
«Հիմար վիճակի մեջ ենք, մեզ տեսնում են ծիծաղում, ասում են՝ դուք տանում եք մուծում, մենք առանց մուծել քշում ենք»
Վանաձորցի անհատ տաքսու վարորդ Արտակ Սարաֆյանին հանդիպեցինք Վանաձորի կենտրոնական հատվածում: Կեսօրին մոտ էր, սակայն առավոտից աշխատանքի դուրս եկած տաքսու վարորդը դեռ սպասում էր առաջին ուղևորին:
Արտակն ասում է, որ նախկինում տարիներ շարունակ աշխատել է տաքսի ծառայությունում, սակայն վաստակածը չափազանց քիչ է եղել:
«Տաքսի ծառայություններում ուրիշ է, առավոտից իրիկուն քշում ես, իսկ եկամուտ չկա, տոկոսային հարաբերությամբ էինք վարձատրվում՝ 70/30, դա շատ քիչ ա: Պետք ա շատ քշես, ըտենց էլ գերհոգնում ես, չես կարում նորմալ քշես»:
Տեսնելով, որ չի կարողանում հոգալ ընտանիքի ծախսերը, Արտակը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի: Որոշ ժամանակ այնտեղ աշխատելուց հետո, սակայն, առողջական վիճակը վատացել է ու ստիպված է եղել վերադառնալ:
Հայաստանում աշխատանք չգտնելով, Արտակը որոշել է մեքենա գնել ու տաքսի ծառայություն մատուցել:
2015թ.-ի աշնանը հերթական ստուգայցից հետո ստիպված է եղել դիմել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն՝ տաքսի ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ լիցենզիան ստանալու համար, ինչի համար հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երևանի, սահմանված է տուրք՝ ամսական 8000 դրամի չափով:
«Ստուգումները մեր նմանների համար ա: Տեսան լիցենզիան կպցրած չի դիմապակուն, նկարեցին, ասին՝ կգնաք օրինական դաշտ կմտնեք, 8.000 դրամ ամսական կմուծեք, կքշեք, բայց ճամփի մյուս մայթի տաքսիստներին չէին տեսել, չէին նկարել, նրանք երևի անտեսանելի են կամ կամերան նրանց չի բռնում»,- ասում է երիտասարդը:
Արտակի խոսքով Վանաձորում տաքսի ծառայություն մատուցողների գերակշիռ մասն այժմ անօրինական է աշխատում:
«Էն ժամանակ սերվիզներն էին բողոքում, որ անհատները անօրինական են քշում, մենք օրինականացրինք, հիմի սերվիզներն են անօրինական քշում: Քաղաքում սերվիզներ կան, որ 10 դրամ հարկ չեն մուծում: Շատ են նաև անօրինական քշող անհատները: Մեկը չգիտեմ ում բարեկամն ա, մեկն ընկերն ա… խառնաշփոթ ա: Հիմար վիճակի մեջ ենք, մեզ տեսնում են ծիծաղում, ասում են՝ դուք տանում եք մուծում, մենք առանց մուծել քշում ենք»:
Արտակն ասում է՝ գործն այնքան է քչացել, որ այս ամիս նույնիսկ 8000 դրամը չի կարողացել վճարել:
Երկու անչափահաս երախաների հայրը վարձով է բնակվում: Կինը, ով մասնագիտությամբ բուժքույր է, չի աշխատում: Արտակն ընտանիքի միակ կերակրողն է: Հարցին՝ ինչպես են հոգում ընտանիքի հոգսերը, դժվարանում է պատասխանել:
«Շատ դժվար ա, չգիտեմ ոնց ասեմ… էն մեկից վերկալ էն մեկին տուր, հիմի էլ էն մեկից պարտք վերցրու…միշտ սենց խառը բաների մեջ ենք: Էլ մարդ էլ չի մնացել, որ պարտք վերցնենք: Տաքսի քշելով աշխատածս երեք բանի ա հերիքում. մի պաչկա պապիրոս, երկու մատնաքաշ ու մեքենայի գազ»:
2015թ.-ի վերջին Վանաձոր համայնքի ավագանին քաղաքի տարածքում տաքսի ծառայություն իրականացնելու թույլտվության համար սահմանեց տեղական տուրք՝ տարեկան 15.000 դրամի չափով: Ավագանին ընտրեց ոչ միայն դրույքաչափի թույլատրելի առավելագույն չափը, այլև կիրառեց 1.5 գործակից, ինչը վանաձորցի տաքսիստների շրջանում դժգոհություն առաջացրեց:
Օրեր առաջ օրինական դաշտում գործող տաքսու վարորդներին Վանաձորի քաղաքապետարանի կողմից գրություններ են ուղարկվել, որով վերջիններիս ծանուցել են. «Ձեր նկատմամբ Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարանի կողմից հարուցվել է վարչական վարույթ՝ Ձեր կողմից 2015թ.-ին համայնքի տարածքում մարդատար տաքսի ծառայություն իրականացնելու թույլտվության համար տեղական տուրքը չվճարելու հիմքով»:
Քաղաքապետարանից տաքսու վարորդներին հրավիրել էին վարչական լսումների, որոնք պետք է իրականացվեին իրավաբանական բաժնում անհատական սկզբունքով: Վրդովված վարորդները անհատապես ներկայանալու փոխարեն մարտի 30-ին խմբով ներկայացան բաժին: Տեսնելով հոծ բազմություն ու նրանց ուղեկցող լրագրողներին, իրավաբանական բաժնի աշխատակիցը նախ դժգոհեց, ինչո՞ւ եք խմբով եկել, ապա՝ ինչո՞ւ եք լրագորղների հետ եկել:
Ավելի ուշ նրա կանչով ներկայացավ Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Սիմոնյանը, ով հավաքված վարորդներին ընդունեց ավագանու նիստերի դահլիճում:
Նա փորձեց հիմնավորել տեղական տուրքի չափը, բացատրել, որ այն օրերի վրա բաժանելու դեպքում չնչին գումար է ստացվում: Վարորդները, սակայն, մնացին անդրդվելի:
«Ասում են օրը 70 ա, եթե քիչ գումար ա, դե թող իրանք օրը 70 դնեն տաքսիստների տեղը: Մեզ համար շատ ա, մենք անհատ տաքսի ենք, մենք ի՞նչ ենք քշում, օրը 10 կմ էլ չենք քշում, 10 կմ-ից ինչքա՞ն գումար պիտի առնենք»,- ասում է Արտակը:
«15.000 տալը, շատ կներեք, ցավըմ ա ձեռդ էլի, հեշտ չի: Չգիտեմ ինչքան պետք ա աշխատես, քանի օր հավաքես, որ կարենաս տանես տաս,- գործընկերոջ խոսքն է շարունակում մոտեցած մեկ այլ վարորդ՝ Վաչագան Հարությունյանը,- ի՞նչ են անում, որ 15.000 տանք: Ճիշտ չի, էլի, կարելի ա դնել սիմվոլիկ գումար: Մարդը աշխատանք չունի, իրա համար աշխատատեղ ա ստեղծում: Ոնց որ ավտոն կոտրես, ծախես, ուտես: Էս մեքենան ժամանակի ընթացքում դուրս ա գալու շարքից, չէ՞:Դու քո մեքենան ջարդում ես, ուտում, որ իրանց փող տա՞ս»:
Վերջինս դժգոհում է՝ երբեմնի արդյունաբերական քաղաքում այսօր աշխատատեղ չկա:
«Հլա մի աշխատանք ցույց տվեք, մի գործարան, հայաստանյան արդյունաբերական երկրորդ քաղաքում մի հատ կանանց գաղութ ա աշխատում. մեր կանանց տանջում են քաղաքի կարի ֆաբրիկաներում: Գաղութ ա, էլի, ճորտի հոգեբանություն են մտցրել մարդու մեջ: Կուզեմ՝ կպահեմ, կուզեմ՝ կվռնդեմ, կուզեմ կաշխատես, կուզեմ՝ չես աշխատի: Արդեն մենք մեզ 100 տոկոսանոց քաղաքացի չենք զգում սրանց մեջ»:
Վարորդների զայրույթն ավելի է սրվում աշխատելու համար պայմաններ չլինելու պատճառով:
«Որ ինչ վճարեմ, կայանատեղի դաժե չկա: Գալիս ենք կանգենք, հատկապես ցերեկը կանգնելու տեղ չկա: Մտնում ենք շենքի հայաթներում կանգնում: Հայաթում կանգնելու համար իրանց փող տա՞մ: Գնում ենք խանութների, բանկերի դեմը կանգնում, գալիս են ասում դուրս եկեք, չեն թողնում, որ դեմը կանգնենք: Տարածքն առել են, դեմի փողոցն էլ հետը»,- վրդովվում է Արտակը:
Վանաձորի փողոցների քարուքանդ վիճակի ու մարդաբոյ փոսերի հետեւանքով մեքենաների վնասվելը տաքսիստների ու ընդհանրապես վարորդների ամենացավոտ թեմաների շարքում է:
«Բացարձակ ճանապարհ չկա, էս քաղաքում ճանապարհ գոյություն չունի: Քաղաքում կես մետրից ավել են փոսերի խորությունը, ամեն շաբաթ պետք ա տանենք ավտոների վրա պարտադիր գործ անենք:Ոչ մի պայման մեր համար չեն ստեղծում, որ ասենք հա, դե էս մի բանն արել են»,- դժգոհում է Արտակը:
Տեղական տուրքի չափը տաքսու վարորդներն անընդունելի են համարում հատկապես մայրաքաղաք Երևանի հետ համեմատականում, որտեղ տեղական տուրքի չափը տարեկան 10.000 դրամ է:
«Երևանը որ մայրաքաղաք ա, տուրքը 10.000 դրամ ա, էս գեղից ի՞նչ են ուզում», - բողոքում է վարորդներից մեկը:
Անելանելի վիճակում հայտնված վարորդներն արդեն քննարկում են ստացած լիցենզիաները հետ վերադարձնելու տարբերակը:
«Մտածում եմ՝ երևի ընտանիքով գնանք երկրից, ստեղ հետո չկա, հետոն չի երևում: Միակ ելքը երևի էդ կըլնի,- նշում է Արտակը, անկեղծորեն նշելով, որ Հայաստանից հեռանալ չի ուզում, ուղղակի այլընտրանք չկա,- օտարություն ա, էլի, ինչքան ուզում ա ընդեղ գործերդ լավ էղնի, միշտ ուշքդ դեսն ա, Հայաստանը մի ուրիշ ա, բայց դե արդեն ստեղից էլ լրիվ հիսաթափվել ենք, օրվա հացի փող չենք կարում առնենք, էլ ստեղ մնալն ո՞ւմ ա պետք»:
Ամբողջ կյանքում լավատեսորեն ապրած Վաչագան Հարությունյանի լավատեսությունն արդեն մարել է: Ասում է.
«Ես միշտ լավատես եմ եղել, բայց հիմա մի հատ պայծառ կետ չկա, որ կառչես, չի նշմարվում»:
Գայանե Սարգսյան
Մեկնաբանել