
Անվճար բուժօգնություն և դեղորայք․ովքե՞ր ունեն դրանց իրավունքն ու ի՞նչ անել, եթե դրանք խախտվել են (ինֆոգրաֆիկա)
Վերջերս «Հետք»-ի ընթերցողներից մեկը՝ Արտյոմ Ա․-ն (անունը փոխված է) պատմել էր, որ իր թոշակառու հորը, ով նախկին զինվորական է և ունի բժշկի ուղեգիր, «Փանարջյանի անվան ուռուցքաբանական ինստիտուտ»-ից հայտնել են, որ այդ ուղեգրով ախտորոշիչ ստուգումները վճարովի են. անվճար է միայն բժշկի խորհրդատվությունը։ «Թոքերի համակարգչային տոմոգրաֆիայի համար մեզանից ուզել են 40 000 դրամ»,- պատմել է Արտյոմ Ա․-ն։
Մենք զրուցեցինք Ուռուցքաբանական ինստիտուտի հաշվապահի հետ, վերջինս հաստատեց, որ ուղեգիրը չի վերաբերում լաբորատոր և ախտորոշիչ ծառայություններին։
Այսօր մենք մանրամասն կներկայացնենք՝ ովքեր ունեն անվճար բուժում ստանալու իրավունք և ինչ անել, եթե այդ իրավունքները խախտվում են:
Բժշկական օգնություն․ ու՞մ համար է այն անվճար
ՀՀ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքը երաշխավորվում է, որ յուրաքանչյուր քաղաքացի ունի առաջնային անվճար բժկական օգնության իրավունք։ Այսինքն՝ շտապօգնության ծառայությունից օգտվելը միանգամայն անվճար է բոլոր քաղաքացիների համար՝ անկախ սոցիալական խմբից և տարիքից։
Արտակարգ իրավիճակներում տուժած մարդիկ ևս բուժվում են անվճար։
Դեռևս 2004 թ․ մարտի 4-ին ընդունվել է նախագահի՝ «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման մասին» N 318-Ն որոշումը, որտեղ հստակ սահմանված է այն անձանց ցանկը, ովքեր անվճար բուժօգնություն ստանալու իրավունք ունեն։
Մինչ 2014թ. անվճար բուժօգնություն ստացող նպաստառու ընտանիքների անապահովության միավորը 38.00 էր, ապա՝ 36.00 և ավելի:2014թ. այդ թիվը նվազեց մինչև 30.00 և անվճար բուժօգնության հնարավորություն ստացավ ավելի շատ մարդ:
Ամեն տարի անվճար բուժօգնության համար պետությունը որոշակի ֆինանսական միջոցներ է հատկացնում։ 2016թ․ին արտահիվանդանոցային բժշկական օգնության և ծառայությունների իրականացման, այդ թվում՝ անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության կազմակերպման համար պետական բյուջեից հատկացվել է մոտ 29 մլն դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ մոտ 2 մլն դրամով ավելի է։
«Անվճար բուժօգնություն» հասկացությունը ամենևին էլ չի ենթադրում, որ արտահիվանդնանոցային կամ ամբուլատոր ցանկացած ծառայության պետք է լինի անվճար: Վերը նշված որոշման մեջ ներառված են սահմանափակ թվով բժշկական ծառայություններ։
Օրինակ՝ նախազորակոչային և զորակոչային տարիքի համար հստակորեն սահմանված է պոլիկիլինակական-ամբուլատոր և հիվանդանոցային ծառայությունների ցանկը (ցանկին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ):
Անվճար են թերապևտի, ընտանեկան բժշկի, վիրաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբանի, ակնաբույժ, նյարդաբանի, ստոմատոլոգի, հոգեբույժի, մաշկավեներաբանի ծառայությունները։ Հետազոտություններից անվճար են արյան ընդհանուր քննությունը, ֆլյուրոգրաֆիան, սպիրոմետրիան և այլն։
Անվճար են նաև փոքր, ոչ բարդ վիրաբուժական միջամտություն պահանջող հիվանդությունները։
Հիվանդություններ, որոնց դեպքում դեղերը տրվում են անվճար
Բացի անվճար բուժօգնությունից, կան դեղորայքներ, որոնք պետք է տրամադրվեն անվճար։ Կառավարության 2006թ․ նոյեմբերի 23-ի N 1717 Ն որոշմամբ սահմանված են այն հիվանդությունները, որոնց առկայության դեպքում բժշկական հաստատությունների կողմից տրվում են անվճար։
Տարբեր տարիներին այս ցանկը համալրվել է, և անվճար դեղորայքներ ստանալու հնարավորություն են ստացել ֆենիլկետոնուրիա, նորածնային շնչառական խանգաման համախտանիշ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, երիկամային անբավարարություն ունեցող մարդիկ։
Ի՞նչ անել, եթե ձեր իրավունքները խախտվել են
Կա այպիսի մի խոսք՝ «տեղեկացված ես, ուրեմն զինված ես»։ Իրավունքը պաշտպանել կարող է այն անձը, ով հստակորեն գիտակցում է դրանք։
Սահմանադրությամբ պետությունն այդ իրավունքների երաշխավորն է։ Այդ պատճառով բժկական օգնություն կամ անվճար դեղորայք ստանալու ձեր իրավունքների խախտման դեպքում անհրաժեշտ է զանգահարել Առողջապահոթւյան նախարարության Թեժ գիծ +374 10 52-88-72 կամ Առողջապահության պետական տեսչություն՝ +374 10 65-16-60 հեռախոսահամարով։ Այն վերահսկում է ոլորտն ու կիրառում պատասխանատվության միջոցներ առողջապահության, աշխատանքի անվտանգության և աշխատանքային օրենսդրության նորմերի կիրառման բնագավառներում։
Եթե այնումամենայնիվ անվճար բժշկական օգնություն և դեղորայք ստանալու ձեր իրավունքները ոտնահարվել են կամ դուք տեղյակ եք այդպիսի դեպքերց, խնդրում ենք զանգահարել մեզ կամ գրել [email protected] հասցեով։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել