HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

1087.1 հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը

Այսօր ՀՀ Սահմանադրական դատարանում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի դիմումի հիման վրա քննվեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրականության 14-րդ հոդվածին, 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերին և 43-րդ հոդվածին համապատասխանության հարցը: Սահմանադրական դատարանը եզրակացրեց, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վիճարկվող զրպարտության եւ վիրավորանքի մասին հոդվածները համապատասխանում են Սահմանադրությանը:

Սույն գործով որպես պատասխանող կողմ դատաքննությանը ներգրավված էր ՀՀ քաղաքացիական օրենսգիրքն ընդունած մարմնի՝ ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչ Անի Մխիթարյանը:

Իր ելույթում Կ. Անդրեասյանը հայտնեց, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը պարունակում է մի շարք դրույթներ, որոնք հայեցողության լայն շրջանակ են ստեղծում ՀՀ դատավորների համար, դրանք են՝ վիրավորանք, զրպարտություն, ստույգ փաստ, հրապարակային արտահայտություն, արատավորող, արատավորելու նպատակով, գերակա հանրային շահ, ոչ ողջամիտ գործողություններ, վիրավորանքը կամ զրպարտությունը հրապարակային ներկայացնող, հավասարակշռված և բարեխղճորեն, վարույթի մասնակից, ողջամտության սահմաններ, բարեխիղճ վերարտադրություն, սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում, սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով փոխհատուցում, տեղեկատվության աղբյուր (հեղինակ), կոնկրետ գործի առանձնահատկությունները, ողջամիտ դատական ծախսեր, խախտված իրավունքների վերականգնման համար կատարված ողջամիտ ծախսեր, ներողություն խնդրելու ձևը, հրապարակման եղանակը և ծավալը, հերքման ձևը և պատասխանը, վիրավորանքի կամ զրպարտության եղանակը և տարածման շրջանակը, վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով պատճառված գույքային վնասները:

Թվարկվածներից Պաշտպանն առանձնացրեց հետևյալները՝ վիրավորանք, զրպարտություն, ստույգ փաստ, արատավորում, գերակա հանրային շահ, զրպարտությունը հրապարակային ներկայացնող, վարույթի մասնակից, սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում, սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով փոխհատուցում, որոնք պայմանավորված են իրավական անորոշությամբ և իրավական պրակտիկայում հանգեցնում են տվյալ դրույթների այնպիսի մեկնաբանությանը ու կիրառմանը, որ խախտում է կամ կարող է խախտել ՀՀ Սահմանադրությունը:

Պաշտպանը նշեց, որ իրենք Բարձր դատարանից ուզում են ստանալ դատարանի դիրքորոշումը վերոնշյալ բոլոր դրույթների վերաբերյալ, քանի որ դրանք կարող են խնդիրներ առաջացնել կիրառման ընթացքում:

Պաշտպանն անդրադարձավ նաև փոխհատուցման չափին՝ նշելով, որ, փոխհատուցման առավելագույն չափը սահմանելիս պետությունը պետք է հաշվի առնի մեր երկրում գոյություն ունեցող լրատվամիջոցների գույքային եւ ֆինանսական ցուցանիշները, այդ չափը պետք է համեմատելի լինի սույն օրենսդրությամբ սահմանվող փոխհատուցման այլ չափերի հետ, համեմատելի լինի նախկինում քրեական օրեսգրքով սահմանված վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված տուգանքի չափերի հետ և ամենակարևորը՝ առավելագույն փոխհատուցման չափ սահմանելիս պետությունը պետք է հաշվի առնի անհամաչափ փոխհատուցման դեմ առկա իրավական երաշխիքների առկայությունը: Ըստ Պաշտպանի՝ ակնհայտ է, որ այդ բոլոր հանգամանքները օրենսդիրը հաշվի չի առել փոխհատուցման առավելագույն չափը սահմանելիս, որն էլ իր հերթին հանգեցրել է արտահայտվելու ազատության իրավունքի անհամաչափ սահմանափակման՝ արդյունքում վտանգելով լրատվամիջոցների հետագա գործունեությունը:

Պաշտպանը նշեց, որ հասկանալով, որ միջազգային նորմերում, ՀՀ Սահմանադրական դատարանի դիրքորոշումներում այս խնդրի առնչությամբ որոշակի սահմանումներ կան, որոնք միանշանակ չեն իրենց գնահատման մեջ, և հնարավորություն չունենալով վերջնական մեկնաբանություն տալու, թե տվյալ գործով տվյալ օրենքի դրույթները որքանով են որոշակի կամ անորոշ՝ դիմում է ՀՀ Սահմանադրական դատարանին՝ այս երկու խնդիրների, երկու տեսակետների հավասարակշռության տեսանկյունից քննելու ներկայացված դրույթների որոշակիության հարցը:

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հարց ուղղեց Պաշտպանին առ այն, թե կարևո՞ր է, արդյոք, գտնել որևէ հավասարակշռություն նրա նշած երկու իրավունքների միջև, այն է՝  անձի արժանապատվության և խոսքի ազատության միջև՝ հետևություն անելով ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածից, որը մարդու արժանապատվությունը որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք է ճանաչում: Այսինքն՝ կարելի՞ է խոսել երկու հավասար իրավունքների մասին, թե գործ ունենք երկու երեևույթների հետ, որոնք ունակ են հասարակության մի շարք պրոբլեմներից ավելի վտանգավոր լինել:

Այս հարցին Պաշտպանը պատասխանեց՝ մեջբերում անելով ՄԻԵԴ-ի նախադեպերից: Նա նշեց, որ այն հարցը, թե անձի արժանապատվության իրավունքի և խոսքի ազատության իրավունքի դեպքում ո՞ր իրավունքին պետք է տալ գերապատվություն, ՄԻԵԴ-ը նշել է, որ գերակա է հանրային շահը:

Ազգային ժողովի ներկայացուցիչ Անի Մխիթարյանը իր ելույթում նշեց, որ ԱԺ-ի ընդունած 1087.1 հոդվածը որևէ կերպ չի հակասում ՀՀ Սահմանադրությանը և ավելացրեց, որ ԱԺ-ի իրավասության մեջ չի մտնում դատական իշխանությանը վերահսկելը, ինչպես նաև խնդրեց ՀՀ Սահմանադրական դատարանին ճանաչել սույն հոդվածը սահմանադրական:

ՍԴ-ի նախագահը տեսակետ հայտնեց, որ եթե ԱԺ-ի իրավասությունը չէ դատական իշխանությանը վերահսկելը, ապա այս դեպքում ճիշտ չէ՞ր լինի, արդյոք, որ ԱԺ-ն տեսներ, թե ինչպես է կիրառվում իր ընդունած օրենքը: Նաև հարց ուղղեց ներկայացուցչին առ այն, թե սույն հոդվածում առկա հանրային բառը ի՞նչ է իրենից ներկայացնում:

ԱԺ ներկայացուցիչը պատասխանեց, որ համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի՝ հրապարակային բառը մեկնաբանության տեղիք չի կարող տալ, քանի որ հրապարակային կարող են համարվել այն փաստացի տվյալները, որոնք մատչելի են 3-րդ անձի համար:

Պաշտպանի ներկայացուցիչներից Գենյա Պետրոսյանը հարց ուղղեց ԱԺ-ի ներկայացուցչին այն մասին, որ միջազգային մի շարք օրենքներում 3-րդ անձի կոնկրետ քանակ է սահմանվում, իսկ այս դեպքում 3-րդ անձ ասելով՝ քանի՞ անձ է հասկացվում, այսինքն՝ քանի անձ պետք է տեղեկանա, որ լինի հրապարակային:

Ըստ ներկայացուցչի՝ ՀՀ-ն դասվում է այն երկրների շարքին, որոնք հստակ շրջանակ չեն սահմանել 3-րդ անձ հասկացության համար:

ՍԴ նախագահ Գ. Հարությունյանն էլ մեջբերեց, որ, ըստ տրամաբանության, եթե նորմալ մարդ լինի, ապա մեկն էլ է հերիք:

Կ. Անդրեասյանը եզրափակեց նրանով, որ, այնուամենայնիվ, այդպես էլ պարզ չդարձավ, թե հրապարակային տերմինը ինչ է նշանակում, ինչպես նաև ավելացրեց, որ խոսքի ազատության վերաբերյալ սահմանափակումները պետք է լինեն օրենքով, ունենան իրավաչափ նպատակ և անհրաժեշտ լինեն ժողովրդավարական հանրապետության համար: Ըստ Պաշտպանի՝  Քաղ.օրենսգրքի 1087.1 հոդվածի սահմանումը իրավաչափ է, բայց հստակ չի և չի կարող կոչվել օրենք: Ուստի խնդրեց ՀՀ Սահմանադրական դատարանին սույն հոդվածը ճանաչել հակասահմանադրական:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter