HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Նովրուզին իրանցիներն արտարժույթ են բերում Հայաստան. դրամի «վարքագիծը» փոխվել է

Այս օրերին Երևանում իրանցի զբոսաշրջիկների հաճախ կարելի է հանդիպել։ Հարևան երկրում իրանական  նոր տարվա՝ Նովրուզ օրերն են, որոնք սկսվում են մարտի չորրորդ շաբաթվանից և տևում 13 օր։ Իրանցիների մի մասը նախընտրում է տոներն անցկացնել Հայաստանում։ Մի կողմ թողնելով հարևան երկրի հետ բարիդրացիական հարաբերությունները, հայաստանցիների կողմից այս օրերին Երևանում գտնվող իրանցիների նկատմամբ հակասական վերաբերմունքը և այլն՝ նրանց այցը դիտարկենք տնտեսության վրա ունեցած ազդեցության տեսանկյունից։ Միայն հուսանք, որ այն քաղաքացիներն, ովքեր այս օրերին իրանցի զբոսաշրջիկ տեսնելով՝ անհիմն և գուց հիմնավոր պատճառներով նյարդայնանում են, հաշվի կառնեն այդ ազդեցությունները։

Երևանն այս օրերին ընդունում է հազարավոր իրանցիների

Հստակ թիվ հայտնի չէ, բայց ըստ Էկոնոմիկայի նախարարության տարբեր տարիների գնահատականների՝ Հայաստանում Նովրուզը նշելու համար մինչև 30  հազար իրանցի է գալիս, երբեմն՝ ավելին կամ պակաս։ Առհասարակ, վերջին տարիներին Իրանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը տարեկան հասնում է մինչև 130 հազարի։ Այսինքն՝ մեր հարևանները Հայաստան են գալիս ոչ միայն Նովրուզի օրերին, այլև՝ տարվա ամբողջ ընթացքում։ Պարզապես Նովրուզի ժամանակ նրանց հոսքն ավելի մեծ ու  նկատալի է դառնում։

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակումներում կարելի է գտնել, թե ամեն տարվա առաջին եռամսյակում քանի իրանցի է եկել Հայաստան։ Այդ ցուցանիշն, ըստ երևույթին, արտացոլում է մեծամասամբ մարտին ժամանածների թիվը, քանի որ տարվա առաջին երկու ամիսներին իրանցիների հոսքը Հայաստան մեծ չի լինում։

Հատկանշական է, որ նախորդ տարվա առաջին եռամսյակում Հայաստան ժամանած իրանցի զբոսաշրջիկների թիվը 8,1%-ով գերազանցել է 2014-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

 Ընդհանուր ունենք հետևյալ պատկերը.

2012-2013 թվականներին գրանցված անկումը պայմանավորված է Իրանի ազգային արժույթի՝ ռիալի (IRR) արժեզրկմամբ։ Դա բացասաբար է ազդել այս երկրի տնտեսական վիճակի վրա և շատ իրանցիների զրկել  Նովրուզը հայրենիքից դուրս նշելու հնարավորությունից։

Իրանցիներն արտարժույթ են բերում Հայաստան ու սովորաբար՝ փոխում դրամի «վարքագիծն» այս օրերին

Թե որքան է յուրաքանչյուր իրանցի ծախսում Հայաստանում Նովրուզի օրերին, ևս հստակ  թիվ չկա։ Նորից տարբեր գնահատականներով՝ այն տատանվում  800-1000 դոլարի սահմաններում։ Կոպիտ հաշվարկներով ստացվում է, որ այդ օրերին Հայաստանում նրանք ծախսում են մինչև 30 մլն դոլար։ Իսկ երբ լրացուցիչ արտարժույթ է մտնում Հայաստան, դրամի արձագանքը չի ուշանում։ Դոլարի ֆիզիկական ծավալներն աճում են ու դրամը  որոշակիորեն արժևորվում է, եթե չեն ճնշում խանգարող հանգամանքները՝ տրանսֆորտների անկումը, արտահանման ու օտարերկրյա ներդրումների կրճատումը և այլն։ Այս հարցում մեծ է նաև ՀՀ կենտրոնական բանկի դերը։

Ասվածի մասին է վկայում այն, որ վերջին տարիներին մարտի երրորդ տասնօրյակում դրամն ամրապնդում է դիրքերը դոլարի նկատմամբ։ Այդպես եղավ նաև նախորդ տարի։ Այս տարվա մասին դեռևս վաղ է խոսելը, քանի որ իրանցիների հոսքը նոր է սկսվել։  Օրեր հետո կանդրադառնանք դրան։

Կարճ ասած՝ իրանցի զբոսաշրջիկների թվի ավելացումն այս օրերին որոշակի օգուտ է տալիս Հայաստանի տնտեսությանը, որն հիմնականում արտահայտվում է դրամի արժևորմամբ։ Թեև այդ «հաճույքը» կարճ է տևում, սակայն նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ երկիրը  արտարժույթի պակաս ունի, ինչի գլխավոր «մեղավորներից» մեկը տրանսֆերտների կրճատումն է։

Հայաստանն Իրանի հետ տարեկան շուրջ 300 մլն դոլարի առևտուր է անում

Առևտրաշրջանառության տվյալները հստակ պատկերացում են տալիս Հայաստան-Իրան տնտեսական կապերի մասին։ 2015 թվականին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության  5,8%-ը զբաղեցրել է  Իրանի Իսլամական Հանրապետության հետ առևտուրը։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ այն կազմել է 276 մլն դոլար։ Մեկ տարում Հայաստան-Իրան առևտուրը 5,2%-ով նվազել է։

Հայաստանն Իրանից 2,5  անգամ ավելի շատ ապրանքն է ներմուծում, քան արտահանում։ Նախորդ տարի ներմուծումը կազմել է 198 մլն դոլար, իսկ արտահանումը՝ 78 մլն դոլար։ Արդյունքում, առևտրի հաշվեկշռի բացասական սալդոն Հայաստանի համար կազմել է ավելի քան  120 մլն դոլար։   Ստացվում է՝ առևտրային հարաբերություններում Հայաստանն ավելի շատ գնորդի դերում է, Իրանը՝ վաճառողի։

Վերջին հինգ տարում Իրանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը  չի գերազանցել 330 մլն դոլարի շեմը։

Դատելով Մաքսային ծառայության տվյալներից՝ Հայաստանն Իրանին վաճառում է մեծամասամբ էլեկտրաէներգիա, քիչ քանակութամբ՝ ալյումին, ոչխարի ու այծի միս և այլն։ Իրանից գնում է գազ, նավթ և նավթամթերք, նավթամթերքի վերամշակումից մնացորդներ,  պոլիմերներ, միրգ, բանջարեղեն, ապակի, սալիկներ և այլն։Ներմուծման ապրանքատեսականին ավելի լայն է և ծավալներն՝ ավելի մեծ։

Իսկ 2016 թվականի վերաբերյալ որոշ սպասելիքներ կան։  Իրան-«վեցյակ» համաձայնության շրջանակում Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը կարող է նպաստել Հայաստան-Իրան առտրաշրջանառության ծավալների աճին։ Շատերն այդ համաձայնությունը պատմական իրադարձություն գնահատեցին և ինչպես կանխատեսվում էր, դրանից հետո Իրանի տնտեսությունն արդեն իսկ ակտիվացել է։ Իրանի հետ տնտեսական հարաբերությունների ճիշտ կարգավորման դեպքում Հայաստանը կարող է օգուտներ քաղել, մեծացնել արտահանման ծավալները, ակտիվանել համատեղ ծրագրերը և այլն։ Չնայած, որ պատժամիջոցների վերացման մասին խոսվում էր դեռ 2015-ի սկզբից, սակայն ասել, որ Հայաստանը պատրաստվել է օգուտ քաղել այդ համաձայնությունից, կարծում ենք, սխալ կլինի։ Համենայնդեպս, 2015-ի տվյալները ցույց են տալիս, որ օգուտների մասին խոսք չկա։ Իսկ այս տարվա վերաբերյալ առայժմ հստակ կանխատեսումներ չկան։ Միայն առևտրի տվյալները որոշակի հույսեր են տալիս։ Հունվարին Հայաստանից Իրան  արտահանումը, 2015-ի հունվարի համեմատ, աճել է 2,9 անգամ ու կազմել ավելի քան 5 մլն դոլար, իսկ ներմուծումն աճել է 3,4%-ով՝ կազմելով 11 մլն դոլար։ Եթե այս տեմպերը շարունակվեն, հնարավոր է՝ մինչև տարեվերջ հաշվեկշռի բացսական սալդոն դրական դառնա կամ կրճատվի։ Սա միայն ենթադրություն է, մնացածը՝ ժամանակը ցույց կտա։ Ամեն դեպքում, այս պահին նաև դժվար է ասել, թե Հայաստանն ինչ կարող է առաջարկել Իրանին, քանի որ նախորդ տարիներիները ցույց են տվել, որ հիմնական առաջարկվող ապրանքը էլեկտրաէներգիան է եղել, որի դիմաց Հայաստանը գազ է ստացել այս երկրից։

Մեկնաբանություններ (4)

Հետք
Շնորհակալություն Արմենակ
Հայկազ Պետրոսեան
Հայաստանը կարճ ճանապարհի և ծախսի և գրաւչութեան տեսակէտից ամենահարմար երկիրն է Իրանցիների համար: Հայաստանը պէտք ունի յաջող քարոզչութեան և հնարաւորութիւնների ստեղծման, որով կարող կը լինի ներկայ թւից երկու անգամ աւելին տուրիստ ներգրաւել Իրանից: Այսօր տուրիստը ամեն երկրի համար էլ ամենաեկամտաբեր աղբիւրն է: Մնում է, որ Հայաստանը ուզի օգտագործել: Դժբախտաբար Հայաստանի բիզնէսմէների շատերը տակաւին շատ հեռու են տուրիստական բիզնէսի քաղաքականութիւնից
Արմենակ Եղիայեան
Յարգելի՛ խմբագրութիւն, Կիրարկած էք «վեցնեակ» բառը՝ Ն-ով: Ախր նման բառ չի կրնար գոյութիւն ունենալ: Վեց կու տայ վեցեակ: Չորս...քառեակ Հինգ...հնգեակ Վեց...վեցեակ Սակայն կ'ըսենք եօթն---եօթնեակ, ինն...իննեակ, տասն...տասնեակ, քանի այս երեքը իրենց արմատին վրայ ունին Ն տառը: Չորս, հինգ, վեց, ութ Ն չունին, ուրեմն՝ քառեակ, հնգեակ, վեգեակ, ութեակ: Եթէ նման մանրուքմներու ուշադրութիւն չեարձնենք, հապա ո՞ւր կը հասնի մեր լեզուն:
Վահրամ
//իրանցի զբոսաշրջիկ տեսնելով՝ անհիմն և գուց հիմնավոր պատճառներով նյարդայնանում են,// - Մենք մեր սեփական ք..ի հետ չենք բարիշում, պարսիկների հետ ոնց կհամակերպվենք? Իսկ մտածել ենք, թե ուրիշ երկրներում մենք ոնց ենք նայվում?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter