Ելենա Օվսյաննիկովան հերքում և 7 մլն դրամի փոխհատուցում է պահանջում ոստիկանության պաշտոնյաներից եւ պատգամավորից
Ռուսաստանի քաղաքացի Ելենա Օվսյաննիկովան անցյալ տարեսկզբից հայազգի ամուսնու և երկու անչափահաս երեխաների հետ ապրում է Երևանում: 2015-ի հունիսին մասնակցել է Electric Yerevan բողոքի ակցիաներին: Իրեն զրպարտելու և վիրավորելու համար Ելենա Օվսյաննիկովան 7 մլն դրամի ոչ նյութական վնասի փոխհատուցման հայց է ներկայացրել։ Նա պահանջել է նյութական վնասը բռնագանձել չորս պատասխանողներից՝ ՀՀ ոստիկանությունից, ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանից, ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանից և ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանից հայցը ի օգուտ իրեն լուծելու դեպքում: Առաջին երեք պատասխանողներից պահանջը 2-ական միլիոն է, ըստ ներկայացված հայցի, իսկ Էդմոն Մարուքյանից 1 մլն դրամ:
Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ ոստիկանության շահերը ներկայացնող Հովհաննես Քոչարյանը նիստը սկսելուց րոպեներ անց առարկությունով հանդես եկավ ընդդեմ լրագրողների ՝ դատը տեսաձայնագրելուն: Իսկ հայցվոր կողմի ներկայացուցիչը ևս մեկ անգամ նշեց, որ սրանով խուսափում են խոսքի ազատությունից, որն անթույլատրելի է:
Ելենա Օվսյաննիկովայի ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը ներկայացրեց, որ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը «սադրիչ», և «բոլոր ոստիկանները սեռապես մտահոգված են, իսկ դուք այստեղ նրանց առջև գնում գալիս եք» արտահայտությունների վերաբերյալ իր կողմից առարկությունների փաստաթուղթ է ներկայացրել: Նա ընդունում է, որ հայցվորին սադրիչ է անվանել և մի բան էլ ավելին, հայերեն չտիրապետողների համար հատուկ հղում է կատարել Է. Աղայանի բացատրական բառարանից, առ այն որ սադրիչ նշանակում է հրահրող, գրգռող մարդ:
«Եթե ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների համար սադրիչ և սադրանք բառերը հոգեկան տառապանք չեն ներկայացնում, ապա հայցվորի դեպքում միանգամայն այլ է: Ինչպես ցույց են տալիս արդեն իսկ ներկայացված փաստերը, հայցվորը սադրանքով չի զբաղվել և լինելով պացիֆիստ խնդրել է, կոչ է արել, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներին, խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ուժ չկիրառել»,-ասաց հայցվորի ներկայացուցիչը:
Ելենա Օվսյաննիկովայի ներկայացուցրիչները նշում են նաև, որ այդ արտահայտություններն արվել են լայն հանրության առջև և տարածվել է 1in.am լրատվամիջոցով, ինչի արդյունքում հոգեկան վիրավորանք են պատճառել հայցվորին: Քանի որ սադրիչ արտահայտության համար չեն ստացել, որևէ ապացույց, ապա արված արտահայտությունը զրպարտություն է, իսկ մյուս արտահայտությունը, Հ. Պողոսյանի ներկայացուցիչը ժխտել է:
«Այս արտահայտությունը հաստատում է նաև Նարեկ Մալյանի Ֆեյսբուք սոցցանցում արված գրառումը, մեջբերում եմ. «Սպաներից մեկը (երևի նկատի ունի հենց փոխոստիկանապետին) բարկացած հայհոյեց ու ասեց, մյուս անգամ, եթե մոտենաս զորքին, նրա սեքսուալ ֆանտազիաները ամբողջ զորքը սիրով կիրականացնի, առավել ևս տղաները դրա կարիքն ունեն»: Այս արտահայտություններով դրսևորել է խտրական վերաբերմունք հայցվորի նկատմամբ՝ պայմանավորված նրա սեռով, էթնիկ պատկանելությամբ»,-ասում է հայցվորի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը:

Պատասխանող Էդմոն Մարուքյանը ասել է, որ ալկոհոլի հոտ է փչել հայցվորից, իսկ հետո արդարացել, որ ինքը նկատի չունի, որ հայցվորը հարբած է եղել: Փաստաբանը նշեց նաև, որ հայցորի և նրա ամուսնու հետ հանդիպման ժամանակ Է. Մարուքյանը ասել է, որ հայցվորը և վերջինիս ամուսինը, չլինելով ՀՀ քաղաքացի, իրավունք չունեին մասնակցելու ցույցին:
«Ոստիկանության պետի խորհրդական Նարեկ Մալյանն էլ ֆեյսբուքյան էջում արված գրառմամբ զրպարտել և վիրավորել է հայցվորին և նշել, որ հայցվորը ուկրաինացի սադրիչ է, պրոֆեսիանոլ խառնակիչ, ով սեքս է առաջարկել Բաղրամյան պողոտայում կանգնած ոստիկաններին»,- ասաց փաստաբանը:
Ոստիկանության ներկայացուցիչ Հովհաննես Քոչարյանն էլ ներկայացրեց ՀՀ ոստիկանության շահերը և պնդեց, որ Բաղրամյան փողոցում հայցվորի կողմից կատարվել է ոստիկանության աշխատակիցների աշխատանքի խոչընդոտում, և խախտվել են անվտանգության նկատառումները:
«Թեթև խոսքը, անզգույշ արտահայտությունը, ոստիկանների հետ շատ տարօրինակ հեռավորության վրա երկխոսության մեջ մտնելը, կարող էր բերել անցանկանալի գործողությունների, և պատահական չէ, որ ոստիկանության պետի առաջին տեղակալի խոսքերը մի փոքր կատեգորիկ են հնչել, որովհետև նա է վերահսկում հավաքը և պատասխանատվություն կրում հավաքի բնականոն ընթացքն ապահովելու համար: Երբ անվանվել է սադիրչ, ոչ թե նպատակ է ունեցել կոնկրետ անձի չարամտորեն արժանապատվությունը նվաստացնել, այլ փորձել է կանխել նման արարքի կրկնությունները»,-նշեց ոստիկանության ներկայացուցիչը:
Հայցվոր և պատասխանող կողմերի դիրքորոշումը լսելուց հետո, դատավորը որոշեց դատը հետաձգել մինչև ապրիլի 26-ը:
Դատական նիստի ավարտից հետո, Ելենա Օվսյաննիկովանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը, մեկնաբանելով ՀՀ ոստիկանության ներկայացրած փաստարկները, ասաց, որ նա հանդես է գալիս ռազմահայրենասիրական ճառերով և փորձում է ոստիկանության պաշտոնյանների կողմից կատարված գործողություններն արդարացնել:
«Անհարմար է, որ ոստիկանության ներկայացուցիչը գալիս է դատարան և ռազմահայրենասիրական ճառերով, որոնք զրպարտչական են և արատավորում են ցանկացած մեկի պատիվն ու արժանապատվությունը: Փորձում է արդարանալ կամ այդ մեղավորությունը հանել, սա լուրջ չէ, սա պատիվ չի բերում ոչ իրեն, ոչ ոստիակնությանը: Ավելի պատվաբեր քայլ կլիներ եթե ճանաչեին ու իրենց ներողամտությունը հայտնեին քացաքացուն»,- ասաց հայցվորի ներկայացուցիչ Տիգրան Եգոյանը:
Ամալյա Մարգարյան
ԵՊՀ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել