Մեկնարկում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը
«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը' Հայաստանի «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր հովանավորությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ապրիլի 28-ից մայիսի 31-ը ներկայացնում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական յոթերորդ փառատոնը:
Ապրիլի 27-ին, ժ.12.00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կկայանա «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական յոթերորդ փառատոնին նվիրված մամուլի ասուլիսը, որին կմասնակցեն փառատոնի գեղարվեստական խորհրդի նախագահ, կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժող. արտիստ Էդվարդ Միրզոյանը, թավջութակահար, դիրիժոր Արամ Թալալյանը, երաժշտագետ, ԵՊԿ պրոֆեսոր Արաքսի Սարյանը, փառատոնի հիմնադիրներ, «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը, հիմնադրամի տնօրեն Գարիկ Նազարյանը:
Փառատոնը կմեկնարկի ապրիլի 28-ին, ժ.19.00-ին: Փառատոնի հանդիսավոր բացման համերգը նվիրված է կոմպոզիտոր, ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի 90-ամյա հոբելյանին:
Փառատոնի հիմնական նպատակը հանրահայտ, ինչպես նաև Հայաստանում ճանաչում չունեցող հայ և օտարազգի տաղանդաշատ երաժիշտ-կատարողների, ստեղծագործական կոլեկտիվների կատարմամբ հայ և համաշխարհային դասական երաժշտարվեստի նմուշների ներկայացումն է արվեստասեր հասարակայնությանը: Դասական երաժշտության պրոպագանդման, հայ կոմպոզիտորական և կատարողական արվեստի վերջին ձեռքբերումները ներկայացնելու հետ մեկտեղ, այն նաև խնդիր ունի հասարակայնության լայն շերտերին ծանոթացնելու Հայաստանի ազգային պատկերասրահի գլուխգործոցներին:
«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական յոթերորդ փառատոնի շրջանակներում ելույթ կունենան Ալեքսանդր Բրուսիլովսկին, ջութակ (Ֆրանսիա), Սվետլանա Նավասարդյանը, դաշնամուր, Նիկոլայ Մադոյանը, ջութակ (Գերմանիա),Հակոբ Ջաղացպանյանը, կիթառ, Գլեբ Կարպուշկինը, գալարափող (Ռուսաստան), Հայկ Մելիքյանը, դաշնամուր, Կարեն Շահգալդյանը, ջութակ, Յանա Դարյանը, ալտ, Ջուլիետա Վարդանյանը, դաշնամուր, «Հայաստանի պատանի տաղանդներ» Լոնդոն-Երևան ծրագրի մասնակիցները, կոմպոզիտոր, դիրիժոր Հուշյար Խայամը (Իրան), Փառատոնի կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր' Արամ Թալալյան):
Փառատոնը կմեկնարկի ապրիլի 28-ին, ժ.19.00-ին: Առաջին անգամ Հայաստանի առաջատար երաժիշտների կատարմամբ մեկ համերգի ընթացքում կհնչեն Էդվարդ Միրզոյանի կամերային հատընտիր ստեղծագործությունները:
Ծրագրում'
«Պոեմ»
«Ալբոմ թոռնիկիս»
«Չորս երգ» (Չինական պոեզիայի հիման վրա)
Սոնատ Թավջութակի և դաշնամուրի համար
«Պոեմ-Էպիտաֆիա» լարայինների համար
Թեմա և վարիացիաներ' (Կվարտետ) լարայինների համար
2008-ից Փառատոնն ընդգրկվել է ՀՀ մշակույթի նախարարության Պետական աջակցության ծրագրերի ցանկում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել