
Միքայել Արամյանցի Ախթալայի դղյակը գրավադրված է բանկում
Նևիս կղզիների Չարլսթոն քաղաքում գրանցված «Մեթըլ Փրինս Էլ Թի Դի» կորպորացիան Միքայել Արամյանցի դղյակը գնել է Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամից 2005թ. սեպտեմբերի 27-ի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով: «Մեթըլ Փրինս Էլ Թի Դի» կորպորացիայի սեփականատերը հանդիսացել է Սերոբ Տեր-Պողոսյանը (վերջինս 2011 թվականին մանկապղծության մեղադրանքով դատապարվել է 15 տարվա ազատազրկման, իսկ 2014թ. մահացել է):
Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամը դղյակի հաշվեկշռային արժեքը գնահատել է 57 հազար դրամ, այն ժամանակ՝ գրեթե 100 դոլար: Այս մոտեցումներով էլ «Դեբեդ» տուրիստական հանգրվանի (Արամյանցի դղյակ) 3682,3 քմ շենքերը, 27,1 հա հողամասը, 25քմ պոմպակայանը և վերջինիս հարող 2,9 հա հողամասը, 287,5 հա զբաղեցնող անասնագոմերը և վերջինիս հարող 0,3512 հա հողամասը «Մեթըլ Փրինս Էլ Թի Դի» կորպորացիային ուղիղ վաճառքով օտարվել է 1,2 մլն դրամով, ներառյալ՝ 200 000 դրամ ավելացված արժեքի հարկը: Պայմանագրի կողմերի իրավունքներով և պարտականություններով «Մեթըլ Փրինսը» պարտավորվել է օբյեկտի վրա կատարել ներդրումներ և 15 տարի չփոխել հանգրվանի պրոֆիլը, այսինքն` այն օգտագործել բացառապես զբոսաշրջության նպատակով: Դրա փոխարեն «Մեթըլ-Փրինսի» սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանը Արամյանցի տունը օգտագործել է մանկապղծության նպատակով: Այն այսօր էլ անմատչելի է հանրությանը: Սերոբ Տեր-Պողոսյանի ազատազրկումից հետո նրա կինը՝ Մադլեն Թաշճյանը, Միքայել Արամյանցի տունը գրավ է դրել «Առէկսիմբանկում»: Դեռ 1 տարի առաջ Մադլեն Թաշճյանը Արամյանցի դղյակի տարածքից հանել է իրեն պատկանող արժեքավոր գույքը, որից էլ կարելի է ենթադրել, որ նա որոշել է չվճարել վարկը, իսկ դրա դիմաց Մ. Արամյանցի դղյակն իր ամբողջ տարածքով թողնել բանկին:
«Միքայել Արամյանցի տան գրավով Մադլեն Թաշճյանին վարկավորման նպատակով «Առէկսիմբանկից» որևէ մեկը չի եղել Արամյանցի տանը, այդ դեպքում տարածքի պահակները դա կիմանային»,-ասում է Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը: Քաղաքապետը կարծում է, որ Միքայել Արամյանցի տունը հանրությանը ծառայեցնելու խնդիրը պետք է լուծվի պետական մակարդակով:
Միքայել Արամյանցի տան հետագա ճակատագրի վերաբերյալ «Հետքի» հարցերին պատասխանում է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
-Ի՞նչ է սպասվում Միքայել Արամյանցի տանը:
- Միքայել Արամյանցի տունը պատմական կառույց է: Ցավոք սրտի, տարիներ առաջ մի մեծ սխալ է կատարվել՝այն սեփականաշնորհել են Ախթալայի ԼՀԿ-ի հետ միասին: Արամյանցի տան սեփականատերը հայտնի Սերոբն էր՝ իր կնոջ հետ: Հետագայում,ինչպես գիտեք, Սերոբը և իր կինը ստեղծել էին «ԼՕԶԷ» ՍՊԸ-ն, որն էլ դարձել է Արամյանցի տան սեփականատերը: Սերոբի ձերբակալվելուց հետո ՍՊԸ-ի և Մ. Արամյանցի տան սեփականատերը դարձել է Մադլեն Թաշճյանը: Երբ մենք փորձեցինք հասկանալ, թե ՍՊԸ-ն այս պահին գործո՞ւմ է, թե՞ չի գործում, տեղեկացանք, որ ՍՊԸ-ն վարկ է վերցրել Հայաստանի բանկերից մեկից, և Արամյանցի տունը որպես գրավ դրված է բանկում: Որոշ բանկային գաղտնիքներ կան, մենք չկարողացանք մեզ համար պարզել: Համենայնդեպս, Արամյանցի տունը սեփականատիրոջից հետ վերցնելու գործընթացն ուժի մեջ է: Դրա համար մենք բազմիցս դիմել ենք կառավարություն: Մշակույթի նախարարությունը նախարարի գլխավորությամբ անձամբ շահագրգռված են, որ Արամյանցի տունը վերադարձվի համայնքին կամ պետությանը: Հիմա մնում է ընդհանուր հայտարարի գանք: Ուղղակի կանգնել ենք որոշ բարդությունների առաջ: Քանի որ Արամյանցի տունը բանկում գրավադրված գույք է, արդեն մեզ համար խնդիրներ են առաջանում հետագա աշխատանքներում:
Համենայնդեպս, ամեն ինչ անելու ենք, որ Արամյանցի տունը ճանաչվի պետական սեփականություն: Հավանական է, որ պետական սեփականություն դառնալուց հետո այն հանձնվի հուշարձանների պահպանության գործակալությանը: Քանի որ Մ. Արամյանցի տան տարածքը փակ է, ես մուտք չեմ գործել: Այնտեղ եղել եմ շատ շուտ, բայց իմացել եմ, որ ամբողջ դղյակը անմխիթար վիճակում է, և դղյակի պատի մի զգալի հատվածը արդեն փլվում է: Ըստ մասնագետների, իհարկե, հնարավոր է դղյակը վերականգնել, ուղղակի պետք է այնտեղ ժամանակին վերանորոգման աշխատանքներ սկսվեն, այլապես շենքը կկանգնի փլուզման եզրին:
- Հնարավոր չէ՞ Արամյանցի տունը դարձնել զբոսաշրջության կենտրոն:
-Մինչև մտածելը, թե Արամյանցի տունը ինչ պետք է դառնա, պետք է կարողանանք այն սեփականատիրոջից վերցնել: Դա իրականում լուրջ գործընթաց է: Այն ավարտին հասցնելուց հետո կարելի է մտածել, թե Արամյանցի տունը ինչ կարող է դառնալ: Բայց որ Մ. Արամյանցի տունը պատմական լուրջ արժեք է ներկայացնում ՀՀ-ի համար, դա արդեն բոլորս ենք հասկանում: Այս առումով, ինձ թվում է, ջանքերը երբ միատեղենք,հնարավոր կլինի հասնել այդ հաջողությանը:
- Հնարավո՞ր է Ձեր կողմից հանձնարարություն լինի այնտեղ հսկողություն սահմանելու համար: Սեփականատերը արդեն 15 ամիս է՝ Արամյանցի տան պահակներին աշխատավարձ չի վճարել: Տարածքը լքելու դեպքում դղյակը կարող է թալանվել:
-Եթե շենքի ներսից ինչ-որ բան էլ տանեն, դա իրենից արժեք չի ներկայացնում:
-Բայց այնտեղ նորակառույց շինություններ ու գեղեցիկ ծառեր կան, որը կարող են կտրել:
-Դե, բնականաբար, այդ աստիճանի որևէ մեկը թույլ չի տա: Ինչ վերաբերում է շենքին, տանիքին ու ծառերին, իհարկե, չենք թողնի:
- Կառավարությունը տեղյա՞կ է Արամյանցի տան շուրջ ստեղծված իրավիճակին:
-Այո, այո: Կառավարությունը տեղյակ է: Մտածում էինք, որ միակ ճանապարհը Արամյանցի տունը գերակա շահ ճանաչելն է: Բայց կանգնեցինք փաստի առաջ՝ Արամյանցի տունը բանկում գրավ դրված լինելու պատճառով: Դա մի փոքր դժվարացնում է մեր աշխատանքը: Հիմա կտեսնենք՝ իրավական ինչ մոտեցումներ կլինեն, միգուցե արդեն իրավաբանները մեզ կհուշեն: Միանշանակ, Միքայել Արամյանցի տունը սեփականատիրոջից հետ վերցնելու խնդիրը մեր հսկողության տակ է:
Գլխավոր լուսանկարում՝ Միքայել Արամյանցի ընտանիքը` դղյակում
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել