
Նախարարներին կից կստեղծվեն հասարակական խորհուրդներ
Նախարարին կից հասարակական խորհուրդ ստեղծելու և նախարարությունների առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցությունը ապահովելու նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած մի շարք որոշումներում: Ըստ հիմնավորման՝ նախարարությունների գործունեության թափանցիկությունը և մասնակցային կառավարումն ապահովելու նպատակով արդիական է դարձել քաղաքականությունների և օրենսդրական բարեփոխումների գործընթացում քաղաքացիական հասարակության արդյունավետ և հաշվետու մասնակցային համակարգի ձևավորման խնդիրը: Այս առումով անհրաժեշտություն է առաջացել ստեղծել նախարարության կից հասարակական խորհուրդ, որը կներկայացնի առաջարկություններ և դիտողություններ նախարարության քաղաքականության առավել արդյունավետ իրականացման, ձեռնարկվող բարեփոխումների, ընդհանուր քաղաքականության ուղղությունների, իրականացվող աշխատանքների առաջնահերթությունների, ընթացիկ գործունեության, նախարարության առանձնացված ստորաբաժանումներ հանդիսացող գործակալությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ: Հասարակական խորհուրդը կարող է աջակցել հանրային քննարկումներին նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման վերաբերյալ, ինչպես նաև ՀԿ-ների կամ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ քննարկել հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները: Խորհրդի կազմում նախատեսվում է ընդգրկել ՀԿ-ների, զանգվածային լրատվության միջոցների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների, ինչպես նաև այն շահագրգիռ անձանց, որոնց գործունեության բնույթը համընկնում է նախարարության գործունեության հիմնական ուղղություններին:
Մեկնաբանել