Սերբ հետաքննողները՝ իշխանության թիրախում
Լրագրողական մի քանի կազմակերպություններ, որոնց թվում՝ «Հետք»-ի գործընկեր Կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի լուսաբանման ծրագիրը (OCCRP), հայտնում են, որ սերբական Informer տաբլոիդը քաղաքական հարձակում է սկսել հայտնի առցանց թերթերից մեկի` KRIK-ի դեմ։
Կազմակերպված հանցագործությունը հետաքննող KRIK-ին Informer-ը մեղադրել է սերբական կառավարությունը տապալելու մտադրության համար՝ որպես փաստարկ մեջբերելով տեղեկություն, որը տաբլոիդին տրամադրվել է ոստիկանության կամ գաղտնի ծառայությունների կողմից, կամ ձեռք է բերվել իշխանության կողմից KRIK-ի լրագրողներին հետեւելու միջոցով։
Pink հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Informer-ի խմբագիր և սեփականատեր Դրագան Վուչիչևիչը բացահայտել է մանրամասներ մի պատմությունից, որը KRIK-ի լրագրողները դեռ հրապարակած չեն եղել․ այն մասին, որ Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը մեծ անշարժ գույք ունի մայրաքաղաք Բելգրադում, որոնք թաքցրել է իր ընտանիքի անդամների անուններով։ Բացի այդ, պարբերականը նշել է KRIK-ի զրուցակիցների, այդ թվում՝ պոտենցիալ աղբյուրների անուններ, ինչը կարող է վտանգի տակ դնել այդ մարդկանց ու լրագրողների կյանքերը։
OCCRP-ն գրում է, որ Informer-ը վարչապետի ակտիվ պաշտպաններից է։ Նրա խմբագիրը նախկինում հաստատել է, որ ընկերական հարաբերություններ ունի վարչապետի ու նրա եղբոր՝ Անդրեյի հետ։
KRIK-ը բազմիցս գրել է վարչապետ Վուչիչի շրջապատում տիրող կոռուպցիայի մասին․ բացահայտել է կառումպացված մասնավորեցումներին Բելգրադի քաղաքապետ Սինիսա Մալիի մասնակցությունը, նախկինում կատարված մի սպանություն, որի կազմակերպիչը ենթադրաբար եղել է Սերբիայի առողջապահության նախարարը, ով այդ ժամանակ աշխատելիս է եղել որպես բժիշկ՝ Զեմունի կլանի (սերբական մաֆիայի կլաններից մեկի) համար, ինչպես նաև հրապարակել է Սերբիայի արտաքին գործերի նախարարի և թմրանյութի առևտրով զբաղվող, դատապարտված Դարկո Սարիչի գործընկերոջ հանդիպման տեսագրությունը։ KRIK-ի հետաքննություններն արժանացել են մի շարք մրցանակների, այդ թվում՝ Global Shining Light մրցանակին։
Սակայն անձամբ Վուչիչի ներգրավվածությամբ կոռուպցիայի մասին KRIK-ը դեռ չէր գրել։ Պլանավորվող պատմությունը Informer-ը համարել է կեղծ և որակել որպես փորձ՝ վարկաբեկելու վարչապետին։
OCCRP-ն գրում է, որ KRIK-ին ուղղված հարձակումները նոր չեն․ լրատվամիջոցի լրագրողներին հաճախ են մեղադրել օտարերկրյա գաղտնի ծառայությունների հետ համագործակցության, կեղծ սկանդալներ պատրաստելու և կառավարությունը թուլացնելու նպատակ ունեցող լրտեսական կազմակերպություն լինելու ենթադրություններով։ Այս դեպքն առանձնանում է նրանով, որ ենթադրությունները հիմնվում են նյութերի վրա, որոնք կարող էին ձեռք բերվել միայն լրտեսության միջոցով։ Informer-ի խմբագիրը մեղադրել է KRIK-ի խմբագիր Ստեֆան Դոյչինովիչին (լուսանկարում)՝ OCCRP-ի խմբագիր, ըստ նրա՝ «արևմտյան հետախուզական ծառայությունների համար աշխատող» Դրյու Սալիվանի հետ համագործակցելու համար։
Լրագրողական մի շարք կազմակերպություններ ու առանձին լրագրողներ քննադատել են դեպքը՝ սերբական իշխանություններին կոչ անելով հետաքննել իրավապահ մարմինների մասնակցության հանգամանքը։
Պատրաստեց Հրանտ Գալստյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել