HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի մշտական բնակչության հստակ թիվը հայտնի կդառնա նոյեմբերին

ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) ամփոփել է ԼՂՀ 2015 թ. մարդահամարի նախնական օպերատիվ ցուցանիշները՝ ըստ ամփոփաթերթերի հանրագումարների: Այս մասին հայտնում է ԼՂՀ ԱՎԾ-ն:

ԼՂՀ ԱՎԾ-ն ամփոփել է ԼՂՀ 2015 թ. մարդահամարի ընթացքում հաշվեգրված բնակչության թվաքանակի վերաբերյալ տեղեկությունները՝ ըստ մարդահամարի նպատակով ձևավորված  501 հաշվային տեղամասերի ամփոփ տեղեկագրերի հիման վրա` 90 հրահանգչական տեղամասերի, դրանց հիման վրա 10 մարդահամարի տեղամասերի, իսկ վերջիններիս հիման վրա՝ ԼՂՀ ԱՎԾ Ստեփանակերտի քաղաքային և 7 շրջանային բաժինների կողմից կազմված ամփոփ տեղեկագրերի:

Վերոհիշյալ ամփոփագրերում արտացոլված տվյալների հանրագումարներին ավելացվել են ԼՂՀ արտաքին գործերի, ԼՂՀ պաշտպանության նախարարությունների, ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության և ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հատուկ կարգով հաշվառված անձանց վերաբերյալ ամփոփ տվյալները:

ԼՂՀ 2015 թ. մարդահամարի ժամանակ հաշվառման ենթակա են եղել մարդահամարի հաշվառման պահին` Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող (մշտապես և ժամանակավորապես) բոլոր անձինք (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք), ինչպես նաև ԼՂՀ-ում մշտապես (սովորաբար) բնակվող, բայց մարդահամարի հաշվառման պահին (դեկտեմբերի 1-ի 00:00 ժամի դրությամբ) հանրապետությունից բացակայողները (անկախ բացակայության ժամկետից):

ԼՂՀ ԱՎԾ Ստեփանակերտի քաղաքային և 7 շրջանային բաժինների ամփոփ տեղեկագրերում արտացոլված ցուցանիշները ենթարկվել են ընտրանքային ստուգման` ընդհուպ մինչև հաշվային տեղամասերի ամփոփագրերը: Ընտրանքի չափը կազմել էր հաշվային տեղամասերի մոտ 10 տոկոսը: ԼՂՀ ԱՎԾ մարդահամարի վարչության կողմից իրականացված ստուգման արդյունքում բացահայտվել են պարզ թվաբանական անճշտություններ և բացթողումներ (թվաբանական գործողության սխալ, հաջորդող ամփոփագրերի ընդհանուր թվաքանակի հանրագումարում` հաշվային տեղամասի ամփոփագրերից երբեմն միայն տղամարդկանց թվաքանակի ցուցանիշի սյունակի հանրագումարի օգտագործում, կամ հաշվարարի կողմից 1 կամ 2 հարցաթերթերի տվյալների բացթողում` դրանց չարտացոլում ամփոփաթերթերում և այլն): Բացահայտված սխալների տեսակարար կշիռը հանրագումարի նկատմամբ կազմել է 0.14 տոկոս: Ընդ որում, ստուգման խորությունը սահմանափակվել է վերոհիշյալով, քանի որ հարցաթերթերի տրամաբանական ստուգումն իրականացվելու է համակարգչային հատուկ ծրագրի (CSPro) միջոցով, տվյալների մուտքագրումից հետո: Վերոհիշյալ ամփոփագրերում արտացոլված տվյալների և հատուկ կարգով հաշվառված անձանց վերաբերյալ ամփոփ տվյալների հանրագումարի արդյունքում ստացվեց հետևյալ պատկերը.

ԼՂՀ 2015 թ. մարդահամարի ժամանակ (դեկտեմբերի 1-ի 00:00 ժամի դրությամբ) հաշվեգրված բնակչության նախնական օպերատիվ ցուցանիշը (1) կազմել է 150.932 մարդ:

Ամփոփման արդյունքում հնարավոր է եղել ստանալ նաև առկա բնակչության թվաքանակի վերաբերյալ նախնական տվյալներ:

Առկա բնակչության նախնական օպերատիվ ցուցանիշը կազմել է 146.260 մարդ:

Առկա բնակչության թվաքանակը (2) ստացվել է մարդահամարի ժամանակ` 2015 թ. դեկտեմբերի 1-ի 00:00  ժամի դրությամբ հաշվեգրված անձանց ընդհանուր թվաքանակից հանելով բացակայող անձանց թվաքանակը:

Մշտական բնակչության թվաքանակը (3) կստացվի բոլոր հարցաթերթերի կոդավորման, մուտքագրման և ծրագրային մշակման արդյունքում, ինչը նախատեսվում է ավարտել 2016 թ. նոյեմբերին:

Ցուցանիշների սահմանումները

(1). Հաշվեգրված բնակչության ցուցանիշը` մարդահամարի ընթացքում հաշվարարի կողմից բնակչության հարցման եղանակով մարդահամարի հարցաթերթում լրացված բոլոր անձանց թվաքանակն է (ներառյալ` ինչպես ներկա, այնպես էլ բացակա):

(2). Առկա բնակչություն` տվյալ տարածքում մշտապես բնակվող ու հաշվառման պահին ներկա և ժամանակավոր ներկա բնակչության թվաքանակի ցուցանիշների հանրագումարը:

Ժամանակավոր ներկա է համարվում մարդահամարի պահին տվյալ տարածքում ոչ ավել, քան մեկ տարի ժամկետով գտնվող և մշտապես չբնակվող անձը:

(3). Մշտական բնակչություն` տվյալ տարածքում մշտապես բնակվող ու հաշվառման պահին ներկա (առանց ժամանակավոր ներկաների) և ժամանակավոր բացակայող բնակչության թվաքանակի ցուցանիշների հանրագումարը:

Ժամանակավոր բացակա է համարվում մարդահամարի պահին իր հիմնական (մշտական) բնակության վայրից մինչև մեկ տարի ժամկետով բացակա անձը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter