HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խանումները

Գոլի Թարաղի

Գոլի Թարաղիի՝ «Երկու աշխարհ» ժողովածուում  ընդգրկված յոթ պատմվածքները, որոնք հիշողություններն են` կապված հայրենի երկրի, մանկության տարիների հետ, կամ օտարության մեջ ապրող մարդու կյանքի դժվարությունների, ներաշխարհում առաջացած մոլորվածության մասին են, կարելի է դիտարկել որպես վեպի առանձին գլուխներ: Ստորև ներկայացնում ենք «Խանումները» պատմվածքից մի հատված:

 

Խանումները

Խանում Նազը տարբերվում է Գորգեից՝ քրոջից, ինչպես երկինքը՝ երկրից: Դատարկամիտ է, նազկտան: Տասը տարով փոքր է Գորգեից: Ասում է` իսկական անունը Նազբանու է: Գորգեն քմծիծաղ տալով պատասխանում է. «Քույրի՛կ ջան, ինչքան հիշում եմ, անունդ Ֆաթեմե էր: Բակի երեխեքն էլ քոսոտ Ֆաթեմե էին կանչում, էդ ինչպե՞ս եղավ, որ հանկարծ սիրուն Նազ դարձար»:

Նազը միշտ չլսելու է տալիս այն, ինչն իրեն դուր չի գալիս: Առավոտից իրիկուն իր հիվանդություններից է խոսում, սակայն ուրիշի դարդ ու ցավի մասին լսելու համբերություն չունի: Ականջները փակում է, հարազատների դժբախտություններն ու անհաջողությունները չնկատելու տալիս: Մեկ էլ տեսար` բողոքում է անքնությունից, նվաղուն աչքերը կիսաբաց` հառաչում, ասում` մինչև լուսաբաց աչք չի փակել: Բայց ես, որ սովորաբար քնում եմ նրա սենյակում, տեսնում եմ ` գլուխը բարձին չդրած` երազների գիրկն է ընկում և խռմփացնում մինչև առավոտ: Չեղած բանից նեղանում է, մտնում սենյակը, վարագույրները քաշում, դուռը կողպում և, ի ցույց բոլորի, միայն իրեն հայտնի պատճառով խռովում: Հրաժարվում է հացից, լիքը ափսեն դնում սենյակի դռան մոտ կամ միջանցքի կենտրոնում, որպեսզի հայրիկը նկատի: Սակայն ճամպրուկը լիքն է թթի չրով, նշե կոնֆետներով, սիսեռահացով և այլ տարատեսակ քաղցրավենիքներով: Բուռ-բուռ ուտում է և կուշտ փորով քնում: Նստում է ճաշի կամ ընթրիքի սեղանի առաջ, բայց ոչ մի բանի մատով չի դիպչում: Մի գլուխ հառաչում է, երբեմն էլ մի քանի կաթիլ արցունք է գլորվում կարմիր այտերի վրայով: Թե ինչպես է աչքերից արտասուք բերում, Աստծուն է հայտնի: Ասում է. «Ապրելս իմաստ չունի, երանի մեռնեմ, մենակ թե շուտ, մինչև էս ամսվա վերջ»: (Ինչո՞ւ: Ոչ ոք չգիտի): Հայրիկը պատասխանում է, որ յուրաքանչյուրի մահվան ժամը կանխորոշված է ի վերուստ, և պետք է պատրաստ լինել դրան: Գորգեն հռհռում է Ազրայիլի[1] վրա, երդվում, որ արդեն երեք անգամ նրան դուրս է քշել իր սենյակից: Նազը փակում է ականջները, գաջի նման սպիտակում, ահուդողն ընկնում է սիրտը: Աստված գիտի` ինչքան է մահից ու ծերությունից վախենում և որքան է ինքն իրեն սիրում: Փոքրիկ հայելի ունի, բարձի տակ է թաքցնում, բայց ասում է` գեղեցկության, արտաքին տեսքի, շպարի մասին մտածում են միայն Աստծուց երես թեքած թեթևսոլիկ խանումները, ինչպես, օրինակ, մայրիկի, քեռիներիս կանանց նմանները: Իր պես աստվածավախ, անեղծ  կանայք նյութականին նշանակություն չեն տալիս, քանի որ գիտեն` մարմինը մի բուռ հող է և գրոշ չարժե: Այնուամենայնիվ, ամեն անգամ պատուհանի հետևից նայելիս, տեսնում եմ, որ հայելին հանել է բարձի տակից ու հմայված իրեն է զննում: Կոկում է հոնքերը, աչքերին սուրմա քսում, շատ ուշադիր,  հատիկ առ հատիկ ուսումնասիրում ատամները: Ցասումով պոկում է յուրաքանչյուր ճերմակ մազ և անգիր  գիտի` քանի կնճիռ ու խորշոմ կա երեսին: Սիրահարված է ինքն իրեն: Հպարտանում է բաց գույնի մազերով, սպիտակ մաշկով: Իրեն եվրոպացու տեղ է դրել և կարծում է` վերին արտի ցորենն է: Արևից այնքան է վախենում, որ ոտքը տնից դուրս չի հանում ու սենյակի վարագույրները միշտ գոց է պահում: Հազար տեսակ նրբագույն գլխաշոր ունի և աղոթքն ամեն անգամ մի գլխաշորով է անում, ասես պատրաստվում է հյուր  գնալ: Նրա համար նույնիսկ նամազն է նազուտուզ, սեթևեթանք: Աստծո հանդեպ էլ է պահանջատեր, անընդհատ դժգոհում է, բողոքում անհայտ պատճառով: Մի ծաղկավոր գլխաշոր էլ ինձ համար է կարել և ստիպում է իր հետ հավասար աղոթք անել: Ես բաց եմ թողնում մի քանի օրվա  նամազն ու երեք-չորս օրվանը միանգամից կարդում: Մերթընդմերթ էլ, երբ շտապում եմ, շեղվում եմ նամազի ընթացակարգից. կարճ ժամանակով ծնկի եմ իջնում ու աղոթքի սկիզբն ու վերջը մեկ անում: Նազն ինձ սատանայի ու դժոխքի մասին է պատմում, ասում է, որ Բարձրյալի մեծ, աներևույթ աչքն ամեն տեղ է, և նա ամեն ինչ տեսնում է: Սիրտս տարօրինակ երկյուղով է լցվում: Սկսում եմ Աստծո ամենատես հայացքը փնտրել ոչ միայն այգու մութ անկյուններում ու մառանում, այլև զգում եմ, որ նա մտքերիս խորքում է ու երազներիս մեջ: Վախենում եմ: Ամոթից կծկվում եմ ցնցուղի տակ ու չգիտեմ` ինչպես թաքցնեմ մերկ մարմինս ամենատես աչքից: Նազը պատմում է մեղքի մասին: Դառն ու մութ է մեղքի զգացողությունը, մի տեսակ հոգի մաշող, սարսափելի, գիշերվա կեսին վատ երազի պատճառով արթնանալու նման, երբ մեծերը քնած են: Նման է երկնքին ու լուսնին նայելուն, աներևույթ բաների մասին մտածելուն, ինչպիսին մահն է, աշխարհի սկիզբը, Աստծո ամենակարողությունը: Չարքերի, փերիների, սատանայի մասին է պատմում, փոքր, չար հոգիների մասին, որոնք պտույտ են տալիս սենյակներում, մարդկանց համար անտեսանելի թակարդներ լարում: Երբեմն էլ ամենայն մանրամասնությամբ պատմում է Քարբալայի մասին: Ես ու դռան հետևում նստած Հոսամ աղան աղիողորմ լաց ենք լինում: Բայց Նազի աչքերում արցունք չի երևում: Եթե արտասվում էլ է, ապա այլ պատճառով և  հետո անպայման սնուցող քսուքով մերսում է աչքերի շուրջը, բամբակյա թրջոցներ դնում կոպերին ու ժամերով այդպես պառկում: Սեթևեթանքն ու նազուտուզը հատկապես ամուսնու համար են` Հոսամ աղայի կամ արքայազն Հոսամ ալ Դուլայի, երբեմն էլ՝ Հոսամ ալ Սուլթանի՝ կախված կնոջ բարեսրտությունից ու սիրալիրության չափից, նեղացած լինելուց կամ չլինելուց: Եթե վատ տրամադրություն է ունենում, հազար անուն է կպցնում խեղճ մարդուն: Կեղծ տիտղոսների փոխարեն մուրացկան, մահմեդականի լակոտ, անպատիվ, անարժան է անվանում:

Գորգեն ասում է. «Էս խեղճ ու կրակի անունը ջուլհակ Ալի աղա էր, էդ երբվանի՞ց է դարձել արքայազն Հոսամ»:

Հոսամ աղան, ով էլ որ լինի, ջուլհակ թե արքայազն, հլու, համբերատար ամուսին է, որ մեռնում է իր քմահաճ, մանրախնդիր կնոջ համար և շան նման վախենում է նրանից: Ամեն մեկն իր սենյակն ունի, և ամուսինն իրավունք չունի առանց թույլտվության նրա սենյակը մտնելու: Իրավունք չունի վերմակին, չադրային կամ շորի քղանցքին դիպչելու: Նստում է միջանցքում, ականջը զանգի ձայնին` րոպեներն է հաշվում, թե երբ պիտի ներս կանչի: Ներս կանչելու բարեհաճությունն էլ պիտի վաստակի. Նազի՝ բաղնիք գնալու ճամպրուկը  պիտի կարգի բերի, գետնի տակից էլ լինի` խուրմա, սև թութ, Շիրազի փալուզա[2] ճարի: Երկնքից աստղեր պիտի իջեցնի, որ կինը գոնե ձեռքը գոհունակությամբ սահեցնի մազերի, դեմքի վրայով:

Հոսամ աղան ամենաշատը պարծենում է բանակի գեներալի հետ իր շփումով: (Իհարկե, երևակայական): Ամեն անգամ մեր տուն գալիս ասում է. «Գեներալը մի քանի օրով հյուրընկալվել էր մեզ: Նրա հետ որսի էինք գնացել»: Մի անգամ էլ հայրիկը ծիծաղելով ասաց. «Հաստատ օձերի ու կարիճների որսի գնացած կլինեք»: Տիկին Նազը վիրավորվեց, նեղացավ, առջևի ափսեն հրեց ու գլխացավի պատրվակով` փակվեց իր սենյակում: Ուրիշների ներկայությամբ ուշի ուշով, քաղաքավարությամբ ականջ է դնում ամուսնու հորինած պատմություններին, և Հոսամ աղան էլ հանուն կնոջ պատմում է աշխարհի սուտը, ու ինքն էլ հավատում իր հնարածին: Կնոջ սիրտը շահելու համար նա ոչ միայն անապատ ու ավերակներ կգնա օձ ու կարիճ որսալու, այլև վագր ու առյուծ էլ կսպանի: Նրա մյուս պատմություններն արտասահմանյան ուղևորությունների մասին են:

Գորգեի դեմքը, երբ աղա Հոսամը պատմում է Եվրոպայի տարբեր քաղաքներ կատարած ճամփորդությունների մասին, տեսնելու արժանի բան է: Լռում է, բայց սև աչքերը կայծեր են արձակում, աշխարհի հեգնանքը նստում է բարակ, տգեղ շուրթերին: Կիսավառ ծխախոտի մնացուկը  ճզմում է ատամներով և գլուխը` ի նշան հաստատումի (որը Նազի համար ցանկացած վիրավորանքից ու հահոյանքից հազար անգամ ավելի վատ է), տմբտմբացնում: Հոսամ աղան լավ հիշողություն չունի և ուղևորության տարեթվերը հինգ-տասը տարով խառնում է, հետ ու առաջ անում: Երբեմն մենակ է ճամփորդում, երբեմն` գեներալի հետ: Ինչևէ, այդ պատմությունների շնորհիվ է, որ Նազը հանդուրժում է նրան, թույլ տալիս պտտվել իր շուրջը և սպասավորի նման գլխահակ` կատարել իր հրամանները: Բանակի գեներալի հետ շփումի, որսի ժամանակ կատարած քաջագործությունների, Եվրոպա կատարած ճամփորդությունների մասին պատմություններից դուրս Հոսամ աղան գոլորշու նման տարրալուծվում և փողոցի փոշու ու կեղտի հետ հօդս է ցնդում: Ես համակրում եմ այդ գիրուկ մարդուն, որ մանկական բարի, քնքուշ, սպիտակ ու կլոր դեմք ունի, և սիրում եմ նրա մեղմ ձայնը, պարզ աչքերը: Կուզեի, որ սիրահարված չլիներ Նազին: Թող իր համար թառ նվագեր, երգեր, երջանիկ լիներ ու ստիպված չլիներ պատմություններ հնարել բանակի գեներալի կամ տարօրինակ կենդանիներ որսալու մասին: Երբ լսեց` ինձ համար դաշնամուր են գնելու, ցնծությունից իրեն կորցրեց: Ականջիս շշնջաց` երաժշտությունն աղոթքի նման է, որ մարդուն ավելի է մոտեցնում Աստծուն, որսն ո՜ւր, երաժշտությունն ուր: Ասաց. «Մինչ Նազին հանդիպելը, երաժիշտ էի, երգիչ: Երբ երգում էի, մարդիկ հմայվում էին, ուշքից գնում, Աստված վկա` ձեռք ու ոտքերը թուլանում էին: Այդպես եղավ, որ Նազն ինձ նկատեց: Երգս լսեց, դյութվեց, բայց երբ կինս դարձավ, առանց ժամանակ կորցնելու թառս փշուր-փշուր արեց, էլ թույլ չտվեց` բերանս բանամ: Ասաց` պիտի բանակի գեներալի հետ ընկերություն անես, որսի գնաս: Ես էլ հանուն նրա որսորդ դարձա»:

Երբ խոստովանեցի, որ ուզում եմ գրող դառնալ, ուրախացավ: Շոյեց գլուխս, ճակատս համբուրեց: Ինքն էլ խոստովանեց, որ կնոջ աչքից հեռու քիչ ու միչ ստեղծագործում է, որ Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» տասը անգամ կարդացել է: Քիչ-քիչ մտերմացանք: Աղա Հոսամն իր երկար-բարակ, անհեթեթ բանաստեղծություններն ընթերցեց ինձ համար, ասաց, որ մտադիր է Նազից թաքուն ինքնակենսագրական պատմվածք գրել և կեղծանունով հրատարակել: Հոսամ աղայի մեջ երկվություն կա, երկու տարբեր անուններով զույգ կյանք ունի, և չգիտեմ` դրանցից որ մեկն է իրական: Երբ ինձ կամ Հասան աղայի հետ է, ուրախ է , անհոգ, ասում, խոսում, ծիծաղում է, կատակում` նմանվելով Գորգեին` չհաշված Գորգեի խորամանկությունն ու խայթող լեզուն: Երգ ու երաժշտության սիրահար է: Զարկում է սկուտեղի հակառակ երեսին, ամեն հարմար առիթի դեպքում երգում: Լավ ձայն ունի, և հասկանալի է՝ ինչու է Նազը նրան սիրահարվել: Ինձնից անհամբեր է, թե երբ է տեղ հասնելու դաշնամուրը, որն արդեն մայրս պատվիրել է: Պարբերաբար հարցնում է. «Բա էդ դաշնամուրն ի՞նչ եղավ»: Ինձնից խոսք է առնում, որ երբ հմտանամ նվագելու մեջ, իրեն էլ եմ սովորեցնելու: Այս ամենը տեղի է ունենում Նազի աչքից հեռու: Կնոջ ներկայությամբ  նա դառնում է հեզ, լուռ, գլխահակ: Կերպարանափոխվում է, բոլորովին այլ մարդ դառնում: Վիզը փորն է մտնում, քիթը` երկարում,  թույլ ու ճլորած կրկնակզակը կախվում ծնոտից: Իրեն դնում է լուրջ, պատկառելի պարոնի տեղ և Նազի պահանջով ուղևորության մեկնում գեներալի հետ, երևակայական գեներալի: Դռների, վարագույրների հետևից կինը մշտապես հետևում է նրան: Եթե տեսնում է` ամուսինն ուրախ է կամ մեկի հետ սրտաբուխ զրուցում է, անմիջապես հիվանդ է ձևանում, սկսում ախ ու վախը, նվնվոցը: Չի հանդուժում Հոսամի մտերմությունը որևէ մեկի հետ: Ասես այդ գաճաճ մարդը հազվագյուտ երևույթ է: Գուցե այդ անտանելի բնավորությունն է նրանց երեխա չունենալու պատճառը: Ասում է. «Ես դեռ ինքս եմ երեխա» (դա էլ սեթևեթանքի մի ձև է): Թեև նման է մեծ արջի, բայց իրեն դնում է երկամյա երեխայի  տեղ, թլիկ-թլիկ խոսում, և Հոսամ աղան պատրաստ է ընկնելու նրա ոտքերի առաջ:

***

Նազի ու Գորգեի հայտնվելով` պարզ ու մանկական մտքերս տակնուվրա եղան, հոգիս ալեկոծվեց: Վազում եմ նրանց հետևից, բայց որևէ կետի չեմ հասնում: Զգում եմ` ոտքերիս տակից հողը փախչում է և նախկինի նման հենման` կայուն ու ամուր կետ չունեմ: Շեմիրանի գերդաստանի բարեկիրթ ու լուսավոր աշխարհը չի կարողանում դիմակայել երկու կնոջ հետամնացության ու ցուցամոլության գրոհին: Մշտապես կոկիկ, քաղաքակիրթ մարդիկ այլափոխվել են սփրթնած ուրվականների և ինձ համար դարձել սին ու անիրական: Իմ ու խանումների մտերմությունը մայրիկին ահաբեկում է: Նա տարակուսանքով նայում է Նազի նվիրած ծաղկավոր գլխաշորին ու աղոթք անելու համար նախատեսված փոքրիկ կարպետին: Անհամբերությամբ սպասում է, թե երբ է ավարտվելու ամառը, որ նրանք իրենց տները վերադառնան:

Ամեն ուրբաթ Նազի հրավերով մի երիտասարդ, աներես աղոթասաց է գալիս մեր տուն, նստում Նազի մահճակալին ու երկու ժամ շարունակ Աստծո, մարգարեների ու իմամների մասին պատմում` տեղափոխելով ինձ բոլորովին ուրիշ աշխարհ: Հասան աղան ու այգեպանի կին Ռողայեն էլ են գալիս, ունկնդրում և կանոնավոր արտասվում: Աղոթասացի հեռանալու հետ` նրանք մոռանում են ամենը, ինչ լսել են, իսկ ես ողջ գիշեր ու հաջորդող մի քանի օրերին շարունակում եմ մտածել Աստծո ու հանդերձյալ կյանքի մասին: Էլ չեմ կարողանում նախկինի նման թեթև ու աշխույժ ապրել, մայրիկի հետ Իսլամբուլի փողոց գնալ: Գորգեն ու նրա որդին առիթը բաց չեն թողնում գլխիս քարոզ կարդալու համար: Ամիրխանն ասում է, որ ոչ մեկը մինչև այսօր բանսարկությամբ Աստծուն չի մոտեցել, և Աստված կեղծավորների ու փոքրոգիների թշնամին է (նկատի ունի Նազին): Գորգեն առանց ակնարկների, բացեիբաց պնդում է, որ քույրը ստախոսի մեկն է, և նրա ասածները ցնդաբանություն են: Ճիշտ լինեն թե սուտ, Նազի խոսքերը, ահը Աստծուց ու դժոխքի կրակներից, արյանս մեջ են մտել և ինձ երկչոտ ու վախվորած աղջնակ դարձրել: Ոչինչ հարատև ու անսասան չէ: Աստված ամենակարող է, ամեն ինչ նրա ձեռքում է: Արեգակը, աստղերը, Երկիրը, ամեն բան մազից է կախված, և եթե Աստված կամենա, կարող է ցերեկը գիշեր դարձնել, ցամաքեցնել ծովերը, շրջել սարերը, օդը քարացնել ու ճզմել ողջ մարդկությանը: Վախենում եմ նույնիսկ հացի պատառից, որ բերանիս մեջ է: Երկյուղում եմ, որ սովորականի նման այն բնական ճանապարհով կուլ տալ չի լինի, և պատառը կհայտնվի մարմնիս այլ օրգանում: Ո՞վ կարող է երաշխավորել, որ հենց այդպես չի լինի,  և Աստված չի կամենա հենց այդպես վարվել: Կամ բնությունը կշարունակի՞ մնալ այնպիսին, ինչպիսին եղել է մինչև հիմա: Նազն ասում է՝ պետք է աղոթել, նամազ անել, և եթե Աստված գոհ լինի իր հպատակներից, տարօրինակ, արտասովոր բաներ չի անի: Ռամազան ամսին նրան հավասար ծոմ եմ պահում (տասը օր) և տկարությունից` քայլում եմ ճոճվելով: Նազը խաղաղ է, հանգիստ. առանց նվնվոցի, սոված-ծարավ ողջ օրը քնում է: Ծոմը բեկանելու համար ամեն երեկո Հոսամ աղան տարատեսակ մրգեր, բազմազան խորտիկներ ու ուտելիքներ է պատրաստում: Ինձ զարմացնում է Նազի` քաղցին դիմակայելու համառությունը: Մտածում եմ՝ աղոթքն ու երկրպագությունն են նրան ուժ տալիս: Հոսամ աղան էլ է ծոմ պահում, և դեմքին բոլորովին գույն չի մնացել: Ձեռքերն ու ոտքերը դողում են, լեզուն անընդհատ պտտացնում է չոր շուրթերի վրայով: Անասելի շոգ է, և ծարավը մարդ է սպանում: Հոսամ աղան ասում է՝ եթե մարդը մոռանում ու ջուր է խմում, կամ եթե չիմացության, մտացրության պատճառով ինչ-որ բան է բերանը գցում, ներելի է: Ամեն անգամ, երբ բռնացնում եմ նրան ջուր ըմբոշխնելիս, արդարանում է. «Է՜հ, ուշք ու միտքս ուրիշ տեղ էր, մոռացել էի, Աստված ողորմած է ու բարեգութ»:

Ծոմապահությունը մայրիկին զայրացնում է: Նա վախենում է, թե կհիվանդանամ: Ասում է` Նազի ծոմ պահելը տնազ է, բարձի տակ լիքը մրգաչիր կա, հենց մարդ-մուրդ չի երևում, բռերով բերանն է լցնում: Չեմ հավատում: Մտածում եմ ` մայրիկը Նազին չի հավանում ու փորձում է հեռացնել ինձ նրանից: Գորգեն էլ է նույնը պնդում ու թեև սովից ուշքս գնում է, աչքիս առաջ կծում է հյութալի ձմերուկը: Ասում է. «Հիմա՛ր երեխա, եթե չես հավատում, որ Նազկտան  խանումը ձևեր է թափում, գնա՛, բանալու անցքից նայի՛ր»:

Կեսօրին մոտ Գորգեն կանչում է, ասում. «Հենց հիմա գնա՛, պատուհանից նայի՛ր»:

Հոսամ աղան քնած է այգում` ծառերի ստվերում: Տեղը տեղին ջուր է խմել և հերթական անգամ մտացրության ու անուշադրության համար Աստծուց ներում հայցել: Պատուհանին մոտենալով` ծիկրակում եմ: Նազը շրթունքի վերնամասի մազերն է պոկոտում: Բերանը շարժվում է: Ձեռքը տանում է բարձի տակ, մի մեծ կտոր նուշով շոկոլադ  հանում, ուտում: Վրայից երկու բաժակ սառույցով ջուր է խմում, հետո մի բուռ թթի չիր  է բերանը լցնում: Հավատս չի գալիս: Ուզում եմ խեղդել նրան: Դուռը բացում եմ: Վեր է  թռչում: Բերանը լիքն է: Հայելին կայծակնային արագությամբ նետում է մահճակալի տակ, երեսը խրում բարձի մեջ: Սիրտս տրոփում է: Ամաչում եմ: Հասկանում եմ` ինձ հիմարացրել է: Աղոթքներս ունայնանում են: Նազը հապշտապ կուլ է տալիս բերանի պարունակությունը, հետո դատարկ բերանով բռնազբոս հորանջում: Ձևացնում է` իբր ոչինչ չի պատահել, բայց բարկության ուժգնությունից աչքերը թռել են ճակատին, ռունգերը թրթռում են: Հոսամ աղան նույնպես գլխի է  ընկել, որ կնոջ ծոմապահությունը ձևական է: Ողջ ընթացքում էլ իմացել է, բայց թե՛ ինձ է խաբել, թե՛ ինքն իրեն: Խնդրում է` այդ մասին, որ սխալմունք է, ոչ մեկին չասեմ: Երբ պնդում եմ, որ իմ աչքով եմ տեսել, շիկնում է, գլուխը կախում: Բռնում է ձեռքս, շոյում մազերս և անմիջապես խոսքը փոխում: Հարցնում է. «Բա էդ դաշնամուրն ի՞նչ եղավ»: Չեմ պատասխանում ու ձեռքը հրում եմ մի կողմ: Ասում է. «Կարևորն անկեղծ նպատակն է: Նշե կոնֆետ ուտելը  նշանակություն չունի: Աստված ինքն էլ երբեմն-երբեմն վրիպում է...»

Պարսկերենից թարգանեց Նունե Հովհաննիսյանը

 



[1] Մահվան հրեշտակը

[2] Աղանդեր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter