HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորի քաղաքապետի տարեկան հաշվետվությունը լսող շուրջ 50 ներկաներից հարց ուներ ավագանու ընդամենը մեկ անդամ

Գայանե Սարգսյան

Մարտի 15-ին Վանաձոր համայնքի ավագանու նիստի առաջին հարցը վերաբերում էր համայնքի 2015թ. բյուջեի հաշվետվությանը: Քաղաքապետ Սամվել Դարբինյանի հաշվետվության ներկայացմանը ներկա էր նաև Լոռու մարզպետ Արթուր Նաբանդյանը, համայնքային ենթակայությամբ գործող հիմնարկությունների՝ մանկապարտեզների, գրադարանների, մշակույթի տների տնօրեններ:

Քաղաքապետ Սամվել Դարբինյանն իր զեկուցումը սկսեց քաղաքի հիմնախնդիրների թվարկմամբ. «Մինչ բյուջեի հաշվետվությունը ես ուզում եմ ներկայացնել Վանաձորի հիմնախնդիրները: Վանաձորն ունի 1058 բազմաբնակարան շենք, որից մոտ 800-ը ունի տանիքների կապիտալ կամ մասնակի վերանորոգման կարիք: Ունի 200 կմ համայնքային ճանապարհ, մոտ 1մլն 300 հազար քմ ընդհանուր մակերեսով, որից վերջին 17 տարիների ընթացքում վերանորոգվել է մոտ 20 կմ-ը: Վանաձորի շենքերի 450 բակերից 400-ում խաղահրապարակների կապիտալ վերանորոգման խնդիրներ կան: Վանաձորում կա 26 կամուրջ, որոնք բոլորն էլ հիմնանորոգման կամ մասնակի նորոգման կարիք ունեն: 84 բազմաբնակարան շենքեր ունեն ամրացման խնդիրներ, որի համար պահանջվում են շատ մեծ գումարներ»:

Հիմնախնդիրները ներկայացնելով` քաղաքապետն, այդուհանդերձ, փաստեց, որ ասածն ամենևին չի նշանակում, որ վերջին տարիներին Վանաձոր քաղաքում աշխատանքներ չեն կատարվել: Այս անգամ հերթը կատարվածը թվարկելունն էր, որում ներառվեցին նաև ոչ համայնքային ենթակայությամբ գործող դպրոցների նորոգման աշխատանքները:

«Վանաձոր քաղաքում բավականին աշխատանքներ են կատարվել, գրեթե բոլոր դպրոցները կապիտալ նորոգվել են, մշակույթի տները կապիտալ կամ մասնակի նորոգվել են, քաղաքի որոշ փողոցներ՝ Նարեկացին, Երևանյանը, Թումանյանը, ասֆալտապատվել են, բայց, այնուամենայնիվ, այսօր մեր քաղաքը լուրջ խնդիրներ ունի, որպեսզի ունենա իր վաղեմի տեսքը: Այսօրվա մեր հավաքագրած ամբողջ եկամուտները պետական դոտացիայի հետ կազմում են 2 մլրդ 326 մլն դրամ: Մինչդեռ բարեկարգ Վանաձոր ունենալու համար մեզ պետք է 12-15 մլրդ դրամ, որպեսզի Վանաձորը կարողանա շնչել»:

Զեկուցման ավարտին քաղաքապետը հիշեց նաև տնակային պայմաններում գործող մանկապարտեզների մասին: «Հիմնախնդիրներից է նաև մեր տնակային մանկապարտեզների վերականգնման խնդիրը. 4 տնակային մանկապարտեզ ունենք, նաև ունենք մանկապարտեզներ, որոնք մասնակի կամ կապիտալ վերանորոգման խնդիրներ ունեն: Այս բոլոր խնդիրները միասին լուծելու համար մենք դիմում ենք կառավարությանը, որպեսզի կառավարությունը ամեն տարի հնարավորություն տա և՛ համայնքային ճանապարհների, և՛ շենք-շինությունների, և՛ մյուս բոլոր համայնքային խնդիրները լուծելու համար»,- նշեց Ս. Դարբինյանը` նկատելով, որ համայնքն իր կողմից հասանելիքը` բյուջեի հավաքագրումը, կատարել է 101-102 տոկոսով:

Բյուջեի ծավալուն հաշվետվությունը ներկայացվեց ֆիլմի տեսքով, որից հետո ներկաներին հարցեր տալու հնարավորություն տրվեց:

Նիստին ներկա ավագանու 13 անդամներից հարց ուներ միայն մեկը՝ Արմեն Մատինյանը: Վերջինս նախ առաջ քաշեց քաղցկեղով հիվանդ վանաձորցու ֆինանսական աջակցության խնդրանքի մերժման հարցը, այն դեպքում, երբ բյուջեի այդ տողով տարին փակվել է 95.500 դրամ մնացորդով:

«Անցած տարեվերջին քաղաքապետարան է դիմել Վանաձորի բնակիչներից մեկը, ով ուռուցքով հիվանդ էր, վատ վիճակում, ավելին ասեմ՝ մահացել է արդեն: Դիմել էր քաղաքապետարան, որ Դիլիջանում ստուգման համար գումար հատկացնեն իրեն՝ 20.000-25.000 դրամի չափով: Եվ քաղաքապետարանից պաշտոնական պատասխան է եկել, որ համապատասխան հոդվածով գումար չլինելու պատճառով հարցը մերժվում է: Սակայն այդ համապատասխան՝ առավել անապահով բնակիչներին դրամական  աջակցություն հոդվածով 100.000 դրամ մնացել է, այդպես էլ տարին փակել ենք: 2մլն 74 հազարից ծախսվել է 1 մլն 980 հազար դրամը: Ինչո՞ւ է մերժվել բնակիչը»,- հարցրեց ավագանու անդամը:

Հարցի պատասխանն ավելի քան տարօրինակ էր: «Այդ 100.000 դրամը մենք պահել էինք «Առաքելություն Հայաստան» կազմակերպությանը վճարելու համար, այդպես էլ չհասցրինք վճարենք, մնաց»,- ասաց քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետի տեղակալ Ավագ Ավագյանը:

Հաջորդիվ Ա. Մատինյանն առաջ քաշեց  քաղաքապետարանի կողմից բյուջեի «Ավագանու անդամի գործունեության հետ կապված ծախսերի փոխհատուցում» տողով նախատեսված 1 մլն 134 հազար դրամ գումարի ծախսման հարցը, որը կատարվել է առանց ավագանու անդամների գիտության ու որոշման:

 «Տարվա վերջին ավագանու անդամների մեծ մասի հետ համաձայնեցրած ես դիմեցի, որ այդ գումարը հատկացնենք զոհված զինվորի ընտանիքին: Եվ պատասխան ստացա, որ ամբողջությամբ չենք կարող հատկացնել, որովհետև գումարի մի մասը ծախսվել է: Ես, ճիշտն ասած, չկարողացա պարզել` դա ինչ ուղղությամբ է ծախսվել: Ասացին՝ ձմեռային պաշտպանության համար, ասացին՝ սոցիալական… Ի՞նչ նպատակով է ծախսվել գումարը, և ինչո՞ւ առանց մեր համաձայնության»: 

«Ավագանու հասանելիք գումարը ծախսել ենք ձմեռային պաշտպանության համար, որովհետև հնարավորություն չունեինք ուրիշ տեղից տալու»,- հարցին պատասխանեց ֆինբաժնի պետի տեղակալը:

«Առանց ավագանու համաձայնության իրավունք կա՞, որ կետը փոխեն ու ավագանու համար նախատեսված գումարից գումար հատկացնեն այլ կետով»,- զարմացավ ավագանու անդամը:

«Ֆինանսական տարին ավարտվում է  դեկտեմբերի 25-ին և ամսի 23-ին, 24-ին եթե մենք տեսնում ենք այդ բոլոր բաժիններում չծախսված գումար կա, բնականաբար, վերջին օրերը մենք ավագանու նիստ չենք անում, ավագանու համաձայնություն չենք հարցնում, դնում ենք էնտեղ, որտեղ որ ֆինանսական խնդիրներ կան, և հաջորդ ավագանու նիստին արդեն իսկ ներկայացնում բյուջեի փոփոխությունները: Ինձ թվում է` բոլոր ավագանու անդամներն էլ գիտեն, որ բյուջեի բոլոր փոփոխությունները իրենց հետ տետ-ա-տետ համաձայնեցված են»,- թեման ամփոփեց քաղաքապետը:

Ավագանու անդամները չարձագանքեցին. հավանաբար, իրոք տետ-ա-տետ համաձայնեցված էր հարցը:

Քանի որ այլ հարցեր չկային, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հանդես եկավ բյուջեի կատարողականի գնահատմամբ: Նա կարծիք հայտնեց, որ չնայած տարին եղել է մարտահրավերներով լի, սակայն «Վանաձորի քաղաքապետարանը, կարելի է ասել, որ աշխատել է հնարավորինս լավ և այս սոցիալական ծանր պայմաններում կարողացել է նույնիսկ 100 և ավելի տոկոս սեփական եկամուտներ ապահովել»:

 «Համոզված եմ, որ 2016թ. նույնպես նույն տեմպով դուք ձեր աշխատանքները կշարունակեք և ձեր գործառույթներում մենք երբևէ խնդիրներ չենք ունենա»,- նշեց մարզպետը:

Քաղաքապետի տարեկան հաշվետվությունը ենթականերն ու ներկաներն ընդունեցին բուռն ծափահարություններով: Հայտարարվեց ընդմիջում, որի ընթացքում քաղաքապետը պատասխանեց Հետքի հարցերին՝ կապված բյուջեից 25 մլն դրամի չափով կատարված պարգևատրումների ու խրախուսումների հետ:

-Պարոն Դարբինյան, 2015թ. միայն պարգևատրումներ ու խրախուսումներ տողով համայնքի բյուջեից 25 մլն դրամ է ծախսել:

-Երևի դուք լավ չհասկացաք: Քանի որ աշխատակազմի աշխատավարձերը շատ ցածր են և բարձրացնելու հնարավորություն չի եղել, պարզապես մեր աշխատողների դասակարգումը դրել ենք պարգևատրման ֆոնդին: Մենք կարող էինք աշխատավարձերը բարձրացնել, բայց քանի որ դրա հնարավորությունը չկա, բոլոր արձակուրդ գնացող մեր աշխատակիցներին մեկ աշխատավարձի չափով պարգևատրել ենք: Եվ դա չի նշանակում, որ տվյալ բանում մենք ինչ-որ գերազանցումներ ենք արել, չգիտեմ ինչ:

-Մեզ ուղարկված պատասխանում նշվել է, որ աշխատակիցներին պարգևատրումները տրվել են Ամանորի ու Կանանց միամսյակի հետ կապված: (Իրականում, փաստորեն, բացի նշվածը, պարգևատրվել են նաև արձակուրդ գնացողները-Հեղ.):

-Հա, ի՞նչ, իրավունք չունե՞նք, ասենք, մեր կանանց մարտի 8-ի առթիվ 25.000-ական դրամով պարգևատրել:

-Ստացվում է, որ այդ գումարը տարեկան կազմում է 25 մլն:

-Դրանք ծախսվել են 130 աշխատակիցներին, նաև 1300 աշխատակիցներին պարգևատրելու վրա, ամբողջ քաղաքապետարանի ենթակայության հիմնարկների աշխատողների վրա:

-Նման սոցիալական ծանր պայմաններում գտնվող քաղաքի համար նորմա՞լ եք համարում 25 մլն դրամի պարգևատրում տալը:

-Ավելի ճիշտ կլիներ, որ 250 մլն դրամ մենք փող ունենայինք և մեր բոլոր աշխատակիցների աշխատավարձերը կարողանայինք բարձրացնել էնքան, ինչքան որ հարկն է: Ուրեմն, Վանաձոր համայնքի ղեկավարի աշխատավարձը պետք է լինի մոտավորապես պատգամավորի աշխատավարձի 80 տոկոսի չափով և նրանից հետո բոլոր աշխատողների աշխատավարձերը տետատետ բաշխվի: Եվ այդ դրվագում մեր բաժնի պետերը կստանային մոտավորապես 250.000 դրամ: Մինչդեռ այսօր ստանում են դրա կեսից էլ պակաս՝ 120.000 դրամ: Որպեսզի էդ կոմպենսացիան մենք կարողանանք տանք, դրանք պարգևատրումների ձևով լրացնում ենք…

Արդեն հարցազրույցի ավարտին քաղաքապետին օգնության հասած որոշ աշխատակիցներ լրագրողներին փորձում էին բացատրել, համոզել, որ դա ամենևին էլ պարգևատրում չէ, որ դա ընդամենը լրավճար է, որ դա նպատակ ունի կանխել ուղեղների արտահոսքը, եւ որ վերջապես բյուջեի հետ կապ չունեցողները ավելի մտահոգ չեն համայնքի բյուջեով, քան իրենք: Փորձելը փորձեցին, բայց լրագրողներին համոզել այդպես էլ չհաջողվեց:

Վերսկսված ավագանու նիստի հերթական հարցը վերաբերում էր համայնքային մի քանի ծառայողների տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճանի համար հավելավճար սահմանելուն: Զեկուցող աշխատակազմի քարտուղար Գագիկ Սիմոնյանը հարցի ֆինանսական կողմն ամենայն մանրամասնությամբ ներկայացնելն արդարացրեց բյուջեի շռայլումներին վերաբերող լրագրողների հարցադրումներով` ասելով. «Ես էլ էսքան մանրամասն զեկուցեցի, ընդմիջմանը տեսա հարցեր կային, դրա համար այսքան ընդլայնվեցի»:

Քաղաքապետն այս դիտարկմանն արձագանքեց առաջարկով. «Պարոն Սիմոնյան, ես իմ աշխատակազմին ու նաև ավագանու անդամներին ինչ եմ առաջարկում: Կողքի կարծիքները ընդհանրապես պետք չի հաշվի առնել: (Այդպես էլ պարզ չեղավ` լրագրողնե՞րն էին կողքի կարծիքներ ներկայացնողները-Հեղ.): Եթե մենք օրենսդրորեն ճիշտ ենք, օրենքը դա թույլ է տալիս, ուրեմն մենք պարտավոր ենք մեր աշխատակիցների շահերը պատպանենք: Միևնույնն է, մեր աշխատակցի, մեր ավագանու անդամի շահը եթե մենք չպաշտպանենք, որևէ մեկը չի պաշտպանելու»:                                                                                              

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter