Կիսաքանդ տան բնակիչը
Արփինե Մինասյան
«Չկա մի բան, որ խոչընդոտ չունենա, չկա մի սեր, որ մարի, ոնց էլ քցես, ոնց էլ հայթայթես, էլի նույնն է գալիս, գալիս, հասնում է նույն տեղը, սիրում ու հեռանում ես: Պտի չհիշես, որ հեռանում ես, դա թախիծ է առաջացնում»:Այս տողերի հեղինակը Սեմյոնովկա գյուղում ապրող 62-ամյա Սուսան Բոզոյանն է։
Սեմյոնովկայի ջարդված պատուհաններով կիսավեր իր տանն է ապրում Սուսանը: Մեզ տան մոտ տեսնելով` ներս հրավիրեց։ Բարձրանում ենք իրար վրա շարված քարերի վրայով, որը որպես սանդուղք է ծառայում: Տան պատուհանների մի մասն առանց ապակու է, մյուսը մասը՝ ցելոֆոնապատ, հատակի բետոնը տեղ-տեղ քանդված է` դուրս ցցված երկաթե ձողերով: Սենյակներից մեկի դռան փոխարեն գորգ է կախված: Մի սենյակն ամբողջովին քանդված է եւ առանց հատակի, մյուսը` հին կտորներով վարագուրված, իսկ 3-րդը Սուսանի քնելու, ճաշելու սենյակն է, որտեղ լույս չկա, վառարանը չի վառվում, սեւացած պատերից խոնավության հոտ է բուրում:
Սուսանը զրույցը սկսում է դպրոցական տարիներից: Նա 8 տարի սովորել է Սեմյոնովկայի դպրոցում, հետո հարեւան Ծովագյուղի դպրոցում, այնուհետեւ ուսումը շարունակել Սեւանի տեխնիկումում, տեխնոլոգ-ինժեների մասնագիտություն ունի։ Ասում է՝ ինչքան էլ սովորես, եթե մասնագիտությամբ չես աշխատելու, սովորածդ հավասար է զրոյի: Սիրով թվարկում է աշխատանքի վայրերը.
«Սովխոզի գործերն էի անում, Արեւիկում ջոկատավար եմ աշխատե, հետո կապրոնի գործարանին ջուլհակ եմ աշխատե, ճաշարանում խոհարարի օգնական եմ աշխատե, լրիվ տեղերն էլ սիրով, նվիրված աշխատել եմ: Աշխատանքը լավ բան է, դե ուտում-խմում, գնում ես գործի, գործից գալիս ես տան գործով, ժամանակդ անցնում ա: Տանն էլ, որ մնում ես, չես իմանում ինչ անես»,-ասում է Սուսանը։ Նա աշխատել է մինչեւ 2000 թվականը, դրանից հետո գործ չի գտել։ Ասում է՝ պարապությունից էլ ձմռանը շատ է քնում, տեղի տակից դուրս չի գալիս: Ազատ ժամանակը նվիրում է տնային գործերին` լվացք է անում, աման լվանում, վառարանը վառում, որի վրա էլ ճաշ է եփում: Օրն անցկացնում է նաեւ հարեւաններին, բարեկամներին այցելելով:
«Թոշակի համար դիմեցի, ասում են` 63 տարեկանից նոր կտանք: Մի խոսքով, մեռի, հալի, նոր կտան, փարոս էլ չեմ ստանում»,-վերջին նախադասությունը 62-ամյա Սուսանը ժպտալով է ասում։
Նա ինքն է անտառից ձմռան փայտը բերում։ «Էսքանը քանդած, ավիրված, էսքանը մի կնիկը կարա՞ սարքի, դժվար ա, պտի տանը տղամարդ ըլնի, կրիշս ծկնաչոք ա իջե»։ Նա բողոքում է ոչ թե ձմռան բքերից, այլ գարնան ցրտից. այն ժամանակ վառելիք ուներ, հիմա չունի: Ասում է, որ հիմա գյուղում բոլորն էլ իր նման վառարանը մի քանի ժամով են վառում: Սուսանը Գոմաձորում ապրող եղբոր ընտանիքին հաճախ է հյուրընկալվում: Բայց ինչպես ինքն է նշում` չի ուզում նրանց շատ նեղություն պատճառի: Համագյուղացիները, բարեկամները օգնում են տարբեր հարցերում: «Օգնությունից մեկն էն ա, որ գնացի տաքացա, էկա»,-ժպտում է:
«Փայտ չունեմ, վերջացել ա, գնացել եմ Գոմաձոր, ախպորս տանն եմ մնացե, էկել եմ, մե մեշոկ հետս ցանի բերե, պահի, պահի, ասի էսօր բերեմ կպցնեմ: Մի խոսքով, աղջիկ ջան, ապրում ենք էլի, ցուրտ ա, արեւ որ լինում ա, մի քիչ բալկոնին ես նստում, մի քիչ զբաղվում ես: Ձմեռը ըստրանից տաք է, գիտես, որ վառելիք կա, վառում ես, բայց հիմի ինչ անես, տան տակը լիքը ջուր է, դրանից տունս խոնավ է, մենակ ինչքան շնչես, որ տաքանաս»,- ասում է Սուսանը։
Վերհիշելով երիտասարդությունը, ասում է՝ կյանքը տխուր չի անցել, այն պարզապես լավ չի դասավորվել, չի ամուսնացել:
«Էն ժամանակ, որ աշխատում էի, դիսկոտեկա էինք գնում, ցիրկ, թատրոն, մի խոսքով երգել, պարել, ուրախացեր ենք: Ուզող ունեի, բայց որ նոր էի աշխատում, չամուսնացա: Սիրում եմ խանութ գնամ, առնեմ, բերեմ, հյուրասիրեմ, գան-գնան։ Սուրճի էս բաժակները շատ եմ սիրում, ընկերուհիս՝ Փառանձեմն է նվիրել։ Առաջ կար էի անում, գործում էի, բայց հիմա չեմ անում, համ էլ տանը շատ ցուրտ է։ Ոնց որ քոչած տուն ըլնի: Էն թվերին գործում էի, կարի մեքենա ունեի, բայց փչացավ։ Գրքեր էի կարդում։ Որ քո սեփական գրադարանը չես ունենում, կարդացածը մի տեսակ չի տպավորվում, իսկ որ քո սեփականն է լինում, նորից ես կարդում, հարցումներ անում: Տանը գրադարան ունեցել ենք, հիմի չկա, հողմահարվավ։ Խոնավությունից որը փչացավ, որը բորբոսնեց, ընթերցած գիրքը երկար չի ապրում, չէ։ Երբ որեւէ բանաստեղծություն եմ մտաբերում, թախծում եմ»:
Վառարանը վառելու նրա չարչարանքներն ապարդյուն էին, ու նա բարձրաձայն ինքն իրեն ասում էր. «Ծնվել ենք մեռնելու համա՞ր, վառելիք չըլնի, որ վառես: Հա դողցրու, բա վերջը: Վերջում մահանալը ուրիշ, բայց որ ըսենց տանջանքով ես ապրում: Ինչ էն ժամանակ, ինչ հիմի, ամեն ինչը դասավորած, մաքուր դրած էր։ Գյուղում առաջ մոլոկաններ էին ապրում։ Նրանք շատ երգում էին, ես էլ ձայն ունեցել եմ, ես էլ նրանց հետ երգում է, դե հիմի երգ, պար չկա, ոնց որ քնած ձայներ ըլնենք, կուզեի`գոնե գյուղում միջոցառումներ, համերգներ անցկացվեին, դիտեի, ոնց որ ինչ- որ բան ավելանա կյանքիդ մեջ, բայց որ հիմի չկա, քնած բեկորներ ենք»,-ասում է` կրկին բացելով վառարանի դուռը:
Հին լուսաննկարներ չեն պահպանվել, ասում է, որ դրանք եւս «հողմահարվել են», այսինքն խունացել, փչացել: Վառարանում վերջապես երեւացին առաջին կայծերը: Վառվում էր, բայց սենյակը չէր տաքանում: Նրա հիշողության մեջ պահպանվել են Սեմյոնովկայում նկարահանված «Զինվորն ու փիղը» կինոնկարի որոշ դրվագները․ «Հայրս երգել է էդ կինոյում, ես էլ ռուսի շոր եմ հագե: Դրոշակներ ենք տարե-բերե, ինչ-որ ոտանավոր ենք ասե: Որ կինոն նայում եմ, ես ինձի գտնում եմ շորի գույնից, կապույտ շոր էր, վարդերը վրեն։ Փղին մի քանի օր պահել են էստեղից ոչ հեռու գտնվող շինությունում։ Փղին որ տեսանք մեր գյուղում, ասի մեզի հուշ են թողում մեր Սեմենովկայից, կարողա քոչենք, բայց հիշենք, որ բայց եւ այնպես կինոյում էլ ենք նկարվե: Կինոյով վերջացնենք Սեմենովկան։ Չկա մի բան որ խոչընդոտ չունենա, չկա մի սեր, որ մարի, ոնց էլ քցես, ոնց էլ հայթայթես, էլի նույնն է գալիս, գալիս է հասնում է նույն տեղը, սիրում ու հեռանում ես: Պտի չհիշես, որ հեռանում ես: Դա թախիծ է առաջացնում»:
Դրսում պարանին կախված նրա լվացքը չորացել էր: Հավաքում էր լվացքը` հայացքով ուղեկցելով մեզ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել