Գունավոր ճտերի «առեղծվածը»
Հարության տոնին ընդառաջ վաճառքում էին հայտնվել հավի գունավոր ճտեր: Վաճառողները պնդում են, որ դրանք անվտանգ են, մինչդեռ կենդանիների պաշտպանները և բնապահպաններն այդ կարծիքին չեն:
Գետնանցումում ծաղկավաճառ, նաև գունավոր ճտեր վաճառող Հովհաննես Խաչատրյանի խոսքով` ինքն անձամբ ճանաչում է այն մարդուն, ումից վերցնում է գունավոր ճտերին եւ վստահեցնում է, որ դրանք ստացվում են բնական ճանապարհով: «Ես գիտեմ, թե ինչպես են ստեղծվում ճուտիկները, դրանք չեն կարող թունավոր լինել: Մարդիկ գնում են երեխաների համար, եթե վտանգավոր լիներ, հաստատ չէինք վաճառի»,- ասաց Հովհաննես Խաչատրյանը։ Նա մեկ շաբաթվա ընթացքում վաճառել է մոտ 30 ճուտ` հատը 1500 դրամով: Նրա խոսքով` գունավոր թռչուններ ստանալու գաղափարը անասնաբույժ Վարդան Դավթյանինն է: Յոթ տարի աշխատելով այդ գաղափարի վրա` նա, ի վերջո, կարողացել է իրականացնել այն: Վաճառողը նշում է, որ երկրորդ փետրափոխումից հետո թռչունների բնական գույնը վերականգնվում է: «Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, որ ոմանք ասում են, թե ճուտիկները սատկում են, ես կցանկանայի նշել, որ դրանք հատուկ խնամք են պահանջում: Չի կարելի թռչուններին դնել ջրի մեջ, նրանց պետք է պահել 40-45 աստիճանի ջերմության պայմաններում», - ասաց Հ. Խաչատրյանը: Մեր հարցին, թե այդ դեպքում ինչպես են ճտերը դիմանում գետնանցումային պայմաններին, վաճառողը պատասխանեց, որ ծածկում է նրանց և այնտեղ է դնում, որտեղ միջանցիկ քամի չկա:
Գունավոր թռչունների հեղինակ Վարդան Դավթյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ավարտել է Երևանի պետական ագրարային համալսարանի մեքենաների և սարքավորումների ֆակուլտետը: «Անասնաբուծության հետ կապ չունեմ, բայց գյուղատնտեսությունից բավականին հասկանում եմ: Ես առաջին անգամ տեսել եմ գունավոր ճուտիկները Ֆրանսիայում: Երեք տարի աշխատել եմ և ինքս գտել եմ ձևը: Այժմ դա արվում է Չինաստանում, Ֆրանսիայում, Իրանում, Հնդկաստանում, բայց այնտեղ հատուկ նյութերով ներկում են թռչուններին, երկու օրից գույնը թափվում է: Ես կարողանում եմ այնպես անել, որ գույնը 20-30 օր պահպանվում է: Մոտ մեկ ամսից թռչունները փետրափոխվում են և ստանում իրենց բնական երանգը»,- ասաց Վարդան Դավթյանը: Նա չցանկացավ բացահայտել ճտերի գունափոխման գաղտնիքը` նշելով, որ դա իր հայտնագործումն է, որը նույնիսկ ցանկացել է պատենտավորել, բայց բնապահպանության տեսչությունում ասել են, թե բույսերի և կենդանիների նոր տեսակները չեն պատենտավորվում: «Ես չեմ կարող ասել, թե ինչ եղանակով եմ անում դա, բայց վստահ եմ, որ յուրաքանչուրիս սառնարանում կա այն, ինչ օգտագործում եմ: Դա վտանգավոր չէ: Նրանք, ովքեր պետք է իմանան` դա թունավոր է, թե թունավոր չէ, վտանգավոր է, թե ոչ, գիտեն»,- ասաց Վ. Դավթյանը: Բայց թե ովքե՞ր են «նրանք»` չմեկնաբանեց: Վարդանի խոսքով` գունավոր ճտերը ստուգվել են մասնավոր լաբորատորիայում, որի անվանումը չցանկացավ հրապարակել:
«Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործական միության անդամ Կարինե Փանոսյանը մատնանշում է խնդրի բարոյական կողմը` ասելով, որ դա կենդանու արժանապատվությունը վիրավորող գործողություն է: «Իսկ եթե դիտարկենք կենդանու և մարդու առողջության տեսանկյունից, ապա ներկը, որի ծագումը մեզ հայտնի չէ, կարող է ազդել ճուտիկի առողջության վրա ուղիղ կերպով և մարդու առողջության վրա` շփման արդյունքում, կամ եթե կենդանին հետագայում ծառայի որպես սնունդ` մսի միջոցով: Եվ վերջապես, մի՞թե կարելի է օգտագործել կենդանի օրգանիզմը որպես խաղալիք»,- նշեց կենդանիների պաշտպանը:
Բնապահպան Սիլվա Ադամյանը նշեց, որ այլ բնապահպանների հետ խորհրդակցության արդյունքում եկել են այն եզրակացության, որ այս խնդիրը միայն բնապահպանական չէ, այլև մշակութային, հոգևոր: «Միայն բնապահպանության նախարարությունը չի կարող պատասխանատվություն կրել: Հոգևոր մարդիկ պետք է զբաղվեն այս խնդրով: Կենդանուն օգտագործել որպես խաղալիք, այն էլ` Հարության տոնի համար, անընդունելի է: Ես վստահ եմ, որ Զատկից հետո քչերը կպահեն, կմեծացնեն ճուտիկներին տնային պայմաններում»,- ասաց Ս. Ադամյանը: Բնապահպանը կարծում է, որ գունավոր ճտերի ստացման մեջ որևէ գաղտնիք չկա, դա արվում է հասարակ մեթոդով` սննդային ներկերի միջոցով, մանավանդ, եթե հաշվի առնենք դրանց վաճառքի գինը: «Գենետիկորեն դա հնարավոր չէ, այդ ի՞նչ մուտացիա պետք է արվի նման արդյունք ստանալու համար: Կենդանու գունափոխումը կարող է իրականացվել նաև հատուկ կերերի միջոցով: Այս եղանակով են ստացվում, օրինակ, կարմիր ձկնիկները: Բայց սա ավելի վատ միջոց է: Ազդում է կենդանու առողջության և կյանքի տևողության վրա: Դա հակամարդկային, հակամշակութային քայլ է»,- ասաց բնապահպանը:
«Կենդանիների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը սահմանում է. «Կենդանական աշխարհի օբյեկտների պաշտպանության նպատակով արգելվում է՝ ա) կենդանական տեսակների ապօրինի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն, տեղափոխումը այլ ապրելավայր, կլիմայավարժեցումը եւ սելեկցիոն նպատակներով օգտագործումը, բ) պարարտանյութերի եւ թունանյութերի չկանոնակարգված օգտագործումը, գ) կենսաբանական տեխնոլոգիաների միջոցով ստացվող ձևափոխված նոր կենդանի օրգանիզմների ինքնակամ օգտագործումը, դ) կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը եւ խոշտանգումը»:
Որքանո՞վ է գունավոր ճտերի տարածումը համապատասխանում օրենքի դրույթներին` հարց է, քանի որ պատասխանատու մարմինները դեռ չեն արձագանքել: Իսկ Վարդան Դավթյանը ճտերի հետ կապված այլ պլաններ էլ ունի: «Ես փոխում եմ տեսակը, բայց գենը փոխել չեմ կարողանում: Հուսով եմ`դա էլ կկարողանամ անել, և Հայաստանում կունենանք գունավոր հավիկներ»,- ասում է Վարդան Դավթյանը:
Մարինե Ստեփանյան
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել