HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Մանիպուլյատիվ միֆեր՝ ընտրական օրենսգրքի շուրջ

Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ հանրային-քաղաքական դեբատների շրջանակներում իշխանությունը, ամենասկզբունքային հարցերում զիջումների չգնալու նկատառումներից ելնելով, հետևողականորեն զարգացնում է որոշակի միֆեր, որոնք էությամբ լինելով մանիպուլյատիվ՝ նպատակ ունեն համոզիչ դարձնել նախագծի վերաբերյալ իշխանության կողմից ներկայացվող փաստարկները:

«Քաղաքական կայունության» միֆը 

Այս կեղծ կատեգորիան առաջ է քաշվել՝ արդարացնելու համար ցանկացած ընտրության արդյունքում խորհրդարանում քաղաքական բացարձակ մեծամասնության ձևավորումը: Սրանով փորձ է արվում լրացնելու խորհրդարանական կառավարման համակարգի ամենախոցելի կողմը՝ կառավարության քաղաքական հենարանի կայունության ապահովումը՝ հատկապես այն դեպքերում, երբ որևէ առանձին վերցրած ուժ, հատկապես համամասնական ընտրակարգի պայմաններում, չի կարողանում ընտրությունների արդյունքում պարզ մեծամասնություն ձևավորել խորհրդարանում: Կարելի է ասել, որ հանրային քննարկման ներկայացված ընտրական նոր օրենսգրքի իմաստը ցանկացած գնով այդ կայունության ապահովումն է: Որ սա իշխանության համար կենսական նշանակություն ունի, հաստատում է այն հանգամանքը, որ ՀՀ նախագահ և իշխող կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանն ընտրական նոր համակարգի մասին իր վերջին անխտիր բոլոր ելույթներում հենց դա է համարում առաջնայինը. թերևս ավելի առաջնային, քան ժողովրդավարական և լեգիտիմ ընտրությունների անցկացումը: «Խիստ կարևոր է գիտակցել, որ նոր օրենսդրության և նոր ընտրությունների գլխավոր նպատակը Հայաստանի Հանրապետությունում կառավարման համակարգի կայունության ապահովումն է: Այդ պատճառով անհրաժեշտ է ունենալ Ազգային ժողովի այնպիսի ընտրակարգ, որը կերաշխավորի կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը»,-սահմանադրական փոփոխությունների կենսագործման վերաբերյալ փետրվարի 12-ի իր ծրագրային ելույթում ասել էր Սերժ Սարգսյանը:

Որպես քաղաքական կայունության ապահովման միջոց՝ օրենքի նախագծով սահմանվել է, որ եթե որևէ կուսակցություն կամ դաշինք ստանում է ընտրողների 51-53 տոկոսը, ապա նրա ընտրաձայների թվաքանակը մեխանիկորեն հավասարեցվում է 54 տոկոսի և դրան համապատասխան տեղեր են շնորհվում տվյալ քաղաքական միավորին: Այլ կերպ ասած՝ շեշտը դրվել է բացառապես քանակի ապահովման միջոցով կառավարման համակարգի կայունության ապահովման վրա: Իշխանությունը փորձում է համոզել, որ միայն 54 տոկոս ձայներ ստանալը բավարար է կառավարության համար քաղաքական հենարան ձևավորելու և երկրում տևական քաղաքական կայունություն ապահովելու համար: Այսինքն խնդրի բովանդակային կողմը բացարձակապես անտեսված է: նախ մի կողմ թողնենք այն փաստը, որ ցանկացած ժողովրդավարական երկում ընտրությունների նպատակը ոչ թե քաղաքական կայունության ապահովումն է, այլ լեգիտիմ իշխանության ձևավորումը: Եթե այդ ընտրությունները որևէ ուժի հեգեմոնիան չեն հաստատում, որևէ առանձին ուժ չի ստանում ընտրողների մեծամասնության վստահության քվեն, ապա չի կարելի նրան պարտադրել արհեստական այն պիսի լուծումներ, որոնցով այդ ուժը ստանում է որոշումների կայացման հսկիչ փաթեթը: Սա նշանակում է խեղաթյուրել ընտրողների իրական կարծիքը և ցանկությունները: Իսկ կայունությունը ոչ թե թվաբանական հավասարումներով է ապահովվում, այլև իշխանության արդյունավետությամբ ու լեգիտիմությամբ: Այլ բանաձև ուղղակի չկա:

Մյուս կողմից անգամ մեծագույն ցանկության դեպքում հնարավոր չէ հայաստանյան ձևախեղված և ավանդույթներից, արժեքներից գլխավորապես զուրկ քաղաքական համակարգի պայմաններում միայն խորհրդարանական տեղերի 54 տոկոսն զբացեցնելով լուծել կառավարման համակարգի կայունության ապահովման խնդիրը:

Թե ինչու՞, հասկանալի է դարձնում ներկայիս խորհրդարանում առկա ըստ էության երկու դաշինքներում՝ ՀԱԿ-ում, որն ընտրություններին մասնակցել էր որպես մի քանի քաղաքական ուժերից կազմված դաշինք և «ժառանգություն»-ում, որի նախընտրական ցուցակը ձևավորվել էր «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ներկայացուցիչներից, տիրող ներկայիս քաոսային վիճակը: Եթե մի պահ պատկերացնենք, որ այս երկու դաշիքններից որևէ մեկը խորհդրարանում մեծամասնություն է ձևավորում, ապա պատկերացնել միայն կարելի է, թե ինչպիսին է լինելու նրանց առաջարկած քաղաքական կայունությունը:

Այսինքն առավել քան ակնհայտ է, որ եթե մեծամասնություն ունեցող քաղաքական ուժը ինչ-ինչ պատճառներով պառակտվում է, ապա ոչ մի նշանակություն չունի՝ նրանք ընտրություններին 51 տոկո՞ս են հավաքել, 54, թե՞, օրինակ, 6: Նման քաղաքական ճգնաժամի օրինակը Հայաստանն ունեցել է. 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո, արդեն 2000թ ՀՀԿ-ՀԺԿ դաշինքային մեծամասնությունն ուղղակի դադարեց գոյություն ունենալուց և նախագահ Ռոբերտ Քոչարյանին մի կերպ հաջողվեց քաղաքական մի քանի կոմբինացիաներ իրականացնելով խուսափել իշխանության վերջնական փլուզումից: Մինչդեռ նոր Սահմանադրության պայմաններում ամենաուշը 2018-ի ապրիլից հետո նման լիազորություններով օժտված նախագահ չի լինելու:

 Նման իրավիճակ կարող է առաջանալ նաև միակուսակցական քաղաքական մեծամասնության հետ՝ ներքին պառակտում սկսվելու դեպքում: Անցած տարվա փետրվարին ԲՀԿ-ի «գլխատումից» հետո այդ կուսակցությունում սկսված պառակտումների շարքը, ինտրիգները, որոնք շարունակվում են առ այսօր, պարզորոշ ցույց են տալիս, թե ինչպես դա կարող է տեղի ունենալ: Իսկ նոր սահմանադրության ընդունոմից հետո Հայաստանի քաղաքական կյանքում, մշակույթում առանձնապես ոչինչ չի փոխվել. նույն ինտրիգներն են, կուսակցությունների ձևավորման ու ներկուսկացական հարաբերությունների նույն ճահճային մակարդակն ու համակարգը: Նման պայմաններում եթե անգամ զուտ տեսականորեն հնարավոր է մեկ կուսակցության փլուզումը, ապա խոսել երաշխավորված քաղաքական կայունության ապահովման մասին, աբսուրդ է և ինքնախափեություն: Նման կայունություն կարող է ապահովվել միայն քայն դեպքում երբ որևէ քաղաքական ուժ ստանում է պատգամավորական մանդատների առնվազն 2/3-ը: Ու պատահական չէ, որ պարտադրված կայունության ապահովման թեզը խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող որևէ լուրջ, քաղաքական կայացած համակարգ ունեցող երկրում զարգացում չի ունենում:

Փոխարենը դրա արհեստականորեն ներմուծումը, ուղղակի թե անուղղակի, հաստատում է հենց ներմուծողի կողմից սեփական իշխանության շարունակականությունն ապահովելու ձգտումը: ՀՀԿ-ն հիմա պարտադրված է ձևավորել նման մեծամասնություն: ՀՀԿ-ն փոքրիշատե վերահսկելի և կայուն կառավարման համակարգ ունենալու համար ուղղակի պարտադրված է ձևավորել բացառապես ՀՀԿ-ական մեծամանսություն՝ նույնսիկ առանց ՀՅԴ-ի: Որովհետև երբեք չի կարող վստահ լինել, որ նոր 2009թ., երբ այս կուսակցությունը հայտարարեց իշխանական կոալիցիան լքելու մասին, չի լինելու: Այսինքն ակնհայտ է, որ մնաած ցանկացած ելքի դեպքում, ՀՀԿ-ն կանգնելու է իշխանությունը կիսելով այն կորցնելու, իր դիրքերը քայլ առ քայլ թուլացնելու փաստի առջև: Ահա թե ինչու է իշխանությանն անհրաժեշտ քաղաքական կայունության ապահովման միֆի ստեղծումը…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter