
Արոնյանը տապալում է հավակնորդների մրցաշարի երկրորդ մրցափուլը՝ կրկին պարտվելով
Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մոսկովյան մրցաշարի երկրորդ փուլը Լեւոն Արոնյանը բառիս բուն իմաստով տապալում է: Հերթական՝ 11-րդ տուրում, Արոնյանը սպիտակներով պարտվեց ռուս Պյոտր Սվիդլերին՝ էլ ավելի բարդացնելով մրցաշարային իր գործերը: Սվիդլերը, ինչպես եւ Անանդը, որին Արոնյանը պարտվեց 9-րդ տուրում, վերջին տարիներին եղել են հայ շախմատիստի ամենաբարդ մրցակիցներից: Բայց դժվար թե ինչ-որ մեկը սպասեր, որ Արոնյանն այս վճռական պահին այն էլ սպիտակներով կզիջի Սվիդլերին, որն այս մրցաշարում դեռ հաղթանակ չէր տարել եւ հետնապահների թվում էր:
Այսօրվա մյուս պարտիաներում գրանցվեցին հետեւյալ արդյունքները. Տոպալով-Կարուանա՝ 0,5-0,5, Անանդ-Կարյակին՝ 1-0, Գիրի-Նակամուրա՝ 0,5-0,5:
11 տուրից հետո մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի.
Կարունա- 6,5 միավոր
Անանդ- 6,5
Կարյակին- 6
Գիրի- 5,5
Արոնյան- 5,5
Սվիդլեր- 5,5
Նակամուրա- 4,5
Տոպալով- 4
Արոնյանը 11 խաղում 2-ական հաղթանակ ու պարտություն է գրանցել, 7 ոչ-ոքի խաղացել: Երիտասարդ իտալացի, ԱՄՆ-ի դրոշի տակ հանդես եկող Ֆաբիանո Կարուանան ամենակայունն է այս մրցաշարում. եթե առաջին փուլում նա միայն ոչ-ոքիներ խաղաց, ապա երկրորդում հասցրել է 2 հաղթանակ տանել Անանդի ու Նակամուրայի նկատմամբ եւ հիմա առաջատարն է: Նրա պես 6,5 միավոր ունի «Մադրասի վագր» Անանդը, որն իսկապես զարմացնում է: Չնայած այս անգամ էլ Վիշին մեծ հաշվով ֆավորիտ չէր համարվում, բայց ապացուցում է, որ իրենից երիտասարդները դեռ շատ բան ունեն սովորելու՝ առաջին հերթին հանգստություն, սառնասրտություն եւ պինդ նյարդեր: Այսօր նա ռեւանշի հասավ Կարյակինի հանդեպ, որին պարտվել էր առաջին մրցափուլում: Չի բացառվում, որ շախմատասերները երրորդ անգամ տեսնեն աշխարհի թագի Կառլսեն-Անանդ դիմակայությունը:
Հավակնորդների մրցաշարի ավարտին մնացել է 3 տուր: Դժվար է հավատալ, որ Արոնյանն այս հարվածից հետո ուշքի կգա: Որքան էլ ցավալի լինի, առաջին անգամը չէ, որ Լեւոնը գերկարեւոր մրցաշարում կոտրվում է, երբ բեկվում է նրա հանդիպումների հաջող ընթացքը:
Վաղը կայանալիք 12-րդ տուրում տեղի կունենան Սվիդլեր-Գիրի, Նակամուրա-Անանդ, Կարյակին-Տոպալով, Կարուանա-Արոնյան պարտիաները:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել