HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Lens 18-55» լուսանկարների ցուցահանդեսը Մեծամոր քաղաքում

2015թ. սեպտեմբերի  22-ին Արմավիր քաղաքում «Մարդամեջ» սոցիալական նորարարության ծրագիրը հավաք էր կազմակերպել` երիտասարդների նոր գաղափարները, մտահղացումները գործողության վերածելու համար: Այն հետապնդում էր հետևյալ նպատակը. ծառայեցնելով բոլոր տեխնոլոգիաները, նպաստել ՀՀ տեղի ունեցող բարեփոխումների գործընթացի մասին տեղեկատվության և հանրային մասնակցության բարձրացմանը, այնպիսի խնդիրների վերհանմանը, որոնց լուծումը հնարավոր կլինի տարածել օնլայն և օֆլայն հարթակներում: Ակտիվ քննարկումներից հետո պարզ դարձավ երկու հաղթող խմբերի անունները` Info դասարան և InfoPhoto: InfoPhoto-ի անդամներից Հերմինե Հարությունյանը նշեց,- «Իհարկե մեծ էր ուրախությունը, բայց և մեծ էր պատասխանատվության զգացումը, քանի որ հասարակության թույլ կողմերին` սոցիալ-տնտեսական և հոգեբանական խնդիրներին պետք է անդրադառնայինք»: Խմբերը անցան ակտիվ աշխատանքային գործունեության ծավալմանը:

Արդյունքում մարտի 22-ին Մեծամոր քաղաքում տեղի ունեցավ «Lens 18-55» լուսանկարների ցուցահանդեսը, որը կազմակերպել էր  InfoPhoto երիասարդ լուսանկարիչների խումբը: Ցուցահանդեսի բացումը սկսվեց խմբի ձևավորման և նրանց հետագա աշխատանքի մասին պատմող ֆիլմի դիտումով:

Այս ամենի մասին ավելի մանրամասն զրուցեցինք InfoPhoto խմբի ղեկավար` Հայկանուշ Հարությունյանի հետ:

Ինչպե՞ս ծագեց InfoPhoto-ի գաղափարը:

- Մենք Մեծամոր քաղաքի ՀԿ-ի ակտիվ կամավորներն ենք: Նկատեցինք ԱԶԿ խմբում տեղադրված հայտը, հետաքրքրեց գաղափարը, քանի որ նորարարական էր, սոցիալական և այն իրականացնելու համար տալիս էր հնարավորություն` ֆինանսական դրամաշնորհ` տրամադրված Եվրասիա Համագործակցության Հիմնադրամի կողմից: Շնորհիվ այս ամենի, մենք  ձեռք բերեցինք երկու լուսանկարչական ապարատ: Մտահոգված լինելով մեր քաղաքում տիրող ընդհանուր պասիվությունից՝ մենք ցանկանում էինք ավելի ակտիվ տեսնել Մեծամորի երիտասարդությանը, որ նրանք ներգրավված լինեն համայնքին, ունենան պատասխանատվություն և օգտագործեն իրենց ներուժը: Այս պատճառով որոշել էինք լուսանկարների միջոցով վեր հանել համայնքի խնդիրները և փորձել գտնել լուծումներ, իսկ «Lens 18-55» անվանումը պատահական չէ, քանի որ բոլոր նկարները արված են 18-55mm օբյեկտիվներ ունեցող լուսանկարչական ապարատներով:

- Ինչպե՞ս է ընտրվել լուսանկարների թեմատիկան:

- Յուրաքանչյուր խմբի անդամ բերում էր իր թեման: Օրինակ` Հերմինեն նկարում էր բակերում գտնվող մարդկանց, նրանց խնդիրները. պապիկների միակ զբաղմունքը բակի նարդին է, տղաները չունեն աշխատանք, իսկ երեխաները բավարարվում են իրենց տրված փոքրիկ տարածքներով: Մարգարիտան նկարել է բնությունը, միջավայրը,  շենքերը և այն ամենը, որը հնարավորություն կտա պատկերացում կազմել քաղաքի ընդհանուր տեսքի մասին: Ես շեշտը դրեցի մանկավարժներին լուսանկարելու վրա: Մեր ժամանակներում շատ կարևոր ու բարդ գործընթաց է ուսուցիչ և աշակերտ փոխհարաբերությունը: Աշակերտների շրջանակներում փոքրիկ հարցում անցկացրեցինք. արդյունքում որոշվեց, թե որ ուսուցչին պետք է նկարել: Նաև միտք է եղել ցույց տալու քաղաքի մշակույթային, պատմական արժեքները կրող մարդկանց:

1. «Երեխաների կողմից սիրված կառուսել, որը հիմա անսարք է»,  2. «ՈՒրախ՝ անգամ մոխրագույն նկարում», 3. «Զբոսանք», 4. «Սովորում ենք հիշել տառերը» (ներառական դպրոցի սան):

Լուսանկարելու ժամանակ ինչպիսի՞ խնդիրների հետ առնչվեցիք:

- Լուսանկարելու հետ կապված խնդիրներ չունեցանք: Ներառելով տարբեր տարիքի և ոլորտների տեր մարդկանց` մենք հիմնականում ականատես էինք լինում մտահոգ դեմքերի: Յուրաքանչյուրին, երբ հայտնի էր դառնում իրենց լուսանկարելու պատճառը, առաջինը, որ նշում էին, դժգոհությունն էր քաղաքում տիրող ընդհանուր վիճակի դեմ: Գործազրկությունը, մարդկանց անտեղյակ լինելը իրենց իրավունքներին, լրատվական դաշտի բացակայությունը, որը հնարավորություն կտա իրազեկ լինելու քաղաքի անցուդարձին, նաև ժամանցային վայրերի` ակումբների, արհեստագործական խմբակների, թատրոնի բացթողումները Մեծամորի բնակիչների հիմնական մտահոգությունն էին. կենտրոնում գործող միակ փոքր այգին դարձել է հավաքի վայր բոլորի համար: Այսպիսի մթնոլորտում առօրյան դառնում է դատարկ, իսկ երիտասարդությունը ձգտում է մայրաքաղաքում  կամ դրսում գտնել իր հետաքրքրությունը, ունենք նաև խելացի և գիտակ մասսա, որոնք իրենց չտրված հնարավորության պատճառով, գործունեություն են ծավալում քաղաքից դուրս:

Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ է պետք հասարակությանը՝ ավելի ակտիվ և իրազեկ լինելու համար:

- Պետք է հասարակության անդամները կարողանան իրենց ներուժը վեր հանել և չմեկուսանալ միջավայրում, այլ համախմբված ծառայել համայնքային կյանքին:

- Ձեր միջոցառումը նպաստե՞ց նրանց ոգևորմանը:

- Այո, շատ ոգևորված էին հատկապես դպրոցահասակ երեխաները. շարունակ խոսում էին ցուցահանդեսի մասին: Որոշների կողմից էլ կա ոգևորություն մասնակցելու հաջորդ «Մարդամեջին», իրականացնելու համար նաև իրենց գաղափարները:

Հետագայում ինչ անելիքներ ունեք:

- Շարունակելու ենք մեր նախաձեռնությունը: Ունենք միտք այն կազմակերպել այլ համայնքներում ևս և մեր փոքր ներդրումով  խթանել նրանց զարգացմանը:

Պատրաստեց Արմենուհի Բաբլոյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter