HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Չախոյան

Եվրոպական արժեքներին ընդառաջ. Մոլդովան հնարավորություն ունի՞ ազատվելու կոռումպացված իշխանություններից և տիկնիկավարից

Այս օրերին Արևմուտքի ուշադրության կենտրոնում  է Մոլդովան, որտեղ տեղի ունեցող ներքաղաքական խմորումների արդյունքում հնարավոր է՝ պարզ դառնա, թե որ ուղղությամբ է գնալու այս երկիրը՝ դեպի Ռուսաստա՞ն, թե՞ դեպի Եվրոպա: Սակայն, Եվրոպայի ամենաաղքատ այս երկրի ժողովրդին ավելի կարևոր հարցեր են հուզում. ո՞ւր կորան անցած տարվա առաջին կեսին երկրի երեք բանկերից անհետացած խոշոր գումարները և ինչպե՞ս վերադարձնել դրանք: Եվ որն ավելի կարևոր է՝ կկարողնա՞ն, արդյոք, մոլդովացիներն ազատվել կոռումպացված ու իրենց անվերջ խաբող քաղաքական ուժերից ու վերջապես իրական ժողովրդավարության ուղով շարժվել:

Ըստ արևմտյան որոշ տեսաբանների՝ Մոլդովան Եվրոպայի ու Ռուաստանի միջև հերթական կռվախնձորն է. յուրաքանչյուր կողմ փորձում է քաշել դեպի իրեն: Եվ դրա համար Եվրոպան պատրաստ է աչք փակել երկիրը ղեկավարող եվրոպամետ քաղաքական ուժերի սխալների ու նույնիսկ կոռուպցիայի վրա՝ հավանություն տալով վերջերս արտահերթ ընտրությունների արդյունքում խորհրդարանի կողմից վարչապետի պաշտոնում նշանակված Պավել Ֆիլիպի թեկնածությանը, որի դեմ մոլդովացիներն այս տարվա հունվարին դուրս էին եկել բազմահազարանոց ցույցի՝ պահանջելով նորանշանակ վարչապետի հրաժարականը:  Եվրոպական կառույցների այս հանդուրժողականությունը կոռումպացված քաղաքական ուժերի նկատմամբ ստիպում է ժողովրդին երես թեքել նաև Եվրոպայից:  

Մյուս կողմից՝ որքան էլ ողջունելի լինեն Մոլդովայի կառավարության հավատարմության  սիրատոչոր խոստումները, պատրա՞ստ է, արդյոք, Եվրոպան  իր դռները լայն բացել մի պետության առջև, որը մինչև ուղն ու ծուծը թաթախված է կոռուպցիայի մեջ. չէ՞ որ կոռուպցիայի դեմ պայքարի հարցը Մոլդովայում առայժմ առկախված է:

Մայրաքաղաք Քիշնեւի կենտրոնում հունվարի վերջին հավաքված ավելի քան 20 հազար մարդ պահանջում էր փոխել Սահմանադրությունը՝ հնարավորություն տալով ժողովրդին ընտրել նախագահին, խորհրդարանի անդամների թիվը 101-ից կրճատել 71-ի և վերացնել կոռուպցիայի մեջ կասկածվող խորհրդարանականների անձեռնմխելիությունը:  Կոռուպցիայի վերացումը մոլդովացիներին հուզող թիվ մեկ խնդիրն է, որի լուծման դեպքում միայն կարելի է հավատալ պայծառ ապագային՝ որ կողմ էլ պետությունը շարժվի:

Մեծ հիասթափություն

2009թ. ընտրությունների ժամանակ մոլդովացիներին մեծ ջանքերի շնորհիվ հաջողվեց եվրոպամետ ուժերի համար խորհրդարանում իշխող դիրք ապահովել:

Մոլդովան նախկին խորհրդային միակ երկիրն էր, որտեղ անկախացումից հետո իշխանության գլուխ կանգնած էին կոմունիստական ուժերը, և միայն 2009թ. եվրոպամետ սոցիալ-ժողովրդավարական չորս կուսակցություններից կազմված Հանուն եվրոպական ինտեգրման կոալիցիային հաջողվեց հաղթանակ տանել ռուսամետ կոմունիստների հանդեպ: Երկու տարի երկրի ներսում կատարվող օրենսդրական բարեփոխումները գոհացնում էին եվրոպական կառույցներին, սակայն հետո դրանց տեմպը դանդաղեց, իսկ կարճ ժամանակ անց երկիրն ավելի խորը ճգնաժամի մեջ հայտնվեց. իշխանություններին չհաջողվեց կառավարման ոլորտում իրական բարեփոխումներ կատարել ու ազատվել կոռուպցիայից, իսկ անցած տարի ապրիլին հայտնի դարձավ եկավ երկրի երեք բանկերից 1 միլիարդ եվրոյի անհետացման փաստը, որի արդյունքում 2015թ. հոկտեմբերին մեղադրյալի աթոռին հայտնվեց երկրի նախկին վարչապետ Վլադ Ֆիլատը (2009-13թթ.): Ընդամենը չորս ամիս պաշտոնավարած վարչապետ Վալերու Ստրելետի ու նրա կաբինետի պաշտոնանկության համար քվերակած պառլամենտի մեծամասնությունը կազմող եվրոպամետ կոալիցիան հունվարին վարչապետի պաշտոնում նշանակեց նախկին վարչապետի կուսակցական ընկեր և նախկինում նախարարի պաշտոն զբաղեցրած Պավել Ֆիլիպին: Սակայն, այս ընտրությունը լուրջ բողոքի ալիք բարձրացրեց ժողովրդի շրջանում, որը նորընտիր վարչապետի հրաժարականը պահանջեց: 

Պավել Ֆիլիպը, սակայն, մտադրված չէր հրաժարական տալ: Նա կոչ արեց ժողովրդին հանդարտվել: «Քաղաքական դասն այժմ մի վերջին հնարավորություն ունի վերականգնելու մոլդովացիների ու միջազգային գործընկերների վստահությունը», - ասել է նա անգլիական Բի-Բի-Սի-ն տված հարցազրույցում:

Բայց Ֆիլիպի այս խոսքերը չէ, որ նպաստեցին ժողովրդի շրջանում կրքերի հանդարտմանը: Այս տարվա մարտի սկզբին Մոլդովայի սահմանադրական դատարանը բավարարեց ժողովրդի պահանջը՝ հակասահմանադրական ճանաչելով խորհրդարանի կողմից նախագահի ընտրությունը և որոշում կայացրեց նախագահական ուղիղ ընտրությունները վերականգնելու մասին՝ թեկնածուի նվազագույն տարիքային շեմ սահմանելով 40-ը: 

ՍԴ-ն չբավարարվեց միայն այդ փոփոխություններով. առաջիկայում սպասվող ընտրությունների արդյունքում անմիջականորեն ժողովրդի կողմից ընտրված նախագահը մեծ ազդեցություն չի ունենա երկրի կառավարման հարցում, քանի որ ՍԴ-ն միաժամանակ նվազեցրել է այս պաշտոնի լիազորությունների շրջանակը՝ այն դարձնելով խորհրդանշական: Սակայն, սա չի նվազեցնում նախագահի ընտրության հարցի շուրջ թեժացող կրքերը քաղաքական ուժերի շրջանում:

Տարիքային շեմի 40 տարի սահմանումը էականորեն ազդել է քաղաքական պատկերի վրա՝ ճեղք առաջացնելով ռուսամետ կուսակցությունների միջև: Թեկնածուներից մեկը՝ Ռենատո Ուսատիյը, տարիքի պատճառով դուրս մնաց մրցակցությունից և դրա համար մեղադրեց կոմունիստական բլոկի մեկ այլ թեկնածուի՝ Իգոր Դոդոնին՝ պնդելով, որ վերջինս համագործակցում է օլիգարխ ու քաղաքական գործիչ Վլադ Պախատնյուկի հետ:

Ռուսամետ սոցիալիստական կուսակցությունների այս երկու առաջնորդներն էլ նախագահի ամենահավանական թեկնածուների շարքում էին՝ եվրոպամետ «Արժանապատվություն և ճշմարտություն» կուսակցության ղեկավար Անդրեյ Նաստասեի հետ միասին: Ըստ News Eastern Europe կայքի՝ մեկ այլ հավանական թեկնածու է գործող կրթության նախարար Մայա Սանդուն:

Հունվարի 21-ին խորհրդարանի նախագահ Ադրիան Կանդուի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նոր կառավարության հրաժարականի հետ միասին այս երեք թեկնածուները պահանջել են նաև Եվրոպայի հետ կնքված Ասոցացման համաձայնագրի վերանայում և Մոսկվայի հետ ավելի սերտ կապերի հաստատում:  

Սակայն, պետք է հաշվի առնել, որ սոցիալիստական կուսակցությունների ալյանսի ներսում առաջ եկած այս ճեղքվածքն ավելի շուտ ջուր է լցնում եվրոպամետ ուժերի ջրաղացին, որոնց ձեռքին է պետության ղեկը: 

Տիկնիկավարը

Եթե ժողովուրդը դեռևս չի կողմնորոշվել, թե որ ուժերից կընտրի երկրի հաջորդ իշխանությունը, քաղաքական դաշտում կա մեկը, որի համար կարծես թե միևնույն է, թե որ կողմը կհաղթի՝ եվրոպամետ ու Ռումինիայի հետ միավորման պատրաստակամ սոցիալ-դեմոկրատական ուղղությո՞ւնը, թե՞ Ռուսաստանի հետ մերձեցմանը հակված կոմունիստները. կարևորը, որ դրանք ենթարկվեն իրեն: Ըստ News Eastern Europe կայքի հաղորդած տեղեկությունների՝  ժողովրդի շրջանում որպես տիկնիկավար (ռումիներեն՝ păpușar) հայտնի խորհրդարանի պատգամավոր, օլիգարխ Վլադ Պլախատնյուկ, որը պրո-եվրոպական կուսակցություններից մեկի անդամ է, իրականում այն մարդն է, ով ետնաբեմից ղեկավարում է երկիրը: Նրա ձեռքերում են դատական համակարգը և անվտանգության ուժերը, որոնք լուրջ լծակներ են երկրի քաղաքական դաշտը սեփական շահերին ենթարկելու համար: Համաձայն շրջանառվող լուրերի՝ այս կառույցների միջոցով է, որ վերջինս կարողացել է չեզոքացնել նախկին վարչապետին, որի հետ վերջին շրջանում տարաձայնություններ էին առաջացել: Ամենայն հավանականությամբ, Պլախատնյուկը փորձում է ապահովել իր ազդեցությունն ապագա քաղաքական ղեկավարության շրջանում նաև նախագահի թեկնածուների միջոցով:

Պախատնյուկը, սակայն, այլևս բացահայտված ֆիգուր է. նա չի վայելում ժողովրդի սերը: Սա, անշուշտ, նշանակում է, որ վերջինս մնում է ժոողովրդի խիստ հսկողության ներքո, իսկ փորձը ցույց է տվել, որ ցանկության դեպքում մոլդովացիները կարողանում են համախմբվել ու ազդել ներքաղաքական իրավիճակի վրա:

«Գողացված միլիոնները բոլոր դեպքերում վերջին կաթիլներն էին,- ասում է Փարիզում տեղակայված Անվտանգության ոլորտի ուսումնասիրությունների ԵՄ ինստիտուտի վերլուծաբան Նիկու Պոպեսկուն News Eastern Europe կայքին տված հարցազրույցում ժամանակ, - սա պարզապես օգնեց Մոլդովայի ժողովրդին պասիվ հիասթափությունից անցնել ակտիվ դիմադրության»:

Ըստ NEE-ի՝ ժողովրդի ատելությունը երկրի քաղաքական իսթեբլիշմենթի նկատմամբ բավականին բարձր է: Մոլդովայի վիճակագրության և ժողովրդագրության ասոցիացիայի կատարած հարցումների համաձայն՝ երկրի բնակչության կեսը չի վստահում առաջնորդներից և ոչ մեկին: Հարցումների համաձայն՝ նոր ընտրությունների դեպքում խորհրդարանում ներկայացված հինգ կուսակցություններից երեքը կկորցնեն իրենց բոլոր տեղերը:

 Նոր հույսեր. Կենտրոնական բանկի նոր ղեկավարն ու կոռուպցիայի դեմ պայքարի զինանոցը

Մյուս կողմից՝ ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև Կենտրոնական բանկի նորընտիր ղեկավարը, որը պաշտոնը ստանձնելու է ապրիլի 11-ին: Նրան ձայն են տվել սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների կոալիցիայի անդամները և կոմունիստական ճյուղի որոշ ներկայացուցիչներ: Մարտի 11-ին խորհրդարանի հետ հանդիպման ժամանակ Սերյոժա Չոկլյան խոստացել է կարգի բերել բանկային համակարգն ու ամեն ինչ անել դրա միջոցով կատարվող գողությունները կանխելու համար, թեև նա քիչ հավանական համարեց հափշտակված գումարների վերադարձը: Չոկլյան հույս է ներշնչում նաև այն պատճառով, որ քաղաքական քաշքշուկներից հեռու է եղել և ունի բավականին հարուստ փորձ: Եթե Չոկլյան իսկապես ազնվորեն կատարի իր աշխատանքը, նա կարող է դառնալ կոռուպցիայի դեմ պայքարի գործուն լծակներից մեկը՝ համագործակցելով համապատասխան կառույցների հետ, որոնք արդեն ստեղծված են:   

Պետք է ասել, որ Մոլդովան կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում վերջին տարիներին առաջընթաց է արձանագրել: Եվրոպական Միության մաս դառնալու ակնկալիքով Մոլդովան (Ասոցացման համաձայնագիրը ստորագրվել է 2014թ.) արդեն բավականին լուրջ քայլեր է ձեռնարկել՝ օրենսդրությունը և կառուցակարգերը համապատասխանեցնելով եվրոպական պահանջներին: Քաղաքացիական ծառայության, դատական համակարգի և այլ ոլորտների բարեփոխման նպատակով ընդունվել են այդ ոլորտների արդյունավետության բարձրացմանն ուղղված ռազմավարական փաստաթղթեր և օրենքներ. օրակարգում են պետական գնումների, բանկային համակարգերի կարգավորման խնդիրները: 2012թ. ստեղծվել են Մոլդովայում կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական կառույցները՝  Կոռուպցիայի դեմ պայքարի ազգային կենտրոնը (NAC), որի ներքո գործում է Ազգային հակակոռուպցիոն ռազմավարության իրականացումը վերահսկող քարտուղարություն, և Բարեվարքության ազգային հանձնաժողովը (NIC)

2013թ. ընդունվեց դատաիրավական ոլորտի բարեփոխումներին ուղղված օրենսդրական փաթեթ, որում նախատեսված էր Քրեական օրենսգրքի մի փոփոխություն՝ սեփականության ընդարձակ բռնագրավում: Բացի այդ՝ այս օրենքով սահմանվում է նաև «անհիմն հարստացում» հասկացությունը: Այս փաթեթում նախատեսված է նաև դատավորի և դատախազի թեկնածուների ընտրության ժամանակ պոլիգրաֆի կիրառություն, իսկ կոռուպցիոն հանցագործությունների համար՝ ավելի խիստ պատիժ: 

Եվրոպայի խորհուրդը բարձր է գնահատել այս քայլերը և նշել, որ Մոլդովան Եվրոպայի այն սակավաթիվ պետություններից է, որն «անհիմն հարստացումը» ճանաչել է որպես հանցագործություն, ինչը կարող է մյուս երկրների համար լավ օրինակ ծառայել: Ավելին, ԵԽ-ն սեփականության ընդարձակ բռնագրավումը նույնպես ճանաչել է ԵԽ-ի կողմից վերջերս առաջարկվող կարգավորումներին և ստանդարտներին համահունչ: 

Փաթեթում ներառված է նաև դատավորների էթիկական չափանիշների և կարգապահական պատասխանատվության մասին օրենքը, որտեղ էթիկական և կարգապահական պատասխանատվությունը հստակ սահմանազատված են, իսկ թափանցիկությունն ապահովող ընթացակարգերը՝ վերանայված: Նոր պատժաչափեր նույնպես սահմանված են: 

Դատական համակարգի բարեփոխման հաջորդ նվաճումը գործերի՝ համակարգչի միջոցով ավտոմատ բախշման համակարգի ներդրումն է և դատական նիստերի տեսաձայնագրառումների կիրառությունը՝ արդար դատաքննություն ապահովելու նպատակով: Ներդրվել է նաև դատավորների նշանակման՝ արժանիքների վրա հիմնված առաջխաղացման համակարգը, որը, սակայն, ունի մեթոդական որոշ թերացումներ:

Այս փոփոխությունների արդյունքում բարձրացել է Դատավորների բարձրագույն խորհրդի աշխատանքի արդյունավետությունը: Այս կառույցն ընդունում է դատավորների հրաժարականները և արձակում նրանց պատասխանատվության ենթարկելու մասին որոշումները: 2014թ. ընդունվել է 1057 որոշում, մինչդեռ  2013թ.՝ ընդամենը 865:

Սակայն, դատական համակարգում կոռուպցիայի աստիճանը բարձր է, և հասարակության կողմից այն ընկալվում է որպես անպատժելիություն վայելող կառույց: Դատավորների բարձրագույն խորհրդի վրա քաղաքական ազդեցության վերաբերյալ կասկածները հանրության շրջանում դեռևս կայուն չեն: Եվ թեև ֆորմալ առումով արդարադատության համակարգը բարեփոխվում է, իրական բարեփոխումները հնարավոր կլինեն միայն այն բանից հետո, երբ կոռումպացված դատավորները հեռացվեն համակարգից: Դատական համակարգի բարեփոխումների թույլ կողմը նաև դատախազական համակարգի անկատարությունն ու կախվածությունն է:

Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական կառույցները

Կոռուպցիայի դեմ պայքարի ազգային կենտրոնի (NAC) ներքո գործում է Ազգային հակակոռուպցիոն ռազմավարության իրականացումը վերահսկող քարտուղարություն: NAC-ի լիազորություններն են՝ կոռուպցիայի, փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը, օրենսդրական նախագծերի  հակակոռուպցիոն փորձագիտական եզրակացությունների ընդունում, հանրային կառույցների կողմից կոռուպցիոն ռիսկերի ներքին գնահատման անցկացումն ու բարեվարքության պլանների կազմումը: NAC-ի վերահսկումն  իրականացնում էր խորհրդարանը, 2014թ. մայիսին այս կառույցի անկախությունն ավելացնելու նպատակով կառավարությունը վերստանձնեց այն: Սակայն, այն դեռևս թիրախավորում է միջին և ցածր օղակների պաշտոնյաներին:

2012թ. Ռումինիայի և Լիտվայի համանման կառույցների օրինակով ստեղծված Բարեվարքության ազգային հանձնաժողովի (NIC) լիազորություններն են՝ հանրային ծառայության ոլորտում կոռուպցիայի կանխարգելման, վերացման նպատակով երեք քաղաքականությունների իրագործումը՝ եկամուտների և սեփականության մասին հայտարարագրերը, շահերի բախման նկատմամբ վերահսկողությունը և անհամապատասխանությունները բացահայտելը: 2014թ. NIC-ը վարել է 354 գործերի քննություն, որը 234-ով ավելի է, քան 2013թ.-ի ցուցանիշը: Այս գործերից 122-ով հանձնաժողովը խախտումներ է հայտնաբերել, դրանցից 57-ը ուղարկվել է Գլխավոր դատախազություն, իսկ 56-ը՝ NAC-ին:

Սակայն, պետք է նշել, որ դեռևս կան օրենսդրական բացեր, որոնք թույլ չեն տալիս ապահովել այս կառույցի լիարժեք անկախությունը, բայց դրանք շտկելու ուղղությամբ քայլեր արդեն արվում են: Միջգերատեսչական աշխատանքային խումբն արդեն մշակել է օրենսդրական նախագիծ, որի նպատակն է այս կառույցը քաղաքականապես անկախ մարմնի վերածելը: Դրա արդյունքում NIC-ը կունենա պատժամիջոցներ կիրառելու, գործերը դատարան ներկայացնելու, շահերի բախման արդյունքում ստորագրված պայմանագրերը անվավեր ճանաչելու ընդարձակ լիազորություններ: Նախատեսվում է եկամուտների և սեփականության մասին հատարարագրերը համադրել անձնական շահերի վերաբերյալ հայտարարագրերի հետ:

Քաղաքացիական ակտիվ մասնակցություն կոռուպցիայի դեմ պայքարին

2010թ. կառավարության նախաձեռնությամբ ստեղծվեց Մասնակցության ազգային խորհուրդը  (NCP), որի անդամակցությունը կամավոր է՝ 2 տարի ժամկետով: Սա խորհրդակցական մարմին է, որի նպատակն է ապահովել ՔՀ անմիջական մասնակցությունը հանրային քաղաքականության մշակման, մշտադիտարկման, գնահատման, և փոփոխման գործին:

NCP-ն Հակակոռուպցիոն դաշինքի՝ ACA-ի հետ միասին արտահայտում է իր մտահոգություններն արդարադատության ոլորտի բարեփոխումների և կոռուպցիայի կանխարգելման ու դրա դեմ պայքարի հզորացման անհրաժեշտության վերաբերյալ: Եվ թեև այս երկու կառույցները խորհրդակցական են, դրանց ակտիվ մասնկցությունը հանրային կառավարմանը էական նշանակություն ունի:

Ոչ պակաս կարևոր է կոռուպցիոն տարբեր երևույթներ բացահայտմանն ուղղված աշխատանքներ կատարած հետաքննական լրագրության դերը (Անկախ մամուլի ասոցիացիան, Անկախ լրագրության կենտրոնը, Լրագրողական հետաքննության կենտրոնը և «Մաքուր Մոլդովա» քաղաքացիական պորտալը): Այս լրագրողական կազմակերպությունների բացահայտումները ներկայացնում են NIC-ին, NAC-ին: 

Քաղաքացիական հասարակությունը գիտակցում է, որ օրենսդրական որոշ էական թերությունների ու բացերի վերացման արդյունքում և կոռուպցիայի դեմ պայքարի պետական կառույցների անկախությունը ապահովելու պարագայում հնարավոր կլինի այս երևույթի դեմ արդյունավետ պայքար մղել: 

Դա հնարավոր է, եթե դեպի Եվրոպական Միություն հայացքը դարձրած Մոլդովան որոշի ընթանալ իրական բարեփոխումների ուղով, իսկ ԵՄ-ն, աշխարհաքաղաքական շահերից ելնելով,  աչք չփակի կատարվող ապօրինությունների վրա ու Մոլդովայի անդամակցության հարցում հավատարիմ մնա սեփական արժեքներին ու սկզբունքներին:  

Աղբյուրները՝ https://news.vice.com, www.europeum.org, http://www.ndtv.comhttps://www.stratfor.com, http://www.nytimes.comhttps://www.rt.com, www.bbc.co.uk, http://www.theguardian.com, http://www.dailymail.co.uk/, http://www.rferl.org, https://isagoriaobservatori.wordpress.com, http://news.yam.md/en/

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter