Գետափնյա. գյուղ՝ առանց աղբարկղերի
«Աղբը ստեղ թափողներին մի քանի անգամ ասել եմ՝ մի՛ թափեք, բայց մեկ ա՝ շարունակում են թափել: Փոքր երեխեքին էլ զգուշացնում եմ՝ ջրանցք չգցեն, բայց ինձ պատախանում են, ես էլ շատ չեմ երկարացնում: Ճիշտ ա, ես էլ եմ զիբիլը էս կանալում գցում, բաց ուժեղ նետում եմ ջուրը, որ տանի, չկուտակվի: Տեսել եմ՝ կաշկաներով, անգամ ուրիշ փողոցներից են աղբը էս ջրանցք բերում, կամ որ մի տեղ լցվում ա, մարդիկ դրա վրա էլ ավելացնում են»,- պատմում է 12-ամյա Սիմոն Դովլաթյանը, ում տատիկի տունը այս ջրանցքից մի քանի մետրի վրա է:

Արարատի մարզի Գետափնյա և Գեղանիստ գյուղերի միջով է հոսում Հրազդան գետը։ Գյուղերը իրար միանում են կամուրջով։ Հրազդանի աջ ափը պատկանում է Գեղանիստ, ձախ ափը՝ Գետափնյա գյուղին:
Գյուղերի աղբաշատ տարածքների առկայությունը վկայում է, որ աղբահանություն վատ է իրականացվում։ Իսկ Հրազդանը գյուղերի բնակիչներից շատերի համար դարձել է «աղբարկղ» :
Գետափնյայի բնակիչները չեն թաքցնում, որ աղբը գետն են լցնում, քանի որ գյուղում աղբահանությունը վատ է իրականացվում: Ասում են՝ գյուղի աղբի մեքենան պարբերաբար չի գալիս: Գյուղերը միացնող կամրջի ներքեւը նման է մեծ աղբարկղի, այդ հատվածում գետի փախ ափի երկայնքով հսկա աղբակույտեր են։ Հենց այդ ափը պատկանում է Գեղանիստ գյուղին:

90-ամյա Հրաչիկ Վարդանյանը ծիծաղով ասում է՝ էս գարշահոտութան արդեն սովորել եմ, քանի որ տունս հենց այս ջրանցքին կպած է:
Գետի երկայնքով տեղակայված են այս երկու գյուղերի բնակիչների բերքատու այգիներն ու մշակելի հողերը: Այս գետի շնորհիվ գյուղատնտեսությունը գյուղացիների հիմնական զբաղմունքն է: 20 տարվա դադարից հետո արդեն երեք տարի է՝ գյուղը ոռոգման մշտական համակարգ ունի:

Գետափնյայի գյուղապետ Մկրտիչ Ազատյանի հետ զրույցից պարզ դարձավ, որ գյուղում աղբարկղեր տեղադրված չեն։ «Իմ ընտրվելուց հետո, իմ հրամանով աղբարկղերը հանվել են: Դե որովհետև, եթե էդքան աղբարկղեր շարենք, ուրեմն՝ մի 200 հատ աղբարկղ պիտի դրվի, գոնե ամեն 50 մետրի վրա՝ մի հատ: Նախկինում մի քանի կենտրոնական փողոցների վրա, գյուղապետարանի դիմաց տեղադրված էին, շները աղբը թափում էին, զիբիլանոց էր դառնում: Դրա համար հիմա գյուղացիները մեշոկների մեջ են լցնում, մեքենան գալիս, տանում ա: Դե, հիմա մարդիկ ենքան աղբեր չունեն, որ ասենք՝ շատ ա հավաքվում»,- նշում է գուղապետը:
Ազատյանը այս պայմանները նկարագրում է այսպես՝ սենց ավելի լավ ա: Հարցին՝ ու՞մ համար է լավ՝ Ձե՞ր, թե բնակիչների, նշում է՝ բնակիչների համար ա լավ, մեքենան իրանց (հեղ.-բնակիչների) հայաթներով գնում ա, աղբը գցում են:

Գուղապետը բնակիչների հետ համակարծիք չէ, թե գյուղում աղբահանությունը վատ է իրականացվում, ինչի պատճառով էլ աղբը ջրանցքում են թափում: «Մեր գյուղում աղբահանության խնդիր չկա: Ես համարյա չորս տարի աշխատում եմ, ամեն կիրակի աղբատար մեքենան գալիս, փողոցներով աղբը տանում է»,- նշում է Ազատյանը:
Ազատյանի փոխանցմամբ՝ սանմաքրման և աղբահանության աշխատանքների համար ամսական 100 հազար դրամ է հատկացվում, որից 50 հազարը համայնքային բյուջեցից, մյուս կեսն էլ՝ բնակիչների վճարից:
Անդրադառնալով Հրազդան գետի մաքրման աշխատանքներին՝ գյուղապետը հիշում է, որ այն 10-15 տարի առաջ է մաքրվել: Գետի մաքրման աշխատանքները նրա ենթակայության ներքո չեն գտնվում, այդ պատճառով դրա վերաբերյալ տեղեկատվություն չունի:
Դիանա Ղազարյան, Հերմինե Վիրաբյան
ԵՊՀ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել