HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցմահ դատապարտյալի դիմումն ընդդեմ ՔԿՀ-ի մերժվեց

«Իմ նպատակն ամեն գնով ազատվելը չի: Ես ուզում եմ որ ամեն ինչ արդար լինի, և օրենքով լինի: Հեռախոսը որևէ այլ իրավախախտման չի ծառայել, անարդար է հարազատների հետ շփվելու համար զրկեն վաղաժամկետ ազատումի իրավունքից»,- Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց 20-րդ տարին բանտում գտնվող, ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանը:

Դատապարտյալի խոսքը լսելուց հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանը կայացրեց մերժման որոշում: Նա հայտարարեց, որ Արթուր Մկրտչյանի դիմումը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի կայացրած երկու որոշումներն անվավեր ճանաչելու մասին, ենթակա է մերժման:

Նախկին զինծառայողը Արթուր Մկրտչյանը, որ 20 տարի շարունակ գտնվում է անազատության մեջ, դիմել էր դատարան, քանի որ Նուբարաշեն ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովն իրեն չէր ներկայացրել պայմանական վաղաժամկետ ազատման: Պատճառը Արթուր Մկրտչյանի մոտ հայտնաբերված բջջային հեռախոսներն են, որի հետևանքով ՔԿՀ-ը սահմանել էր տույժի որոշումներ:

1997 թ-ին համածառայակիցների սպանության մեղադրանքով մահապատժի (2003-ից ՀՀ նախագահի հրամանագրով ցմահ ազատազրկման դատապարտված) Արթուր Մկրտչյանն ասաց, որ 1997-ին դատապարտյալները չեն իմացել իրենց իրավունքները, հաշվի է առնվել աշխատակազմի ցանկությունը, և չի եղել որևէ միջոց հարազատների հետ կապ պահպանելու համար:

«Մեզ չեն ներկայացվել մեր իրավունքներն ու պարտավորությունները, երբ ինձ դատապարտեցին մահապատժի, որևէ կապ չկար ընտանիքիս հետ, միայն Կարմիր խաչի շնորհիվ էինք նամակներ փոխանակում, տևեց 6 տարի: Կարգերի փոխվելուց հետո հեռախոսակապ տրամադրվեց, որը բավական թանկ հաճույք է և ընտանիքի հետ կապը պահպանելու համար  ստիպված հեռախոսներ էին պահում: Ես գիտեմ՝ օրենքը թույլ չի տալիս, բայց միշտ չէ, որ օրենքն արդար է»,-նշեց Արթուր Մկրտչյանը:

Արթուր Մկրտչյանը ունեցել է բջջային հեռախոս, որով կապ է պահպանել ծնողների հետ, քանի որ ցմահ դատապարտյալները կարող են ամսական 2 անգամ զանգահարել տաքսաֆոնից, որի մեկ րոպեն 150 դրամ արժե, իսկ քարտերի ծախսերը վճարում են դատապարտյալների հարազատները:

Արթուր Մկրտչյանը 2011թ. մարտ և հունիս ամիսներին խցում խուզարկություն անող ՔԿՀ աշխատակիցներին ինքնակամ է հանձնել բջջային հեռախոսները, քանի որ նրանք պնդել են, որ դատապարտյալը որևէ պատասխանատվության չի ենթարկվի: Հետագայում Արթուր Մկրտչյանն իմացել է, որ ստացել է նկատողություն՝ չիմանալով  հետևանքների մասին, քանի որ որպես պատիժ ինքը գիտակցել է միայն պատժախուցը: Ինչպես Արթուր Մկրտչյանն է նշել, նկատողության առաջացրած հետևանքների մասին ՔԿՀ-ում ոչ մեկը որևէ բացատրություն չի տվել: Իսկ մեկ տարվա մեջ ստացած երկու նկատողության հետևանքով անձը  ևս հինգ տարի զրկվում է պայմանական ազատման իրավունքից:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրավաբան, փաստաբան Ռոբերտ Ռևազյանը դատական նիստի ավարտից հետո ասաց, որ որոշումը կբողոքարկվի, ինչպես նաև հնարավոր է դիմեն Սահմանադրական դատարան:

«Դատարանը պետք է  գոնե առաջին որոշումն անվավեր ճանաչեր, քանի որ ՔՀԿ աշխատակիցն  անօրինական ճանապարհով  է ձեռք բերել ապացույցը՝ բջջային հեռախոսը: Պետք է նախ ծանոթանանք, թե ինչ հիմքերով է մերժումը եղել, հետո բողոքարկենք: Ես չեմ բացառում Սահմանադրական դատարան դիմելու հարցը»,- նշեց Ռևազյանը:                                  

Ամալյա Մարգարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter