Վանաձորում քննարկեցին տուրիզմի զարգացման հնարավորությունները
Գայանե Սարգսյան
«Տուրիստներին նկարվելու տեղ է պետք»
Փետրվարի սկզբին ստեղծված Վանաձորի զարգացման խորհուրդը մարտի 25-ին հրավիրել էր առաջին հանդիպում-քննարկումը՝ «Տուրիզմի զարգացման հնարավորությունները Վանաձորում» թեմայով: Քննարկմանը մասնակցում էին ինչպես ոլորտի, այնպես էլ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, գործարարներ, ավագանու անդամներ:
«Ինչպես մյուս, այնպես էլ տուրիզմի ոլորտում ամենամեծ խնդիրը ինֆորմացիայի պակասն է»,- հանդիպման սկզբում ասաց զարգացման խորհրդի նախագահ Արմեն Մատինյանն ու ներկայացրեց Վանաձոր այցելող զբոսաշրջիկների համար ստեղծված բուկլետը, որի գոյության մասին, պարզվեց, ներկաներից քչերը գիտեին:
Ներկաները Վանաձորը գրավիչ դարձնելու համար կարևոր նախապայման համարեցին կոնկրետ բրենդի ստեղծումը, ինչը հնարավորություն կտա քաղաքը լավագույնս ներկայացնել զբոսաշրջիկներին:
«Ինչի՞ համար մարդիկ գան Վանաձոր, որ ի՞նչ տեսնեն: Հիմա Վանաձորը տարանցիկ շրջան է համարվում, գալիս են, անցնում գնում Ստեփանավան, Ալավերդի: Այսինքն՝ մենք այս պահին այնպիսի բան չունենք, որ կարողանանք տուրիստներին պահենք, ցույց տանք»,- նշեց զբոսաշրջությամբ զբաղվող «Լոռի գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Սարոյանը:
Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի ու վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանի դիտարկմամբ՝ Վանաձորում առկա ոչ բոլոր կենտրոններն ու ենթակառուցվածքներն են ներկայանալի վիճակում:
«Մենք ունենք թանգարաններ: Թանգարաններն արդյո՞ք այն վիճակում են, որ կարող են տուրիստի համար գրավիչ ու հաճելի լինել: Ունենք շատ հյուրընկալ մարդիկ, որոշ չափով ենթակառուցվածքներ, հյուրանոցային տնտեսություններ, որոնք հնարավորություն ունեն․․․ չեմ ասում շատ լավ, բայց բավարար մակարդակի ծառայություններ մատուցելու: Բայց այսքանով տուրիստին չես կարող գրավել»,- կարծիք հայտնեց նա:
Սրան գումարվում է նաև ժամանցի վայրերի բացակայությունը հատկապես կեսգիշերից հետո, ինչը քաղաքը դարձնում է առավել անհրապույր:
«Կեսգիշերից հետո բաց սրճարան չկա, սրճարանների տնօրենների հետ ենք խոսում, ասում են՝ կեսգիշերից հետո աշխատելու համար տուրքն այնքան բարձր է, իմաստ չունի աշխատելը: Գուցե ինչ-որ տարբերակներ պետք է մշակվեն, որ մարդիկ ամռանը՝ տուրիզմի ակտիվացման մեկ-երկու ամսվա ընթացքում աշխատելու դեպքում, ստիպված չլինեն տարեկան տուրքն ամբողջությամբ վճարել,- նկատեց Ա. Մատինյանը՝ նման պայմաններում արդարացված համարելով տուրիստների Վանաձոր չգալը,- տուրիստը գալիս է զբաղվելու, հանգստանալու համար: Եթե մենք ոչ հանգստի պայման ենք ստեղծում, ոչ զբաղմունքի, ոչ տեսարժան վայրի, գան ի՞նչ անեն»:

Ենթակառուցվածքների պակասի խնդրին վերջերս բախված տուրիստական ոլորտը ներկայացնող Վահագն Դավիթավյանը հիշում է, որ մի ծրագրի շրջանակներում Վանաձոր այցելած 70 երիտասարդներին ոչ մի կերպ չի հաջողվել տեղավորել քաղաքի հյուրատներում:
«Ստիպված եղանք Հաղպատում գիշերելու տեղ գտնել: Սա ևս մի փաստ է, որ մենք ենթակառուցվածքների խնդիր ունենք»,- ասում է նա:
Վերջինս հիշում է նաև տարիներ շարունակ խորհրդային շրջանի Կիրովականի հպարտության առարկա հանդիսացող ճոպանուղին, որը հետերկրաշարժյան տարիներից ի վեր գտնվում է թալանված վիճակում: Ճոպանուղու վերականգնման մասին պարբերաբար անցկացվող քննարկումներն այդպես էլ գործնական բնույթ չեն ստանում:
«Եթե ճոպանուղու հարցը լուծվեր, համոզված եմ՝ շատ մարդիկ Ծաղկաձորի փոխարեն կնախընտրեին Վանաձորը, մեր դահուկների սահուղին ոչնչով չի զիջում Ծաղկաձորին»,- ասում է Վ. Դավիթավյանը:
Նրա կարծիքին, սակայն, ներկաները համաձայն չեն՝ ասելով, որ այն բավականին մեծ ծախսեր է պահանջում:
Քննարկմանը մասնակցող ավագանու անդամ Գայանե Քալանթարյանը հիշում է անկախացմանը նախորդող տարիները, երբ քաղաքը զբոսաշրջիկների համար գրավիչ էր նաև «Հայաստան» առողջարանով:
«Ինձ մոտ հիշողություններ արթնացան նախկին Կիրովականի վերաբերյալ, երբ մեր քաղաքը չուներ հատուկ բրենդ, բայց ունեինք տուրիստական բազա և տուրիստների մեծ հոսք կար, որը պայմանավորված էր նաև «Հայաստան» առողջարանով: Կարծում եմ՝ նախ և առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել նախկինում ունեցած տուրիզմի փորձը»:
Զարգացման խորհրդի անդամ Արամ Հախինյանն էլ առաջարկեց հաշվի առնել Դիլիջանի օրինակը և քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում տեղադրել խորհրդանշող որևէ արձան-արձանախումբ:
«Եթե Դիլիջանը դրել է մի արձանախումբ, ինչ է թե Միմինո ֆիլմում Դիլիջան անունը մի անգամ հնչել է, ու դա, կարելի է ասել, դարձել է ուխտատեղի. ցանկացած անցնող իր պարտքն է համարում կագնել, նկարվել, կարելի է խորհրդանշական որևէ արձանախումբ ստեղծել, որ այդտեղ էլ պարտավորված զգան կանգնել, նկարվել, գուցե նաև կից հուշանվերների խանութից օգտվել»:

Առաջարկ հնչեց նաև մարզում քայլարշավների երթուղիներ ստեղծելու մասով: Պարզվեց՝ այդպիսիք արդեն կան:
«Տուրիզմի հետ կապված 16 երթուղիներ արդեն մշակվել են, դրանք տանում են մինչև Ստեփանավան և Օձուն»,- տեղեկացրեց Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի ու վերլուծության բաժնի պետը՝ հույս հայտնելով, որ երթուղիների մշակված ծրագրերն առաջիկայում կյանքի կկոչվեն:
Որպես տուրիզմի զարգացմանը նպաստող հանգամանքներ՝ ներկաները բարձրաձայնեցին քաղաքի դենդրոպարկի, թթու ջրի, արհեստական երեք լճերի հետ կապված ծրագրերի իրականացման անհրաժեշտության մասին:
Ներկա հկ-ների ղեկավարներն էլ առաջարկեցին տուրիստական ծրագրերում ներառել նաև այցելությունները քաղաքի արվեստագետների արվեստանոցներ, ինչպես նաև մշակութային կենտրոնների ու կազմակերպությունների խմբակներ, որտեղ տուրիստներին հնարավորություն կտրվի դառնալ ստեղծվող աշխատանքների անմիջական մասնակիցը:
Առաջարկ եղավ նախկին արդյունաբերական Կիրովականից մնացածը որպես պատմություն ներկայացնել քաղաք այցելող զբասաշրջիկներին: Առաջարկը ողջունելով ներկաները կես կատակ-կես լուրջ նկատեցին՝ տուրիստներին նկարվելու տեղ է պետք:
«Խաչվող ուղիներ» հասարակական կազմակերպության նախագահ Նարինե Ղազարյանը որպես տուրիզմի զարգացման կարևոր պայման՝ մատնանշեց քաղաքի տարածքում տեղեկատվական կենտրոնի ստեղծման անհրաժեշտությունը, որին մոտենալով՝ զբոսաշրջիկը կստանա ամբողջական տեղեկատվություն՝ վանաձորյան հանգիստը նախընտրած տարբերակով անցկացնելու համար:
Հանդիպման ավարտին որոշվեց հնչած առաջարկությունները հաշվի առնելով առաջիկայում հանդես գալ հստակ ծրագրային փաթեթներով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել