HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որսորդություն կազմակերպելու մասին գովազդները կե՞ղծ են

«Հետքի» հետ զրույցում Բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Կարեն Պապոյանը վստահեցնում է, որ կեղծ են:

Միջազգային որսորդական կազմակերպություններն իրենց կայքերում պարբերաբար հայտարարություններ են տեղադրում' Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կենդանիների, հատկապես բեզոարյան այծերի, մուֆլոնների որս կազմակերպելու մասին: Ինչպե՞ս եք պայքարում դրանց դեմ:

Դա կեղծիք է, որովհետեւ մենք' անձամբ ես, անցած տարի կապվել եմ այդ կայքի հետ' որպես քաղաքացի հանդես գալով, փորձել եմ իրենց ցանկացած պահանջներին համաձայնվել' օտար լեզվով խոսելով: Միջոցառում ենք իրականացրել եւ հասկացել ենք, որ չկա նման բան: Իրենք հետո առաջարկում են մեկ այլ տեղ, որը մեր հանրապետությունում չէ: Նաեւ կան նշված հյուրանոցային համալիրներ, անուններ: Եղել ենք, պարբերաբար վերահսկել ենք, ինֆորմացիան ստացել ենք' կա՞ն արտասահմանից հյուրեր, թե՞ ոչ, փորձել ենք հնարավորինս կանխել: Կան դեպքեր, ինչու չէ, որ խոշոր, Կարմիր գրքում գրանցված կենդանիներ են որսացել: Օրինակ' բեզոարյան այծի 2 դեպք ունենք Սյունիքի մարզում, որոնց նկատմամբ 3 մլն վնասի հաշվարկում իրականացվեց եւ մուծվեց պետական բյուջե: Այնպես չէ, որ որսագողություն իսպառ չկա, բայց հնարավորինս փորձում ենք կանխել, փորձում ենք ֆինանսական եւ քրեական միջամտությամբ նրանց պատժի ենթարկել:

Ձեր ասելով' որեւէ միջազգային կազմակերպություն Հայաստանում որս չի՞ կազմակերպում:

Ոչ, նման կենդանատեսակների' չեն կարող: Որովհետեւ, ի վերջո, մենք ունենք ոստիկանություն, եւ իրենք պարբերաբար հետեւում են նաեւ կայքերին: Նման դեպքում դա ոչ թե միայն տեսչության, այլ ուժային կառույցների խնդիրն է, որպեսզի սաստեն եւ կանխեն:

Այդ կայքերում նաեւ նկարներ կան Հայաստանից, որտեղ պատկերպված է որսորդը' սպանած գողոնի հետ:

Ես ունեմ այդ նկարները: Օրինակ' ես Գիտությունների ազգային ակադեմիա մի բանավոր հարցում կատարեցի: Նկարում պատկերված էր մուֆլոնը' օտարերկրյա քաղաքացին կողքին, ինձ ասացին, որ Հայաստանի Հանրապետությունը նման կենդանի չունի: Այն ավելի շատ Ռուսաստան' դեպի արեւելք ընկած տարածքներում է առկա: Մուֆլոնի այդ տեսակը մենք չունենք:

Այդ դեպքում չե՞ք փորձել այդ կազմակերպություններին ստիպել, որպեսզի Հայաստանին վերաբերող գովազդները հանեն իրենց կայքերից:

Քանի որ դա կատարվում է ոչ մեր հանրապետությունում, նման լիազորություններ չունենք, որպեսզի մենք նրանց ստիպենք եւ օրենքի տառով փորձենք նրանց նկատմամբ ճնշում գործադրել: Գուցե կա մի օղակ, որ նման իրավասություն ունի, բայց մեր մարմինը նման իրավասություն չունի: Մենք ընդամենը փորձելու ենք կանխել եւ հետամուտ ենք լինելու, որպեսզի նրանց նպատակը չիրականանա: Եվ հավատացած եղեք' չկա նման բան: Այդ նկարները տեսնելով' մենք հասկանում ենք, որ դրանք մեր կենդանիները չեն: Գուցե ինչ-որ բիզնես ծրագիր է, որով նրանք ցույց են տալիս, որ իրենք ընդլայնված են եւ շատ տեղերում նման իրավասություն ունեն, բայց դա չի համապատասխանում իրականությանը:

Որսորդները մեզ հետ զրույցներում ասում են, որ իրենք անմարդաբնակ ու խուլ վայրերում բազմիցս հանդիպում են որսագողերի, ովքեր սովորաբար զենք ունեն, եւ վտանգավոր է նրանց հետ բանակցելը, որպեսզի դադարեցնեն ապօրինի որսը: Ինչպե՞ս եք վերահսկում նման դեպքերը:

Որպես կանոն որսագողությունը կատարվում է գիշերը, լույսերի, լապտերների օգնությամբ, եւ այն տարածքներում, որոնք հեռու են համայնքներից: Այսինքն' կրակոցները լսելուն պես արձագանքները ստանում ենք: Որսագողերը հնարավորինս փորձում են այնպիսի տարածք ընտրել, որտեղ մարդկային գործոնը չի կարող միջամտել, բայց մենք այդ տարածքներն էլ հստակ գիտենք եւ փորձում ենք, օրինակ, «Հայանտառի» տեսուչների միջոցով հսկել նաեւ այդ տարածքները:

Ինչպե՞ս է որսորդը թույլտվություն կամ ուղեգիր ստանում որս անելու համար:

Նախարարի կողմից տրվում է հրաման, թե ինչ կենդանատեսակ է թույլատրվում, ինչ քանակություն եւ ինչ ժամանակահատվածում: Այսինքն' մենք հստակ վերահսկողություն իրականացնում ենք որսի տեսակի եւ քանակի նկատմամբ, թե արդյոք որսորդների մոտ առկա՞ են գրանցված օրինական փաստաթղթերը, ի՞նչ չափաքանակի որս են իրականացնում: Վերահսկում ենք տեսչական խմբերով, որոնք պարբերաբար դուրս են գալիս համապատասխան որսահանդակներ եւ իրականացնում հսկողական աշխատանք: Մենք ունենք նաեւ տարածքային բաժիններ, որոնք իրենց կազմում ունեն համապատասխան տեսուչներ, որոնք գիտակ են եւ կարողանում են իմանալ' ուր պետք է գնալ եւ որտեղ կհանդիպեն որսագողության: Միանշանակ բավարար չեն այդ խմբերը, որովհետեւ, հաշվի առնելով Հայաստանի տարածքը եւ որսահանդակների չափերը, որսագողության գիտակ 50 կամ 60 տեսուչը բավարար չէ: Մեր ոչ բավարար ուժերից ելնելով' մենք մեր խնդրանքը եւ ուղերձը միշտ ուղղում ենք ժողովրդին' էլ ավելի զգոն լինել, մեզ օգնել եւ տալ համապատասխան տեղեկատվություն: Ի վերջո, գյուղի ժողովուրդն ավելի արագ է տիրապետում, թե ինչ է կատարվում իրենց դաշտերում, անտառներում:

«Հայորսմիավորումը» տրամադրում է որսորդության ուղեգրեր, սակայն նախկինում այդ ուղեգրերը կնքվել են բնապահպանության նախարարության կողմից եւ համարակալվել են: Ինչո՞ւ այժմ ուղեգրերը համարակալված չեն:

Կան որսմիություններ, որոնք դեռ կոմունիստական ժամանակաշրջանից գործում են, ունեն գրանցված որսորդներ, օրինակ' «Հայաստանի որսորդների եւ ձկնորսների միավորում» եւ «Հայ որսորդների ազգային դաշինք» ՀԿ-ները: Նրանք նախօրոք դիմում են մեր նախարարին' իրենք իսկ արդեն վերլուծելով, թե որսաշրջանի ժամանակահատվածում ինչ կենդանատեսակ ու քանակություն է հարկավոր իրենց: Այն, ինչը մենք ենք տրամադրում, պարտադիր գրվում է հերթական համարակալում, ստորագրություն եւ կնիք, եւ մեր արխիվում դա ֆիքսվում է: Այն խնդիրը, որ թերթում բարձրացրել եք, իրենց ներքին ընթացակարգն է: Մենք հստակ տալիս ենք որսի քանակը, չափը, եւ այդ ամենը մեզ մոտ ֆիքսվում է: Դրանով ենք մենք վերահսկում:

Այսինքն' նախարարության կնիքով ու համարակալումով ուղեգիրը օրինական է, օրինական է նաեւ կնքված, բայց չհամարակալա՞ծ ուղեգիրը:

Միանշանակ, դա օրինական է, որովհետեւ մեր կնիքի առկայությունը վերահսկում է որսի քանակը, որպեսզի նրանք չափերը չգերազանցեն: Այսինքն' որսորդին տրամադրած ուղեգրում հստակ երեւա, թե նա քանի որսատեսակ իրավունք ունի որսալու այդ ժամանակահատվածում:

Այդ դեպքում ո՞րն է տարբերությունը, որ մի մասը համարակալված է տրամադրվել, մյուս մասը' ոչ:

Մենք ունենք մեր սիրողական որսի կտրոնը, սա է մեզ համար հիմքը: Եվ կտրոնը համարակալելուց, ստորագրելուց, կնքելուց հետո տրամադրվում է նրանց: Սա հիմք է հանդիսանում, որ ինքն արդեն իսկ նախնական վերցրած կենդանական աշխարհի եւ նրանց իսկ համար վճարված բնավճարը ապահովի պետական բյուջե: Այնուհետեւ կազմակերպությունը ստեղծում է փոքր կտրոններ, որն իենց իսկ իրավասությունն է: Իրենք ներքին աուդիտ անցկացնելու համար են դա անում, որովհետեւ, ըստ իմ ունեցած տեղեկատվության, նրանք նաեւ տարածքներում ունեն իրենց ենթակայությանը հանձնված կազմակերպություններ: Մեզ տված մեկնաբանությունում ասացին հետեւյալը. մենք դա տրամադրում ենք ըստ քանակների, այսինքն' տարբեր մարզեր, որպեսզի նրանք էլ իրենց հերթին տրամադրեն համապատասխան այն որսորդին, որը կվճարի իրենց: Ամենակարեւորը' իրենք իրավունք չունեն շահույթ հետապնդել: Իրենք այդ կտրոնները վաճառում են, որովհետեւ արդեն նախօրոք մուծել են պետական բյուջե: Թե նրանք իրենց ներքին խնդիրները ո՞նց են կարգավորում, դա արդեն մեր գործառույթը չէ: Մեր կողմից վերահսկողություն է կատարվում կոնկրետ մեր տրամադրած փաստաթղթի վրա:

Որսագողության դեմ պայքարում ի՞նչ արդյունքներ կան:

Չկա մի տարի, որ չունենանք լուրջ քանակներ եւ բյուջեի մուտքեր որսագողության դեմ պայքարի արդյունքում: Օրինակ' 2010-ին ունենք հարուցված 3 քրեական գործ, ընդհուպ դատապարտման դեպք, 23 դեպքում վարչական վարույթ է իրականացվել, 3 մլն 212 հազար դրամ մուծվել է պետական բյուջե: Առգրավված կենդանատեսակները, մեծամասնությամբ ձկներ, սահմանված կարգով հանձնվում են համապատասխան մանկատներին ու ծերանոցներին: Կան գործեր, որոնք դեռ ընթացքի մեջ են: Այս տարի արդեն հայտնաբերվել է ապօրինի որսորդության եւ ձկնորսության 19 դեպք, նշանակվել է 640 հազար դրամի չափով տուգանք, եւ հաշվարկվել է վնասի հատուցում 628 հազար դրամի չափով: Այսինքն' մոտ 1 մլն 268 հազար դրամ արդեն իսկ մուծվել է պետական բյուջե:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter