HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Ինչպես խաբել հասարակությանը` կառավարության որոշումներում մշակութային վերնագիր դնելով․ «Գրքի աշխարհ»-ի հետքերով

2012թ. Երևանը ճանաչվեց գրքի համաշխարհային մայրաքաղաք: Այսպիսի որոշում  կայացրել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ն` Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը: Տիտղոսը տրվում էր մեկ տարով: Եվ մինչ Երևանը պատվավոր կարգավիճակում էր, մշակույթի նախարարությունը հասցրեց մշակել և կառավարություն ներկայացնել «տարվան համահունչ» որոշման մի նախագիծ: Կառավարությունն էլ, այն հիմք ընդունելով, 2012 հուլիսի 26-ին ընդունեց N 1052 – Ա որոշումը։

Այն «Երևանի Եզնիկ Կողբացու փողոցի N36 հասցեում «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման ներդրումային ծրագրի» մասին է և սկսվում էր հետևյալ նախաբանով.

«Ընդունել ի գիտություն, որ «Սոխոսենթր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն առաջարկել է հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչվելու կապակցությամբ կառուցել «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր….»:

Նախարարությունն առաջարկում էր այդ նպատակով ընկերությանը վաճառել Կենտրոն համայնքում գտնվող շուրջ 340 քառ. մետր պետական հողատարածք:  

Որոշումն ընդունվեց և հողատարածքը սեփականության իրավունքով գրանցվեց այս ընկերության վրա, սակայն մինչ այժմ տարածքում որևէ «Գրքի աշխարհ» չկա: Կառավարությանը ներկայացրած ծրագիրն ընդամենը միջոց էր՝ տարածքը յուրացնելու համար:

 Կառավարությունը «չգիտեր», որ «Գրքի աշխարհ»-ը չկա

«Սոխոսենթր» ընկերությանը վաճառված տարածքը հարում է Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցին: Մակերեսը 335,5 քառակուսի մետր է. ընդգրկում էր դպրոցի 300քառ. մետր հողատարածքը և 33,5 քառ. մետր կաթսայատունը: Երևանի քաղաքապետի` 2012թ. որոշումներից մեկով երաժշտական դպրոցից բաժանված գույքին տրամադրվել է նոր փոստային հասցե` Ե. Կողբացի 36/3:

Սա երևում է նաև կադաստրային փաստաթղթերում, սակայն գործնականում առանձնացված հասցեն հնարավոր չէր գտնել:

Երաժշտական դպրոցի հարակից հատվածներում որևէ հուշող նշում չկար, և հետևաբար դժվար էր հասկանալ` որտեղ պետք է փնտրել «Գրքի աշխարհ»-ը, կամ արդյոք շինարարությունն ընթանում է: Մինչ այդ դիմել էինք կառավարություն` տեղեկանալու համալիրի կարգավիճակի մասին: Կառավարությունն, ի պատասխան, տեղեկացրել էր, թե «Գրքի աշխարհ»-ի շինարարական աշ­խա­տանք­նե­րը մեկնարկել են:

Չգտնելով որևէ հետք բազմաֆունկցիոնալ համալիրից` դիմեցինք քաղաքապետարան` ստանալու «Գրքի աշխարհ»-ի շինարարության թույլտվությունը: Պարզվեց, որ շինթույլտվության ժամկետը վաղուց ավարտված էր:

 

Եթե «Սոխոսենթրը» այդ ժամանակ իսկապես շինարարություն էր իրականացնում, ինչպես տեղեկացրել էր կառավարությունը, ապա պետք է ունենար շինարարության երկարացման թույլտվությունը, սակայն դա փաստաթղթերում բացակայում էր:

Եվ երբ նորից դիմեցինք քաղաքապետարան` ստանալու ընկերության դեմ հարուցված  վարչական վարույթի պատճենը` առանց շինթույլտվության երկարացման կառուցապատում իրականացնելու համար, միայն այդ ժամանակ  պատասխան ստացանք, որ «Գրքի աշխարհ»-ի շինարարական աշխատանքները երբևէ չեն էլ մեկնարկել:

Ամրագրված չէ «երբ»-ը, և կարող է դառնալ նաև երբեք

Քաղաքապետարանը, որպես ստուգումներ իրականացնող և վերահսկող մարմին, հղում է անում քաղաքաշինության նախարարությանը: Իսկ նախարարության քաղաքաշինական պետական տեսչության պետ, քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչ Արամ Մելքոնյանը, «Հետքի» հարցմանն ի պատասխան, տեղեկացնում է, որ «Գրքի աշխարհ» համալիրի կառուցման որևէ ժամկետ կառավարության որոշմամբ սահմանված չէ:

Նույն պատասխանն ունի նաև «Սոխոսենթր» ընկերության առաջին տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը: Նա է ղեկավարել ընկերությունը «Գրքի աշխարհ» ներդրումային ծրագիրը մշակույթի նախարարություն ներկայացնելու ժամանակ: Կոստանդյանն այժմ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրենն է:

Մշակույթի նախարար Հ. Պողոսյանը Ն. Կոստանդյանի հետ, լուս` designdeluxegroup.com

 «Հետքի» հարցին` ե՞րբ էին պատրաստվում ավարտել շինարարությունը, երբ ներկայացնում էին նախագիծը, Ն. Կոստանդյանը պատասխանում է. «Կառուցապատման աշխատանքների առումով ընկերությունը որևէ ժամկետային պարտավորություն չուներ»:

«Հետք»-ը մշակույթի նախարարությունից ձեռք է բերել «Սոխոսենթր» ընկերության հետ կնքված պայմանագրերը: Դրանցում որևէ կետով նշված չէ, որ ձեռք բերվող հողատարածքը պետք է օգտագործվի «Գրքի աշխարհ» կառուցելու նպատակով:

Այնպես որ, քաղաքաշինության տեսչության պետ Արամ Մելքոնյանն ու ընկերության նախկին տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը դեռ մի բան էլ մեզ մեղմ և հուսադրող պատասխան են տվել: Նրանք կարող էին պատասխանել, որ «Գրքի աշխարհ»-ը կարող է այդպես էլ չկառուցվել, և որ «ներդրումային» ծրագիրը ընդամենը առևտուր էր` մշակութային վերնագրով և նախաբանով:

2014 և 2015թթ. Քաղաքաշինության պետական տեսչությունը տարեկան ստուգումներ էր նախատեսել «Գրքի աշխարհ»-ում, սակայն դարձյալ` միայն թղթերում:

Որպես ստուգումները չիրականացնելու հիմք Ա. Մելքոնյանը «Հետքին» ուղարկված պատասխանում մեջբերում է կառավարության որոշումներից մեկը, որով կասեցվեցին ստուգումները մի շարք գերատեսչություններում: Սակայն այս որոշումը միայն 2015թ. համար էր, իսկ թե ինչու է, օրինակ, «Գրքի աշխարհ»-ը դուրս մնացել ստուգումների ցանկից նաև 2014թ., պատասխանում չի հստակեցնում:

Իրականում համալիրը գրքերի հետ կապ ուներ միայն անվամբ

2014թ. ընկերությունը քաղաքապետարան է ներկայացրել «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցապատման նախագիծը: Արդեն նշեցինք, որ տարածքում այժմ շինարարություն չի ընթանում, բացի այդ՝ լրացել է շինթույլտվության ժամկետը: Սակայն, եթե մի օր ընկերության սեփականատերերը որոշեն սկսել «Գրքի աշխարհ»-ի շինարարությունը, ապա քաղաքապետարանում հաստատված կառուցապատման նախագիծը հետևյալն է. պարզվում է` ընկերությունը նախագծել է տասներեք հարկանի բիզնես նախագիծ, որի միայն անունը կապ ունի գրքերի հետ:

Սա հատված է համալիրի ճարտարապետաշինարարական մասից.

«Կառույցը նախագծված է մեկ նկուղային և 12 վերգետնյա հարկերով….Կառույցի առաջին և երկրորդ հարկերը նախատեսված են որպես առևտրային տարածքներ, երրորդ հարկը` սրճարան, չորրորդից մինչը տասներկուերորդ հարկերը` գրասենյակային տարածքներ»:

«Սոխոսենթր» ընկերության առաջին տնօրեն, այժմ Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ տնօրեն Նիկոլայ Կոստանդյանին հարցրինք, թե ինչու է նախատեսված բազմաֆունկցիոնալ համալիրը կոչվում «Գրքի աշխարհ», և ինչ կապ էր ունենալու այն գրքերի հետ: Նիկոլայ Կոստանդյանը պատասխանեց. «Նախատեսվում էր կառուցել «Գրքի աշխարհ» բազմաֆուկցիոնալ համալիրը, որտեղ պետք է կազմակերպվեր գրախանութ»:

Այն, որ շենքում կամ հարկերից որևէ մեկում լինելու է գրախանութ, նախագծային փաստաթղթերում որևէ տեղ նշված չէ: Եվ եթե առևտրային տարածքներից որևէ մեկում գրքեր վաճառեն, դա կառույցը չի դարձնում գրքերի աշխարհ: Գրքերը միայն կազմելու են բազմահարկ բիզնես կենտրոնի մասն այնքանով, որքանով, օրինակ, սրճարանը:

 «Գրքի աշխարհ»-ը` հողատարածքն առանց մրցույթի վաճառելու միջոց

Պարզեցնենք, թե ինչու էր ծրագիրը կոչվում ներդրումային: «Գրքի աշխարհ»-ը ընկերությանը վաճառված տարածքի փոխհատուցման միջոցը չէր: Այն տարածքն օտարելու հիմնավորումն էր կամ նպատակը: Դա ընկերության կատարելիք ներդրումն էր, որը, ինչպես տեսանք, չի կատարվել: Սակայն հենց «Գրքի աշխարհը» խաղարկելու շնորհիվ է ընկերությունը հողատարածք մասնավորեցրել և ոչ մրցութային գներով փոխհատուցել հողատարածքի գինը:

Այսպես՝ կառավարության առաջին որոշմամբ, որպես հողատարածքի փոխհատուցման միջոց, «Սոխոսենթր»-ը պարտավորվեց Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի համար կառուցել համերգային դահլիճ և նոր կաթսայատուն:

288 քառակուսի մետր մակերեսով համերգային դահլիճի և կաթսայատան կառուցման աշխատանքները միասին գնահատվել էին 102 միլիոն դրամ, որից առաջին պարտավորության արժեքը կազմում էր մոտ 83 միլիոն դրամ, իսկ երկրորդինը` 19 միլիոն:

Մշակույթի նախարարությունը որոշումն այնպես էր կազմել, որ դեռ մի բան էլ պարտքի զգացողություն էր առաջանում ընկերության հանդեպ: Ասվում էր, թե «Գրքի աշխարհ»-ի հողատարածքի շուկայական արժեքը կազմում է 100 միլիոն դրամ, մինչդեռ փոխհատուցման աշխատանքների գինը 102 միլիոն դրամ է և, հետևաբար, գերազանցում է ձեռքբերված հողի արժեքը:

Շեշտենք՝ դպրոցի համար կատարված աշխատանքները չեն դրվել մրցույթի, դրանք մեկ անձից կատարվող գնում են: Հետևաբար, վերևում նշված աշխատանքների գինը կարող էր փոփոխվել, եթե մրցույթ հայտարարվեր, իսկ հայտատուն լիներ ոչ միայն «Սոխոսենթրը»: Դա չի արվել, որովհետև ընկերությունը փոխարենը պատրատվում էր ներդրում կատարել: Սա գիտեին նաև նախագիծը կազմողները, ովքեր կատարել են վերևում նշված պարտավորեցնող հաշվարկը:

Ըստ քաղաքպետարանի տրամադրած փաստաթղթերի`«Սոխոսենթր»-ը փոքր չափի պարտավորության` կաթսայատան կառուցման աշխատանքների համար շինթույլտվություն է ստացել 2012թ., վեց ամսով:  

Կաթսայատան կառուցապատման փաստաթղթերում բացակայում էր շինթույլտվության երկարացումը, իսկ Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի տնօրեն Մարտունի Կոստանդյանը «Հետքի» հարցմանը  պատասխանում է, որ կաթսայատունը կառուցվել է 2014թ.: Այսինքն` մոտ երկու տարի ուշացումով:

Արդյոք կաթսայատան կառուցման ծախսերը համարժե՞ք են կատարված աշխատանքներին, չենք կարող ասել: Նախահաշվի փորձաքննությունը կատարել է «Սեյսմանվտանգություն» ՍՊԸ-ն, որին համապատասխան ծառայության համար վճարել է հենց «Սոխոսենթրը»: Փորձաքննող մարմինը կառույցի նախահաշվային ծախսերի վերաբերյալ բացասական կարծիք չի տվել:

Վատ աշխատանքից դժգոհողը պետք է լիներ երաժշտական դպրոցի տնօրենը: Սակայն, այս դեպքում նա պետք է դժգոհեր իր եղբորից: «Սոխոսենթր» ընկերության տնօրենը կաթսայատան կառուցման նախագծի ներկայացման ժամանակ եղել է Նիկոլայ Կոստանդյանը, ով Մարտունի Կոստանդյանի եղբայրն է:

Փոխհատուցումն, ի վերջո, դարձան երաժշտական գործիքները. լուսանկարելն արգելված է

Ընկերության պարտավորությունների կատարման ժամկետը սահմանվել էր 2,5 տարի' պայմանագրերի կնքման օրվանից: Դրանք կնքվեցին որոշումից մոտ չորս ամիս անց: Մեկը «Գույքի օտարման և գրավի պայմանագիրն» է, որով օտարվում էր հողատարածքը և գրավադրվում մինչև պարտավորությունների կատարումը: Երկրորդը «Գլխավոր կապալի պայմանագիրն» էր, որով կապալառուն' «Սոխոսենթրը», պարտավորվում էր կատարել կաթսայատան և համերգային դահլիճի կառուցման աշխատանքները և որպես վճարման միջոց ստանում հողատարածքը:

Երկու տարի անց` 2014թ., երբ մի քանի ամիս էր մնացել համերգային դահլիճը կառուցելու ժամկետին, մշակույթի նախարարությունը «օգնության հասավ»: Նոր նախագիծ առաջարկվեց, որով համերգային դահլիճի կառուցումը փոխարինվեց «կապիտալ հիմնանորոգում» արտահայտությամբ: Ի՞նչ էր կապիտալ հիմնանորոգումը, դպրոցի ո՞ր հատվածն էր վերանորոգվելու. ոչ որոշման մեջ է նշված, ոչ էլ՝ պայմանագրի փոփոխության համաձայնագրում:

Սակայն այս աշխատանքն էլ, որը պայմանագրով պետք է ավարտվեր 2015թ. մայիսի 12-ին, չկատարվեց: Նախարարությունը կնքված պայմանագրով կարող էր հրաժարվել պայմանագրից և առանց դատարան դիմելու բռնագանձում տարածել հողատարածքի վրա, սակայն դրա փոխարեն ժամկետի ավարտից մեկ ամիս անց մեկ այլ նախագիծ ներկայացրեց կառավարություն: Կառավարությունը 2015թ․ հունիսի 10-ին ընդունեց N 625-Ա որոշումը։

Ըստ նոր որոշման՝ «կապիտալ հիմնանորոգում»-ը փոխարինվեց նոր պարտավորությամբ` Չայկովսկու անվան դպրոցի համար երաժշտական գործիքների ձեռքբերմամբ: «Հետքի» հարցմանն ի պատասխան՝ կառավարությունը տեղեկացնում է, որ փոփոխությունն արվել է երաժշտական դպրոցի տնօրենի` Մարտունի Կոստանդյանի դիմումի հիման վրա:

2015թ. մշակույթի նախարարության և «Սոխոսենթրի» միջև նոր պայմանագիր կնքվեց, որով ընկերությունը պարտավորվում էր մոտ 83 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ երաժշտական գործիքներ ձեռք բերել դպրոցի համար մինչև 2016թ. փետրվարի 12-ը: Տնօրեն Մարտունի Կոստանդյանը հավաստիացնում է, որ բոլոր գործիքները դպրոցի պահեստում են, մնացել է միայն «թղթաբանությունը»: Հարցին` հնարավո՞ր է լուսանկարել գործիքները, Մ. Կոստանդյանը նախ պատասխանում է, որ պետք է ճշտի, ապա քիչ անց զնագահարում է և ասում, որ դեմ է նկարահանմանը:

«Ես ձեզ այսպես ասեմ, էլի: Ճիշտն ասած` դպրոցում վերանորոգում է, կատաստրոֆիկ վիճակ է, ու նաև որպես ռեկլամ ես չեմ ուզի»,- ասաց Մարտունի Կոստանդյանը:

լուս.` designdeluxegroup.com

Ճշտմանը` հիմա օգտագործվո՞ւմ են գործիքները, տնօրենը պատասխանում է. «Հա, հա, նույնիսկ լրատվամիջոցները եկել-նկարահանել են հինգ օկտավանի մարիմբան, որը հանրապետությունում միակն է: Ո՛չ Ֆիլհարմոնիան ունի էդ մակարդակի գործիք, ո՛չ՝ օպերայի շենքը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի շրջանակներում վերանորոգման հետ կապված նկարահանել են հարվածայինների դասարանը, որտեղ ամբողջությամբ հարվածային գործիքները տեղադրված են, երեխաները նվագում են»:

Իսկ ինչպե՞ս են թույլ տվել նկարահանել, նույն վերանորոգման հետ կապված խնդիրները չե՞ն եղել, կամ դա գովազդ չէ՞ր: Տնօրենն ասում է. «Դե, նկարահանվում էր….Հիմա ճիշտ հասկացեք, մեծ մարիմբա է, ասենք, մարիմբան ուրիշ բան է, ջութակները ուրիշ բան են: Ես ձեզ ուղղակի որպես տնօրենը` լրագրողին, ասում եմ՝ փաստացի ինձ մոտ են գործիքները, որպես օրինական փաստաթուղթ, դուք կարող եք ինձ գրել, ես ձեզ մեծ սիրով կպատասխանեմ, որովհետև բացարձակ թաքցնելու բան չունեմ, երեխաները այդ գործիքների վրա նվագելու են, ուղղակի լուսանկարումը չեմ ուզում անենք, էլի»:

Նշենք, որ առաջին փուլով ստացած գործիքների ցուցակը, երբ դեռ պայմանագրի ժամկետն ավարտված չէր, «Հետքը» ստացավ և մշակույթի նախարարությունից, և դպրոցից: Փաստաթղթերով ամեն ինչ կարգին է, ըստ պայմանագրի հավելվածի` ձեռքբերվածը թանկարժեք գործիքակազմ է` հիմնականում հոլանդական ADAMS ընկերության:

Մարտունի Կոստանդյանը մասնագիտությամբ երաժիշտ է, հարցին` արդյոք իր համար դրանք որակյալ և գնին համարժեք գործիքնե՞ր են, պատասխանեց. «Գնի առումով ես ձեզ չեմ կարող ասել, որովհետև ես մասնագետ չեմ, ես մասնագիտությամբ ջութակահար եմ, բայց հիմա նույն ապրանքը կարող է երկու հարյուր դոլար ավել, երկու հարյուր դոլար պակաս… Հիմա սա շուկա է, ես չեմ կարող ասել,  բայց որ դրանք որակյալ գործիքներ են, պատենտ չեն, դա` միանշանակ, ու մեջները բավականին լուրջ գործիքներ կան»:

 «Գրքի աշխարհ»-ի հողատարածքը կարող է ունենալ Պուշկինի 25-ի ճակատագիրը

«Սոխոսենթր» ընկերությունը հիմնադրվեց կառավարության որոշման տարում` «հայտնվելով» ճիշտ պահին: Ընկերության համահիմնադիր և այժմյան 50% բաժնետեր Հմայակ Խոսրովի Ավագյանը նաև «Դիալաբ» և «Դիագեն պլյուս» ախտորոշիչ կենտրոնների համահիմնադիրն է: Թե ինչպես է առողջապահության ոլորտից ներկայացրել մշակութային ներդրումային ծրագիրը, կարող էր պատասխանել միայն ինքը, սակայն նա կտրականապես մերժում է զրուցել այս ծրագրի մասին: Հարցին, թե ինչու մինչև հիմա «Գրքի աշխարհ»-ի կառուցման ծրագիրը դեռ չի իրականացվել, Հ. Ավագյանը պատասխանեց. «Ես ձեզ որևէ տեղեկատվություն տալ չեմ կարող»: Ապա ավելացրեց, որ պետք է խորհրդակցի մյուս հիմնադրի հետ:

Դիտարկմանը, որ ընկերության բաժնետոմսերի կեսը հիմնադրման օրվանից իրեն է պատկանում, և միակ մասնակիցն է, որ մինչ օրս ընկերության կազմում է, ասաց. «Ոչ մի բան չեմ կարող ասել, հիմա… Չեմ կարող ասել, ինֆորմացիա ձեզ չեմ կարող տալ, լավ»: Հնարավո՞ր է մյուս հիմնադրի հետ խորհրդակցելուց հետո զրուցել, պատասխանեց. «Անիմաստ է, միևնույն է, չեմ կարող ասել»:

Ընկերության մյուս հիմնադիրը Գոռ Համլետի Դավթյանն է: «Հետքը» գրել է Գոռ Դավթյանի մասին: Նա մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանի հիմնած «ԱՕԿՍ» ընկերության այժմյան տնօրենն է, այսինքն` նրանց հին գործընկերը: Նա «Սոխոսենթր»-ի կազմում մնաց (որպես 50% բաժնետեր) մինչև 2012թ. նոյեմբերի 30-ը, սակայն կապը կա մինչ օրս:

Գոռ Դավթյանին 100 տոկոսով պատկանող «Աուդիտ Սերվիս» ընկերությունը այժմ գործում է այն հասցեում, որը, ըստ պետական ռեգիստրի տվյալների, «Սոխոսենթր» ՍՊԸ-ի գործունեության և իրավաբանական հասցեն է:

Այս հասցեն` Խորենացի 47/7 շենքի 46 բնակարանը, ըստ Կադաստրի տրամադրած տեղեկատվության՝ պատկանում է Նվարդ Կարապետյանին:

Իսկ Նվարդ Կարապետյանը համահիմնադիր է մի ընկերությունում (արդեն լուծարված), որի իրավաբանական հասցեն Գոռ Դավթյանի բնակարանն է:

Գոռ Դավթյանի բաժնետոմսերը 2014թ. ձեռք բերեց (ենթադրվում է` վաճառքի միջոցով) Հայկ Վարդանի Խալաֆյանը, ապա Արման Լյովայի Պետրոսյանը: Նրանք երկուսն էլ գործարարներ են:

Այժմյան հիմնադիր Արման Պետրոսյանը «Լեվ ընդ Դավ գրուպ» ընկերության նախկին բաժնետերն է, ով հարակից Պուշկինի 25 հասցեում իրականացնում էր հյուրանոցային համալիրի կառուցապատում:

Ընթերցողներին հիշեցնենք, որ Պուշկինի 25 հասցեում Ալեքսանդր Թամանյանի նախագծած շենքի շուրջ աղմուկ էր բարձրացել դեռևս 2013թ. ապրիլին: Շենքը գտնվում էր պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, սակայն մշակույթի նախարարությունն այդ ժամանակ ոչինչ չձեռնարկեց: Չնայած քաղաքացիական ակտիվիստների պայքարին` այն քանդվեց, և տեղում սկսեց կառուցվել հյուրանոցային համալիրը:

լուս.` Նարեկ Ալեքսանյանի

Նշենք, որ Արման Պետրոսյանին պատկանող «Լեվ ընդ Դավ գրուպ»-ը սնանկ ճանաչվեց 2015թ., ապա վերակազմավորվեց նոր` «Լ և Դ» ընկերության, որի միակ սեփականատերն այժմ Նունե Սահակյանն է` ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի եղբայր, գործարար Ստեփան Ախոյանի կինը: Իսկ Արման Պետրոսյանը, որը սնանկությունից հետո դուրս եկավ ընկերության կազմից, ձեռք բերեց հարակից հողատարածքի սեփականատեր «Սոխոսենթրի» բաժնետոմսերի կեսը: Բացառված չէ, որ Ե. Կողբացի 36 հասցեի հողատարածքն, ի վերջո, կազմի հյուրանոցային համալիրի մասը, և այդքանով էլ ավարտվի «Գրքի աշխարհ» ներդրումային ծրագիրը:

Առաջին լուսանկարը` Նարեկ Ալեքսանյանի, Գոռ դավթյանի լուսանկարը` www.fws-audit.com

Մեկնաբանություններ (7)

Համլետ
Բա սմբատյաններին ավելացրեք նաև երկրորդ պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնումը,ա ղքատ ու դժվարություններ ունեցող երկրում, որտեղ մեկ սիմֆոնիկի խնդիրները չե կարողանում բավարարել, երկրորդն են աբցում միայն նրա համար որ սմբատյանի թեկուզ տաղանդավոր տղան նույնությամբ կոչվի, ինչես Թոփչյանը, որին երկար պայքարելուց հետո չկարողացան հեռացնել պաշտոնից, դե ուրմեն Թոփչյանի պաշտոնը չեք տալիս, ստեղծեք նոր նվագախումբ:
արմեն
ամբողջ մշակույթը արմեն սմբատյանի դուքյանն ա ՝ կոնսերվատորիան, օպերան, չայկովսկու դպրոցը, հիմա առդեն կոմիտասի թանգարանը, և այլն իսկ կոլյան ու մարտունիկն իրա խոնարհ ծառաները, ոնց որ կոնսի ,,ռեկտոր,, շահենը, իրանց ընդհանուր օգտագործման աննա տեր-հովակիմյանը, անգամ հասոն: Ովքեր են դրանք, ընդամենը դերակատարներ, որոնց փշրանքներ ա շպրտում, դուք արմեն սմբատյանի պոչը բռնեք, թե չէ էլի մեծ ձուկը թողած մանրների հետևից եք ընկել:
John
I don't get it. Hetq publishes all these cases of official corruption, thievery, embezzlement and NO ONE gets investigated or reprimanded??? Armenia sounds like Crook Paradise!
anna
Маримба сейчас школе не нужна.В школе не изучают маримбу.Даже симфоническому оркестру она не нужна.Мы думали,что он будет честно работать после скандального бывшего директора,но оказалось он еще больше коррумпирован.а Васька слушает,да ест,потому,что проверяющих тоже купят
Varouj
is it not possible to alert those that provided the funds as to how they have been misappropriated?
Garbis Korajian
There is no limit where these THUGS are taking Armenia. All they are interested is how they can make money. Culture, books, music does not have a a place in their life. All they want is to robe the country as fast as they can. Once a THUG always a THUG.
Հրաչյա
Գայլեր են, գայլեր, ուղղակի ոհմակ: Եթե մշակույթի նախարարն է էս պատմությունների մեջ, բա էլ ինչ սպասես մնացած շնագայլերից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter