HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտվել է Հանրաքվեի ընթացքը լուսաբանող լրագրողի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու գործով նախաքննությունը

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Նշան Ասատրյանը ուղղակի դիտավորությամբ խոչընդոտել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքը լուսաբանող՝ զանգվածային լրատվության միջոց հանդիսացող՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանի  լիազորությունների իրականացմանը:

Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ  Մկրտչյանը Կոմիտասի 56 հասցեում գործող «Այո» ընտրական քարոզչական շտաբի դիմաց տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելու նպատակով հիշյալ վայրում տեսախցիկով կատարել է նկարահանում։ Այդ ժամանակ Նշան Ասատրյանը  մոտեցել է վերջինիս և պահանջել, որ դադարեցնի նկարահանումներն ու  հեռանա: Անուշ Մկրտչյանը շարունակել է իրականացնել իր լիազորությունները,  որի ընթացքում Ն. Ասատրյանը վերջինիս կողմից ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքը լուսաբանելու իր լիազորությունների ազատ իրականացմանը խոչընդոտելու դիտավորությամբ ձեռքով բռնել է տեսախցիկի օբյեկտիվը և Անուշ Մկրտչյանից պահանջել տեսախցիկը կամ դրա հիշողության քարտը հանձնել իրեն: Այս կերպ՝ Ն. Ասատրյանը իր դիտավորյալ գործողություններով խանգարել է նկարահանման իրականացմանը՝ խոչընդոտելով զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը:

Հիշյալ հանցագործությունը կատարելու համար Նշան Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով:

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter