«Էդ գիշեր եկան, անուն-ազգանուն գրեցին, աքսորեցին Սիբիր»,- պատմում է 89-ամյա Զաբել Բալայանը
«Հայրենական մեծ պատերազմի տարիներն էին: Գորիսի մանկավարժական տեխնիկումն ավարտելուց հետո Սիսիանում աշխատանքի նշանակեցին, բայց տրանսպորտ չկար, ես էլ վախեցա գիշերով մենակ «քինամ» Սիսիանի գյուղերը»,- պատմում է հարժիսցի 89-ամյա Զաբել Բալայանը:
Զաբելը ծնունդով Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղից է: Գորիսում իր մասնագիտությամբ աշխատանք չգտնելով՝ որոշում է գյուղի 2 աղջիկների հետ գնալ քիմիա-բնագիտություն սովորելու, որ հետո կարողանա գյուղի երեկոյան դպրոցում աշխատել: Բայց ուսումը չի ավարտում:
«1949 թիվն էր, 2-րդ կուրսում էի սովորում, միաժամանակ աշխատում դպրոցում: Մի օր դասերից հետո երբ տուն եկա, մեր տանը օտար մարդկանց տեսա՝ ձեռքներին էլ տարօրինակ ցուցակներ: Էդ գիշեր եկան, անուն-ազգանուն գրեցին, աքսորեցին Սիբիր»:
Զաբելը լավ է հիշում այդ օրը, թե ինչպես առանց պատճառաբանության, առանց շոր ու կոշիկի իրենց աքսորեցին:
«Սիբիրում հողատարածքը շատ էր. աշխատող չկար, ջահել չկար. կամ պատերազմից վերադարձել չէին, կամ բանակում էին, ամբողջ գյուղում 4-5 տղամարդ կար, մեկի ոտը, մեկի թևը կտրած, մեզ էլ աքսորել էին, որ աշխատենք ընդեղ, բոլորս հասկանում էինք: Առանց շորի, կոշիկի, մի տրեխով գնացել էինք, էդ Սիբիրի ցուրտն էլ ստեղի ցրտի նման չի»:
Միայն տարիներ անց է Զաբելի ընտանիքը կարողացել պարզել իրենց աքսորման պատճառը: Հոր դրդմամբ ամեն օր խնդրանք-դիմում է ներկայացրել, որ տեղեկանան, թե ինչու աքսորեցին, ե՞րբ վերջապես կկարողանան վերադառնալ գյուղ:
«Հերս գնացել ա, հարցրել, թե մեզ ինչու են ուղարկել, ասել են՝ դաշնակի ընտանիք եք, ասել են, որ մեր հորեղբայրը կապ է ունեցել դաշնակների հետ, բայց դե դաշնակները 1936-37-ին էին վերացել, նորից դաշնակներ էի՞ն հայտնվել… Հերս հույսը չէր կորցնում, ասում էր՝ էնքան դիմումներ գրի, որ զզվեն, մեզ հետ ուղարկեն»:
Զաբելը Սիբիրում հանդիպում է իր ապագա ամուսնուն, այնտեղ էլ ամուսնանում, բայց երբեք չի մոռանում Խնձորեսկի դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչին:
«Մեր գյուղում սիրահարված էի մի տղայի, ինքն էլ էր դասատու, լեզու եւ գրականություն էր պարապում, ես էլ՝ քիմիա-բնագիտություն: Ինքն էլ ինձ էր սիրում, որ մեզ աքսորեցին, ինքը մնացել էր գյուղում: Նամակ էի գրում, նա էլ ամեն անգամ ասում էր, որ ուզում է ինքն էլ գա Սիբիր, բայց գար ի՞նչ աներ, ինքն էնքան ռուսերեն չգիտեր, որ դաս տար: Վերջին նամակով հրաժեշտ տվեցի, ասացի՝ մեկին ճարե ամուսնացիր, էլ ինձ մի սպասիր, մեզ ստյան ազատելու չեն: Երբ Սիբիրից հետ եկանք, իմացա, որ ամուսնացել է»:
Զաբելն էլ Սիբիրում ամուսնացել է Ջիվանշիրի հետ, թեև լավ չի ճանաչել, բայց լսել է, որ լավ ընտանիքից է, խելոք ու աշխատասեր տղա է:
«Մտածում էի, որ մենք էլ երևի հետ չենք գնա մեր գյուղ, ավելի լավ ա հայի հետ ամուսնանամ, քան ռուսի տղա ուզեմ, Ջիվանշիրի ընտանիքին էլ մերի նման աքսորել էին: Մեր ընդհանուր ծանոթներն էլ պատմում էին, որ Ջիվանշիրը խելոք, աշխատող տղա է: Հետո ամուսնացանք»,- ավելացնում է Զաբելը:
Սիբիրում էլ ծնվել են ամուսինների երկու որդիները:
1953-ին աքսորից ազատվել են ու հետ եկել Հարժիս գյուղ, Զաբելը որոշել է նորից աշխատել դպրոցում, բայց դասաժամեր չեն եղել:
«Դպրոցի տնօրենն ասաց, որ ժամեր չկան, գնացի կոլխոզի դաշտերում աշխատեցի 1 տարի, հաջորդ տարին Բարձրավան գյուղի դպրոցում նշանակեցին աշխատանքի: էն ժամանակ նշանակովի էր, ուր ուղարկում էին, պիտի գնայիր»:
Իր երկու որդիներին սկեսրոջ խնամքին թողնելով՝ որոշում է գնալ Բարձրավանում աշխատելու, քանի որ պիտի կերակրեր երեխաներին, բացի դրանից՝ սիրում էր իր աշխատանքը, դպրոցը, աշակերտներին:
«Բարձրավան ձիով էի գնում, ամուսինս տանում էր ձիով, ընդեղ մի պառավի տանն էի մնում, չէի կարա ամեն օր գնամ-գամ: Արձակուրդներին կամ երբ երեխեքիս շատ կարոտում էի, ոտով էլ էի հետ գալիս: Փոքր տղես շատ էր նեղվում, կարոտում էր: Մի տարի աշխատեցի, հետ եկա Հարժիս. դպրոցում տարրական դասարաններում դասատուի տեղ կար, չնայած ես քիմիա-բնագիտության մասնագետ էի, բայց որոշեցի աշխատել, համ էլ ես միշտ գերազանցիկ եմ եղել, սովորել եմ բոլոր առարկաները»:
Այս ասելուց հետո Զաբելը սեղանից վերցնում է թերթերի կապոցն ու ասում. «Հիմա էլ եմ սիրում կարդալ, էնա թոռս՝ Արփինեն ա, ինքն է ինձ համար թերթեր բերում՝ «Զանգեզուր», «Սյունյաց երկիր», մի քանի տարի առաջ ես էի կարդում, հիմա չեմ կարում, աչքերս չեն տեսնում, դրանից նեղվում եմ, ի՞նչ անեմ, բայց թերթն ամեն օր կա, իմ համար թոռներս են կարդում»:
Նախկին ուսուցչուհին հիշում է իր դպրոցն ու աշակերտներին, դպրոցում աշխատելու առաջին օրը, առաջին սաներին, որոնց մի մասը, ինչպես ինքն է ասում, դարձել են պրոֆեսորներ:
Զաբելի կյանքը գյուղում էլ հեշտ չի անցել, չնայած սիրած աշխատանքով է զբաղվել, բայց դժբախտ պատահարները իր 3 որդիներից 2-ի կյանքն են խլել. մեկը խեղդվել է, մյուսը՝ ճանապարհը կորցնելու պատճառով ցրտահարվել: 89-ամյա կնոջ վերջին նպատակը միակ որդու և դուստրերի երեխաներին՝ իր թոռներին ուրախ ու երջանիկ տեսնելն է:
«Ինձ մնում է մենակ Արփինեիս էլ ամուսնացնեմ ու գնամ էն երկուսիս մոտ, նրանք ինձ երկար են սպասել»,- ավարտում է խոսքը հարժիսցի վաստակավոր ուսուցչուհին:
Ամալյա Մարգարյան
ԵՊՀ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել