HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մշակութային արժեքների պահպանությունը` նորագույն տեխնոլոգիաների միջոցով

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը և CyArk-ը կազմակերպել են հանդիպում, որին ներկա էին Հայաստանում թվային տեխնոլոգիաների  միջոցով նորարարական կրթության խթանման ու պահպանության ոլորտում աշխատող մի խումբ ամերիկահայեր: Գործընկերները համայնքից աջակցություն են ակնկալում կրթական-հետազոտական նպատակների և  գալիք սերունդների համար հայկական մշակութային ժառանգության պահպանության և տարածման գործում: Նախագծի մասին ավելին իմանալու  կամ դրա հաջողությանը  մասնակից լինելու համար կարող եք այցելել www.armenia3d.org:

Հայկական հարուստ մշակութային ժառանգությունը դարերի պատմություն ունի, որը պահպանելու նպատակով էլ մեկնարկել է «Հայկական ժառանգություն. վիրտուալ ուխտագնացություն» խորագրով նախաձեռնությունը, որի նպատակն է թվայնացնել, վավերագրել և տարածել հայկական մշակութային ժառանգության վայրերը: Եռաչափ մոդելավորմամբ և արդի տեխնոլոգիաների միջոցով առաջարկվող նախագիծը ոչ միայն կպահպանի մշակութային ժառանգության վայրերի հատակագծերը գալիք սերունդների համար, այլև հնարավորություն կընձեռի հայ և օտարազգի ուսանողներին աշխարհի տարբեր անկյուններից վիրտուալ ուխտագնացություն կատարել, որի ընթացքում իրենց կցուցադրվեն թվայնացված մշակութային ժառանգության վայրերը՝ ուսուցողական բովանդակությամբ համընդգրկուն վիրտուալ շրջագայության ձևաչափով:

Նախագիծն իրականացնելու նպատակով կիրակի օրը՝  մարտի 13-ին, Լոս Անջելեսի գրադարանի հայկական  համայնքը տեղեկատվական հանդիպման շրջանակներում հյուրընկալել էր Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության (ԱՃԳԸ) անդամներին: Ելույթ ունեցան Թումոյի խորհրդի անդամ և Պիքսարի պրոդյուսեր Քեթրին Սարաֆյանը, ՍայԱրքի խորհրդի անդամ Մայքլ Էվանսը և ՍայԱրքի արտագնա մենեջեր Ռոս Դեվիսոնը:

«Անմոռանալի փորձառություն էր անցյալ տարվա հունվարին Թումոյի ուսանողներին դասավանդելն ու նրանց հետ աշխատելը», - ասել է Դեվիսոնը,- «Թումոյի ուսանողներն այնքան ընդունակ և խանդավառ են, որ վստահ եմ՝ կարող ենք նրանցից հիանալի արդյունքներ ակնկալել»:  

Քննարկվել է նաև Թումոյի և ՍայԱրքի համագործակցությունը: Սարաֆյանը խոսեց Թումո կենտրոնի մասին, որն արդի տեխնոլոգիաների ու հմտությունների կարևորմամբ իր նորարարական ծրագրով ՍայԱրքի համար լավագույն գործընկեր է: Ծրագրի ավարտին հայկական մշակութային ժառանգության տվյալների հարուստ վիրտուալ արխիվ կկազմվի,  որն ուսանողների նոր սերնդին ապագա կարիերան առաջխաղացնելու համար անհրաժեշտ հմտություններին զուգընթաց կսովորեցնի նաև իրենց պատմությունը:

Թումոյի և ՍայԱրքի առաջին համագործակցային նախագիծն իրագործվեց 2015 թ. հունվարին Գեղարդի պատմական վանքում: Արդյունքները հանրությանն անվճար հասանելի են առցանց դիտման համար՝ http://cyark.org/projects/monastery-of-geghard հղումով:

Փորձնական նախագծի հաջողությամբ ոգեշնչված՝ Թումոն որոշել է ընդլայնել ծրագիրը՝ տեսածրելով (սքանավորելով) Հայաստանի և հարևան երկրների հայկական վայրերը և այսպիսով թումոցիներին ընձեռելով գործնական փորձ և ողջ աշխարհում հայկական մշակույթի պահպանության ջանքերին մասնակցելու հնարավորություն: Մեզ անհրաժեշտ է Ձեր օգնությունը՝ կյանքի կոչելու այս արդի ծրագիրը: Մեր նպատակն է համատեղ ուժերով ապահովել անհրաժեշտ ֆինանսավորումը՝ այս վայրերը վավերագրելու նպատակով եռաչափ տեսածրիչ (սքաներ) ձեռք բերելու համար:  Նախագծի արդյունքներն անվճար հասանելի կլինեն հանրությանը՝ որպես նվեր թե՛ հայ, և թե՛ օտարազգի երիտասարդների գալիք սերունդների համար: Նախագծի մասին ավելին իմանալու կամ դրա հաջողությանը  մասնակից լինելու համար խնդրում ենք այցելել  www.armenia3d.org:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter