HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդին նոր աղբավայր կունենա

Ալավերդիում արդեն մեկնարկել  է  նոր աղբավայրի կառուցման շինարարությունը:  Աղբավայրի կառուցման ֆինանսական միջոցները հայթայթելու համար Ալավերդու քաղաքապետարանը ի սկզբանե ունեցել է մտավախություն:  Սակայն  վերջինս  արդեն փարատվել է, քանի Լոռու մարզպետարանը, հաշվի առնելով աղբավայրի հրատապությունը, ՀՀ կառավարության «Հրատապ-2» ծրագրով մարզպետարանին  տրամադրված  1 միլիարդ դրամից  145 մլն դրամ է հատկացրել Ալավերդու քաղաքապետարանին, որից 65 մլն դրամը  ուղղվել է աղբավայրի շինարարությանը:

Այս մասին «Հետքին» տեղեկացրեց  Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը: Ալավերդիում կառուցվող այս աղբավայրը իր տեսակով եզակի կարող է լինել և բավարարել միջազգային  չափանիշներին, եթե այն  ապահովված լինի  մշտահոս ջրով: Սակայն  աղբավայրը  մշտահոս ջուր չի ունենա, որովհետև  վերջինիս  նախագծային  փաստաթղթերը պատրաստելու  ժամանակ  ռիսկային  է  դիտվել  ջրամատակարարման համար պահանջվող  մեծ ծախսեր նախատեսելը:

Փաստորեն աղբավայրը ջրով կապահովվի ջրի ավտոմեքենաներով, իսկ ջրի ավտոմեքենա, դժբախտաբար, Ալավերդու քաղաքապետարանն առայժմ չունի: Այսուհանդերձ,  Ախթալայի «Մեթըլ Փրինս»  կորպորացիային պատկանող  լեռնահարստացման կոմբինատի  պոչանքները  Դեբեդ գետը լցնելու սովորույթը կանխելու դեպքում,  կառուցվող  աղբավայրը  նույնպես կնպաստի Դեբեդի  և  նրա ավազանի  ոչ միայն հայկական,  այլ  միջսահմանային  հարևան վրացական` բնակավայրերի  էկոլոգիապես մաքուր  գյուղատնտեսական  մթերքների  արտադրությանը, քանի որ աղբավայրի կառուցումից հետո  այլևս Դեբեդ գետը չի թափվի  Ալավերդու կոշտ կենցաղային աղբը:

Աղբավայրի կառուցման նախաձեռնությունը  պատկանում է   Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին: Ալավերդու  քաղաքապետի պաշտոնում  մարզպետը   նախատեսել էր  աղբավայրի շինարարությունը  սկսել  2011 թ.-ի օգոստոսին և ավարտել 2012 թ.-ի վերջին:  Օբյեկտի  նախահաշվային արժեքը կազմում է  151 մլն 400 հազար դրամ: Կառուցման առաջին փուլում  աշխատանքները  սկսելու  համար 2011 թ.-ին Ալավերդի համայնքի բյուջեին պետբյուջեից հատկացված բնապահպանական սուբվենցիաներից  նախկին քաղաքապետը  հատկացրել է 35 մլն դրամ: 

Գործող  քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը  ասում է, որ  աղբավայրի շինարարությունը   շարունակելու համար  նախատեսել էր   2012 թ.-ին  համայնքի բյուջեի  բնապահպանական  65 մլն դրամ սուբվենցիան ամբողջությամբ  նպատակաուղղել աղբավայրի շինարարությանը,  որը, այդուհանդերձ,  չէր բավարարի  շիարարության ողջ աշխատանքների համար: «Հրատապ-2» ծրագրից   համայնքին տրված  ֆինանսական հատկացումները  Ալավերդու քաղաքապետարանին օգնել են ոչ միայն լուծել աղբավայրի  պահանջված ֆինանսավորումը, այլ ունենալ որոշ խնայողություններ: «Այս դեպքում  մեզ անհրաժեշտ կլինի աղբավայրի ֆինանսական միջոցները համալրել ոչ թե 65, այլ  45 մլն դրամով,  20 մլն դրամը մենք կնպատակաուղղենք այլ միջոցառումների համար»,- ասում է քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը:

Նոր աղբավայրը տեղակայվելու է քաղաքի  Մադան թաղամաս տանող  ճանապարհին հարող տարածքում գտնվող 4,6 հա  հողատարածքի վրա: Աղբավայրի կառուցման շինարարական աշխատանքները մրցութային կարգով իրականացնում է  Ալավերդիում գրանցված «Տիտանյան եղբայրներ»  շինարարական ՍՊԸ-ն, որի  նախագահ Սանասար Տիտանյանի հետ «Հետքը» նոյեմբերի 14-ի  առավոտյան  շինտեղամասում  հետևեց աղբավայրի  շինարարական աշխատանքներին:

«Հետքի» շրջայցի պահին շինարարների կողմից  Մադան գնացող  ճանապարհի  վրա  կառուցվում էին ջրահեռացման 246 մետր  երկարությամբ կանալները և աղբավայրի 3 հենապատերը, որտեղից աղբի ավտոմեքենաները  աղբը թափելու են  աղբավայր:  Աղբավայրի շինարարության վրա աշխատում էր ՍՊԸ-ի 30-ից ավելի բանվոր: «Տիտանյան եղբայրներ» ՍՊԸ-ի նախագահ  Սանասար Տիտանյանը հայտնեց, որ այս տարվա նախատեսված  շինարարական աշխատանքների համար  արդեն պայմանագիր են կնքել Ալավերդու քաղաքապետարանի հետ:

«Այս օբյեկտի համար 2012-ին լրացուցիչ պայմանագիր պետք է կնքենք նաև Լոռու մարզպետարանի հետ` «Հրատապ-2» ծրագրով աղբավայրին  հատկացված 65 մլն դրամի շինարարություն իրականացնելու համար»,- ասում է Ս. Տիտանյանը: Ըստ աղբավայրի գլխավոր շինարարի՝ աղբավայրը կշահագործվի նախատեսված ժամկետից շուտ. «Ես կարծում եմ՝ մենք աղբավայրը շահագործման կհանձնենք 2012 թ.-ի հուլիսի վերջին»: Շինարարության ընթացքում աղբավայրի տեղանքի կամ  նախագծային փաստաթղթերի հետ կապված խոչընդոտների մասին «Հետքի» հարցին Սանասար Տիտանյանը պատասխանեց. «Դե, գիտեք, որոշ խնդիրներ առաջանում են, սակայն դրանք մենք պատվիրատուի հետ անմիջապես կարգավորում ենք»:

Ըստ Սանասար Տիտանյանի՝ թեև  աղբավայրում ջրագիծ չի նախատեսված կառուցել, բայց  նախատեսված է կառուցել աղբի ավտոմեքենաների ախտահանման հատուկ հարթակ: Աղբի ավտոմեքենաները աղբը թափելուց հետո այդ  հարթակում քլորաջրով  կախտահանվեն:  «Այդ գործընթացում աղբավայրում ջուր հարկավո՞ր է, թե՞ ոչ» մեր հարցին Սանասար Տիտանյանը պատասխանեց. «Ջուր հարկավոր է: Ախտահանիչ  լուծույթ պետք է լինի: Երևի պատրաստ լուծույթ կբերեն»: Իսկ եթե աղբի ավտոմեքենաները  լվացվեն, հետո ախտահանիչ լուծույթով անցնեն, ո՞նց կլինի: «Հետքի» հարցին Սանասար Տիտանյանը պատասխանեց. «Շատ լավ կլինի»:

Ինչպե՞ս է տեսնում  Ալավերդու քաղաքապետը  ջրի ավտոմեքենայով   աղբավայրի նախատեսված ջրամատակարարումը, երբ քաղաքապետարանը չունի ջրի ավտոմեքենա. հարցին  Արտավազդ Վարոսյանը պատասխանեց. «Ջրի ավտոմեքենա չունենք, բայց պետք է փնտրենք լուծումը:  Ջրամատակարարաման համար  ամենաքիչ ծախսատար ուղղությունները պետք է փնտրենք, տեղում ջրի ակունք գտնելու միջոցով»: Արտավազդ Վարոսյանը մեզ հետ զրույցում գտնում էր, որ ամեն դեպքում աղբավայրում ջուրը անհրաժեշտ է. «Հետագայում աղբի վերամշակման արտադրամաս  պետք է կառուցվի  հենց աղբավայրին հարող տարածքում և այդ դեպքում  աղբը ոչ թե միանգամից լցվելու է կուտակիչի տարածքը, այլ աղբավայրին կից  փոքր միջանկյալ մի տարածքում պետք է կատարվի աղբի տեսակավորում: Դե, բնական է, որտեղ մարդը աշխատում է, այնտեղ ջրի  անհրաժեշտությունը  մեծ կլինի»:

Արտավազդ Վարոսյանը լավատես է, որ մինչև աղբավայրի շահագործումը  կլուծվի նաև ջրամատակարարման խնդիրը: «Աղբավայրի շինարարությունը նախաձեռնելով՝ քաղաքապետարանը 151 մլն դրամն էլ չուներ, շինարարության ընթացքում ժամանակ ունենք  խնդիրը լուծելու համար»,- ասում է նա:

Ալավերդու քաղաքապետը նաև գտնում է, որ  աղբավայրը շահագործելու դեպքում քաղաքի բնապահպանական խնդիրների էպիկենտրոնը տեղափոխվելու է աղբավայր. «Շինարարական աշխատանքների ընթացքում ևս կկատարվեն լրացուցիչ ծախսեր, որպեսզի աղբավայրը կառուցվի  շինարարական նորմերին համապատասխան:  Արդեն իսկ մենք միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի  աղբակուտակիչը  դառնա ոչ միայն աղբի կուտակման վայր, այլ նախատեսվեն  որոշակի ծրագրեր աղբից  երկրորդական հումք առանձնացնելու, տեսակավորելու և հետագա  վերամշակման ուղարկելու»: Ըստ Արտավազդ Վարոսյանի՝  աղբի  60-70 տոկոսը  հետագայում ենթարկվելու է վերամշակման:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter