
Երրորդ նշիկ
Ալի Աշրաֆ Դերվիշիանը ծնվել է 1942 թ., Իրանի՝ Իրաքին սահմանակից Քերմանշահ քաղաքում: Մանկավարժական կրթություն ստանալուց հետո դասավանդել է Գիլանի և Շահաբադի գյուղական դպրոցներում: Այդ տարիները մեծ հետք են թողել նրա ստեղծագործական կյանքում: Չքավոր, սովի դեմ պայքարող, հալածված այդ գյուղացիներից շատերը դարձել են նրա պատմվածքների հերոսների նախատիպեր:
Հետագայում Դերվիշիանը տեղափոխվել է Թեհրան, ուսումը շարունակել Թեհրանի համալսարանի գրականության ֆակուլտետում: Հեղափոխությունից առաջ մի քանի անգամ բանտարկվել է քաղաքական գործունեության պատճառով: Իր առաջին պատմվածքը նա գրել է բանտում:
Ալի Աշրաֆ Դերվիշիան
ԵՐՐՈՐԴ ՆՇԻԿ
Չուբին խահն ունևոր մարդ է. երեք ալրաղաց, մակարոնեղենի երկու արտադրամաս, նույնքան թռչնաֆաբրիկա, ցեմենտի գործարան ունի: Վերջերս էլ, բիզնեսի ընդլայնման ու զարգացման համար, հինգ հարյուր միլիոն թուման վարկ է վերցրել: Հաճախ եմ նրան տեսնում: Բարձրահասակ է, գեր, հաղթանդամ. մազերն էլ արծաթագույն են դարձել: Երկու դուստր ու երկու որդի ունի. դպրոցում են սովորում:
Ամեն առավոտ մեր թաղի աղբահավաք Ասքար խանը նրանց թափոնը մեքենայի մեջ նետելուց առաջ փորփրում է աղբի տոպրակները, հետն էլ փնթփնթում.
- Ինչքա՜ն մթերք են փչացնում տնաշենները. կես հավ, մսի ու պանրի կտորներ, ընդամենը մեկ անգամ կծած խոշոր մրգեր:
- Էս ի՞նչ միրգ է, պարո՛ն, - դիմում է ինձ:
- Անանաս է, Ասքար խան:
- Հա՜: Իսկ այս մե՞կը՝ կարտոֆիլի է նման, բայց մազմզուկներով է:
- Կիվի է:
- Կի…ի՞նչ:
- Կիվի:
- Օտարալեզու բա՞ռ է:
- Այո՛:
- Իսկ ի՞նչ է նշանակում:
- Չգիտեմ, պարզապես մրգի անուն է:
Ասքար խանը դրանք լցնում է մոմլաթե տոպրակի մեջ, տուն տանում: Ամեն անգամ էլ, երբ բռնացնում է ինձ փողոցում, բերանն ականջիս մեջ է խցկում ու շշնջում.
- Պարո՛ն, այն դեղահաբերից…
- Որի՞ց:
- Այն, որ փորլուծի համար…
- Հա՛, կտամ:
- Այդ դեղի մի հատիկը իսկական հրաշք է գործում: Շատ շնորհակալ եմ:
***
Կինս ասում է.
- Գրողի տարածները հա՜ ուտում են ու ուտում:
- Նրանք չուտեն` ո՞վ ուտի:
- Երեկ էլ բիդոնով «Լիղվան»[1] պանիր էին բերել նրանց համար:
- Մեր պանրի կտրոնի մասին չմոռանաս, հանկարծ ժամկետը չլրանա:
- Արկղով անձեռոցիկներ էլ էին բերել:
- Դրա կարիքը նրանք շատ ունեն: Այդքան ուտում են, մաքրել էլ է պետք, չէ՞:
- Զահրումար ուտեն, ի՜նչ էլ աղմուկ-աղաղակ են բարձրացնում անամոթները:
- Այսի՞նքն:
- Երեկ երեկոյան իրենց ցուցադրելու համար նորից դուրս էին թափվել փողոց, գնում էին էն ծերը, գալիս ու հռհռում: Աղջիկներն էլ ճպճպոցով բերաններն էին բացում-փակում, մաստակ էին ծամում:
- Կերածները պիտի մարսեն, չէ՞:
***
Տանը նստած գիրք էի կարդում, երբ դուռը թակեցին: Կինս բացեց, հետո ինձ կանչեց: Երբ հասա շքամուտքին, հանգիստ ասաց.
- Մարդամեկը հետդ գործ ունի:
- Մարդամեկն ո՞վ է:
- Անզգամը:
Չհասկացա՝ խոսքն ում մասին է:
- Մեր դիմացի հարևանը` Չուբին խահը:
Դուրս եկա: Դռան շեմին կանգնած` փոքր գլուխն էր քորում:
- Բա՛րև, հարգարժա՛ն ուսուցիչ:
Անունս չգիտեր:
- Բա՛րև Ձեզ: Համեցե՛ք:
- Շնորհակալ եմ: Ջրով լի կուլան քթներիս տակ է, բայց մեր պապակ շուրթերը ճաքճքել են ծարավից:
- Ինչ-որ բանի կարիք ունե՞ք:
- Երեխաներս… ամռանը մի քանի վերաքննություն ունեն: Հարգարժա՛ն պարոն, լսել եմ՝ Դուք …
- Հա՛, իհարկե՛…այո՛…այո՛...
- Խնդրում եմ, նեղություն քաշեք…Եթե հնարավոր է, օրը մի քանի ժամ…
- Ո՞ր առարկաներից վերաքննություն ունեն:
- Մաթեմատիկայից, անգլերենից, արաբերենից…մնացածն էլ իրենցից պիտի հարցնեք:
- Լա՛վ: Ինչքան կարողանամ` կօգնեմ:
- Ապրե՛ս, ցա՛վդ տանեմ:
***
Կինս ասում է.
- Գոլիին պիտի վիրահատենք, շատ ենք ձգձգում: Քիչ էր մնում՝ գիշերը խեղդվեր: Աննշան քամի էլ դիպչի` անմիջապես նշաբորբով հիվանդանում է ու պառկում: Ինչքա՞ն պիտի հակաբիոտիկներ տանք: Բժիշկն ասում է` եթե չվիրահատենք, մտավոր հետամնացություն կառաջանա նրա մոտ:
- Մտավոր հետամնացությո՞ւն:
- Այո՛:
- Ա՛յ, քեզ բան, ամեն ինչից հետ ենք մնում, մնացել էր այդ մեկը:
- Ո՞վ գիտի, այդ մեկից էլ ենք…
- Այսի՞նքն:
- Այսինքն՝ եթե հետամնաց չլինեինք, այս կյանքով չէինք ապրի:
- Փաստորեն, այն բանաստեղծի խոսքերը չես լսել:
- Ի՞նչ բանաստեղծ:
- Ինձ ծանոթ բոլոր իմաստուններն էլ տառապանք ու վիշտ են ունեցել…
- Օ՜ֆ, էդ բանաստեղծն էլ քեզ նման…
- Ուրեմն ասում ես` հետամնացներ ենք:
- Խելացին էն անզգամն է, որ տասը գործարան ունի…
- Ու երեխաներն էլ մաթեմատիկայի վերաքննություն ունեն և հույսները մեզ վրա են դրել:
- Հա՛, հետո ի՞նչ:
- Հետո այն, որ մարդու խելքը չափելու համար մաթեմատիկան իսկական կշռաքար է:
- Իսկական մաթեմատիկան նրանք գիտեն, ոչ թե` մենք:
- Եթե չսովորեն ու անգրագետ մնան, նրանց վերջն ի՞նչ է լինելու:
- Սովորելն ինչների՞ն է պետք. յոթը պորտով ապահովված են, ինչքան էլ մսխեն, ունեցվածքը չի վերջանա:
- Հա՛, համաձայն եմ, բայց կյանքի իմաստը միայն դա չէ:
- Դու էն ասա, ի՞նչ ենք անելու: Վիրահատության համար փող պիտի ճարենք:
- Կճարենք:
- Որտեղի՞ց:
- Համբերի՛ր:
- Ինչքա՞ն համբերեմ: Արդեն երկու տարի է՝ ամռանը պարապում ես դրա երեխաների հետ: Ասա՛, տեսնեմ, ինչքա՞ն է վճարել:
- Չի վճարել:
- Չի վճարել: Գուցե դու չես պահանջել: Կյանքումդ գոնե մի անգամ ամոթխածությունդ մի կողմ դիր, ուրիշները դեռ չպարապած` առաջին հերթին իրենց վարձն են պահանջում:
- Ես այդպես չեմ կարող:
- Չես կարող, դե հիմա էլ ընկիր հետևից, որ փողդ պոկես:
- Ընկնում եմ:
- Եվ ի՞նչ է ասում:
- Երկու ամիս առաջ հանդիպեցինք, հարցրեց` ինչքան պիտի վճարի գրքերի ու պարապմունքների համար: Ես էլ ասացի, որ մեծ բան չի արածս, երկու հարյուր դասաժամ եմ պարապել չորս երեխաներից յուրաքանչյուրի հետ: Ասաց` լավ, ու գնաց:
- Գնա՛ նրա տուն:
- Երկու-երեք անգամ գնացել եմ: Մի անգամ պարզորոշ հասկացրեց, որ գումարը չի տալու: Դրանից հետո ինչքան հանդիպում ենք՝ ճանապարհը փոխում է:
- Թքա՛ծ, թե չի փոխում: Գնա՛, առաջը կտրի՛ր, պահանջի՛ր, ասա` կբողոքեմ:
- Ո՞ւմ բողոքեմ:
- Տեղական խորհրդին:
- Բայց տեղական խորհրդի նախագահը նա է:
- Դատարանին:
- Իսկ եթե դատը տանուլ տա՞մ: Այդ դեպքում մի բան էլ մենք պիտի վճարենք: Կարծես՝ չգիտես, թե ում հետ գործ ունենք:
- Գուցե գլխավորին…
- Հարուստ է, ազդեցիկ, հեղինակություն ունի…ասում են տանը զենք էլ է պահում: Գիտե՞ս` երեխաների համար գնած մեքենաներն ինչ արժեն:
- Չէ՛, որտեղի՞ց պիտի իմանամ:
- Մի քանի միլիոն թուման:
- Ի՞նչ գիտես:
- Թերթում եմ կարդացել:
- Բա՜ աղջկա համար գնած «Մերսեդես»-ի, «Վոլվո»-ի, «Տոյոտա»-ի գները:
Կինս լռում է: Ասում եմ.
- Հիմա հասկացա՞ր:
- Ո՛չ: Գնա՛, փողդ պահանջիր:
- Հրահրելով` սրի բերանն ես ուղարկում:
- Ասում եմ՝ գնա՛, իրավունքդ պաշտպանի՛ր, երեխաներիդ համար էլ օրինակ ծառայիր: Վախենում եմ էգուց երեխաներդ էլ քեզ նման դառնան:
- Ավելին անել չեմ կարող: Վտանգավոր է:
- Ինչի՞ց ես վախենում:
- Նրա մահակավորներից:
- Դու էլ հարևանների մոտ պատմիր, թող խայտառակ լինի:
- Պատմել եմ, բայց հետաքրքիրն այն է, որ ամենքին էլ վնաս տվել է:
- Որ էդպես չաներ, հարստություն չէր դիզի:
- Երեկ մի խումբ աֆղան բանվորներ եկել, նրա այգին փորելու համար իրենց վարձն էին պահանջում:
- Անցյալ օրը, երբ սառեցրած մսի կտրոնը տարա աղա Մոմեդին տալու, հետաքրքիր բան պատմեց. մի քանի օր առաջ, Չուբին խահը քսանհինգ կիլոգրամ միս է գնել, տարել տուն: Հետո զանգ է տվել Մոմեդին` թե երկու հարյուր գրամ մսից պակասում է:
- Հետո՞:
- Հետո պարզվել է` նրա աղջկա` Մոնայի կատուն է մսից թռցրել:
- Դե՛, տես՝ ինչ աննորմալի հետ գործ ունենք:
- Ինչքան աննորմալ ցավ կա, թող դրանց գլխին թափվի:
- Պատկերացնո՞ւմ ես` ինչպե՞ս են մեր խեղճ ու կրակ երեխաներն ապրելու էդ գայլերի հետ նույն երկնքի տակ:
- Դրա լակոտների հետ չպիտի պարապեիր:
- Ինքդ տեսար` իր ոտքով մեր դուռն էր եկել: «Խնդրում եմ, աղաչում եմ» ասելով՝ անհարմար դրության մեջ ինձ դրեց:
- Ի՞նչ ենք անելու: Երեխայի երրորդ նշիկը…Աղջիկս ձեռքից կգնա: Վարկի հարցն ի՞նչ եղավ:
- Անշարժ գույքի մասին տեղեկանք են ուզում, մի վճարունակ մարդու երաշխավորագիր:
- Ինչքա՞ն գումար են տալու:
- Տասը հազար թուման:
- Այդքանը վիրահատության համար բավական չէ:
- Մնացածն էլ ուրիշ տեղից կճարենք:
- Եթե բակում կանգնած ավտոբուսը գրավ դնե՞նք:
- Ասում են շարժական գույք է, անիվների վրա է, չգիտենք՝ վաղը դրա հետ ինչ կլինի: Անշարժ գույք ունեցող մարդու երաշխավորագիր են ուզում:
- Այսի՞նքն:
- Այսինքն սուպերմարկետի տիրոջ, խանութպանի...
- Աբասփուրի երաշխավորագիրը չե՞ն ընդունում:
- Չէ՛:
- Ինչո՞ւ:
- Դե չեն ընդունում, էլի՛:
- Բայց նա աշխատում է, ակնհայտ է՝ ապագայում էլ գործերը լավ են լինելու:
- Ասում են` տարեց է, արյան ճնշումը, շաքարը, խոլեստերինն էլ բարձր է:
- Բայց նման բաները բժշկական լաբորատորիայում են պարզում:
- Մեր օրերում ամեն ինչ կոմպյուտերացված է, մարդու յուրաքանչյուր քայլի մասին տեղեկություն ունեն:
- Փաստորեն, երաշխավորը հա՛մ պիտի առողջ ու երիտասարդ լինի, հա՛մ բժշկից տեղեկանք ունենա, հա՛մ սուպերմարկետի տեր լինի, հա՛մ էլ ճնշում, շաքար, խոլեստերին չունենա:
- Հա՛:
- Էդ տեսակ մարդ որտեղի՞ց գտնենք, էն էլ՝ էս դարում ու էս գյուղում:
- Գրողի ծոցից…
***
Սենյակի մի անկյունում նստած եմ: Գոլին էլի հազում է: Մի ժամ չկա, ինչ խմել է ցեֆալեքսինի օշարակը: Ամեն հազի հետ սիրտս մղկտում է: Գոլին մոտենում է ինձ, նստում ծնկներիս: Շոյում եմ, համբուրում: Մատներով ուղղում եմ խճճված վարսերը: Այտերը գունատ են, նուրբ ու փափուկ: Ասում է.
- Պա՛պ, ինձ հիվանդանոց չտանես:
- Ինչո՞ւ աղջիկս:
- Վախենում եմ:
- Ինչի՞ց ես վախենում, փոքրի՛կս, վախենալու բան չկա:
- Դուք ինձ մենակ կթողնեք, և ես կվախենամ:
- Մենք քեզ երբեք մենակ չենք թողնի: Այդ վիրահատությունը շատ պարզ է, անվտանգ:
- Ցավո՞ւմ է:
- Ո՛չ, այսինքն շատ քիչ:
- Պա՜պ…
- Սիրելի՛ս:
- Եթե պարզ է, անվտանգ և քիչ է ցավում, ինչո՞ւ եք մայրիկի հետ շարունակ այդ մասին խոսում:
- Ուղղակի զրուցում ենք, մեր խոսակցությունն ընդհանրապես նշիկների վիրահատության հետ կապ չունի:
Լռում է, գլուխը դնում է ծնկներիս: Խռխռում է: Նիրհում է: Հենվում եմ պատին: Սենյակում լռություն է: Փորձում եմ գլուխն ավելի հարմար տեղավորել գրկիս մեջ, որ հեշտ շնչի: Գլուխը թեթև է ու նուրբ: Մատներս մխրճում եմ գլխի մեջ. ասես ձյան կամ բամբակի մեջ եմ ձեռքս մտցնում:
- Այս…այս երեխան մահացե՜լ է…
Կնոջս ճիչից վեր եմ թռչում:
- Ի՞նչ է եղել:
- Գոլիի հետ դո՞ւ էլ էիր քնել:
- Հա՜…ինչո՞ւ ճչացիր:
- Նայի՛ր դրան:
- Ո՞ւմ:
- Ոնց որ տիկ լինի գրողի տարածը:
Պատուհանից դուրս եմ նայում: Դիմացի տնից դուրս է գալիս մի մարդաբոյ կերպարանք. երրորդ նշիկն է: Թարախն ու արյունը կաթում են վրայից: Երկու ոտք ունի, իսկ և իսկ նման Չուբին խահի ոտքերին:
- Ա՜հ, սա… սա երրորդ նշիկն է: Գոլիի կոկորդի ռենտգենի նկարն էլ հենց այս տեսքն ունի:
- Վիրահատական միջամտություն է պետք:
Պարսկերենից թարգմանեց Նունե Հովհաննիսյանը
[1] Պանրի տեսակ, որ պահում են աղաջրում:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել