Մարզային լաբորատորիայի հանրային քննարկումը վանաձորցիներին չէր հետաքրքրել
Գայանե Սարգսյան
Մարտի 17-ին Վանաձորի քաղաքապետարանում անցկացված հանրային լսումները վերաբերում էին հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի Լոռու մարզային լաբորատորիան Վանաձորում կառուցելու դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության հնարավոր ռիսկերին: Հանրային քննարկումը Վանաձորում քչերին էր հետաքրքրել. ներկա էին քաղաքապետարանի քաղաքաշինության ու ճարտարապետության բաժնի աշխատակիցներն ու լրատվամիջոցները: Մարզային լաբորատորիայի նախագիծը ներկայացնում էր նախագծող կազմակերպության ներկայացուցիչ Հրաչյա Վարդանյանը:
«Շրջակա միջավայրի վրա կառուցվող օբյեկտի թողած հնարավոր ազդեցության խնդիրները քննարկելու ենք երկու ասպեկտով: Ըստ էության` օրենսդրության պահանջով մենք քննարկելու ենք շինարարական պրոցեսի թողած ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Ասեմ, որ շինարարության համար ըստ ժամանակացույցի նախատեսված է մեկ տարի, մեկ ամիս: Այսինքն՝ այդ ժամանակահատվածում, հողային, երկաթբետոնե աշխատանքների կազմակերպման ընթացքում, բնականաբար, թողնելու է որոշակի ազդեցութուն: Եվ նախագծմամբ նախատեսված միջոցառումներով և շինարարական գործընթացների արդյունքում աշխատելու ենք նվազագույնի հասցնել միջավայրի վրա ազդեցությունն ու բնակչությանը անհարմարություններ պատճառելը»,- նշեց բանախոսը:
Ներկաներին տեղեկացվեց, որ Վանաձորւմ կառուցվելիք լաբորատորիան նախատեսվող ընդհանուր ցանցի մի օղակն է կազմելու միայն: Այն միջազգային ծրագիր է, որի շրջանակներում նախկին սանէպիդկայանների տարածքներում վերակառուցվում, իսկ երեք մարզերի երեք քաղաքներում՝ Լոռի՝ Վանաձորում, Սյունիք՝ Կապանում և Գեղաքունիք՝ Մարտունիում կառուցվելու են նոր շենքեր, որոնք հագեցած կլինեն նորագույն սարքավորումներով: Մարզային կենտրոնների հիմնական գործառույթը կլինի հողի, օդի, ջրի բաղադրության հետ կապված թեսթավորումների անցկացումը, ինչպես նաև տարբեր հիվանդությունների նմուշառումները:
Ցանցային կառույցի կենտրոնը գտնվելու է Երևանում: Խնդրահարույց դեպքերում նմուշառումներն ուղարկվելու են Երևան՝ լրացուցիչ հետազոտության:
«Այս կառույցը միջավայրի վրա որևէ նշանակալի ազդեցություն չի թողնելու, առանց թափոնների պրոցես է, անցել է բազմաթիվ փորձաքննություններ»,- վստահեցնում է Հ. Վարդանյանը:
Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության ու ճարտարապետության բաժնի պետ Տիգրան Պապանյանը ողջունելի է համարում նման լաբորատորիայի կառուցումը Վանաձորում:
«Շատ արդիական է այս լաբորատորիայի ստեղծումը: Այսօր մենք գերմանացի գործընկերների հետ ցանկանում ենք Վանաձորում ստեղծել թունավորված հողերի կադաստր. աշխատանքներն արդեն սկսել ենք: Գիտեք՝ քիմիական գործարան ենք ունեցել, որն այսօր չի գործում և պարզվել է, որ գործարանի շրջապատի հողերը թունավորված են: Այժմ մեր գործընկերների հետ փնտրում ենք միջոցներ կամ տեխնոլոգիաներ՝ այդ վնասակար հողերը մաքրելու կամ ծածկելու համար, որ խնդիրներ չունենանք հետագա սերունդների համար»,- նշեց բաժնի պետը` հույս հայտնելով, որ տեղում լաբորատորիա ունենալու դեպքում այդ գործընթացն ավելի կհեշտանա:
Քննարկման մասնակիցները բանախոսին ուղղված հարցեր ունեին:
- Դա քիմիակա՞ն լաբորատորիա է, այսինքն՝ հողի կամ շրջակա միջավայրի որևէ արտանետում, թունավորում հնարավո՞ր է, թե՞ ոչ:
- Լաբորատորիան հիմնականում մանրէաբանական է: Իհարկե, կա նաև քիմիական մաս: Ինքն իրենով բարդ կառույց է, բայց ցանկացած մասնաբաժնում տեղադրված են ավտոկլավներ և որևէ թափոն, որևէ վնասակար ազդեցություն, արտանետում թե՛ կոյուղի, թե՛ օդ բացառվում է: Ասեմ, որ նախկինում եղած տեխնոլոգիաներով թափոնների որոշ մասը հատուկ վառարաններում վառում էին, հիմա դա բացառված է, որովհետև պարզվեց որ այդ վառարաններն էլ որոշ տոկոսով մթնոլորտային արտանետումեր ունեին: Լիարժեք մաքուր տեխնոլոգիաներ են:
- Լաբորատորիան ի՞նչ հագեցվածություն է ունենալու:
- Ծրագիրը միջազգային է, ամերիկյան ֆիանանսավորմամբ, վարկային ծրագիր չէ: Հագեցվածությունն այսօրվա աշխարհի մակարդակով է լինելու: Հայաստանի լաբորատորիաների ցանց է կազամակերպում, որն աշխատելու է բուրգի սխեմայով:
- Մասնագետների վերապատրաստում նախատեսվա՞ծ է, թե՞ ոչ:
- Ծրագրի շրջանակներում նախատեսված է և զուգահեռ իրականացվում է աշխատակազմի կրթությունը՝ համապատասխան միջազգային կենտրոններում, նաև որոշակի ժամանակ տեղում շահագործման ծախսերը էլի ծրագիրն է իրականացնելու:
- Քանի՞ նոր աշխատատեղ է նախատեսվում լաբորատորիայում:
- Դա մեր կոմպետանցիայի մեջ չէ, բայց մեր նախագծածից ելնելով՝ մոտ 150 մարդ այնտեղ աշխատելու է:
- Մեր տարածաշրջանը սեյսմիկ առումով անկայուն է: Քանի՞ բալ ուժգնության երկրաշարժի կդիմակայի կառույցը:
- 9 բալ՝ ըստ Ռիխտերի սանդղակի երկրաշարժակայուն շենք է, փորձաքնության է ենթարկվել և համապատասխանում է նորմերին:
- Դրականի մասին խոսվեց, իսկ ի՞նչ բացասական ռիսկեր կան:
- Ըստ էության՝ մենք ունեինք նախկին սանէպիդկայանների ցանց, սա նրա մոդեռնիզացված տեսակն է: Այսինքն՝ նոր ֆունկցիաներ որպես հիմնարար չկան, նոր է լինելու տեխնիկական հագեցվածությունը, իսկ ցանկացած հագեցվածության մեջ հավանաբար կան նաև ռիսկեր, բայց մեզ տեսանելի բոլոր ռիսկերը փորձել ենք նվազագույնի հասցնել… Նվազագույնի հասցրած ռիսկերը լաբորատորիայի գործունեության ընթացքում վիրուսների, մանէների պահպանման, փորձերից հետո ավտոկլավներում լիարժեք ոչնչացման կամ անհրաժեշտության դեպքում Երևան տեղափոխվելու մասով են: Ամբողջ շենքի մեջ փորձել ենք և հասել ենք նրան, որ որևէ ճանապարհ չխաչվի, բազմաթիվ մուտքեր ու ելքեր ունենք, որոնցով ևս իմ ասած ռիսկերը փորձել ենք նվազեցնել:
- Ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված մասնակիցների սակավաթիվ լինելը:
- Հանրային հնչեղությունը սովորաբար բիզնեսի, հանքարդյունաբերության, շրջակա միջավայրի հետ կապված հարցերի դեպքում է լինում: Մեր կառուցելիք լաբորատորիան չունի այդ հատկանիշները, մյուս կողմից՝ հանրային շատ ակտիվության խնդիր չի պարունակում:
- Ինչպե՞ս է կատարվել տեղի ընտրությունը: Այն որոշվել է զուտ հաշվի առնելով, որ նախկինում է՞լ է այդ տեղում սանէպիդկայան գործել: Ի վերջո՝ քաղաքի կենտրոնն է:
- Նախ՝ տեղի ընտրության առումով քաղաքային իշխանությունների իրավունքն է թույլ տալ կամ թույլ չտալ: Երկրորդ՝ նախկինում գոյություն է ունեցել այդ տեղում: Եթե կարծում եք, որ ծայրամասում լիներ, ավել լավ, ես կվիճեի, որովհետև քաղաքի կենտրոնում այն ավելի մատչելի կլինի ամբողջ քաղաքի համար:
Հարցուպատասխանի ավարտին փորձեցինք Հրաչյա Վարդանյանից մանրամասներ ճշտել ծրագրի ֆինանսական կողմի մասին, սակայն վերջինս նշեց, որ որևէ տվյալի չի տիրապետում: Ֆինանսական մասով տեղեկացված չէր նաև հանրային քննարկմանը ներկա բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի փորձաքննական կենտրոնի փորձագետ Հովիկ Մեսրոպյանը: Վերջինս միայն գիտեր, որ «Էկոաուդիտ» ՍՊԸ-ի կողմից մարզային լաբորատորիայի կառուցման համար կենտրոնում ստացված նախնական գնահատման հայտը օրենքով սահմանված կարգով ուսումասիրվել է, եզրակացություն, սակայն, դեռևս չի տրվել:
Հայտը կենտրոնում ստացվել է 17 օր առաջ, կենտրոնը պարտավոր է եզրակացություն տալ հայտն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում:
Հ. Մեսրոպյանի հետ զրույցի ընթացքում նկատեցինք, որ շուրջ մեկ շաբաթ է, լաբորատորիայի շինհրապարակում աշխատանքներ են իրականացվում: Սրա հետ կապված մեր հարցուպատասխանը կարճ տևեց:
-Եթե շինարարությունը սկսվել է, դուք նոր ե՞ք տալու եզակացությունը:
-Մեր մոտ ժամկետները պետք է պահպանվեն:
-Բայց կարո՞ղ էին շինարարություն սկսել առանց ձեր եզրակացության:
-Դե՝ կարող են:
-Ինչի՞ց ելնելով: Կարող է դուք մերժում եք:
-Սա ամերիկյան ծրագիր է, այսօր պետք է մեր ժողովրդին այսպես ասած:
-Բայց կարգն ինչպե՞ս է: Պետք է դուք եզրակացությունը տաք, նոր սկսեն չէ՞, մյուս աշխատանքները:
Երբ կրկնեցինք հարցը, Հ. Մեսրոպյանը խնդրեց մեկ վայրկյան՝ զանգահարելու համար:Ապա վերադարձավ այս պատասխանով.
-Եթե սկսվել է քաղաքաշինական կառուցումը, դա մեր գործառույթների մեջ չէ: Մեզ դիմել են, հիմա մենք տալիս ենք մեր եզրակացությունը: Իսկ ինչ վերաբերում է շենքը կառուցվում է, թե չէ, դա մեր գործառույթի մեջ չի մտնում: Մեզ դիմել են ոչ թե շենքը կառուցել թույլ տալիս եք, թե՝ չէ: Մեզ դիմել են լաբորատորիայի հարցով, մենք դրա քննարկմանն ենք մասնակցում:
Հանրային քննարկման ավարտին այցելեցինք նաև շինհրապարակ: Այն ցանկապատված, վաղուց արդեն նախկին շենքի շինարարական աղբից մաքրված էր: Տեղում աշխատող մի քանի բանվորները տարածքի լուսավորության հարցն էին լուծում: Զրուցեցինք շինարարությունն իրականացնող “CPS” ՍՊԸ-ի աշխղեկ Արարատ Հովհաննիսյանի հետ:
-Երբվանի՞ց են սկսել աշխատանքները:
-Շինաշխատանքները նախապատրաստական փուլում են, իսկ որ կոնկրետ բանվորը մտնի հրապարակ, մի շաբաթ կամ 10 օր է, որ մտել է:
-Ի՞նչ աշխատանքեր են այս ընթացքում իրականացվել:
-Նախապատրաստական աշխատանքներ, կազմակերպում ենք բանվորների հանդերձարանի, ճաշարանի հարցը, պահակային ծառայության սենյակն ենք պատրաստում:
-Իսկ բուն շինարարության հետ կապված ի՞նչ աշխատանքներ են իրականացվել:
-Հենապատ կա, որ պետք է ուժեղացվի, դրա ֆունդամենտն է փորվել: Իսկ հիմնական շենքի ֆունդամենտի հետ կապված հիմքի գծագրերն են գծվել, գնացել, հաստատվել եկել են, մի 20 րոպեից գեոդեզիստը կմտնի շինհրապարակ, կկատարենք նշումները, նոր դրանից հետո արդեն էքսկավատորը կմտնի, կսկսենք քանդման աշխատանքները:
-Քանի՞ մարդ է հիմա աշխատում:
-Հիմա աշխատում է 5-6 մարդ:Նախատեսվում է, որ մի 10 օրվա ընթացքում մոտ 20 մարդ կաշխատի:Բոլոր աշխատողները բացի ղեկավար կազմից, լինելու են Վանաձորից: Անվտանգության ինժեները երևի արդեն մոտ 40 մարդու անուն ազգանուն, կոշիկի ու հեռախոսի համար կունենա գրած:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել