HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Խորհրդարանի «ժանգը» չի մաքրվելու․ իշխանության խոստովանությունը

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով 2017թ․ կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում ներկայիս հանրահայտ օդիոզ, օլիգարխիկ դեմքերի՝ կրկին խորհրդարանում հայտնվելու հնարավորությանը, նշել է․ «Եթե մենք այսօր արգելք հանդիսանանք ՀՀ որևէ քաղաքացու և ասենք՝ դու իրավունք չունես լինել խորհրդարանում, մեր կողմից ճիշտ վարվելակերպ չի լինի: Դա ժողովուրդն ինքը պետք է որոշի»։

Պետք է ենթադրել, որ Բաղդասարյանը կամ լավ չի ըմբռնել հանրաքվելով ընդունված համարվող նոր սահմանադրությամբ պառլամենտական կառավարման համակարգի անցնելու և ԱԺ 100 տոկոսով համամասնական ընտրակարգ սահմանելու հռչակված նպատակների իմաստը, կամ իշխանությունը սկսել է այդ փոփոխությունների իրական հետևանքներին հասարակությանը վարժեցնելու յուօրինակ մի պրոցես։

Խնդիրն այն է, որ 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելը, անկախ նրանից՝ ինչպիսի կոնֆիգուրացիաներ են կիրառվում, նշանակում է, որ ընտրություններին պատգամավորական թեկնածուներ առաջադրելու իրավունքը վերապահվում է բացառապես ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին։ Նույնիսկ եթե կիրառվում է այսպես կոչված ռեյտինգային համակարգը, որը մեծամասնական ընտրակարգը համամասնականին հարմարեցնելու ինչ-որ տարբերակ է, ապա միևնույնն է առաջադրվող թեկնածուները պարտադիր պետք է ներկայացնեն այն քաղաքական ուժերին, որոնք որոշում են կայացրել մանակցել խորհդրարանական ընտրություններին։ Սա նշանակում է, որ որքան էլ այդ ցուցակները կազմողները փորձեն թաքնվել քաղաքացիների՝ ընտրության իրավունքի թիկունքում, որքան էլ փորձեն այդ իրավունքը մատի փաթաթան սարքել, միևնույնն է՝ եթե շմայսները, լֆիկները, նեմեցները և այլ մականունավորներն առաջադրվելու են որպես պատգամավորի թեկնածուներ, ապա դա անելու են համապատասխան կուսակցությունների ցանկությամբ ու քաղաքական որոշմամբ։ Եվ ընտրողը, ում Բաղդասարյանը փորձում է դարձնել նման դեմքերի՝ խորհրդարանում հայտնվելու պատասխանատուն, այլ տարբերակ չի ունենալու, քան ընտրել կուսակցությունների կողմից իրեն ներկայացված թեկնածուներից։ Այսինքն եթե ՀՀԿ-ն մտածում է խորհրդարանի որակի մասին, նրան շատ բան պետք չէ անել․ ընդամենը պետք է նման դեմքերին իր նախընտրական ցուցակում չընդգրկել։ Որովհետև խորհրդարանում հայտնվելու այլընտրանքային եղանակը՝ մեծամասնական ընտրակարգը, որի պարագայում իսկապես հնարավոր չէր լինի որևէ մեկին արգելել թեկնածու առաջադրվել, նոր սահմանադրության ուժով հանվել է։ Հետևաբար ամեն ինչ շատ պարզ է ու հստակ։

Բաղդասարյանի այս հայտարարությունը բացահայտում է միանգամից մի քանի իրողություն։ Առաջին՝ ՀՀԿ-ն փաստացի հասարակությանը նախապատրաստում է խորհրդարանում նման դեմքերի և պարզապես կոճակ սեղմողների «վերարտադրության» հեռանկարին և նրան, որ այս իմաստով ոչինչ, ըստ էության, պետական իշխանությունում չի փոխվելու։ Երկրորդ՝ իշխանությունը, ի դեմս Բաղդասարյանի, խոստովանում է, որ ընտրական օրենսգիրքը մշակվում է հատուկ հենց այն սկզբունքով, որ երաշխավորվի իշխանությունների վերարտադրությունն ապահովվող այս տարրերի մուտքը խորհրդարան։

Մինչդեռ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ իշխանությունը քափ-քրտինքի մեջ մտած համոզում էր, որ թե խորհրդարանական կառավարման համակարգին և թե հատկապես ԱԺ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելը կուսակցությունների քաղաքական կշիռը բարձրացնելու և ԱԺ-ն մաքուր քաղաքական մարմին դարձնելու նպատակ է հետապնդում։ Ավելին․ մեզ համոզում էին, որ սա քաղաքականությունը բիզնեսից տարանջատելու համակարգային լուծում է, որի անհրաժեշտության մասին, ի դեպ, շատ հստակ արձանագրում կա ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև փետրվարի 24-ին ստորագրված քաղաքական համագործակցության համաձայնագրում․ « Գործադրել շահերի բախման հնարավոր դեպքերը բացահայտելու ու կանխելու, անօրինական գործունեության համար անխուսափելիորեն պատասխանատվության ենթարկելու, բիզնեսն ու հանրային իշխանությունը տարանջատելու ամբողջական համակարգ»:

Երրորդ՝ փաստորեն ստացվում է, որ այս փոփոխությունների իմաստը ոչ թե օլիգարխիային, բիզնեսին, քրեական ու կիսաքրեական տարրերին քաղաքական իշխանությունից, քաղաքական ու կուսակցական համակարգերից օտարելն է, այլ ճիշտ հակառակը՝ դրանց գերինտեգրումը, այդ շրջանակներին քաղաքական ստատուս շնորհելը, կուսակցությունների հետ նրանց սերտաճման ապահովումը։  Որովհետև առավել քան պարզ է, որ եթե խնդիր է դրվել իսկապես ապահովել նրանց մուտքը խորհրդարան, որը, ի դեպ, դառնում է քաղաքական որոշումների կայացման գործնականում բարձրագույն պետական միակ մարմինը, ապա դա արվելու է բացառապես կուսակցությունների միջոցով։  

Եվ վերջապես չորրորդ՝ Բաղդասարյանը բացահայտում է, որ իշխանությունը քաղաքական կայունության ապահովման խնդիրը փորձելու է լուծել նաև այսպիսի կոնտիգենտին քաղաքական մեծամասնության մաս դարձնելով և նրանք են դառնալու խորհրդարանական կառավարման համակարգում քաղաքական կայունության «հենասյուները»։  Բայց եթե այդպես է, ապա ի՞նչ իմաստ ուներ հրաժարվել մաքուր մեծամասնական ընտրակարգից, դիմելու ինչ-որ աճպարարությունների, երբ այդ խնդիրը հիմա հրաշալի լուծում է նաև մեխամասնական ընտրակարգը։

Եթե իսկապես Բաղդասարյանը ներկայացնում է իշխանության թաքուն պլանները, ապա հասկանալի է դառնում, որ փոխվելու է միայն շաբլոնը, կաղապարը։

Իշխանության, խորհդրարանի կառավարման որակը ոչ սահմանադրության փոփոխության ոչ էլ ընտրական օրենսգրքի ընդունմամբ չի բարելավելու։ Դրանց կաղապարը կփոխվի, իսկ բովանդակությունը, էությունը նույքան ժանգոտ ու փտած, որքան հիմա է։  Սա նման է չաշխատող, փտած մեխանիզմով մեքենային նոր «պլպլան» արտաքին տեսք տալուն՝ ինչպես նման դեպքերում ժողովուրդն է ասում, գնորդների՝ տվյալ դեպքում հասարակության, միջազգային հանրության վրա «սաղացնելու» համար։

Մեկնաբանություններ (1)

Արամ
Ըստ օդում կախված լուրերի ՀՀԿ ԱԺ նաԽընտրական ցուցակը կազմվում է վերը նշված թաղային հեղինակությունների կողմից ։ Ներկա խորհրդարանի ընտրությունների ժամանակ նրանց կողմից ՀՀԿ է ներկայացվել 12 հոգուց բաղկացած ցուցակ ,որոնք պարտադիր պետք է լինեն ԱԺ ում, որոշ ռազբորկայից հետո նրանցից 11 հայտնվեցին ԱԺ ում։ Այժմ քննարկվում է 2017 քվոտաների հարցը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter