
Զ. Փոստանջյան. «Ինչպես կարելի է պետության տնտեսությունը կառուցել հանքերի գիշատչական շահագործման վրա»
Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը
Հայաստանի Հանրապետությունում գործում են բազմաթիվ լեռնաարդյունաբերական հանքեր, և առկա են այդ արդյունաբերության հետևանքով գոյացած տասնյակ մեծածավալ պոչամբարներ, որոնք ահազանգող խնդիրներ են առաջացրել բնակչության առողջության և անվտանգ ապրելու իրավունքի համար:
Այն բնակավայրերում, որտեղ գտնվում են այդ հանքերը, բնակչության հիվանդության (նորագոյացություններ, շնչառական հիվանդություններ, անոմալ ծնունդներ, չբերություն, վիժումներ և այլն) ցուցանիշն ակնհայտ մտահոգիչ բարձր է հանրապետական ցուցանիշների համեմատությամբ: Հանքավայրերին մոտ բնակավայրերի շրջակա միջավայրում (հողու, օդում, ջրում, սննդամթերքում և մարդկանց օրգանիզմում) ծանր մետաղների և այլ վտանգավոր նյութերի առկայությունը մի քանի տասնյակ անգամ, որոշ դեպքերում՝ հարյուրավոր անգամ գերազանցում է թույլատրելի նորմերը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը, խախտելով ազգային օրենսդրությունը և մի շարք միջազգային նորմեր, հարյուրավոր լիցենզիաներ է տրամադրել նոր լեռնաարդյունաբերական հանքերի շահագործման և հետախուզման (ապագա շահագործման) նպատակով, որոնցից են Թեղուտի, Կապան քաղաքի Շահումյանի հանքավայրերը, Հրազդանի և Տաթևի Սվարանցի երկաթի հանքավայրերը, ինչպես նաև Հայաստանի ողջ տարածքում ուրանի հետախուզման և ապագա շահագործման նպատակով, որոնց աշխատանքներն անցած տարի մեկնարկել են Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքում:
Հայաստանի լեռնաարդյունաբերական հանքերի ներկայիս և սպասվող նոր հանքավայրերի շահագործման հետևանքով ոչ միայն տուժում է շրջակա միջավայրը՝ թողնելով նրա վրա աղետալի ազդեցությունը, այլ նաև Հայաստանի Հանրապետության տնտեսությունը:
Մենք ականատեսն ենք բացարձակ արատավոր և մեր ժողովրդի համար կործանարար երևույթի` այսօր մեր ընդերքի գիշատչական շահագործումը Հայաստանի կառավարության կողմից հանգեցնելու է այնպիսի իրողության, որ մենք չենք կարողանալու զարգացնել ոչ զբոսաշրջությունը, ոչ գյուղատնտեսությունը, և ունենալու ենք նաև էկոլոգիական արտագաղթ:
Օսմանյան կայսրությունը մեզ բնաջնջում էր մեր հայրենիքից բռնի ուժի կիրառմամբ, իսկ այսօրվա Հայաստանի կառավարությունը իրականացնում է ոչ պակաս նենգ ծրագիր՝ բնաջնջում է նաև մեր հայրենիքը:
Ինչպես կարելի է պետության տնտեսությունը կառուցել հանքերի գիշատչական շահագործման վրա և դրանով խրախուսել, թե իբրև աշխատատեղեր են ստեղծվում: Ինչ աշխատատեղեր և ինչի հաշվին: Բավարար չէ, որ ունեզրկել են, իրավազրկել են մեր քաղաքացիներին, այժմ էլ անցել են ստրկացմանը: Հանքավայրում այսօրվա աշխատող մարդը այդ տաժանակիր աշխատանքի համար միջինը ստանում է 100 հազար դրամ, ինչով բավարարում է միայն իր ֆիզիկական գոյությունը:
Մեր բոլորիս ազգային հարստությունը անօրինական ճանապարհով փոխանցվեցին մի քանի սեփականատերերի և այսօր էլ նույնը շարունակվում է:
«Ժառանգությունը» մարզերի բնակիչների, քաղաքացիների և հասարակական խմբերի հետ, որոնք հետևողականորեն պայքարում են մեր հայրենիքը հանքավայրեր և պոչամբարներ չվերածելու համար, շարունակելու է միջոցներ ձեռնարկել խափանելու ՀՀ կառավարության այդ անմարդկային և հակահայկական ծրագիրը:
15.11.2011
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել