HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտվել է քրեակատարողական վարչության ծառայողի կողմից ծանր հանցագործություն կատարելու գործով նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության ծառայող Ռոբերտ Մովսիսյանը կատարել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն:

Մասնավորապես՝ 2010 թվականի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության օպերատիվ բաժնի աշխատակից Ռոբերտ Մովսիսյանը տեղեկացել է, որ ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում' ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով 2008 թվականի սեպտեմբերի 17-ից դատարանի դատավճռով 9 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված և 2010 թվականին արդեն նշանակված պատիժը կրող դատապարտյալ Նիկոլայ Թորոսյանի ծնողները ցանկանում են օրինական ճանապարհով հասնել իրենց որդու' պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հարցի լուծմանը:

Ռոբերտ Մովսիսյանը փաստաբանների միջոցով դատական կարգով այդ հարցը լուծելու պատրվակով, Ն. Թորոսյանի ծնողների' Վարդան և Մարինե Թորոսյանների վստահությունը չարաշահելով, առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու նախնական դիտավորությամբ, 2010 թվականի օգոստոս-հոկտեմբեր ամիսների ընթացքում՝ տարբեր օրերի, վերջիններիցս խաբեությամբ մաս-մաս ստացել է, իբր, դատապարտյալի ազատման հարցի լուծման համար անհրաժեշտ' 9 մլն. 492 հազ. 565 ՀՀ դրամին համարժեք 26 հազ. 500 ԱՄՆ դոլար գումարը:

Ռոբերտ Մովսիսյանը Նիկոլայ Թորոսյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցով որևէ գործողություն չի ձեռնարկել և խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով' 26 հազ. 500 ԱՄՆ դոլար գումարը:
Ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու հանցավոր արարքի համար Ռ. Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter