HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Ներսիսյանն առաջարկում է ՀԿ-ների մասին օրենքի նախագիծը լրամշակման նպատակով վերադարձնել Կառավարությանը

Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ գործադիր տնօրեն Լեւոն Ներսիսյանը ՀԿ-ների մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ նամակ է հղել  ԱԺ նախգահ Գլուստ Սահակյանին եւ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Է. Վարդանյանին։ Ստորեւ ներկայացնում ենք նամակը նույնությամբ։

«ՀՀ Ազգային ժողովի նախագահ՝ Գ. Սահակյանին

ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Է. Վարդանյանին

Ի գիտություն՝ ՀՀ վարչապետ  Հ. Աբրահամյանին, ՀՀ արդարադատության նախարար  Ա. Հովհաննիսյանին

Հարգելի տիկնայք և պարոնայք,

Ինչպես բազմիցս նշել ենք, համաձայն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության,[1] հասարակական կազմակերպություններն իրավունք չունեն հանրային շահերի պաշտպանության հայցերով դիմել դատարան, ինչպես նաև դատական կարգով ներկայացնել և պաշտպանել իրենց անդամների, կամավորների ու շահառուների իրավունքներն ու օրինական շահերը. ՀՀ դատական պրակտիկան ցույց է տալիս, որ նման հայցերի ներկայացման դեպքում հասարակական կազմակերպություններս ճանաչվում ենք ոչ պատշաճ հայցվորներ:

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 122-րդ հոդվածի՝ հասարակական կազմակերպությունը քաղաքացիների կամավոր միավորումներ են, որոնք օրենքով սահմանված կարգով միավորվել են իրենց շահերի ընդհանրության հիման վրա` հոգևոր կամ ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու համար: Իսկ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ գործող օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հասարակական կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպության` հասարակական միավորման, տեսակ է, որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա, օրենքով սահմանված կարգով, միավորվել են ֆիզիկական անձինք` ՀՀ քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք` իրենց ոչ կրոնական հոգևոր կամ ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու, իրենց և այլոց իրավունքներն ու շահերը պաշտպանելու, հասարակությանը, նրա առանձին խմբերին նյութական և ոչ նյութական աջակցություն ապահովելու, հանրօգուտ այլ գործունեություն իրականացնելու նպատակներով:

Ի դեպ, ՀՀ Կառավարության կողմից ՀՀ Ազգային ժողովին ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծում[2] «Հասարակական կազմակերպության հասկացության մասին» դրույթը (ձևակերպումը) բացակայում է: Մենք գտնում ենք, որ գործող օրենքի ձևակերպումը պետք է պահպանել:

Ինչ վերաբերում է ՀԿ-ների արդարադատության մատչելիության իրավունքի սահմանափակմանը, ապա պետք է նշենք, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ գործող օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ ենթակետի[3] պահանջը չի ապահովում նորմի արդարացի հավասարակշռության, որոշակիության, իրավահավասարության և իրավունքի գերակայության իրավական սկզբունքների պայմանները, քանի որ հասարակական կազմակերպությունները չեն կարողանում լիարժեք օգտվել օրենքով իրենց տրված այդ իրավունքից, բացակայում են իրավակարգավորման մեխանիզմները և հասկանալի չէ, թե իր անդամի ո՞ր իրավունքների ու օրինական շահերի կամ ո՞ր դեպքերի մասին է խոսքը (օրինակ, այն դեպքում, երբ անդամը չի դիմել դատարան ընդդեմ ՀԿ-ի, այլ նրա իրավունքը խախտվել է այլ կառույցի կողմից): ՀՀ դատարանների կողմից «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ գործող օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ ենթակետի պահանջը գործնականում չի էլ կիրառվում:

Մեր կարծիքով, ՀՀ արդարադատության նախարարությունը պետք է լրամշակեր գործող օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ ենթակետի պահանջը, վերախմբագրեր և հստակեցներ, թե ինչպե՞ս և ի՞նչ կարգով է հասարակական կազմակերպությունը դատարաններում ներկայացնելու և պաշտպանելու իր անդամի (ների) իրավունքներն ու օրինական շահերը, այլ փոխարենը գտել է ամենադյուրին ճանապարհը՝ «ազատվել է» այս դրույթից և այն չի ներառել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծում: Փաստորեն սույն օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվելու դեպքում հասարակական կազմակերպությունից ետ է վերցվելու նաև իր անդամի իրավունքների ու օրինական շահերի դատական պաշտպանության իրավունքը:

2015թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ կառավարության նիստերի օրակարգում հրապարակվեց և նույն օրը ՀՀ արդարադատության նախարարի կողմից ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացվեց «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի և այլ հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծեր, տեղեկանքներ, հիմնավորումներ և ամփոփաթերթ[4]: Սակայն, ի զարմանս մեզ, որ առաջին իսկ օրվանից ներգրավված ենք եղել քաղաքացիական հասարակության կառույցների ինստիտուցիոնալ զարգացման հայեցակարգի նախագծի քննարկման, այնուհետև «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի բարեփոխումների իրականացման բոլոր տեսակի աշխատանքային խմբերում, հայտնաբերել ենք, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի 16-րդ հոդվածի 8-րդ կետում նշված ձևակերպումը[5], առանց լուրջ և իրավական հիմնավորումների, առանց շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներիս հետ քննարկելու, հանվել է: Չնայած, ՀՀ կառավարության 29.10.2015թ. նիստերի օրակարգում հրապարակված Նախագծի ամփոփաթերթի փոփոխություններ բաժնում այդ դրույթը ներառված է եղել, սակայն այդ ձևակերպումն իր արտացոլումը չի գտել Նախագծի 16-րդ հոդվածում:

17.02.2016թ. ՀՀ Ազգային ժողովում՝ ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ արդարադատության փոխնախարարը հայտարարեց, որ դա եղել է տեխնիկական սխալ, քանի որ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի 16-րդ հոդվածից իրոք հանել են հասարակական կազմակերպություններին դատարան դիմելու իրավունքի մասին դրույթը և չեն էլ պատրաստվում նախագծում այն ներառել:

Մեր կազմակերպության առանցքային և կարևոր առաջարկություններից մեկը եղել է, որ պետք է օրենքով ամրագրել և ապահովել հասարակական կազմակերպությունների արդարադատության մատչելիության իրավունքը, ինչն այսօր դե յուրե և դե ֆակտո սահմանափակված է: «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով հասարակական կազմակերպությունը պետք է իրավունք ունենա դատական կարգով պաշտպանել ոչ միայն իր, այլ նաև իր կամավորների, անդամների և շահառուների իրավունքները, ինչպես նաև հանրային շահերի պաշտպանության հայցերով դիմել դատարան: Հասարակական կազմակերպությունը պետք է հնարավորություն ունենա դիմել դատարան և վիճարկել պետական կառավարման և ՏԻՄ-երի այն որոշումները, որոնք կվերաբերեն հանրության լայն շերտերին կամ ապագա սերնդին (երրորդ անձանց). օրինակ՝ բնապահպանական ոլորտի, սպառողների իրավունքների, համայնքային գույքի պաշտպանության և այլ հանրային շահերից բխող հայցերով, ինչպես նաև այդ մարմինների պաշտոնատար անձանց գործողություններն ու անգործությունը դատական կարգով վիճարկելու իրավունք պետք է ձեռք բերի: Չնայած, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 6-րդ կետի[6] պահանջը թույլ է տալիս յուրաքանչյուր անձի դիմել դատարան, սակայն դատարաններն այն չեն կիրառում հասարակական կազմակերպությունների նկատմամբ:

Ավելորդ չեմ համարում հիշատակել Հայկական ԽՍՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի պահանջը, համաձայն որի դատարան դիմելու իրավունք ունեին յուրաքանչյուր ոք, դատախազը, պետական կառավարման մարմինների, արհմիությունների, պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, գյուղատնտեսական և կոոպերատիվ այլ կազմակերպությունների, դրանց միավորումների, հաuարակական այլ կազմակերպությունների կամ առանձին քաղաքացիների դիմումի հիման վրա այն դեպքում, երբ oրենքի համաձայն նրանք կարող են դատարան դիմել ուրիշ անձանց իրավունքների ու շահերի պաշտպանության համար:

Հայաստանի անկախացումից հետո և ՀՀ օրենսդրական դաշտի բարեփոխումների արդյունքում մեկ քայլ առաջ գնալու կամ ունեցածը կատարելագործելու փոխարեն, կատարում ենք ուղիղ հակառակը: Ինչպես հայտնի է ՄԱԿ-ի Օրհուսի համապատասխանության կոմիտեի կողմից մի քանի անգամ Հայաստանի Հանրապետության դեմ ընդունվել են որոշումներ, որոնցով անդրադարձ է կատարվել նաև քաղաքացիական հասարակության կառույցների արդարադատության մատչելիության իրավունքի սահմանափակմանը (տես Դալմայի այգիների և Թեղուտի վերաբերյալ գործերը), սակայն առ այսօր ՀՀ իշխանությունների կողմից գործուն քայլեր չեն ձեռնարկվել այդ որոշումներով տրված եզրակացություններին անդրադառնալու և օրենսդրական լուծումներ տալու ուղղությամբ:

Միայն ՀՀ վճռաբեկ դատարանն իր 30.10.2009թ. թիվ ՎԴ/3275/05/08 որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը` ... «Էկոդար» բնապահպանական հասարակական կազմակերպությունը Oրհուuի կոնվենցիայի իմաuտով «շահագրգիռ» կազմակերպություն է, հետևաբար, oգտվում է այդ կազմակերպության կանոնադրական նպատակներից բխող, շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող հարցով դատական պաշտպանության իրավունքից:

Հասարակական կազմակերպությունների արդարադատության մատչելիության իրավունքի մասին իր սահմանադրաիրավական դիրքորոշումն է հայտնել ՀՀ սահմանադրական դատարանը (տես ՀՀ Սահմանադրական դատարանի 07.09.2010թ. հ. ՍԴՈ-906 որոշումը): Ավաղ, ՀՀ Սահմանադրական դատարանի վերը նշված որոշման հրապարակումից հետո էլ առ այսօր ՀՀ Օրենսդիր և Գործադիր մարմինների կողմից որևէ քայլ չի ձեռնարկել ՀՀ Սահմանադրական դատարանի 07.09.2010թ. հ. ՍԴՈ-906 որոշմամբ արտահայտած նրա սահմանադրաիրավական դիրքորոշումը կյանքի կոչելու ուղղությամբ: Ինչպես ՀՀ Սահմանադրական դատարանն է իր որոշումներից մեկում է նշել, որ որևէ իրավանորմ չի կարող մեկնաբանվել ու կիրառվել` շրջանցելով Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները ... հանրային իշխանություն իրավասու մարմինը պարտավոր է ապահովել տվյալ նորմի լիարժեք կիրառման լրացուցիչ իրավակարգավորումներ (տես ՀՀ Սահմանադրական դատարանի 25.02.2011թ. հ. ՍԴՈ-943 որոշումը):

Դրա հետ մեկտեղ, չպետք է մոռանանք, որ Հայաստանի Հանրապետությունն ունի ստանձնած միջազգային պարտավորություններ և կրում է պոզիտիվ պարտավորություն դրանց պատշաճ կատարման համար: «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» ՄԱԿ-ի միջազգային դաշնագրի[7] 2-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» ենթակետի պահանջի համաձայն՝ սույն դաշնագրի մասնակից յուրքանչյուր պետություն պարտավորվում է ապահովել, որպեսզի իրավական պաշտպանություն պահանջող ցանկացած անձի համար պաշտպանության իրավունք սահմանվի դատական, վարչական կամ օրենսդրական իրավասու իշխանությունների կամ պետության իրավական համակարգով նախատեսված այլ իրավասու մարմնի կողմից, և զարգացնել դատական պաշտպանության հնարավորությունները: Սակայն հարկ է նկատել, որ մեր հանրապետությունում կատարվում է ուղիղ հակառակը` աստիճանաբար սահմանափակվում են յուրաքանչյուր ոքի դատական պաշտպանության հնարավորությունները:

Իսկ ՀՀ կառավարության 27.02.2014թ. «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» հ. 303-Ն որոշմամբ[8] ՀՀ Կառավարությունը ստանձնել է օրենսդրական բարեփոխումների իրականացման պարտավորություն, ըստ որի պետք է քայլեր ձեռնարկի հասարակական կազմակերպությունների արդարադատության մատչելիության իրավունքի իրականացման նպատակով համապատասխան իրավական ընթացակարգեր մշակելու և ապահովելու ուղղությամբ (տես ծրագրի 96 և 100 կետերը): Առ այսօր այն ի կատար չի ածվել:

Մենք անընդունելի ենք համարում ՀՀ արդարադատության նախարարության նման քայլը, ըստ որի անտեսելով ոչ միայն հասարակական կազմակերպություններիս առաջարկությունները, այլ նաև ՀՀ Սահմանադրական դատարանի սահմանադրաիրավական դիրքորոշումը, միանձնյա որոշում է կայացրել օրենքի նախագծից հանել հասարական կազմակերպություններին դատարան դիմելու իրավունքին վերաբերող դրույթը և հրաժարվել նույնիսկ այդ հարցին անդրադառնալ ՀՀ Ազգային ժողովում՝ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացնելիս: Փաստորեն ՀՀ արդարադատության նախարարության և հասարակական կազմակերպությունների համատեղ այս հինգ տարիների աշխատանքն ու ջանքերը ապարդյուն են անցել:

Այսպիսով, հիմք ընդունելով վերոշարադրյալը, խնդրում եմ Ձեզ ՀՀ կառավարության կողմից ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը լրամշակման նպատակով վերադարձնել ՀՀ կառավարությանը՝ առաջարկելով սեղմ ժամկետում.

- ուսումնասիրել արդարադատության մատչելիության իրավունքի իրականացման նպատակով հասարակական կազմակերպությունների կողմից իր, իր կամավորների, անդամների ու շահառուների իրավունքներն ու օրինական շահերը դատական կարգով պաշտպանելու, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների, գործողությունների և անգործության վերաբերյալ իրավական ընթացակարգերի, մասնավորապես դատարանների միջոցով վիճարկելու հնարավորության ապահովման հարցը,

- «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծում ամրագրել հասարակական կազմակերպությունների կողմից իր, իր կամավորների, անդամների ու շահառուների իրավունքներն ու օրինական շահերը դատական կարգով պաշտպանելու, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների, գործողությունների և անգործության վերաբերյալ դատական կարգով վիճարկելու իրավունքի մասին դրույթը,

- Մշակել և «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի հետ միասին ՀՀ Ազգային ժողով ներկայացնել ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքում համապատասխան լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որում պետք է ամրագրված լինի վերոնշյալ իրավունքների մասին դրույթները:

 

Հ.Գ. Կարծում եմ, որ այս կարևորագույն իրավունքի վերականգնմամբ հնարավոր կլինի մեր հանրապետությունում ներդնել նաև խմբային հայցերի դատարան ներկայացնելու ինստիտուտը (օրինակ արհմիությունները, մասնագիտացված հասարակական կազմակերպությունները (սպառողների, հաշմանդամություն ունեցող անձանց, բնապահպանական և այլ հարցերով զբաղվող ՀԿ-ներ) դատախազը` պետական շահերի պաշտպանության հարցերով): Արդյունքում, օրենսդրական լուծում տալով հասարակական կազմակերպությունների կողմից դատարան դիմելու «բազմաչարչար» հարցին, ՀՀ դատարանների ծանրաբեռնվածությունը որոշ չափով կնվազեցվի, ավելի առարկայական և մասնագիտացված հայցեր կներկայացվեն դատարաններ, ինչպես նաև Հայաստանում վերջապես կապահովվի արդարադատության մատչելիությունը յուրաքանչյուր սուբյեկտի համար:

Ակնկալում եմ ստանալ նաև ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի գրավոր արձագանքը սույն առաջարկությունների վերաբերյալ»:

16.03.2016թ.



[1] Մասնավորապես «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով և Քաղաքացիական և Վարչական դատավարություների ՀՀ օրենսգրքերով:

[3] 3) օրենքով սահմանված կարգով ներկայացնել ու պաշտպանել իր և իր անդամների իրավունքներն ու օրինական շահերն այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում:

[5] Կազմակերպությունն իր կանոնադրության նպատակներին համապատասխան  իրավունք ունի` … 8) ներկայացնել և պաշտպանել իր, իր անդամների, շահառուների կամ կամավորների իրավունքներն ու օրինական շահերն այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմիններում:

[6] Յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմել դատարան` oրենքի խախտմամբ ընդունված, հրապարակված կամ կիրառվող իրավական ակտերն անվավեր ճանաչելու պահանջով:

[7] Դաշնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի սեպտեմբերի 23-ից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter