
«Վանաձոր Քիմպրոմի» աշխատակիցները սպառնում են ապրիլի 1-ից գործարանը մատնել անտերության
Գայանե Սարգսյան
«Վանաձոր Քիմպրոմի» աշխատակից. «99 թվից հետո ոնց որ ֆուտբոլի գնդակ տշեցին ինձ»
Դեռ նախորդ տարվա դեկտեմբերից «Վանաձոր Քիմպրոմ» ընկերության աշխատակիցները աշխատավարձ չեն ստացել: Նախորդող մի քանի ամիսների կուտակված աշխատավարձի պարտքը մարվել էր 2015 թ.-ի դեկտեմբերի կեսին՝ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի միջնորդությամբ: Դեռ այն ժամանակ մարզպետն ասել էր, որ վերջին անգամ է զբաղվում այդ խնդրով: Վերջինս աշխատավարձի պարտքի կուտակումից խուսափելու համար կարևորել էր գործարանի աշխատողների կրճատման հարցը:
Այսօր՝ մարտի 29-ին, ընկերության աշխատակիցները կրկին հավաքվել էին Լոռու մարզպետարանի բակում:
«Մենք նախորդ անգամ ի՞նչ պայմանավորվեցինք, ես իմ խոսքերը չեմ մոռացել»,- ներկաներին ակնարկեց մարզպետը, այնուամենայնիվ, հետաքրքրվելով աշխատակիցների խնդրով:
Քիմպրոմցիները տեղեկացրին, որ նախորդ տարեվերջին շուրջ 100 աշխատող ազատվել է աշխատանքից: Չնայած դրան, ներկայումս աշխատող մոտ 200 աշխատակցի աշխատավարձի պարտքը գումարվել ու դարձել է շուրջ 62 մլն դրամ: Ընկերությունը ճանաչվել է սնանկ, սնանկության հարցերով կառավարիչն էլ մոտ երկու շաբաթ առաջ հանդիպել է գործարանի աշխատակիցների հետ::
«Սնանկության կառավարիչ Ասատրյան Կարենը որ եկավ, բոլորին հավաքեց ու հայտարարեց, որ հանկարծ մի չոփ գործարանից չհանվի, ասեց՝ դատի կգնաք, պետք ա ինվենտարիզացիա անենք»,- նշեց ներկաներից մեկը:
«Էդ որ ասել ա ոչ մի բան չկորչի, լավ ա արել, իսկ աշխատավարձերի մասին բան չասա՞ց»,- հետաքրքրվեց մարզպետը:
«Ասաց՝ ես հին պարտքերի հետ գործ չունեմ, ես անցել եմ իմ պարտականություններին մարտի 1-ից, մարտի աշխատավարձը կտամ»,- պատասխանեց քիմպրոմցիներից մեկը:
Ներկաները նշեցին, որ վերջինիս տեղեկացրել են գործարանում առկա վտանգավոր նյութերի մասին:
«Էսօրվա դրությամբ գործարանում կա 120 տոննա հեղուկ ամոնիակ, 900 տոննա սերնի կիսլատա, ասի՝ եթե մի ամիակից էստեղ բաց թողնի, մենք Վանաձորը կխեղդենք, վարի կտանք: Ասավ՝ էդքան կա՞, ինքը շատ հարցերում կուրսի մեջ չէր»,- նշեց գործարանի աշխատակիցներից մեկը:
Քիմպրոմցիները մտավախություն հայտնեցին, թե հնարավոր է երկրի նախագահին չեն զեկուցում գործարանի խնդրի մասին:
«Մեր պահանջն էն ա, որ մեր ձայնը հասնի հանրապետության նախագահին: Ինձ թվում ա՝ էդ մարդն ա մեր հարցը լուծողը, ուրիշ ոչ մեկ»,- ասաց ՋԷԿ-ի աշխատակից Զորիկ Բաբաջանյանը:
«Մեզ ոչ մեկը ձեռք չի մեկնում, գործարանի ղեկավարությունն ասում է՝ մենք անզոր ենք էդ հարցում: Մեր միակ հույսը մնացել ա մարզպետը»,- նշեց Աշոտ Ղազարյանը:
Ի տարբերություն գործընկերների, Սեդրակ Գիշյանն արդեն ոչ մի պաշտոնյայի հետ հույսեր չի կապում:
«Ասում են՝ մեզ վրա հույս մեք դնի, մենք էլ չգիտենք ո՞ւր գնանք, ո՞ւմ վրա հույս դնենք: Ո՞ւր գնանք, ասեք: Դուք կիմանաք, ասեք գնանք,- մեզ է դիմում նա ու պատասխան չստանալով շարունակում,- անտեր երկիր ա, նոր ասում էին անկախ, բայց անկախ չի, անտեր ա: Ասում են՝ սնանկ ա ճանաչվել, չկա, չենք տալու: Իսկ եթե բանկում մեկը տալիք ա էղնում, գնում են տան պատից խալին պոկում, տունը ձեռից խլում, բայց մենք տեր չունենք, անտեր ժողովուրդ»:
Վերջինս ցավով է նշում, որ տարիներ շարունակ գործարանին ծառայած խողովակաշարերը հիմա ապամոնտաժվում ու տարվում են անհայտ ուղղությունենրով:
«Տանում են խողովակները, բայց ո՞ւր ա գնում, ո՞ւմ ջեբն ա գնում, էդ ոչ մեկ չգիտի: Սնեգիրյովը փախած իրա համար ման ա գալիս, մեր 10-20-ի չափով աշխատավարձը ջեբն ա դնում, ուտել խմելով ման գալիս,- վրոդվվում է աշխատակիցն ու նկատում,- կոնկրետ մի ճիշտ բան չեն ասում, որ հավատաս»:
1965-ից գործարանում աշխատած Ռուբեն Գևորգյանին աշխատավարձի պարտքից առավել գործարանի ճակատագիրն է հուզում: 4-րդ կարգի ապարատավարից արտադրամասի պետի պաշտոնին հասած փորձառու քիմիագործն ասում է. «Գործարանի դրվածքն ինձ լրիվ ծանոթ է: 99 թվից հետո ոնց որ ֆուտբոլի գնդակ տշեցին ինձ, առայժմ պահակային ծառայությունում որպես հսկիչ-տեսուչ եմ աշխատում: Գործարանը քանդել են լրիվ: Ամոնիակի արտադրամասն առանց ՋԷԿ-ի չի կարա աշխատի, իսկ ՋԷԿ-ից մինչև քիմգործարան գնացող խողովակաշարերը լրիվ կտրտել, դեմոնտաժ են արել»:
Լսելով աշխատակիցներին, մարզպետը հորդորեց սպասել: «Չնայած նախորդ անգամ ես ասացի, որ էլ չեմ զբաղվելու, բայց թողեք մի հատ ես 0-ից մարսեմ հա, տեսնենք աշխատավարձի պարտքն ինչպես կուտակվեց, հաշվապահությունից ինֆորմացիա ստանամ…»,- ասաց նա՝ հավելելով, որ խնդիրը պետք է քննարկի նաև ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նորանշանակ նախարար Լևոն Յոլյանի հետ:
Քիմպրոմի աշխատակիցները տեղեկացրին, որ ստորագրահավաք են կազմակերպել ու գործարանի ղեկավարությանը տեղեկացրել՝ առաջիկա օրերին աշխատավարձի խնդիրը չլուծվելու դեպքում ապրիլի 1-ից գնալու են գործադուլի ու վտանգավոր նյութերով լի գործարանը մատնեն անտերության:
Մեկնաբանել