HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցմահ դատապարտյալի համար պարզ չի եղել նկատողություն ստանալու հետևանքները

Ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանի բողոքը` բջջային հեռախոս պահելու համար ՔԿՀ-ի կողմից իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին, դատախազը գտավ, որ ենթակա է մերժման: Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Ա. Մկրտչյանն ասաց, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու ՔԿՀ-ի երկու որոշումներն իր համար հասկանալի չեն եղել: Բացի այդ, դրանք կանխատեսելի չեն և դատապարտյալը չգիտի, թե կարգապապահական պատասխանատվությունից, օրինակ` նկատողությունից հետո, իրեն ինչ է սպասվում:

«Իմ իրավունքները բացատրել են բռնությունների միջոցով: Չի կարելի աչք փակել այն ամենի վրա, ինչի միջոցով ես անցել եմ: Ես դատարան դիմել եմ, որ փորձենք հասնել արդարության, զուտ օրենքները չեն, պետք չէ մոռանալ, որ մարդու հետ գործ ունեք: Իմ դիմումի մեջ գրված է` եթե հանձնես հեռախոսդ, կխուսափես պատասխանատվությունից: Ինձ այդպես են ասել: Որևէ հիմք կա՞ կասկացծի տակ դնելու իմ հայտարարությունը»,-դատախազին և ՔԿՀ-ի ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանին դիմելով հարցրեց Արթուր Մկրտչյանը:

ՔԿՀ-ի ներկայացուցիչն էլ հարց ուղղեց՝ ինչու՞ Ա. Մկրտչյանը ՔԿՀ աշխատակիցների կողմից արված հայտարարության մասին տեղյակ չի պահել ՔԿՀ բաժնի պետին և նշեց, որ ոչ ոք իրավունք չունի հանդես գալ նման հայտարարություններով, քանի որ տույժի վերաբերյալ  որոշումներն ընդունում է բացառապես ՔԿՀ-ի պետը:

«Երբ դու ծանոթանում էիր քո տույժի միջոցին, նկատեցի՞ր, որ դու ենթարկվել ես նկատողության, իմացել ես չէ՞, որ քեզ հայտարարել են նկատողություն, իսկ քեզ մոտ հարց չի  բարձրացել, թե ինչ է կարգապահական տույժ հանդիսացող նկատողությունը»,- ասաց Ա. Պետրոսյանը:

Արթուր Մկրտչյանն էլ պատասխանեց, որ տարիների ընթացքում իր համար միայն տույժ հանդիսացել է պատժախուցը, իսկ նկատողությունների վրա ուշադրություն չի դարձրել, չի էլ փորձել հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում: Բացի այդ, իրենց որևէ մեկը երբեք չի ասել` նկատողությունը ինչ հետևանքներ կարող է թողնել:

«Իմ համար որպես տույժ կա պատժախուց, մնացածը ես չեմ ընկալել, որ տույժը  նկատողություն կլինի, խիստ նկատողություն կլինի: Բերում են, ներկայացնում են, որ պետը նկատողություն է հայտարարել,  նայում ես նկատողություն է, ստորագրում ես, բայց ընկալել` ինչ է, ինչ հետևանքներ կարող է թողնել` չես փորձում: Հիմնարկում ոչ մեկն էլ չի փորձում բացատրել»,-ասում էր Ա. Մկրտչյանը:

Վերջինս 2011թ. մարտին և հունիսին խուցը խուզարկողներին ինքնակամ է ներկայացրել բջջային հեռախոսները: ՔԿՀ աշխատակիցները պնդել են, որ այդ դեպքում դատապարտյալը որևէ պատասխանատվության չի ենթարկվի` ՔԿՀ-ում արգելված իր ունենալու համար:

Դատավարության ընթացքում դատախազն էլ պնդեց, որ դատապարտյալը կամովին հանձնել է բջջային հեռախոսը, քանի որ վտանգ է զգացել:

«Դատապարտյալը զգացել է վտանգ, որ կարող է հայտնաբերվել, և այդ դեպքում է հանձնել բջջային հեռախոսը: Պրակտիկան ցույց է տվել, երբ խուզարկության ընթացքում է հայտնաբերվում արգելված իրը, դատապարտյալը շատ դեպքերում ստանում է խիստ նկատողություն կամ պատժախուց: Այս պարագայում կարելի է նշել, որ ՔԿՀ –ի պետը հաշվի է  առել այն հանգամանքը, որ դատապարտյալը խուզարկության ընթացքում կամովին է հանձնել: Այդ  պատճառով պատժախուց կամ խիստ նկատողություն չի հայտարարվել»,-նշեց դատախազը:

Դատապարտյալի ներկայացուցիչ Ռոբերտ Ռևազյանն էլ ասաց, որ Արթուր Մկրտչյանի գործում առկա անօրինական իրերը՝ բջջային հեռախոսը, հեռախոսի քարտերը, հայտնաբերելու համար տրվել է նույն նկատողությունը: 

«Կամովին չհանձնելու դեպքում էլ են նկարտողություն տվել, հանձնելու դեպքում էլ: Երբ ասել են, որ կամովին հանձնելու դեպքում չի ենթարկվի որևէ տույժի, անօրինական հայտարարություն է, հեռախոսը հայտնաբերելը անօրինական գործողության արդյունք է: Եթե այդօրինակ հայտարարություն չլիներ հնարավոր էր, չհայտնաբերեին հեռախոսը կամ գտնեին:  Սա փաստում է, որ քննությունը օբյեկտիվորեն չի տարվել հանգամանքները բազմակողմանի ուսումնասիրության առարկա չեն դարձել,  և մեղադրանքի հիմքում դրվել են անօրինական ճանապարհով ձեռք բերված  ապացուցներ»,-նշեց Ռևազյանը:

Գործի քննությունը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 30-ին:

Ամալյա Մարգարյան

ԵՊՀ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter