HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգության» քաղաքացիական ֆորումը Սյունիքում

«Ժառանգություն» կուսակցությունը, կարևորելով Հայաստանի Հանրապետության մարզերում քաղաքացիների, ինչպես նաև կազմակերպությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ քննարկումները, 2011 թվականի նոյեմբերի 9-ին, 10-ին և 11-ին կազմակերպեց և անցկացրեց քաղաքացիական ֆորում` հանրային հանդիպումների շարք Սյունիքի մարզի Մեղրի, Ագարակ, Քաջարան, Կապան, Գորիս և Սիսիան քաղաքներում`ժողովրդական միասնական հարթակ ձևավորելու նպատակով:

Բաց ու հանրային երկխոսության ձևաչափով անցկացված դահլիճային բոլոր վեց հանդիպումների ընթացքում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Արմեն Մարտիրոսյանը քաղաքացիական լսարանին էին ներկայացնում երկրում տիրող սոցիալ-տնտեսական, քաղաքական և հասարակական ծանրագույն իրավիճակը հաղթահարելուն միտված «Ժառանգության» ձեռնարկած քայլերն ու ապագայում կենսագործելիք առաջարկները` այդ առթիվ հայցելով ու լսելով ներկաների դիտողություններն ու նկատառումները: «Ժառանգության» ներկայացուցիչները հատկապես կարևորեցին հայկական երկու պետությունների ինքնիշխանությանը և ազգային անվտանգությանը մեծապես սպառնացող շարունակական արտագաղթի համատարած մտայնության վճռական մերժումը:

Բանախոսները մեծապես կարևորեցին քաղաքացիների կողմից հետևողական պայքարը իրենց և իրենց երեխաների իրավունքների պաշտպանության և պետականության ամրապնդման ու զարգացման համար: «Ժառանգության» ներկայացուցիչները կոչ արեցին հետևողական ու կազմակերպված պայքարով երկրում հաստատել օրինականություն և ժողովրդին վերադարձնել իշխանությունը:

Չնայած ձյունառատ ցուրտ եղանակին և որոշ պաշտոնյաների ու նրանց ենթակա տեղական հեղինակությունների և անվտանգության մարմինների հարուցած արգելքներին ու սպառնալիքներին, նույնիսկ նրանց ներկայությանը և նրանց կողմից նկարահանելու պայմաններում` հանդիպումներն անցան հարյուրավոր քաղաքացիների մասնակցությամբ` գործնական ու բաց երկխոսության մթնոլորտում: 

«Ժառանգություն» կուսակցություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter