HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չիկագոյում գտնվող երկվորյակ-երկնաքերերը մշակութային ժառանգության կարգավիճակ են ստացել

Architect Magazine ամսագիրը գրում է, որ Չիկագոյում գտնվող «Մարինա սիթի» (Marina City) գլանաձև երկվորյակները պաշտոնապես ստացել են մշակութային ժառանգության կարգավիճակ: Նոր կարգավիճակը նշանակում է, որ բնակելի համալիրը չեն կարող քանդել, քանի որ այն ճարտարապետական հուշարձան է: Որոշումն ուժի մեջ է մտել 2016 թվականի մարտի 16-ից:

«Մարինա սիթին» բազմաֆունկցիոնալ համալիր է՝ բաղկացած չորս մասերից: Համալիրի մեջ որպես ճարտարապետական դոմինանտ ծառայում են երկվորյակ երկնաքերերը, երկուսն էլ 65 հարկանի են՝ 179 մետր բարձրությամբ: Երկնաքերերի առաջին 19 հարկերը ծառայում են որպես ավտոկայանատեղի, 20-րդ մակարդակում տեղակայված են լվացքատները, այնուհետև՝ 450-ական բնակարաններ: Ամեն մի բնակարան շրջանի մի մաս է կազմում, և բնակիչներից յուրաքանչյուրի պատշգամբից շքեղ տեսարան է բացվում դեպի Չիկագո քաղաք: Բնակարանները գազաֆիկացված չեն, չունեն կենտրոնացված ջեռուցման և տաք ջրի մատակարարման համակարգեր: Բնակիչներն իրենց կարիքները հոգում են էլեկտրաէներգիայի միջոցով: Մինչև 1977թ. բնակարանները տրվում էին վարձով, այժմ համալիրում ապրում են սեփականատերեր:

Համալիրի երրորդ կառույցը 10 հարկանի է, որը նախապես օգտագործվել է որպես գրասենյակային կենտրոն, այժմ հյուրանոց է: Ճարտարապետական հուշարձանի վերջին բաղադիչը երկաթյա թատերահամերգային սրահն է: «Մարինա սիթին» նախագծել է մոդեռնիստ ճարտարապետ Բերտրան Գոլդբերգը (Bertrand Goldberg) 1959 թվականին: Համալիրը կառուցվել է 1960-ից մինչև 1967 թվականները: Շինարարության ավարտման պահին «Մարինա  սիթին» աշխարհի ամենաբարձր բնակելի կառույցն էր:

Երկնաքերերի կառուցման համար առաջին անգամ օգտագործվել են աշտարակների կառուցման համար նախատեսված վերամբարձ կռունկներ:

«Մարինա սիթին» գտնվում է Չիկագո գետի ափին, համալիրի շինարարության վրա ընդհանուր առմամբ ծախսվել է 36 միլիոն դոլար: Life ամսագիրը գրում է, որ հիմնական ներդրողը «Սպասարկման ոլորտի ծառայողների միջագային արհմիություն»-ն է, որը հայտնի է նաեւ «Հավաքարարների արհմիություն» անվամբ: Այդ ժամանակահատվածում Չիկագոյում բնակվող ապահով քաղաքացիները մշտական բնակության համար տեղափոխվում էին արվարձաններ` սեփական տներ, որտեղ հավաքարարների կարիք չկար, և սպասարկման ծառայություններ մատուցող ընկերությունները մեծ բնակելի համալիրի կարիք ունեին, որպեսզի կանգնեցնեին այդ հոսքը: Նոր բնակելի համալիրը տարիներ շարունակ բազմաթիվ աշխատատեղեր կապահովեր սպասարկամ ոլորտում աշխատողների համար:

Ինչպես նշում է Architect Magazine-ը, վերջին 20 տարիների ընթացքում Չիկագոյի հասարակական ակտիվիստներն իշխանություններից պահանջել են, որպեսզի «Մարինա սիթին» ստանա հուշարձանի կարգավիճակ, սակայն տեղական իշխանութոյւնները մի քանի անգամ մերժել են: Իրավիճակը փոխվեց, երբ Գոլդբերգի մեկ այլ ճարտարապետական գլուխգործոց` Prentice Women’s Hospital-ը, քանդվեց, եւ քաղաքային խորհուրդը միաձայն որոշեց «Մարինա սիթի»-ին տալ հուշարձանի կարգավիճակ:

«Մարինա սիթի»-ի ճակատագիրը որոշ չափով նման է Երեւանի խորհրդանիշներից մեկի՝ Երիտասարդական պալատի ճակատագրին։ Սակայն վերջինս 2006 թվականին քանդվեց։ Այն պահպանելու համար ոչ ոք չպայքարեց։ Այսօր քանդման սպառանալիքի տակ է մեկ այլ համալիր՝ Զվարթնոց օդակայանը։ Այն չքանդելու դեմ պայքարողներ կան, բայց որքանով կհաջողվի պահպանել այդ համալիրը, դեռ վաղ է ասել։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter