել մի պայքարի մեջ, որտեղ թվում է` ամեն ինչ արդեն որոշված է: Բայց վստահաբար վաղ թե ուշ հայտնվում են պայքարող կանայք, «քանզի ամեն կանխակալ պատկերացում թվացյալ եւ անկոտրում դիմադրության հանդիպելիս նահանջում է»,- այս համոզմանն է եկել Սեւանի ակտիվ երիտասարդ Գոհարը:

Սեւան համայնքը կանանց` ընտրովի պաշտոններում առաջադրվելու փորձ գրեթե չունի: 1996 թ. ի վեր համայնքում  եղել է ավագանու 2 կին թեկնածու, որոնց չի հաջողվել հավաքել անցողիկ ձայներ: «Ինչո՞ւ Սեւանում կանայք չեն առաջադրվում»,- հարցին ավագանու անդամ Ավագյանն ունի իր պատասխան- դիտարկումը` մտավախություն ունեն, որ չեն ընտրվի, չընտրվելն էլ համարում են վիրավորական:

«Իսկ ուժեղ ավագանի ունենալու համար, անկախ նրանից, թե որ սեռի ներկայացուցիչն է այդ կազմում, պետք է լինի բանիմաց, ժողովրդի հետ շփվող, բնակչության հոգս ու ցավով ապրող, անպայման բնագավառի օրենսդրությանը տիրապետող»,- ասում է Ավագյանը:

Լճաշեն համայնքի ղեկավար Մարգարյանը, ով ավագանու դեմքը փոխելու գործում ունի իր լուրջ դերակատարումը, կատակում է. «Կա այսպիսի մի ասացվածք` «կնոջ մազը երկար է, խելքը` կարճ»: Ժամանակն ու զարգացումները ցույց են տալիս, որ դա լիովին իրեն սպառել է. մեր կանանց եւ մազերն են գեղեցիկ ու երկար, եւ խելքն է տեղը: Ու ես շատ գոհ եմ, որ Լճաշենն այսօր կարող է հպարտանալ նաեւ իր ավագանի կանանցով: Իմիջիայլոց, ես չգիտեմ մեկ այլ համայնք, որտեղ 3 կին ավագանի լինեն միաժամանակ: Սա ուսանելի նախադեպ է եւ մեր համայնքի, եւ մյուս համայնքների համար կանանց առաջադրվելու, ընտրվելու, եւ ընտրելու:

2013թ. հրապարակված Գլոբալ գենդերային անհավասարության զեկույցում Հայաստանը «Կանայք քաղաքականության մեջ» ցուցանիշով զբաղեցրել է 115-րդ տեղը: Սովորաբար կանանց քաղաքական մասնակցությանը խոչընդոտող գործոններից նշում են կարծրատիպերը եւ տնտեսական գործոնները: Կան բազմաթիվ պատճառներ կնոջ չառաջադրվելու եւ կնոջը չընտրելու, սակայն խնդիրը մեր մեջ է:

«Հնուց եկող ավանդույթով հայ կինը օջախ պահող է, ընտանիք ամրապնդող: Բայց հայ կինը միաժամանակ երկրի բոլոր դժվար պահերին եղել է տղամարդուն ուսակից եւ արել ամենը` համատեղելով եւ ընտանիքի, եւ աշխատանքի եւ հասարակական կյանքի դժվարությունները հաղթահարելու հոգսերը: Իսկապես որ, զարմանալի կլինի կնոջը հասարակական, քաղաքական բազամաբարդ խնդիրներից մեկուսացած լինելը,- ասում է Անահիտ Ավետիսյանը:  

Հաճախ հենց կանայք են դառնում խոչընդոտ կին թեկնածուների ճանապարհին` թերագնահատելով նրանց ընդունակություններն ու կարողությունները: «Կանայք ներում են տղամարդկանց յուրաքանչյուր հիմարություն, բայց չեն ներում կանանց ամենափոքր բացթողումը»: Այս դիրքորոշումն առավել ընդգծվում է նախընտրական շրջանում: Սա էլ դառնում է հիմք, որ կին ընտրողը իր ձայնը չտա կին թեկնածուների օգտին:

Հայ կանանց ապաքաղաքական վիճակի պատճառն էլ ոչ թե քաղաքականությամբ չզբաղվելու ցանկությունն է, այլ հասարակական պահանջարկի պակասը եւ ընտրությունների անցկացման կոշտ կանոնները: Այնինչ, կանանց ներկայությունը ցանկացած խմբում, աշխատակազմում եւ թիմում կարող է փոխել եւ տրամադրություն, եւ տրամադրվածություն, եւ աշխատաոճ: Հատկապես երիտասարդ սերնդի կանայք եւ աղջիկները ոչ միայն ապավինում են սեփական ուժերին, այլ նաեւ գնում առաջ:

Ավագանու անդամ Արմինե Սարիբեկյանը վերհիշելով իր աշխատանքային 16 ամիսները նշում է. «Կանայք կարող են փոխել մթնոլորտը, կնոջ կողքին տղամարդը զսպված է, հավասարակշիռ: Նույն խնդրին մենք նայում ենք տարբեր դիտանկյուններից, որից շահում է միայն համայնքը: Իսկ ընդհանրապես ավագանի լինելն ինձ տվել է ինքնավստահություն, շատ հարցերի այլ կերպ եմ նայում, էությունս եւս փոխվել է»:

Սպասել, որ առանց կանանց լուրջ միջամտության եւ նախանձախնդրության ինչ-որ բան կփոխվի, զուր հույս է: Իրավիճակը հաղթահարելու համար կանայք պետք է ընտրությունից-ընտրություն ընկած տարիները դարձնեն նախընտրական շրջան:

Գոհար Մնացականյանը, որ Սեւան համայնքում իրականացված շատ ծրագրերի ու նախաձեռնությունների հեղինակ է, համայնքային կյանքում ինչ-որ բան փոխելու պատրաստակամություն ունի: «Մեծ հաշվով, համայնքն էլ իր ձեւաչափով ընտանիք է, եւ եթե նայենք փոքր մոդելի վրա, թե ինչ դերակատարում ունի կինը ընտանիքում, կարող ենք տեղափոխել մեծ մոդելի վրա` համայնքի կառավարման, որոշումների կայացման հարթություն, եւ եւս մեկ անգամ համոզվել, որ կանանց դերը ՏԻՄ-ում անփոխարինելի է եւ անհրաժեշտ: Սակայն ես հակված եմ ոչ թե արհեստական պարտադիր քվոտաների, այլ ինքնաբուխ մասնակցային ցանկությանը»,- եզրակացնում է Գոհարը:

Առաջխաղացման իր բանաձեւն ունի արդեն ուսանողական լսարանը թողած, Լճաշենի ամբուլատորիայում աշխատող Արմինե Սարիբեկյանը: Նա համոզված է, որ կրկին առաջադրելու է իր թեկնածությունը հաջորդ ընտրություններում: «Վախենալ պետք չէ. եթե ինչ-որ բան կանխորոշված է, լինելու է: Համայնքը, որտեղ բնակվում ես, քո սուր աչքի, հոգատար ձեռքի, զգայուն մոտեցումների կարիքն ունի: Ես գիտեմ, որ իմ համայնքին կարող եմ ծառայել: Իսկ նրանք, ովքեր իրենց առաջին փորձը ձախողել են, թող չկոտրվեն. դա եւս մեծ փորձ է եւ ճանապարհ հաջողության հասնելու»,- ասում է նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter