
Իրանական «Սաներջի» ընկերությանը կտրվի լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվություն
Կառավարության որոշմամբ ՀՀ-ում Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի՝ Մեղրիի և Ագարակի համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման նպատակով իրանական «Սաներջի» ընկերությանը կտրվի լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվություն: Հիմնավորման համաձայն՝ ԻԻՀ և ՀՀ կառավարությունների միջև 2011թ. դեկտեմբերի 23-ին ստորագրվել է ԻԻՀ-ի կողմից ՀՀ-ին զարգացման օժանդակություն տրամադրելու մասին փոխըմբռնման հուշագիր: ԻԻՀ կառավարությունը համաձայնել է հուշագրի շրջանակում տրամադրել 2 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ ծրագրի իրականացման համար: Հայկական կողմն իր վրա է վերցրել հուշագրի շրջանակում տրամադրվող միջոցների հաշվին ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման և ապրանքների ներմուծման գործարքներից գանձվող հարկերի, մաքսատուրքերի և այլ պարտադիր վճարների հետ կապված ծախսերը: 2011թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և իրանական «Սաներջի» ընկերության (Sanergy) միջև կնքվել է ծրագրի իրականացման պայմանագիր, համաձայն որի ընկերությունը պարտավորվել է իրականացնել գազի բաշխման ցանցի նախագծումը, կառուցման համար պահանջվող սարքավորումների և պարագաների մատակարարումը, տեղակայումը, շահագործման հանձնումը և տեխնիկական հսկողությունը:
Մեկնաբանել