Վանաձորի քաղաքապետարանում չգիտե՞ն՝ 2015թ.-ին աշխատակիցների պարգևատրման ու խրախուսման համար ծախսել են 14, թե՝ 25 մլն դրամ
Գայանե Սարգսյան
Վանաձորի քաղաքապետարանի կողմից համայնքային բյուջեից պարգևատրումների տեսքով շռայլումներին «Հետքն» անդրադարձել է 2015 թ․ դեկտեմբերին: 9 ամսվա ընթացքում քաղաքապետարանը բյուջեի Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ ու հավելավճարներ տողով ծախսել էր 14 մլն 378 հազար 800 հարյուր դրամ, որը բաշխվել է այսպես.
-9 մլն 862 հզր դրամ-պարգևատրումներ Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցներին՝ Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների առթիվ,
-839հզր 600 դրամ-խրախուսումներ Մարտի 8-ի՝ Կանանց տոնի և ապրիլի 7-ի՝ Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ
-3 մլն 677 հզր դրամ կազմել է եկամտահարկը:
Պատասխանին կից ուղարկվել էին նաև քաղաքապետ Սամվել Դարբինյանի համապատասխան որոշումները:
Մեկ ամսից ավել է, ինչ Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնական կայքում՝ տեղադրվել է համայնքի 2015թ.-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, ըստ որի Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ ու հավելավճարներ տողով տարեկան ծախսը կազմել է 25 մլն 727 հազար: Նախապես հաստատված պլանով նախատեսված 16 մլն դրամն ավելացվել է 9 մլն 727 հզր-ով:
Ստացվում է, որ չնայած նախորդ հոդվածում նշված շռայլումներրին, քաղաքապետարանում ոչ միայն չեն սեղմել գոտիները, այլև կտրուկ ավելացրել են շռայլումների չափը. 9 ամսում ծախսած 14 378 800 դրամի դիմաց վերջին եռամսյակում ծախսելով 11 349 000 դրամ:
Գրավոր հարցմամբ կրկին դիմեցինք Վանաձորի քաղաքապետարան, խնդրելով տրամադրել վերջին երեք ամիսներին Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ ու հավելավճարներ տողով կատարված ծախսերի բացվածքը: Միաժամանակ խնդրել էինք տրամադրել նաև 2014, 2015թթ.-երին այդ տողով կատարված ծախսերի, ինչպես նաև 2016թ.-ին նախատեսվելիքի չափերը:
Քաղաքապետարանից ստացված պատասխանը մեզ ավելի քան զարմացրեց: Վերջին եռամսյակի ծախսերի մասին հստակ տվյալներ չտրամադրելով, քաղաքապետարանից ուղարկել էին տարեկան ծախսը ներկայացնող մեկական տվյալ, ըստ որի 2015թ.-ին ծախսը կազմում էր 143 78 800 դրամ, այսինքն ճիշտ այնքան, որքան նշել էին 9 ամսվա ծախսը ներկայացնելիս:
Ի տարբերություն նախորդ հարցման պատասխանում որպես 14 378 800 դրամ պարգևավճարի ծախսի հիմնավորում ներկայացված Վանաձորի քաղաքապետի երկու՝ 2609-Ա և 406-Ա որոշումների, այս անգամ որպես այս տարվա ծախսը հաստատող փաստաթուղթ կցել էին 406-Ա և 1894-Ա որոշումները:
2609-Ա որոշման մեջ, որն ընդունվել է 2014թ.-ի դեկտեմբերի 3-ին, նշված էր.
Հաշվի առնելով Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի զեկուցագիրը, հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ավագանու 15.11.2013թ.-ի թիվ 100-Ն և 30.06.2014թ.-ի թիվ 31-Ա որոշումները, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով որոշում եմ.
Վանաձորի քաղաքապետարանի քաղաքական և հայեցողական, Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցներին խրախուսել յուրաքանչյուրի պաշտոնային դրույքաչափին համապատասխան միանվագ գումարի չափով:
406-Ա որոշմամբ՝ ընդունված 2015թ.-ի մարտի 2-ին, քաղաքապետը որոշել էր.
Հաշվի առնելով աշխատակազմի աշխատակցուհիների բարեխիղճ աշխատանքը, Մարտի 8-ի՝ Կանանց տոնի և ապրիլի 7-ի՝ Մայրության ու Գեղեցկության տոնի առթիվ, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասով և Համայնքային ծառայության մասին ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությամբ որոշում եմ.
Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակցուհիներին՝ համաձայն հավելվածի խրախուսել յուրաքանչյուրին 20.000-ական դրամի չափով:
1894-Ա որոշմամբ՝ ընդունված 2015թ.-ի դեկտեմբերի 16-ին, Վանաձորի քաղաքապետը նորից որոշել է պարգևատրել քաղաքապետարանի աշխատակիցներին:
«Հաշվի առնելով Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի զեկուցագիրը, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 119 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, որոշում եմ Վանաձորի քաղաքապետարանի քաղաքական ու հայեցողական, քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցներին Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ խրախուսել յուրաքանչյուրի պաշտոնային դրույքաչափին համապատասխան միանվագ գումարի չափով»:
Այս խառնաշփոթի արդյունքում հարց է առաջանում, քաղաքապետարանում հարցմանը պատասխանելիս չե՞ն նայում բյուջեում ամրագրված թվերը, չե՞ն անդրադառնում նմանատիպ նախորդ հարցումների պատասխաններին, թե չտեղավորվելով օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում, 6-րդ օրն արագ նկարում են ձեռքն ընկած առաջին թիվն ու ուղարկում որպես պաշտոնական պատասխան:
Եվ վերջապես ո՞ր տվյալին հավատա լրագրողը. ուղարկված պաշտոնական պատասխանի 14 մլն-ին, թե պաշտոնական կայքում ամրագրված 25 մլն-ին:
Վաղը՝ մարտի 15-ին, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը ավագանու նիստում հանդես կգա համայնքի 2015թ.-ի բյուջեի տարեկան հաշվետվությամբ:
Պարգևատրումների շռայլումների մասով ի՞նչ կասի Վանաձորի քաղաքապետը, որքանով ավագանուն կհուզի համայնքի բյուջեից 25 մլն դրամից ավելի շռայլումների փաստը: Այս ու բյուջեի հաշվետվության մյուս մանրամասների մասին՝ վաղը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել