Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ հարկային օրենսգրքի նախագծին
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ հարկային օրենսգրքի նախագծին: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշել է. « ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվում ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի լրամշակված տարբերակը: Դեռևս 2015թ. հոկտեմբերի 8-ին ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց Հարկային օրենսգրքի նախնական, այսինքն՝ քննարկումների համար ներկայացվող տարբերակը, և հանձնարարվեց ֆինանսների նախարարությանը, որ շահագրգիռ քննարկումներ կազմակերպվեն գերատեսչությունների, ինչպես նաև ծավալվի հանրային քննարկումների բավականին լայն աշխատանք: Այդ կապակցությամբ օրենսգրքի նախագծի նախնական տարբերակը անցել է բավականին լայն քննարկումներ ինչպես շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ, այնպես էլ հարկային խորհրդում: Բազմաթիվ խորհրդակցություններ են եղել նաև ՀՀ վարչապետի մոտ: Այդ քննարկումներից հետո Հարկային օրենսգրքի նախագիծը, ի սկզբանե ամրագրված սկզբունքների ներքո, լրամշակվել է և դրա արդյունքում ինչպես քաղաքականության, այնպես էլ վարչարարության ուղղությունները ճշգրտվել են: Փաստաթուղթը բավականին լայնածավալ է, սակայն ես կցանկանայի շատ հակիրճ մի քանի սկզբունքների ներքո ներկայացնել այն միջոցառումները, որոնք կոչված են արտացոլելու, թե ինչպես են այդ սկզբունքները իրացվելու:
Առաջին սկզբունքն այն է, որ կարևորվում է մեծապես, որ Հարկային օրենսգիրքը պետք է ապահովի տնտեսության երկարաժամկետ աճը՝ չկարևորելով կարճաժամկետ արդյունքները: Այս սկզբունքի ներքո առաջարկում ենք մի շարք արմատական միջոցառումներ, մասնավորապես ԱԱՀ-ի մասով օրենսգրքի ընդունումից հետո ոչ միայն արտահանողները հնարավորություն կունենան ստանալ ԱԱՀ-ի գումարները, որոնք որ վճարված են մատակարարներին, այլ նաև այն տնտեսավարող սուբյեկտները, ովքեր մեր տնտեսությունում կատարել են ներդրումներ և ներդրումների մեծածավալությամբ պայմանավորված հնարավորություն չեն ունեցել օգտագործելու վեց ամսվա կտրվածքով իրենց մատակարարներին վճարած ավելացված արժեքի հարկի գումարները: Այսինքն՝ վեց ամսվա կտրվածքով հետ կվերադարձվի նշված տնտեսավարող սուբյեկտների ԱԱՀ-ի գումարները, որպեսզի նրանք կարողանան այդ գումարները օգտագործել: Մեկ այլ միջոցառում. նախատեսվում է տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող արտադրական սարքավորումների, ինչպես նաև հումքի որոշ տեսակների համար ԱԱՀ-ի գումարների տարաժամկետում: Դա նշանակում է, որ օրենսգրքի ընդունումից հետո արտադրական նշանակության սարքավորումները, ինչպես նաև հումքի տեսակներ երրորդ երկրներից ներմուծվելու դեպքում ԱԱՀ-ն կվճարվի ոչ թե մաքսային մարմին ներմուծման օրվանից 10 օրվա ընթացքում, այլ կվճարվի հարկային մարմնին մինչև հաջորդ ամսվա 20-ը, այսինքն՝ ժամանակային առումով տնտեսավարող սուբյեկտները այստեղ ևս հնարավորություններ կունենան: Կարևորվում է նաև վերամշակման գործընթացի զարգացումը մեր երկրում և այդ առումով, այն տնտեսավարող սուբյեկտները, ովքեր վերամշակում կիրականացնեն ՀՀ-ում և արտահանում կիրականացնեն ՀՀ-ից որոշակի ժամանակահատվածում նրանց համար ոչ թե ԱԱՀ կգանձվի սահմանին և կվերադարձվի, այլ ոչ կգանձվի և ոչ էլ կվերադարձվի, որպեսզի ժամանակային առումով նրանք հնարավորություն ունենան գումարներն օգտագործելու: Ի դեպ նշեմ, որ վերջին միջոցառումը ՀՀ վարչապետի հանձնարարությամբ կառանձնացվի օրենսգրքի նախագծից, քանի որ միջոցառումը նախատեսվում է իրականացնել ավելի վաղ, քան օրենսգրքի ընդունման ժամկետներն են: Առհասարակ ԱԱՀ-ի մասով մենք նախատեսում ենք հաշվանցումների ազատականացում, որը տարիներ շարունակ մենք սահմանափակել ենք տվյալ պահին թելադրվող անհրաժեշտությունից ելնելով և կարծում ենք, որ գործարար հանրությունը շատ լավ գիտակցում է, որ նման ազատականացումները նշանակում է բիզնեսի մոտ լրացուցիչ միջոցների առկայություն: Այս սկզբունքի ներքո մեր առաջարկությունները չեն սահմանափակվում միայն ԱԱՀ-ով: Նման մոտեցում ունենք նաև շահութահարկի գծով, մասնավորապես, նախատեսում ենք ծախսերի ճանաչման սկզբունքի առումով ազատականացում, որպեսզի արտերկրում ապրանքների գովազդի, մարկետինգի, կադրերի պատրաստման և վերապատրաստման ծախսերի գծով նվազեցումները կատարվեն առանց որևէ կաշկանդվածության և սահմանափակման: Իհարկե, նախատեսում ենք նաև ընդհանուր դաշտում գործող անհատ ձեռնարկատերերի համար հարկային բեռի նվազեցում, որպեսզի հավասարվի շահութահարկին և բիզնես իրականացնելու առումով այդ դրույքաչափերը լինեն համեմատաբար ավելի չեզոք:
Երկրորդ սկզբունքը վերաբերում է նրան, որ կարևորվում է ինչպես միջինժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հատվածում բյուջետային եկամուտների կայունությունը: Այս սկզբունքի ներքո հիմնական առանցքային ուղղությունը հանդիսանում են ակցիզային հարկերը, քանի որ եկամուտների գեներացման հիմնական աղբյուրը դիտարկվում է ակցիզային հարկը: Այդ առումով նախատեսվում է 2017-2021 թթ. ընթացքում սահուն, ըստ տարիների որոշակիորեն վերանայել ծխախոտի արտադրանքի, օղու, ինչպես նաև վառելիքի որոշ տեսակների համար ակցիզային հարկի դրույքաչափերը: Ծխախոտի և օղու մասով մենք դրույքաչափերը համապատասխանեցնում ենք, ներդաշնակեցնում ենք Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում գործող դրույքաչափերին, քանի որ ունենք նման պարտավորվածություն: Բայց, այնուամենայնիվ, կցանկանայի նշել, որ անգամ 2021 թ. մենք չենք հավասարվում նշված դրույքաչափերին և ունենում ենք ընդհանուր ինդիկատիվ դրույքաչափից 20 տոկոս ավելի ցածր դրույքաչափեր:
Հարկային օրենսգրքի մշակման աշխատանքների շրջանակներում, բնականաբար, սկզբունքային է եղել նաև հարկման այլընտրանքային համակարգերի կիրառությունը: Կցանկանայինք նշել, որ Հայաստանն այսօր աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը հարկման այլընտրանքային համակարգերի տարածվածությամբ, ինչն էականորեն աղավաղում է համակարգը և ցուցաբերում անարդարացի դրսևորումներ: Վերանայվել են նաև այդ մոտեցումներն այն նպատակադրմամբ, որ երկարաժամկետ հատվածում, իսկ մենք օրենսգիրքը դիտարկում ենք որպես երկարաժամկետ հատվածի փաստաթուղթ, բիզնեսի 90 տոկոսը չի կարող պարզապես գտնվել հարկման այլընտրանքային ռեժիմների ներքո, և այդ առումով քաղաքականության որոշակի վերանայումներ են կատարվել այն նպատակադրմամբ, որ իրապես փոքր բիզնեսը շարունակի օգտվել այն ընթացակարգերից և այն, հարաբերականորեն այսպես կոչված, արտոնություններից, որը ներկայումս կիրառվում է:
Արմատական են նաև հարկային վարչարարության բարեփոխումները: Այս առումով մեծապես կարևորվում է հարկային կարգապահության բարձրացումը, մի կողմից, իսկ մյուս կողմից, նաև համակարգի թափանցիկության ապահովումը և միջազգային պրակտիկայում ընդունված հարկման ինքնագնահատման, այսպես կոչված, համակարգի կիրառությունը, ինչը նշանակում է սպասարկման լրիվ նոր որակ: Հարկային կարգապահության բարձրացման տեսանկյունից օրենսդրությունում ներառվել են մի շարք միջոցառումներ, մասնավորապես, հարկումից խուսափելու երևույթները կանխելու առումով, տրանսֆերային գնագոյացման կանոններ են նախատեսված, անուղղակի եղանակներով պարտավորությունների հաշվարկման առավել առաջադեմ մեթոդներ են նախատեսված օրենսդրությունում: Սպասարկման առումով արմատական էր միասնական գանձապետական հաշվի գաղափարի ներդրումը. այդ փաթեթը, ինչպես հայտնի է, օրենսգրքից առանձնացվեց և առանձին փաթեթով արդեն իսկ ընդունվեց Ազգային ժողովի կողմից, որպեսզի ժամանակային առումով հնարավոր լինի դա ծրագրավորել, և համակարգը կիրառվի 2018թ. հունվարի 1-ից, ինչը կտրուկ նվազեցնելու է շփումները հարկ վճարողների և հարկային ծառայողների միջև:
Իհարկե, մեծապես կարևոր է նաև, որպեսզի այս փոփոխությունները, որոնք լայնածավալ են, և բավական մեծ թվով կարգավորումների մասին է խոսքը, լինեն նաև ժամանակային առումով սահուն, և այդ իսկ պատճառով միջոցառումների իրականացման տեսանկյունից նախատեսված են նաև համապատասխան ժամանակահատվածներ, մասնավորապես, 2018, մինչև 2020, 2021 թթ. համար միջոցառումներ են նախատեսված: Բոլոր կարգավորումները տրվել են այն նպատակադրմամբ, որ նոր Հարկային օրենսգիրքը պետք է բիզնեսի համար ապահովի կայունություն և կանխատեսելիություն, որովհետև սա եղել է հիմնական սկզբունքային հարցերից մեկը: Իհարկե, սրանով մենք դիրքորոշում չենք արտահայտում առ այն, որ Հարկային օրենսգրքի ընդունումից հետո մենք բացառում ենք որևէ փոփոխությունների կատարումն օրենսգրքում, բայց համոզված ենք, որ հիմնաքարային մոտեցումները և հարկային համակարգի հիմնական բաղադրիչները երկարաժամկետ հատվածում փոփոխությունների չեն ենթարկվելու: Այսքանը, պարոն վարչապետ, խնդրում եմ հաստատել և մեկ շաբաթ ժամանակ տալ, որպեսզի գործընկերների հետ մենք կարողանանք ձևակերպումները վերջնականացնել»,-նշել է Վ. Միրումյանը:
Անդրադառնալով հարցին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ լայնածավալ աշխատանք է իրականացվել. օրենսգրքի նախագիծն անցել է քննարկումների երկար փուլ և քննարկվել է բազմաթիվ հարթակներում: Ըստ գործադիրի ղեկավարի՝ անհրաժեշտ է մեկ շաբաթում ամփոփել, բոլոր տեսակետներն ի մի բերել և օրինագիծը ներկայացնել Ազգային ժողով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել