HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գաղափարախոսությո՞ւն, թե՞ հաշվենկատ քաղաքականություն․ «Դաշնակցություն» կուսակցության երթը

Դաշնակցություն կուսակցությունը յոթ տարվա բացակայությունից հետո կրկին կոալիցիա է կազմել Հանրապետական կուսակցության գլխավորած կառավարության հետ:

Ինչ խոսք, իհարկե կարելի էր նաև ողջունել նման համագործակցությունը, եթե այն կատարվեր դեմոկրատական և իրավական երկրում, ուր խորհրդարանական կամ նախագահական ընտրություններում չկատարվեին խախտումներ՝ ի շահ այս կամ այն անձի կամ կուսակցության: Բայց, ցավոք, իշխանությունների գործադրած վարվելակերպը մեզ ավելի քան իրավունք է տալիս կռահել, որ բոլոր ընտրություններում էլ խախտումներ են կատարվել և այսուհետ էլ կկատարվեն: Իսկ բոլորովին էլ տարօրինակ և բացառված չէ, որ դա արվում է կառավարության անդամների և նրանց դրածոների կողմից՝ ամրապնդելու ներկայիս իշխանության լծակներին մոտ կանգնած անձանց և նրանց մերձավորների ու «խնամի-բարեկամների» շահերը, որ դրանով օրեցօր ավելի է վհատվելու հայաստանաբնակ ժողովուրդը և գոյատեւման ելք է փնտրելու օտար ափերում: Պետք չէ մարգարե լինել՝ կռահելու համար, որ ի վերջո դրանով վտանգվում է երկրի ապագան և հենց իրենց՝ իշխանավորների իշխանական աթոռը: Բայց, ըստ երևույթին, իշխանություն բանեցնելու վայելքը, անձնական շահը, այնքան է արբեցրել նրանց, որ նրանք չեն կարողանում կամ չեն ցանկանում այդ վերահաս վտանգը իրական համարել:

Այն, որ «Դաշնակցություն» կուսակցությունը իմանալով է Հայաստանի իշխանությունների հետ կոալիցիաի մեջ մտել, դա «օրինաչափ» է: Այո՛, դա ավելի քան «օրինաչափ» է, եթե աչքի առաջ ունենանք այդ կուսակցության բանեցրած քաղաքականությունը սփյուռքի հյուրընկալ երկրներում, որտեղ նրանք միշտ էլ համագործակցել են այդ երկրների ոչ դեմոկրատ իշխանությունների հետ՝ ի վնաս տեղի առաջադեմ ուժերի և աշխատավորության՝ հատկապես սփյուռքահայ աշխատավոր և Սովետական  Հայաստանին հարող հայության զանգվածների շահերին: Այն, որ նման քաղաքականությունը չի համապատասխանում կուսակցության կանոնադրության և ծրագրի ոգուն, կուսակցության լիդերներին չի էլ խանգարում. ասենք դա երբեք էլ նրանց չի խանգարել: Անցյալում նրանց գործունեությունը Իրանում, Լիբանանում և այլուր դրա ցայտուն ապացույցներից է, որը հակասում է իրենց իսկ կուսակցության կանոնադրությանը, որտեղ ասվում է.

«Հ. Յ. Դաշնակցության ընկերվարական իդեալն է այնպիսի հասարակության կերտումը, ուր մարդը ազատագրված կլինի ռասայական, կրոնական-դավանական, ազգային, քաղաքական, ընկերային եւ տնտեսական ամեն կարգի խտրականությունից, կաշկանդումից, բռնությունից եւ շահագործումից:

Փոքրամասնության ձեռքում տնտեսական եւ քաղաքական իշխանության կենտրոնացման հետեւանքով հասարակության մեջ առաջացել են դասակարգային տարբերություններ, եւ խախտվել է ընկերային համերաշխությունը: Տիրապետող ուժերը, միակողմանի օրենքների եւ կարգերի հաստատումով, ամրագրել են իրենց իշխանությունը»:

Իհարկե, որ այս ամենը շատ գեղեցիկ խոսքեր են, բայց, ավա՜ղ, միայն խոսքեր: Ինչպե՞ս հասկանալ այս բոլորը, եթե նրանք ամենուր էլ համագործակցել և համագործակցում են վերոհիշյալ սկզբունքները ամենաբռնի կերպով ոտնահարող իշխանությունների հետ: Ինչպիսի՞ ժողովրդավարության, ինչպիսի՞ ընկերավարության մասին է խոսքը, երբ Հայաստանում անկախությունից հետո դրանք երբեք չեն գործադրվել և հույս էլ չկա, որ ապագայում կընտրվեն այնպիսի իշխանություններ, որոնք պատրաստ կլինեն պայքարելու վերնախավի դեմ՝ ներկայիս դրվածքը փոխելու համար: Ի շահ աշխատավորության և դեմոկրատիայի յուրաքանչյուր դրական փոփոխություն հանդիպելու է երկրի ռեսուրսներն անխնա շահագործող, երկիրն անարգել ու անխնա տեր- տնօրինություն անող, միմիայն իրենց անձնական շահերը հաշվի առնող վերնախավի ամենաթունդ և բռի դիմադրությանը, ինչպես որ դա կատարվել է Հայաստանի նման ոչ դեմոկրատական կառույցներ ունեցող երկրներում ( վառ օրինակը ՝ՀՀ- ում  2008 թվականի մարտի մեկը):

Եվրոպական երկրների վերջին 150 տարիների փորձը ուսումնասիրելով՝ նկատվում է, որ յուրաքանչյուր երկրի առաջընթացի և զարգացման համար նախապայմանը դեմոկրատական կառույցների ստեղծումն է՝ լինի դա պետական կառավարման ոլորտում, թե՝ հասարակական: Այս երկրների ձախ և սոցիալ- դեմոկրատ կուսակցությունների երկարատև պայքարի փորձը ցույց է տվել, որ առանց նրանց ակտիվ գործունեության չէին իրագործվելու այն բոլոր փոփոխությունները, որոնք բարելավելու էին աշխատավորության կյանքը, կրճատելու էին աշխատաժամերն ու նպաստելու էին այդ երկրների զարգացմանը: Այն, որ այդ կուսակցությունների լիդերներից շատերը այդպիսով իրենց կյանքն են վտանգել, դա փաստ է: Հայտնի է, որ ժամանակին կանցլեր Բիսմարկը իրականացրեց զգալի ռեֆորմներ, որոնք Սոցիալ-դեմոկրատների ծրագիրն էին համրվում, որպեսզի այդպիսով չեզոքացնի այդ կուսակցությանը: Իսկ Հիտլերյան բռնատիրությունը ավելի մեծ հարված հասցրեց այդ կուսակցությանը. հենց այն հանգամանքը, որ ազգայնամոլ ֆաշիստները իրենց կուսակցությունը անվանեցին «Գերմանիայի Ազգային Սոցիալիստական կուսակցություն», խոսում է այն մասին, թե որքան սիրված էր Սոցիալ-դեմոկրատ կուսակցությունը ժողովրդի և աշխատավորության շրջանում: Նման համեմատությունները ապացուցում են, որ Հ.Յ. կուսակցությունը երբեք և ոչ մի երկրում չի հետևել իր սկզբունքներին ու կանոնադրությանը, որտեղ մասնավորապես ասված է.

«Հ.Յ. Դաշնակցությունը հավատում է, որ ընկերվարության իդեալը անիրականանալի է՝ առանց ժողովրդավարության, իսկ ժողովրդավարությունը թերի է եւ սահմանափակ՝ առանց ընկերվարության»:

Ըստ Դաշնակցություն կուսակցության կանոնադրության և ծրագրի և ըստ այն փաստի, որ այդ կուսակցությունը միջազգային սոցիալ- դեմոկրատական կուսակցությունների ընկերության անդամ է, ապա կարելի էր սպասել, որ Դաշնակցություն կուսակցությունը, հետևելով այդ կուսակցությունների օրինակին, պայքարելու էր Հայաստանում աշխատավորության համար գոնե ինչ որ չափով տանելի պայմաններ ստեղծելու համար: Ո՛չ, ասես կանոնադրությունը կուսակցության լիդերներին չի վերաբերվում, այլապես Հանրապետականների հետ կոալիցիոն կազմելու ժամանակ նրանք կփորձեին, ինչ որ չափով, իրենց ծրագրից, կառավարության անելիք ծրագրերի ցուցակում մտցնել՝ մասնավորապես հետևյալ հատվածը.

«Ժողովրդավարությունը պայմանավորվում է օրենսդիր, դատական եւ գործադիր իշխանությունների տարանջատումով եւ փոխադարձ հակակշռումով»:

Այո՛, իրապես Հայաստանի նման երկրների համար օրենսդիր և գործադիր մարմինների սերտաճումը չարիքների մեծագույնն է: Այն փաստը, որ Հայաստանում ոչ մի իշխանավոր պատասխանատվության չի ենթարկվել և չի ենթարկվում իր չարաշահումների համար, ապացույցն է նման կացության:

Կանոնադրության մի այլ տեղում ասվում է.

«Առաջադրված տնտեսական համակարգը պետք է հատկանշվի արդարությամբ եւ վերջ դնի ընկերային բեւեռացմանը: Ընկերային արդարության տնտեսական անհրաժեշտ հատկանիշներն են` անհատի աշխատանքի իրավունքի երաշխավորումը եւ եկամուտների արդար բաշխումը` միշտ նկատի ունենալով հավաքականության տնտեսական բնականոն զարգացումը…»

Պարզ է, որ ներկայիս կոալիցիոն կառավարությունը երբեք չի ցանկանա նույնիսկ փորձեր կատարել, նման ծրագիր իրականացնել: Ոչ դեմոկրատական երկրներում երբեք վերնախավը կամովին չի զիջել իր դիրքերը, կամ կամովին չի հրաժարվել իր շահերից: Միակ ելքը կլիներ իշխանափոխությունը, սակայն այդ հեռանկարն էլ մեզ ոչ մի իրական հույս չի ներշնչում, որովհետև իշխանության լծակներին մոտ կանգնած անձերը միշտ էլ հոգ կտանեն, որ իրենք հաղթեն ընտրություններում: Բացի այդ, ներկայումս ավելի քան թույլ և տարանջատ է ընդդիմությունը, որը կկարողանար հայաստանաբնակ ժողովրդին և մեզ՝ հեռվից դիտողներիս, այլընտրանքի հույս ներշնչել: Ներկայիս քաղաքական դաշտում առկա ընդդիմադիր կուսակցություններից և ոչ մեկը չունի այնպիսի ծրագիր, այնպիսի շարժիչ ուժ, որի շուրջը կկարողանար համախմբվել հայ ժողովուրդը. դրա բացակայությունը ավելի քան մտահոգության առիթ է տալիս…

Վերջին քսանհինգ տարիների փորձը ցույց է տվել, որ Հայաստանի ժողովուրդը պատերազմի դաշտում այնքան փայլուն հաղթանակից հետո, խաղաղ պայմաններում քաղաքական բոլոր ասպարեզներում էլ պարտություն է կրել: Նա պարտություն է գրանցել պետականություն ստեղծելու հենց առաջին քայլերից. իշխանության գլուխ են անցել այնպիսի անձնավորություններ, որոնց մտահոգությունն է եղել նախ և առաջ սեփական շահերի և իրենց իշխանական աթոռի ամրապնդումը, և ոչ թե իրավական և ամուր պետականության հիմքերի արարումն ու ամրապնդումը: Նրանք, հենց սկզբից միայն իրենց անձնական շահը նկատի ունենալով, անկարող գտնվեցին անկախ տնտեսական քաղաքականություն վարել, որը կկարողանար դիմանալ և դիմակայել և՛ ներքին, և՛ արտաքին ճգնաժամային պահերին, և՛  ներկայիս  բոլոր մարտահրավերներին…

Սամվել Հովասափյան

Բեռլին, մարտ 2016

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter